The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 23 February 2025

Հանդիպում Բելգիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիտ Աթենագորասի հետ

 

Փետրվարի 21-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Բելգիայում ծառայող Հայ Եկեղեցու երեք հոգևորականների՝ Զատիկ Վրդ․ Ավետիքյանի, Տիրայր Վրդ․ Հակոբյանի և Մաղաքիա Աբղ․ Բեսքիսիզյանի ընկերակցությամբ, այցելեց Հույն Ուղղափառ Եկեղեցու Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Մետրոպոլիտ Աթենագորասին։

Մետրոպոլիտ Աթենագորասը նաև Բելգիայի պետությունում բոլոր Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պաշտոնական ներկայացուցիչն է։  

Հանդիպման ընթացքում Խաժակ Սրբազանը ծանոթացրեց Բելգիայում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, և ներկայացրեց երկրի ներկայիս հինգ հայկական եկեղեցական համայնքներում իրենց ծառայությունը մատուցող ներկա երեք հոգևորականներին։  

Մետրոպոլիտ Աթենագորասը շնորհակալություն հայտնեց Խաժակ Սրբազանին իր այցելության և Բելգիայում Հայ Եկեղեցու ներկայիս գործունեության մասին տված տեղեկությունների համար։  Նա հայտնեց պատրաստակամություն աջակցելու և զորակից լինելու, որպեսզի Հայ Եկեղեցին լավագույնս կերպով իրագործի իր առաքելությունը  Բելգիայում և պետության կողմից պաշտոնապես ճանաչվի։  Նա գոհունակություն արտահայտեց, որ Խաժակ Սրբազանի առաջնորդությամբ երեք հոգևորականները իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը։  

* * *

Հանդիպում  Պելճիքայի Հույն Ուղղափառ Եկեղեցւոյ Մետրապօլիտ Աթէնակօրասի հետ

——————

Ուրբաթ, 21 Փետրուարին, Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան, ընկերակցությամբ Պելճիքայի մէջ ծառայող Հայ եկեղեցւոյ 3 հոգեւորականների՝ Զատիկ Վրդ. Աւետիքեան, Տիրայր Վրդ. Յակոբեան եւ Մաղաքիա Աբղ. Բեսքիսիզեան, այցելեց Հույն Ուղղափառ Եկեղեցւոյ Պելճիքայի, Նիտերլանտներու եւ Լիւքսեմպուրկի Մետրոպօլիտ Աթէնակորասին։ Մետրոպօլիտ Աթէնակորաս նաեւ Պելճիքայի պետութեան մօտ բոլոր Ուղղափառ եւ Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու պաշտօնական ներկայացուցիչն է։ Հանդիպման ընթացքին Խաժակ Սրբազան տեղեկութիւններ տուաւ Պելճիքայի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայ գործունեութեան մասին։ 

Սրբազանը Մետրոպոլիտին ներկայացուց ներկայիս հինգ Հայ Եկեղեցւոյ համայնքներուն ծառայող երեք Հայ հոգեւորականները։

Մետրոպօլիտ Աթենակորաս շնորհակալութիւն յայտնեց խաժակ Սրբազանին իր այցելութեան եւ Պելճիքայի մէջ Հայ Եկեղեցւոյ ներկայ կացութեան մասին տուած իր տեղեկութիւններու համար յայտնելով, որ ինք պատրաստ է օգտակար եւ զօրակից ըլլալու որպէսզի Հայ Եկեղեցին առաւել եւս կազմակերպուի եւ պաշտօնապէս ճանաչուի Պելճիքայի պետութեան մօտ։ 

Մետրոպօլիտը նաեւ ուրախութիւն յայտնեց, որ այդ երեք Հոգեւորականներ Խաժակ Սրբազանի առաջնորդութեամբ կիրագործեն կարեւոր առաքելութիւն։

No comments:

Post a Comment