ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրակ. ինստ.
Պատկեր 1: Իրանացի պոետ, արձակագիր, կինոռեժիսոր Ֆորուղ Ֆարրոխզադը (1935-1967):
Ֆորուղ Ֆարրոխզադը ծնվել է 1935 թվականի հունվարի 5-ին, Թեհրանում, զինվորական սպա գնդապետ Մոհամմադ Բաղեր Ֆարրոխզադի և նրա կնոջ՝ Թուրան Վազիրի-Թաբարի ընտանիքում: Ֆարրոխզադը յոթ երեխաներից չորրորդն էր: Մինչև իններորդ դասարան Ֆորուղը հաճախել է հանրակրթական դպրոց: Տասնհինգ տարեկանում ավարտել է կրտսեր միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է՝ սովորելով զգեստագործություն և նկարչություն Քամալոլմոլկի տեխնիկական դպրոցում:
1951 թվականին, տասնվեց տարեկանում, Ֆորուղին ամուսնացրել են իր զարմիկի՝ Փարվիզ Շապուրի հետ, և նրանք տեղափոխվել են Իրանի Ահվազ քաղաքը՝ չնայած Փարվիզի ընտանիքի առարկություններին: Մեկ տարի անց ծնվել է նրանց միակ որդին։
1954 թվականին Ֆորուղը բաժանվել է Փարվիզ Շապուրից: Ամուսնալուծվելուց հետո նա կորցրել է որդու խնամակալությունը: Որդուն՝ Քամյարին, որին նա սիրալիրորեն Կամի է անվանում, նրանից խլել և դաստիարակել են Փարվիզն ու նրա ընտանիքը։ Ֆորուղին թույլ չեն տվել տեսակցել իր երեխային: Նրան տեսակցության շատ քիչ իրավունքներ էին տալիս, և երեխային դաստիարակում էին այնպիսի ներշնչանքներով, թե մայրը լքել է նրան պոեզիայի և անձնական հաճույքների համար: Որդու այն միտքը, թե մայրը կամովին լքել է իրեն, Ֆորուղի համար մեծ վշտի և մշտակա տանջանքի աղբյուր էր:
Պատկեր 2: Ֆորուղ Ֆարրոխզադի կտավներից:
1955 թվականին լույս է տեսել Ֆորուղի առաջին ժողովածուն՝ «Գերի» (“Asir”) խորագրով, որը ընդգրկում է քառասունչորս բանաստեղծություն։ Նույն տարվա սեպտեմբերին նա նյարդային խանգարում է ձեռք բերել և տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա։
1956 թվականի հուլիսին Ֆորուղը առաջին անգամ լքել է Իրանը և մեկնել է Եվրոպա, որտեղ ապրել է շուրջ ինը ամիս: Իրան վերադառնալուց հետո տպագրվել է Ֆորուղի երկրորդ ժողովածուն, որը ամփոփում է նախկին ամուսնուն ուղղված քսանհինգ կարճ տեքստեր և կոչվում է «Պատ» (“Divar”): Իրանում աշխատանք փնտրելու նպատակով Ֆորուղը հանդիպել է կինոռեժիսոր և գրող Էբրահիմ Գոլեստանիին, ով հնարավորություն է ընձեռել նրան ինքնադրսևորվել և ամրապնդել անկախ ապրելու հակումները: Հետագայում, Գոլեստանիի հետ Ֆորուղը մտերմացել է և ունեցել է ջերմ հարաբերություններ:
1958 թվականին տպագրվել է Ֆորուղ Ֆարրոխզադի երրորդ ժողովածուն՝ «Ապստամբություն» (“Asian”) խորագրով, որը հաստատել է նրան որպես խոստումնալից բանաստեղծի:
Բացի հակասական մոդեռնիստ բանաստեղծ՝ և ֆեմինիստ հեղինակ լինելը Ֆորուղը զբաղվել է նաև ռեժիսուրայով: 1962 թվականին նա նկարահանել է բորոտների գաղութի մասին վավերագրական ֆիլմ՝ «Տունը սև է» (“The House is Black”) խորագրով։ Ֆիլմը արժանացել է միջազգային ճանաչման և մի շարք մրցանակների։
Պատկեր 3: Ֆորուղ Ֆարրոխզադը «Տունը սև է» վավերագրական ֆիլմի նկարահանման հրապարակում:
Վավերագրական այս ֆիլմը գնահատվում է որպես իրանական «Նոր ալիք» շարժման էական գործոն: Նկարահանության 12 օրերի ընթացքում նա շատ է կապվել երկու բորոտների երեխայի՝ Ալի Մանսուրիի հետ։ Ֆորուղը որդեգրել է տղային ու բերել մոր տուն։
