The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 20 March 2025

Տեղադրվելու է ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ Ամստերդամում ՏՊԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ

 

✅️Նիդերլանդների հայ համայնքի հարգելի անդամներ

Սիրելի հայրենակիցներ

📣1666 թվականին Ամստերդամում լույս է տեսել հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը։ Այն դարձավ հին հայկական տպագրության լավագույն օրինակներից մեկը և Աստվածաշնչի ամենաարժեքավոր վաղ հրատարակություններից մեկն աշխարհում։ Նախապատրաստումը տևեց հինգ երկար տարիներ։ Այս ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Էջմիածնի Մայր Աթոռի բանագնաց վարդապետ Ոսկան Երևանցին փորձել էր պատասխանատու առաքելությունը իրագործել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ի վերջո, նրա համառ որոնումները հաջողությամբ ավարտվեցին Նիդերլանդների մայրաքաղաքում, որն հայտնի էր քրիստոնեական տարբեր դավանանքների նկատմամբ իր հանդուրժողականությամբ:

Հոլանդացի առաջատար տպագրիչ, տպագիր տառատեսակների ստեղծման մասնագետ Քրիստոֆել վան Դայքի հետ երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում Ոսկան Երևանցու ջանքերը պսակվեցին հաջողությամբ և առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը լույս տեսավ։ Հայկական տպարան հիմնելու առաքելությունը հնարավոր էր դարձել այն ժամանակվա փոքրաթիվ հայկական համայնքի աջակցությամբ, որը 1611 թվականից հաստատվել էր Ամստերդամում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի և Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու նախաձեռնությամբ 2016 թվականին Ամստերդամի համալսարանում (UvA) կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում և ցուցահանդես՝ նվիրված առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին։ Այս տարեդարձը ներառվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչությունը 2019 թվականի վերջին դիմել է Ամստերդամի քաղաքապետարանին՝ ի պատիվ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում այս կարևոր իրադարձության հուշարձան տեղադրելու խնդրանքով։

Արձանի գաղափարն ու նախագիծը դրական էին ընդունվել Ամստերդամի քաղաքապետարանի և տարբեր հանձնաժողովների կողմից։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի և տեղադրման համապատասխան վայրի շուրջ երկարատև քննարկման պատճառով վերջնական որոշումը հետաձգվեց մի քանի տարով։

Այս տարվա փետրվարին Ամստերդամի համալսարանի ղեկավարությունը, համալսարանի գրադարանը և Ալարդ Պիրսոն թանգարանը վերջնական հավանություն տվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի առաջարկին։ Հուշարձանի համար տեղ է հատկացվել այս հաստատությունների շենքերի միջև գտնվող ներքին պուրակում՝ Oude Turfmarkt 145/147 հասցեում, որը Ամստերդամի սրտում գտնվող համալսարանական թաղամասի մաս է կազմում: Ուշագրավ է այն փատը, որ Ալարդ Պիրսոն թանգարանը տնօրինում է աշխարհի հին տպագիր գրքերի ամենահարուստ հավաքածուներից մեկը, այդ թվում՝ հայկական։

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում իր հոլանդացի գործընկերներին այս ծրագրին աջակցելու համար։ Ընտրված վայրը լիովին արտացոլում է հուշարձանի հայեցակարգն ու նպատակը, որը խորհրդանշում է Հայաստանի և Նիդերլանդների պատմական խորը կապերը, Ամստերդամի հայ համայնքի ավելի քան 400-ամյա պատմությունը և Նիդերլանդների մայրաքաղաքում տպագրության դարավոր ավանդույթները։

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը Ամստերդամում հուշարձանի իրականացումը  վստահել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։ Անվանի քանդակագործը շատերին հայտնի է որպես Երևանում գտնվող Մարտիրոս Սարյանի և այլ արձանների հեղինակ։ Ավելին, սա առաջին անգամը չէ, որ հիմնադրամը դիմում է հայկական արվեստի այս վարպետին։

Լևոն Թոքմաջյանի հետ համագործակցությունը սկսվել է 2018 թվականից, երբ Երևանը նշեց իր 2800-ամյակը։ Այս տոնական միջավայրում Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը, մեր հայրենակիցների  աջակցությամբ, Երևան քաղաքին Ամստերդամի հայ համայնքի անունից նվիրեց հայկական գամփռի արձանը, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը։

Ամստերդամի առաջարկվող հուշարձանի նախագծում պատկերված են Ոսկան Երևանցու և Քրիստոֆել վան Դայքի կերպարները՝ տպագրական սարքավորման առջև, հայկական տպագրական տառերի ստեղծման համատեղ աշխատանքի ընթացքում։ Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից և կունենա 120 սմ բարձրություն։ Մոդելի լուսանկարները կցվում են։

Այս տարի Ամստերդամը նշում է իր 750-ամյակը։ Հիմնադրամը նախատեսում է այս արձանը նվիրաբերել քաղաքին՝ ի պատիվ այս պատմական նշաձողի: Համոզված ենք`հուշարձանը կդառնա այցելությունների կարևոր վայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Նիդերլանդների (և ոչ միայն) արվեստի և պատմության սիրահարների համար:

Նախագծի ընդհանուր արժեքը՝ ներառյալ արձանի պատրաստումը, տեղափոխումն ու տեղադրումը, կազմում է 20000 եվրո։ Կոչ ենք անում Ամստերդամի և Նիդերլանդների հայ համայնքի բոլոր անդամներին, Հայաստանի ու արտերկրի մեր հայրենակիցներին և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի բարեկամներին իրենց աջակցությունը ցուցաբերել այս ծրագրի իրականացմանը։

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը սույնով հայտարարում է դրամահավաք՝ Ամստերդամում Ոսկան Երևանցու և Քրիստոֆել վան Դայքի հուշարձանը տեղադրելու նպատակով։

📌Դուք կարող եք նպաստել՝ նվիրաբերելով NL 65 INGB 0008 1134 82 հաշվեհամարին

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անունով «Ոսկան Երևանցու հուշարձան» հիշատակմամբ.

📌IBAN: NL65INGB0008113482

Beneficiary: Stichting St. Grigor Narekatsi

Payment details: Monument Voskan Yerevantsi

Աստված մեզ օգնական!

Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամ – Ամստերդամ

info@narekatsi.nl





No comments:

Post a Comment