The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 30 January 2025

Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Էլպիս Կեսարացյան

 Էլպիս Կեսարացյանը և «Կիթառ» հանդեսը

Պատկեր 1: Էլպիս Կեսարացյան (1830-1913):

 


 

 Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


  բ.գ.թ, դոցենտ
  ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտ

  



Էլպիս Կեսարացյանը (Տողրամաճյան) ծնվել է 1830 թվականին Կ. Պոլսում: Նա առաջին հայ կին լրագրողն էր, առաջին կին խմբագիրը, գրողը, հրապարակախոսը և առաջին ֆեմինիստուհին, իսկ «Կիթառը» առաջին ֆեմինիստական հանդեսը Կ. Պոլսում: Կրթությունը ստացել է Օրթագյուղի, ապա Պեշիկթաշի Տատյանների հայկական դպրոցներում (Օսմանյան կայսրություն)։  

«Կիթառ» հանդեսում, և ընդհանրապես, պոլսահայ մամուլում տպագրած էսսեները, առ հայուհիները գրած նամակները, իմաստասիրական մտքերը և հոդվածները հեղինակն ուղղել է ոչ միայն իր, այլև բոլոր ժամանակներում ապրող և ստեղծագործող կանանց:

1879 թվականին հրատարակել է «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» ժողովածուն:

1872 թվականից որպես ուսուչուհի աշխատել է Մաքրուհյաց վարժարանում։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։

Էլպիս Կեսարացյանը մահացել է 1913 թվականին, Գատը-գյուղում:

 

«Կիթառը» աշխարհում առաջին հայալեզու հանդեսն էր՝ կանանց մասին և կանանց համար: Հանդեսի նշանաբանն էր՝ «Հրավէր հայկազն օրիորդաց», որով պայմանավորվում և կարևորվում էին հանդեսի՝ որպես ազգային պարբերականի, պատմական, գաղափարական և բովանդակային արժեքները: Հանդեսը գնահատվել է նաև օսմանյան բռնապետության մեջ ապրող հայ մտավորականների կողմից:

Ժամանակի հայրիշխանական ընկալումների ու բարքերի, ինչպես նաև սուլթանական գրաքննության պատճառով «Կիթառ»-ի խմբագրուհին օգտագործել է ծածկանուն և իր հոդվածները ստորագրել է «Ե.Կ.Տ. Հայկուհի»։

Այս մասին տեղեկանում ենք 1906 թվականի «Ծաղիկ» հանդեսի տասնյոթերորդ համարից, որում հրապարակախոս, գրագետ Հրանտ Ասատուրը գրում է. «Օրիորդ Ելպիս Կեսարացեան իբր խմբագրուհի կը ստորագրէ Ե.Կ.Տ. Հայկուհի: Կ'երեւնայ թէ ժամանակին համար իր ձեռնարկը անսովոր կը նկատէ, հետեւաբար Օրիորդը չի համարձակիր իր բո՛ւն անունով հրապարակ ելել»:

«Ծաղիկ» հանդեսի նույն անդրադարձից տեղեկանում ենք նաև, որ առաջին համարի հրապարակումից հետո «Կիթառը» լույս է տեսել ընդամենը յոթ ամիս և տպագրվել է միայն յոթ համար:

Բանասեր Հրանտ Ասատուրը գրում է, թե Հայր Գրիգորիս Գալէմքեարեանը «ազնուաբար հաճեցաւ» ցույց տալ իրեն «Լրագրութեան Պատմութեան ձեռագրին այն մասը, որ կը վերաբերի Կիթառին, և ուրկէ կը տեղեկանամ թէ եօթը թիւ միայն հրատարակուած է այդ կնոջական հանդէսը, որ պէտք է դադրած ըլլայ 1863 թվականի առաջին վեց ամիսներուն մէջ»:

 

Ինչո՞ւ «Կիթառ» և ո՞րն էր հանդեսի նպատակը:

Այս հարցերին Էլպիս Կեսարացյանը պատասխանում է «Կիթառ» հանդեսի «Յառաջաբան»-ում, որում դիտարկում է նաև ազգասիրության, հայ տիկնանց ազգօգուտ գործերին, մայրերի և դեռատի օրիորդների (նաև՝ պատանիների) էթիկայի, բարոյականության, ճաշակի, վարվեցողության հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

 


 

Պատկեր 2: «Կիթառ» հանդեսը:

 

Նա կարևորում է նաև կրթության և դաստիարակության հիմնախնդիրները, որոնք ժամանակի եվրոպական քաղաքակիրթ մոտեցումների և ճաշակի ձևավորման ենթատեքստում են՝ 

«Այժմ վարժապետաց շատ քաջակիրթ անձինք ըլլալով դաստիարակութեան կանոններուն տեղեակ են և գիտեն իրենց խստութիւնը Ազգին օգտից նուիրել 

նոցին հզօր ջանքերը արդեանց լիակատար սէրը չեն վայելեր. եթէ տղայք ամենեւին անկիրթ ծնողաց, մանաւանդ մարց ապօրինի պաշտպանութեան մատնուած ըլլան. <…> դաստիարակութեան ամենանուրբ և կարեւոր պաշտօն մըն է. բարոյական շինութիւն կը կազմուի. <…>

եթէ Օրիորդ չունենան ուղիղ դաստիարակութիւն, եթէ ունենան կարեւոր ուսմունք, և թէ մոլս գաղափարները չուղղին ճշմարիտ գիտութեան կանոններով, պիտի չի կարենան ժամանակին յատկացեալ պաշտօնը յառաջ տանիլ, որով մարդը իւր նպատակին շահուց չի կարեր հասնիլ»: 

Էլպիս Կեսարացյանի հայացքն ուղղված էր դեպի Եվրոպա: Գրական, սոցիալ-հասարակական և կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող էսսեներով հեղինակը փորձում էր ընթերցողներին պատկերացում տալ նաև եվրոպական հասարակական-քաղաքական և մշակութային առաջադեմ փորձի մասին: Նա ձգտում էր նպաստել արևմտահայության քաղաքական հայացքների ձևավորմանը և գեղագիտական ճաշակի բարձրացմանը: Դրանք միաժամանակ ճանաչողական նշանակություն ունեին:

«Կիթառ»-ի յոթ համարներում Կեսարացյանը տպագրել է «Ոգին հայրենասիրութեան» (Երեւակայութիւն), «Դաստիարակութիւն օրիորդաց», «Ընկերութեան օգտակարութիւնը», «Իրավունքը ի գործ դնել յանդգնութիւն չէ» էսսեները, նաև՝ այլ կին հեղինակների բանաստեղծությունները, պատումները և նամակները՝ ուղղված խմբագրուհուն:

Կանանց իրավունքների և հավասարության պահանջներ ներկայացնելիս Էլպիս Կեսարացյանի միտքը զգալիորեն հակասում էր ժամանակի կարծրատիպերին:

Հանդեսի առաջնորդողում Կեսարացյանը հայ տիկնանց և օրիորդներին ուղղորդում է դեպի ազգասիրության և հայրենասիրության կարևորագույն գաղափարները, տեղեկացնում է «ազգը յուզող խնդիրներու» և «բացուած բանավէճերուն» շուրջ կանանց տեսակետները և մտքերը հրապարակայնորեն արտահայտելու քաջության և իրավունքի մասին՝

«Այսու դիտմամբ յանձն առած եմ այս ԿԻԹԱՌ անուն ամսաթերթին հրատարակման գործադիր լինիլ, որով ոչ թէ մեր փանաքի գրիչը ’ի հրապարակ հանել կը ցանկամք, այլ մեր սիրելի ընկերակցաց սրտից քաջալերութիւն և խրախոյս տալ որ զօրանան ուսման և կրթութեան մէջ:

Հանդիսիս նիւթերը պիտի ըլլան Օրիորդաց դաստիարակութիւն, բարոյական և բանասիրական յօդուածներ, Հայրենասիրութեան յորդորանք, Ազգային երգեր, պատմութիւն, ոտանաւորներ և առակներ:

Սոյն անուամբ պատշաճ սեպած եմ կոչել, որ «Կիթառը» իւր մեղմ եղանակաւ պիտի հնչէ ուսումնասէր Տիկնանց և Օրիորդաց փափուկ զգացմանց Ազգասիրութեան և ուսման սէրը, կրթութիւն, քաղաքավարութիւն և համարձակութիւն հանդերձ պարկեշտութեամբ, արթնութիւն շահավոր գործերու մէջ, և ժրութեամբ փոյթ ունենալ օրիորդաց անշուք վիճակը կրթութեան գեղեցիկ ձիրքերով բարեզարդելու:

Եւ թէ՝ Կիթառիս լարերը քաջ ներդաշնակութիւն չունենան այլ հայրենի և Ազգուն սէր հնչելու համար գուցէ ախորժելի ընծայի ընկերակցացս»:

 

Էլպիս Կեսարացյանի առաջադիմական հայացքներն ու գաղափարները միանշանակորեն չեն ընկալվել և ունեցել են բազմաթիվ ընդդիմախոսներ՝ ի դեմս օսմանյան բռնապետությունում ապրող հայրիշխանական հայկական սոցիումի, որը առաջնայնությունը տալիս էր պահպանողականությանը, ավանդույթին և առաջնորդվում էր կարծրատիպերով:

Կեսարացյանի էսսեները, սակայն, ուշադիր ընթերցելիս, պարզում ենք, որ հեղինակը ոչ թե արմատապես մերժում է ավանդույթն ու ավանդականը, այլ առաջարկում է դրանք պահպանելով՝ զարգացնել ազգը, քանի որ լավ գիտակցում էր, որ օսմանյան կայսրությունում գոյատևման առաջին նախապայմանը ազգայինից չհեռանալն է: 

Նա առաջարկում է բարեփոխել սոցիալական բարքերը, քարացած կարծրատիպերը, դոգմաները և տաբուները, որոնք համընթաց չեն նոր սաղմնավորվող աշխարհակարգին: Նա հայոց այրերին առաջարկում էր չմնալ տգիտության մեջ և բռնել լուսավորության ճանապարհը, ինչպես Եվրոպան է այդ անում:

Կանանց առաջին պարբերականը՝ «Կիթառը», դադարել է գործել 1863 թվականի մայիսին. ըստ պաշտոնական տվյալների՝ նյութական միջոցների բացակայության պատճառով: Չնայած՝ հանդեսի դադարումից հետո Կեսարացյանը մոտ տասնհինգ տարի հեռացել է գրական-մշակութային միջավայրից, բայց և այնպես իր հրապարակախոսական հոդվածներով շարունակել է աշխատակցել միայն պոլսահայ մամուլին, հատկապես՝ «Մասիս» պարբերականին:

 

Բանաստեղծությունը: Էլպիս Կեսարացյանը գրել է նաև բանաստեղծություններ, որոնք ունեն հայրենասիրական բնույթ: Ավելի ուշ՝ 1879 թվականին հրատարակված «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» գրքույկում տեղ են գտել հեղինակի բարոյա-խրատական, էթիկական և գեղագիտական բնույթի մանկավարժական հոդվածները, բանաստեղծությունները, նամակները, էսսեները: 

Բանաստեղծություններում առկա է ազգի ճակատագրով մտահոգ կնոջ ձայնը, ով և՛ մայր է, և՛ քույր է, և՛ Հայկազուն օրիորդ: Նա կնոջ ազատությունը ուղղակիորեն նույնացնում է ազգի ազատությանը՝