Պատկեր 4: Ֆորուղ Ֆարրոխզադը և բորոտների կացարանից որդեգրված տղան՝ Ալի Մանսուրին:
1964 թվականին տպագրվել է Ֆորուղի չորրորդ բանաստեղծական ժողովածուն՝ «Մի այլ ծնունդ» (Պարսկ: “Tavallodi Digar”, Eng: “Reborn”), որը ամփոփում է երեսունհինգ բանաստեղծություններ, որոնք Ֆորուղը գրել էր մոտ վեց տարվա ընթացքում։ Նրա պոեզիան էականորեն տարբերվում էր իրանական բանաստեղծության ավանդույթներից:
Այս ժողովածուի առիթով իրանացի հայտնի բանաստեղծ Ահմադ Շամլուն գրում է՝ «Ֆորուղ Ֆարրոխզադը իր երկրորդ ծնունդից հետո ապրեց ընդամենը հինգ տարի և ժամանակի անողոք այս պահի մեջ կարողացավ այսօրվա պոեզիայում հաստատվել որպես ամենապայծառ դեմքերից մեկը: Նրա մահով լուսավոր այն երաժշտությունը, որը հատուկ էր նրա անմեղագույն քերթությանը, մնաց անկրկներլի: Նրա մահը մարդու կամ բանաստեղծի մահ չէր, այլ պարսկական պոեզիայի պատմության համար մի ահռելի ժամանակահատվածի անդառնալի կորուստ»:
1965 թվականին Ֆորուղը գրել է «Հավատ ընծայենք սառը եղանակների նախասկզբին» պոեմը, որը լույս է տեսել նրա մահից հետո: Ինչպես հեղինակի կենդանության օրոք, այնպես էլ հետմահու, Ֆարրոխզադի կանացի ուժեղ ձայնը դարձավ հակասական քննարկումների ու քննադատությունների թիրախ՝ չափազանց մերժողական ուշադրության և բացահայտ հավանությունների կիզակետում:
Իրանական ռադիոյին տված մի հարցազրույցում, երբ նրան հարցրել են իր բանաստեղծությունների կանացի տեսակետի մասին, Ֆարրոխզադը պատասխանել է՝ «Եթե իմ բանաստեղծությունները, ինչպես դուք եք ասում, կանացիություն ունեն, այդ հանգամանքը, իհարկե, միանգամայն բնական է, ի վերջո, բարեբախտաբար, ես կին եմ։ Բայց եթե խոսում եք գեղարվեստական արժանիքների մասին, կարծում եմ, որ սեռը դեր չի կարող ունենալ։ Իրականում, նույնիսկ նման առաջարկ հնչեցնելը էթիկայից դուրս է։ Բնական է, որ կինն իր ֆիզիկական, հուզական, զգայական և հոգևոր հակումների պատճառով կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշ հարցերի, որոնց տղամարդիկ սովորաբար չեն անդրադառնում: Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր, իրենց ներքին «ես»-ը արտահայտելու համար ընտրում են արվեստը, եթե զգան, թե այդ ճանապարհը պետք է անցնեն՝ նկատի ունենալով իրենց սեռը, նրանք երբեք չեն առաջադիմի իրենց արվեստում, և դա ճշմարտություն է: Ուրեմն, երբ գրելու ընթացքում, եթե շարունակեմ մտածել՝ այ, ես կին եմ և պետք է անդրադառնամ կանացի խնդիրների և ոչ թե մարդկային, ապա դա կանգ է և ինքնաոչնչացում: Որովհետև կարևորը սեփական դրական հատկանիշները մշակելն ու սնվելն է, մինչև մարդ լինելուն արժանի մակարդակի հասնելը: Կարևորը մարդու աշխատանքն է և ոչ թե տղամարդ կամ կին լինելը: Երբ բանաստեղծությունը հասնում է հասունացման որոշակի մակարդակի, այն առանձնանում է իր ստեղծողից և կապվում է մի աշխարհի հետ, որտեղ այն վավեր է՝ հենվելով իր արժանիքների վրա»:
Ընդգծելով մարդուն առնչվող հիմնախնդիրները՝ Ֆորուղը կոչ է անում ճանաչել կանանց կարողությունները, որոնք դուրս են ավանդական երկկողմ հակադրություններից:
1963 թվականին ՅՈՒՆԵՍԿՕի ֆինանսավորմամբ Ֆորուղի մասին նկարահանվել է երեսուն րոպեանոց ֆիլմ։ Բանաստեղծուհու կյանքի մասին պատմող տասնհինգ րոպեանոց ֆիլմ է նկարահանել նաև իտալացի կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին, ով այցելել է Իրան՝ հարցազրույցի:
