Եղիշե Կիրակոսյանը ազատվում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պարտականություններից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը դադարեցնում է իր աշխատանքը՝ որպես ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ Կիրակոսյանի խոսքով՝ նա ցանկանում է կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի զարգացմանը։
Կիրակոսյանը 2018 թվականից ներգրավված էր ՀՀ պետական համակարգում՝ սկզբում որպես վարչապետի խորհրդական, այնուհետեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար, որն ապահովել է Հայաստանի շահերի պաշտպանությունը միջազգային ատյաններում։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը միջպետական գանգատներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Արդարադատության միջազգային դատարանում։ Բացի այդ, գրասենյակը նախաձեռնել է Հայաստանի կողմից մի շարք միջազգային պայմանագրերի վավերացում, որոնք առնչվում են միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։
Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից հեռանալը ոչ մի ազդեցություն չպիտի ունենա Հայաստանի ներկայացված դատական հայցերի վրա։ Ոչ մի դեպքում չպիտի հրաժարվել դրանցից։ Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, հայատյաց քաղաքականությունը եւ միջազգային իրավունքի խախտումները ստիպել են Հայաստանին դիմել միջազգային դատարաններ՝ արդարության հասնելու համար։ Այս պայմաններում հայցերից հրաժարվելը կնշանակի զիջել Հայաստանի շահերը եւ անտեսել զոհերի իրավունքների վերականգնման հնարավորությունը։
Իրավական պայքարը պետությունների համար դիվանագիտության եւ անվտանգության մի մաս է։ Իրավական վեճերի նպատակն է խաղաղության հաստատումը, քանի որ դրանք կանխում են ռազմական էսկալացիան եւ ապահովում քաղաքակիրթ լուծումներ։ Միջազգային դատարանների միջոցով Հայաստանը կարողանում է օրինական ճանապարհով հետամուտ լինել արդարությանը եւ կանխել հետագա ագրեսիան։ Եթե Հայաստանը հետ վերցնի իր հայցերը, ապա ոչ միայն կկորցնի միջազգային ատյաններում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունը, այլեւ թույլ կտա, որ անպատժելիության մթնոլորտը խորանա։
Կիրակոսյանի հեռանալը եւ հնարավոր քաղաքական փոփոխությունները չեն կարող արդարացնել Հայաստանի՝ դատական գործընթացներից նահանջը։ Եթե պետությունը դադարեցնի միջազգային իրավական պայքարը, ապա դա կարող է ընկալվել որպես թուլության դրսեւորում եւ խրախուսել նոր ագրեսիաներ։ Հայաստանը պետք է շարունակի իր դատական հայցերը եւ միջազգային հարթակներում ակտիվորեն պաշտպանի իր իրավունքները, անկախ ներքին պաշտոնական փոփոխություններից։
Այդ դատական գործերը ոչ միայն պետական շահի, այլեւ անհատական արդարության հարց են, քանի որ դրանք վերաբերում են պատերազմական հանցագործություններին, բռնի տեղահանվածներին, ռազմագերիներին եւ էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտումներին։ Եթե Հայաստանը հրաժարվի դատական գործընթացներից, ապա այդ խախտումները կարող են մնալ առանց իրավական հետեւանքների, ինչը խարխլում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային իրավունքի հիմքերը։
Այս իրավիճակում անհրաժեշտ է հետեւողականություն եւ վճռականություն՝ Հայաստանի իրավունքները պաշտպանելու հարցում։ Կիրակոսյանի սկսած գործն ու ռազմավարությունը պետք է շարունակվեն, եւ Հայաստանը չպետք է զիջի իր օրինական պահանջները միջազգային դատարաններում։
06.03.2025/Hay Azian /Նիդ.օրագիր
https://www.irates.am/hy/1741288856
No comments:
Post a Comment