Փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը Նիդերլանդների հայկական եկեղեցական համայնքներում հոգևոր կարևոր իրադարձություն էր․ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվապետական այց կատարեց Նիդերլանդներ՝ հանդիպելով տեղի հայ հավատացյալների հետ։
Հանդիպում Նյուվեխեյնում
Այցի առաջին կանգառը Նյուվեխեյն քաղաքն էր, որտեղ Սուրբ Նիկողայոս եկեղեցում անցկացվում են Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար նախատեսված Աստվածաշնչյան դասընթացներ։ Արքեպիսկոպոսը հանդիպեց հայ հավատացյալների խմբի հետ, քարոզեց «Ընտանիք» թեմայով և պատասխանեց ներկաների հարցերին։
Այցելություն Հերհյուխովաարդի հայ համայնքին
Մարտի 1-ի առավոտյան Արքեպիսկոպոսը մեկնեց Հերհյուխովաարդ, որտեղ Տեր Տարոն Թադևոսյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Խաժակ Պարսամյանը քարոզեց՝ ոգեշնչելով ներկաներին Սուրբ Վարդանանց հոգով հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքն ու ազգային ավանդույթները։ Պատարագից հետո Արքեպիսկոպոսը մասնակցեց սիրո ճաշին, որտեղ ջերմ մթնոլորտում պատասխանեց հավատացյալների հարցերին։
Երիտասարդական հանդիպում Ամերսֆորտում
Նույն օրը երեկոյան Ամերսֆորտում կայացավ հանդիպում Նիդերլանդների հայ երիտասարդների հետ։ Քննարկվեց Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական միության ստեղծման հարցը։ Ներկա էին բոլոր հայկական եկեղեցական համայնքների ներկայացուցիչները և Նիդերլանդների հայոց եկեղեցու հովիվները՝ Տեր Մաշտոց Բաղդասարյանը (Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Տեր Սերովբե Ալանճյանը և Տեր Տարոն Թադևոսյանը (Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցի)։
Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը ներկայացրեց երիտասարդական միության կանոնադրությունը, ընդգծեց դրա կարևորությունը, ապա լսեց ներկաների առաջարկներն ու հարցերը։ Հանդիպման ընթացքում որոշվեց նման քննարկումները դարձնել կանոնավոր։
100-ամյա Հովսեփ պապի օրհնությունը
Արքեպիսկոպոսը և Տեր Տարոն Թադևոսյանը նույն երեկոյան այցելեցին Նիդերլանդների ամենատարեց հայի՝ Հովսեփ պապի ընտանիքին Շիդամ քաղաքում։ Հովսեփ պապը, ով տոնում էր իր 100-ամյակը, ընտանիքի և սիրելիների շրջապատում մեծ ուրախությամբ ընդունեց Արքեպիսկոպոսի այցն ու օրհնությունը։
Մեծ Պահքի պատարագ Ամստերդամում
Մարտի 2-ին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիսապետեց Մեծ Պահքի պատարագը Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում։ Իր քարոզում նա կոչ արեց հավատացյալներին այս շրջանը հոգևոր վերածննդի համար օգտագործել՝ նշելով.
> «Կյանքը Աստծո հետ հանդիպման նախապատրաստություն է։ Պահքը սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է պատրաստվենք։ Ինչպես Մեծ Պահքի ընթացքում նախապատրաստվում ենք Փառավոր Հարության տոնին, այնպես էլ ողջ կյանքում պետք է պատրաստվենք հավիտենական կյանքին և Աստծո հետ հանդիպմանը»։
Կիրակի երեկոյան Գերաշնորհ Տերը մեկնեց իր նստավայր՝ Հռոմ։
No comments:
Post a Comment