Ֆորուղի կյանքի մասին երեք վավերագրական ֆիլմ է նկարահանել նաև իրանահայ կինոռեժիսոր Նասեր Սաֆարյանը՝ «Հոգու հայելին» (2000), «Կանաչ սառը» (2003) և «Ալիքի գագաթը» (2004) խորագրերով:
Ֆորուղ Ֆարրոխզադը մահացել է 1967 թվականին ավտովթարի հետևանքով: Նա հազիվ 32 տարեկան էր: Թեև նրա մահվան ստույգ հանգամանքները բանավեճերի առիթ են դարձել, սակայն, պաշտոնական վարկածն այն է, թե նա շրջել է իր մեքենան, որպեսզի խուսափի հանդիպակաց դպրոցական ավտոբուսից, և դուրս է շպրտվել իր մեքենայից՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին: Վարկած կա նաև, թե նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին, սակայն պարսկուհի գրականագետ Ֆարզանե Միլանին իր «Ֆորուղ Ֆարոխզադ. Գրական կենսագրություն չհրապարակված նամակներով» գրքում մեջբերում է հարցազրույցը Էբրահիմ Գոլեստանիի հետ, ով վկայում է, թե Ֆարրոխզադը մահացել է իր գրկում:
Պատկեր 5: Միլանի Ֆարզանեի «Ֆորուղ Ֆարոխզադ. Գրական կենսագրություն չհրապարակված նամակներով» գրքի շապիկը:
Ժառանգությունը
Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո Ֆարրոխզադի պոեզիան արգելված էր ավելի քան մեկ տասնամյակ: Սակայն 1987 թվականին Ֆարրոխզադի համառոտ գրական կենսագրությունը որպես աշխատություն հրատարակել է Մայքլ Հիլմանը՝ «Միայնակ կինը: Ֆորուղ Ֆարրոխզադը և նրա պոեզիան» խորագրով:
Այնուհետև, Ֆարզանե Միլանին հրատարակել է «Շղարշներ և բառեր: Իրանցի կին գրողների ղողանջող ձայները» աշխատությունը, որը ներառում էր Ֆորուղի մասին առանձին գլուխ: Հետագայում, Ֆարրոխզադի բանաստեղծությունների առիթով քննադատական ակնարկ է հրատարակել գրող-գրականագետ Աբդոլալի Դաստղեյբը, որում նա Ֆորուղին նկարագրում է որպես ժամանակակից պարսկական պոեզիայի առաջատար հեղինակ, ով խորհրդանշում է ֆեմինիզմը:
2017 թվականի փետրվարին, Ֆարրոխզադի մահվան 50-ամյակի առիթով, «The Guardian»-ի լրագրող Սաիդ Քամալի Դեհղանի հետ հարցազրույցում, 94-ամյա Էբրահիմ Գոլեստանին առաջին անգամ բարձրաձայնել է Ֆորուղի նկատմամբ իր զգացմունքների և փոխհարաբերությունների մասին՝ «Ես ցավում եմ, որ նա այստեղ չէ, իհարկե, դա ակնհայտ է: Մենք շատ մտերիմ էինք, բայց ես չեմ կարող չափել, թե ինչ զգացումներ ունեի նրա հանդեպ: Ինչպե՞ս կարող եմ՝ կիլոգրամներով, մետրերով»:
Պատկեր 6: Ֆորուղ Ֆարրոխզադը և կինոռեժիսոր Էբրահիմ Գոլեստանին:
2023 թվականին իտալական «Բոմպիանի» հրատարակչությունը տպագրել է մի քննադատական աշխատություն, որում վերլուծվում են Ֆորուղ Ֆարրոխզադի բանաստեղծական բոլոր ժողովածուների իտալերեն չափածո թարգմանությունները:
Ֆորուղ Ֆարրոխզադի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, հայերեն, շվեդերեն, լեհերեն, ևն:
Գրականություն
- Պարսկական տոմարով՝ فروغ فرخزاد 1934 թվականի Դեկտեմբերի 28-ին:
- Ֆարրոխզադների ընտանիքը ծագումով Թաֆրեշից էր:
- Մյուս երեխաներն էին՝ Ամիրը, Մասուդը, Մեհրդադը, Ֆերեյդունը, Փուրանը և Գլորիան:
- Wolpé Sholeh (ed.), Sin: Selected poems of Forugh Farrokhzad, (Fayetteville [Arkansas]: University of Arkansas Press, 2007): ISBN 1-55728-861-5.
