Հայաստանում նշվում է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը
1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած բռնությունները, որոնք պատմության մեջ մտան որպես Սումգայիթի ջարդեր, դարձան հայ ժողովրդի դեմ իրականացված առաջին զանգվածային հարձակումներից մեկը Խորհրդային Միության վերջին տարիներին։ Այս իրադարձությունների ընթացքում հայերը ենթարկվեցին սպանությունների, խոշտանգումների և ունեցվածքի թալանի։ Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ այն կարող է հասնել մինչև հազար։
Այս ողբերգական դեպքերը չդատապարտվեցին պատշաճ ձևով, ինչը հետագա տարիներին հանգեցրեց հայության դեմ նոր հանցագործությունների՝ Բաքվում (1990) և Գանձակում (1988-1990) տեղի ունեցած ջարդերին։ Հայերի բռնի տեղահանությունը, զանգվածային սպանությունները և հակահայկական քաղաքականությունը նպաստեցին Արցախի հակամարտության խորացմանը։
Հիշատակի միջոցառումներ Նիդերլանդներում
Տարիներ շարունակ Նիդերլանդների հայ համայնքը փետրվարի վերջին կազմակերպում էր հիշատակի միջոցառումներ՝ հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերի զոհերին։ Հաագայում, Ադրբեջանի դեսպանատան առջև, ամեն տարի անցկացվում էր բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում են միջազգային դատապարտում այս ոճրագործությունների համար։
Բացի բողոքի ակցիաներից, կազմակերպվում էին նաև սեմինարներ և քննարկումներ, որոնց նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին։ Միջոցառումներին մասնակցում են ինչպես հայ համայնքի անդամները, այնպես էլ տարբեր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։
Նիդերլանդական մամուլի արձագանքը
Իհարկե, Նիդերլանդական օրագիրը կանոնավոր լուսաբանել է այս միջոցառումները, ուղիղ ռեպորտաժներ վարել տեղից։ Նիդերլանդների առաջատար լրատվամիջոցները, այդ թվում՝ "Het Parool", "De Telegraaf" և "Algemeen Dagblad" թերթերը ևս պարբերաբար անդրադարձել են հայ համայնքի կազմակերպած ակցիաներին։ Օրինակ, 2023 թվականի փետրվարի 28-ին "Het Parool" թերթը հրապարակեց հոդված՝ լուսաբանելով Հաագայում տեղի ունեցած բողոքի ակցիան, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում էին արդարություն Սումգայիթի ջարդերի զոհերի համար։
Նիդերլանդների հայ համայնքը կոչ է արել երկրի կառավարությանը և միջազգային հանրությանը՝պաշտոնապես ճանաչել և դատապարտել Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերը որպես հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանական գործողություններ, ապահովել, որ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները չմնան անպատիժ, ձեռնարկել քայլեր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման ուղղությամբ։
Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չտալու հետևանքը դարձավ այն, որ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը, որի գագաթնակետը Արցախյան 2023 թվականի պատերազմն էր։ Այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, իսկ Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարության խայտառակ ու անօրինական դատավարությունը, ինչը վկայում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին։
ՆիդերլանդաՀայ համայնքի շարունակական պայքարը և հիշատակի միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն հարգելու զոհերի հիշատակը, այլև կանխելու նմանատիպ հանցագործությունների կրկնությունը ապագայում։ Պատմական արդարության վերականգնումը անհրաժեշտ է՝ խուսափելու հետագա ողբերգություններից։ Ցավոք, այսօր ժամանակը նոր ու ավելի բարդ մարտահրավերներ է նետում, իսկ արդարության վերականգման համար կարծես նախադրյալներ չկան:
27.02.2025/Նիդ.օրագիր/Hay Hay Azian
No comments:
Post a Comment