The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 17 March 2025

Մեր «դաշնակից» Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր երեկ, այսօր և վաղը


Այսօր՝ մարտի 16-ին, լրանում է 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման տարեդարձը։ Այս պայմանագիրը, որը կնքվեց Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌՍՖՍՀ) և Թուրքիայի միջև, Հայաստանի համար դարձավ ծանր կորուստների հիմք՝ հնարավորություն տալով Թուրքիային և Ադրբեջանին ամրապնդել իրենց վերահսկողությունը հայակական պատմական տարածքների նկատմամբ։

Հայաստանը, որը երկար տարիներ հենվել է Ռուսաստանի վրա որպես անվտանգության հիմնական երաշխավոր, բազմիցս բախվել է դաժան իրականությանը՝ Ռուսաստանի շահերն առաջին տեղում են, իսկ հայկական շահերը՝ երկրորդական կամ նույնիսկ անտեսված։

Ամեն բանի հիմք դրվեց  Մոսկվայի պայմանագրից։ Ինչ էր դա. պատմական դավաճանությո՞ւն, թե՞ կայսերական մեծապաշտական քաղաքականություն։ Կարելի է ասել երկուսը միասին վերցրած։

1921 թվականի Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվեցին, որ Կարսի մարզը, Սուրմալուն (որտեղ գտնվում է Արարատ լեռը), ինչպես նաև Նախիջևանը դուրս կմնան Հայաստանի վերահսկողությունից։ Այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանը ձգտում էր Թուրքիայի հետ բարեկամության, և Հայաստանի շահերը զոհաբերվեցին ավելի մեծ աշխարհաքաղաքական հաշվարկների։

Այսօր շատ պատմաբաններ այդ պայմանագիրը համարում են ակնհայտ դավաճանություն Հայաստանի նկատմամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, նույն քաղաքականությունը շարունակվում է նաև մեր օրերում։

1990-ական թվականներին, երբ Հայաստանը կարողացավ հաղթանակ տանել Արցախյան առաջին պատերազմում, Ռուսաստանը չէր խոչընդոտում Հայաստանի զինված ուժերի գործողություններին, սակայն երբ 2020 թվականին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա, Ռուսաստանը «չնկատեց» իր դաշնակից Հայաստանի դժվարին իրավիճակը։

Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և իր անվտանգության երաշխիքները տարածվում են միայն Հայաստանի միջազգային ճանաչված սահմանների վրա։ Բայց երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք, Ռուսաստանը կրկին գործնականում չարձագանքեց։

Խոսքն անգամ ոչ միայն ռազմական միջամտության մասին է, այլև քաղաքական, դիվանագիտական կամ տնտեսական ճնշումների բացակայության։ Փոխարենը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդեց իր ռազմական ներկայությունը՝ Արցախի խաղաղապահ առաքելությամբ։ Սակայն 2023 թվականին, երբ Ադրբեջանը վերջնական գրոհ սկսեց Արցախում, ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին՝ փաստացի թողնելով Արցախը Ադրբեջանի ձեռքերում։

Այստեղից հարց է առաջանում։ Ռուսական ռազմաբազան Հայաստանի համար անվտանգությա՞ն, թե՞ վերահսկողության գործիք է։

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան (Գյումրիում) և այլ ռազմական ենթակառուցվածքներ հաճախ ներկայացվել են որպես անվտանգության երաշխիք։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այդ բազաներն ավելի շատ ծառայում են Ռուսաստանի սեփական ռազմական շահերին, քան Հայաստանի անվտանգությանը։

2021-2023 թվականներին, երբ Ադրբեջանը ներխուժում էր Հայաստանի տարածք, Ռուսաստանը կրկին որևէ քայլ չարեց՝ փաստացի թույլատրելով Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան։ Սա վկայում է այն մասին, որ ռուսական ռազմաբազաների առկայությունը չի նշանակում Հայաստանի անվտանգության ապահովում։

Սրանից հետևություն, որ Հայաստանի անվտանգության համակարգը չի կարող հիմնվել միայն Ռուսաստանի վրա, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել Հայաստանի շահերը հանուն իր լայնածավալ աշխարհաքաղաքական շահերի։

Այսօր Հայաստանը կանգնած է կարևոր ընտրության առաջ՝ շարունակե՞լ կախված մնալ Ռուսաստանից, թե՞ զարգացնել նոր ռազմավարական գործընկերություններ։ Վերջին տարիներին Հայաստանը սկսել է խորացնել հարաբերությունները արևմտյան երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հնդկաստանի հետ, ինչը ցույց է տալիս, որ երկիրը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը։

Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն ուժեղ և ինքնիշխան հայկական պետությունը, որը հենվում է իր սեփական պաշտպանական կարողությունների և դիվանագիտական ճկունության վրա։

ԷԼ ի՞նչ պետք է լինի, որ մեր հասարակությունը համոզված, որ հույսը իր միասնության վրա պետք է դնի։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ Ռուսաստանը Հայաստանի իրական անվտանգության երաշխավորը չէ։ Մոսկվայի պայմանագիրը, Արցախյան պատերազմները և վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է վերանայի իր դաշնակցային քաղաքականությունը ու սա պիտի հասկանանք բոլորս։

Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնված լինի ինքնիշխան և բազմավեկտոր արտաքին քաղաքականության վրա, այլ ոչ թե միակողմանի կախվածությունից։ Մեր ապագան կախված է մեր սեփական որոշումներից, այլ ոչ թե "դաշնակցի" խոստումներից, որոնք պատմությունը ցույց է տվել, որ հաճախ անկատար են մնում։

16.03.2025/Hay Azian/Նիդ.օրագիր

No comments:

Post a Comment