- Dehghan, Saeed Kamali (2017-02-12). “Former lover of the poet known as Iran's Sylvia Plath breaks his silence”. The Guardian: ISSN 0261-3077: Retrieved 2017-10-20.
- Daniel Elton L., Mahdi Ali Akbar, Culture and Customs of Iran: Greenwood Press: 2006, pp. 81-82: ISBN 978-0-313-32053-8.
- Afary Janet, Sexual Politics in Modern Iran: Cambridge University Press: (9 April 2009), pp. 283–: ISBN 978-1-107-39435-3.
- Parvin Paidar: Women and the Political Process in Twentieth-Century Iran. Cambridge University Press: (24 July 1997), pp. 168-: ISBN 978-0-521-59572-8.
- Dabashi Hamid, The World of Persian Literary Humanism. Harvard University Press: (20 November 2012). pp. 290: ISBN 978-0-674-07061-5.
- See Forugh Farrokhzad: IMDb. Retrieved 2017-10-20: https://www.imdb.com/name/nm1265720/bio/
- Խոսքը «Մի այլ ծնունդ» ժողովածուի մասին է:
- Տե՛ս Ֆարրոխզադ Ֆորուղ, «Մի այլ ծնունդ», թարգմ. պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի, Լոս Անջելես, 1996, I-BEN հրատ., 150 էջ:
- Let Us Believe at the Beginning of the Cold Season, translated and edited by Elizabeth T. Gray, Jr., New Directions Publishing, 2022: ISBN 978-0811231657: https://www.ndbooks.com/book/let-us-believe-in-the-beginning-of-the-cold-season/. The literal translation of the title is “Let Us Believe in the Beginning of the Cold Season”. “Let Us Believe in the Dawn of the Cold Season” is a poetic translation/re-creation by poet Sholeh Wolpe in Sin: Selected Poems of Forugh Farrokhzad.
- Levi Thompson, Speaking Laterally: Transnational Poetics and the Rise of Modern Arabic and Persian Poetry in Iraq and Iran, UCLA, May 2017, p. 156
- Wolpé, Sholeh (2007), "FORUGH FARROKHZAD (1935–1967)", Sin, University of Arkansas Press, pp. xvi–xxxii, doi:10.2307/j.ctt1ffjm51.6, ISBN 9781610753838
- Նույն տեղում, էջ 117:
- Parvin Paidar, Women and the Political Process in Twentieth-Century Iran: Cambridge University Press. (24 July 1997), pp. 168–: ISBN 978-0-521-59572-8.
- Milani Farzaneh, Words Not Swords: Iranian Women Writers and the Freedom of Movement: Syracuse University Press (15 May 2011), 345 p.: ISBN 978-0815632788. See also: Milani Farzaneh, زندگی نامه ادبی فروغ فرخ زاد همراه با نامههای چاپ نشده, فرزانه میلانی, نشر پرشین سیرکل ـ تورنتو، کانادا, چاپ نخست، تابستان، سپتامبر 1395, پخش در اروپا، استرالیا و آسیا: نشر باران، سوئد, طرح جلد: نغمه افشین جاه, صفحه آرایی: آرش خارابی، پ. ابراهیمی: ISBN: 099189641.
- Elton L Daniel, Mahdi Ali Akbar. Culture and Customs of Iran: Greenwood Press: 2006, pp. 81–82: ISBN 978-0-313-32053-8.
- Afary Janet, Sexual Politics in Modern Iran: Cambridge University Press. (9 April 2009), pp. 283–. ISBN 978-1-107-39435-3.
- Milani Farzaneh, Veils, and Words: The Emerging Voices of Iranian Women Writers (Contemporary Issues in the Middle East), Syracuse University Press; First Edition (September 1, 1992), 318 p.
- Dastgheib, Abdolali, The Little Mermaid: Critical Review of poems by Forough Farrokhzad. 2006: Amitis Publishers, Tehran, Iran. ISBN 964-8787-09-3 («Փոքրիկ ջրահարսը»):
- See “Former lover of the poet known as Iran's Sylvia Plath breaks his silence”: The Guardian. February 12, 2017.
- Forugh Farrokhzad, Io parlo dai confini della notte. Tutte le poesie (Testo persiano a fronte), introduced and translated by Domenico Ingenito, Bompiani, 2023, 800 pp.
No comments:
Post a Comment