Հայ երեխաները, ապրելով հայրենի Հայաստանից հեռու, շարունակում են կրել ու տարածել իրենց ազգային մշակույթը։ Հոլանդիայի Նայմեխեն քաղաքում գործող ՎԱՆ կիրակնօրյա դպրոցը, որի տնօրենն է տիկին Սվետա Աբրահամյանը, մեծ դեր ունի հայապահպանության գործում։ Այստեղ մեծացող երեխաները ոչ միայն սովորում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը, այլև դառնում են Հայաստանի փոքրիկ դեսպաններ։
Դպրոցական Լիլիանան դրա վառ օրինակն է։ Նա իր հիմնական դպրոցում հանդես է եկել որպես «Հայաստանի դեսպան» և դասընկերներին մեկ դասաժամի ընթացքում մտովի տեղափոխել է Հայաստան՝ պատմելով իր երկրի մասին, ներկայացնելով ազգային արժեքներն ու մշակույթը։ Երեխաները ծանոթացել են հայկական գրերին, գրականությանը, եռագույն դրոշին, աշխարհագրությանը, բնությանը, երաժշտությանը, ավանդական ուտեստներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։ Լիլիանան ներկայացրել է նրա հեքիաթները՝ հոլանդերեն թարգմանությամբ, որը կատարել է Anna Maria Mattaar-ը։ Այդ գիրքը, ինչպես նաև դասի ընթացքում օգտագործված նյութերը, այժմ իրենց պատվավոր տեղն ունեն դպրոցի թանգարանային սրահում։
Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են հայկական ինքնության գիտակցումը սփյուռքում, այլև նպաստում օտարների շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լիլիանայի ծնողները մեծապես աջակցում են իրենց դստերը՝ այս առաքելությունը հնարավոր դարձնելու համար, իսկ ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի մանկավարժները, Սվետա Աբրահամյանի ղեկավարությամբ, ջանք չեն խնայում, որպեսզի իրենց աշակերտները ոչ միայն լավ իմանան իրենց մշակույթը, այլև կարողանան այն ներկայացնել այլազգի ընկերներին։
Ահա այսպես յուրաքանչյուր հայ երեխա կարող է իր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն ունենալ հայրենիքի ճանաչելիության բարձրացման գործում։ Նրանք ոչ միայն պահպանում են իրենց ինքնությունը, այլև դառնում են Հայաստանի մշակութային դեսպաններ՝ հարստացնելով նաև այն միջավայրը, որտեղ ապրում են։
Սա է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի առաքելությունը։
Hay Azian
No comments:
Post a Comment