Արդ՝ փութացեք Հայկեան կուսանք դուք սիրով,

Պճնիլ համայն վսեմ փառաց զարդերով,

Ո՜հ փութացէք լնուլ սրտիս իմ կարոտ,

Անմահութիւն հիւսեմ ճակտիցդ նարօտ:

Էլպիս Կեսարացյանի արժեբանական համակարգում կարևորվում են ոչ միայն սոցիալական, իրավական, ազգային և քաղաքական գիտակցությունն ու դրանց դրսևորումները, այլև ազգասիրության, ազգօգուտ գործերին, հայ տիկնանց և աղջիկների կրթությանը, էթիկական և բարոյական չափանիշներին առնչվող հարցերը: Դրանք փոխկապակցված են կրթության հիմնախնդիրներին և միաժամանակ եվրոպական քաղաքակիրթ մոտեցումների ու ճաշակի ձևավորման ենթատեքստն ունեն:


Գրականություն

 Աշխատանքն իրականացվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ թիվ 24SSAH-6B006 հետազոտական ​​նախագծի շրջանակներում։

 Թեոդիկ, «Թրքահայ անդրանիկ գրագիտուհին», «Ամենոյն Տարեցոյցը», Կ. Պոլիս, 1911, էջ 297-298:

 Տե՛ս «Կիթառ»: Հանդէս ամսօրեայ։ 1862-1863, Կ. Պոլիս: Հրավէր Հայկազն օրիորդաց: Խմբ.-տնօրեն՝ Ե. Կ. Տ. Հայուհի (Էլիպս մայրապետ Տողրամաճյան-Կեսարացյան): Տպ. Ռ. Յ. Քիւրքճեան, 8 էջ: Ենթադրելի է, որ կիթառը նմանեցրել է կնոջ մարմնին, ու նրա մեղմ հնչյունները՝ կնոջ ձայնին։

 «Կիթառ»-ի համարներում տպագրված որոշ էսսեներ խմբագրուհին ստորագրել է Ե.Կ.Տ. Հայուհի:

 «Ծաղիկ» (Կանանց յատուկ պատկերազարդ շաբաթաթերթ), ԺԹ տարի (1906), թիւ 17, տպագր. Սագեան, Կ. Պոլիս (Ղալաթիա), էջ 389:

 Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարան»-ում (Հայ մշակույթի գործիչներ) հիշատակվում է երեք համար, ինչը իրականությանը չի համապատասխանում: Տե՛ս հտ. Բ (Ժ-Մել), «Սովետական գրող» հրատ., Ե., 1981, էջ 107 (328):

 «Ծաղիկ» (Կանանց յատուկ պատկերազարդ շաբաթաթերթ), ԺԹ տարի (1906), թիւ 17, տպագր. Սագեան, Կ. Պոլիս (Ղալաթիա), էջ 390:

 Կեսարացյան Էլիպս, Յառաջաբան, «Կիթառ», Կ. Պոլիս, թիւ 2, 1862, էջ 12:

 Կեսարացյան Էլիպս, Յառաջաբան, «Կիթառ», Կ. Պոլիս, թիւ 2, 1862, էջ 12:

 Կեսարացեան Է., Նամականի առ ընթերցասեր հայուհիս, Կ. Պօլիս, տպ Քիւրքջիան, 1879, 110 էջ:

 Կեսարացեան Է., Նամականի առ ընթերցասեր հայուհիս, 1879, 110 էջ: Կեսարացյանի բանաստեղծությունները տպագրվել են հեղինակի հրատարակած «Կիթառ» հանդեսում և «Նամականի առ ընթերցասեր հայուհիս» ժողովածուում

====================================

«Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ  գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի ՏյուսաբՍիպիլ (Զապել Խանջյան)Հայկանուշ Մառք (Թոփուզյան)Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝  «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը
Սույն հոդվածը նվիրված է Էլպիս Կեսարացյանին:

-----------------
* Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական
աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
----------------

 

No comments:

Post a Comment