Հրայր Մանուկյան |
Հրայր Մանուկյանը Նիդերլանդներում բնակվող քաղաքագետ է, ով ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի քաղաքական և հասարակական խնդիրներին։ Նա Ուտրեխտի համալսարանի հետազոտող է։ Մանուկյանը հանդես է գալիս վերլուծություններով և մեկնաբանություններով՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև սփյուռքին վերաբերող հարցերին։
Նա հաճախ է հանդես գալիս հրապարակումներով և հարցազրույցներով՝ ներկայացնելով իր տեսակետները Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Հրայր Մանուկյանը պատասխանել է «Նիդերլանդական օրագրի» հարցադրումներին, որոնք արդիական են և կհետաքրքրեն մեր ընթերցողներին:
1. Հայաստան-Նիդերլանդներ հարաբերություններ՝ նրանց ներկա մակարդակը և ապագա զարգացման հեռանկարները։
2. Հայաստան-ԵՄ հարաբերություններ՝ դրանց խորությունը Նիդերլանդների համատեքստում և վիզաների ազատականացման ընթացքը։
3. Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների համագործակցություն՝ անցյալի ակտիվությունը և ներկայիս բացը։
4. Հայ-ադրբեջանական հակամարտություն՝ Ալիևի քաղաքականության, արտաքին աջակցության և սպառնալիքների վերլուծություն։
5. Խաղաղության գործընթաց և Հաագայի հայցերը՝ Հայաստանի հնարավոր զիջումների և դրանց հետևանքների գնահատում։
Արխիվային լուսանկար |
1. Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Նիդերլանդների ներկա փոխհարաբերությունները։ Ի՞նչ հիմնական զարգացումներ կամ փոփոխություններ կարելի է ակնկալել առաջիկայում այս հարաբերությունների շրջանակում։
Նիդերլանդները Երևանում դեսպանատուն բացեց 2018-ի հեղափոխությունից հետո՝ հիմնավորելով նոր կառավարությանը աջակցելու անհրաժեշտությամբ։ Դրանից հետո Նիդերլանդները մի շարք ծրագրեր իրականացրեցին Հայաստանում, ինչպես օրինակ՝ դատաիրավական համակարգի մասնագետների վերապատրաստում, այգեգործության ոլորտում հոլանդական փորձի ու գիտելիքների փոխանակում հայ մասնագետների ու ուսանողների հետ, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագրեր։ Բացի այդ՝ Նիդերլանդները 10 միլիոն եվրո նվիրաբերեց Եվրամիության այն ֆոնդին, որը 2023-ին ԼՂ-ի փախստականներին աջակցելու համար էր ստեղծվել։ Հաճախակիացել են նաև բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները՝ Հայաստանի արտգործնախարարը անցած տարի երկու անգամ այցելեց Նիդերլանդներ ու հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների արտգործնախարարի ու պատգամավորների հետ, իսկ Նիդերլանդներից պատգամավորների պատվիրակություն այցելել Երևան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու բարձրաստիճան այլ հայ պաշտոնյաներ էլ են այցելել Նիդերլանդներ վերջին տարիներին։ Այս աստիճան սերտ համագործակցություն Հայաստանը չի ունեցել մինչև 2018 թվականը։ Ընդ որում՝ այս առումով տարբերություն չկա Նիդերլանդների հին ու ներկայիս կառավարությունների միջև՝ երկուսն էլ նույն ձևով են մոտենում Հայաստանին։ Նիդերլանդների նոր կառավարությունը այսօր Հայաստանին աջակցում է՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը խոցելի վիճակում է, ինչի մասին նշված է նոր կառավարության ծրագրում։ Ուստի ես կարծում եմ, որ այն սերտ համագործակցությունը, որ տեսել ենք վերջին տարիներին, կշարունակվի։ Ավելին, կարծում եմ մենք նոր դրական զարգացումներ կտեսնենք՝ կապված նրա հետ, որ Հայաստանը հայտարարեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին։
2. Հայաստանի և Նիդերլանդների համագործակցության համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները։ Համեմատած Նիդերլանդների հետ՝ այդ հարաբերությունները նույն մակարդակո՞ւմ են, թե ավելի խոր են։ Ձեր կարծիքով՝ ինչ ձեռքբերումներ կամ խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին, որը հատկապես հետաքրքրում է մեր ընթերցողներին։
Նիդերլանդների կառավարության ծրագրում նշված է, որ նրանք աջակելու են Հայաստանին հիմնականում ԵՄ շրջանակներում։ Հայաստանին աջակցելու հարցում ԵՄ երկրներից Ֆրանսիան առաջին տեղում է։ Իսկ Նիդերլանդները, կարծում եմ, եթե ոչ երկրորդ, ապա առաջին 5 երկրներից մեկն է։ Հիմնական պատճառը, որ Նիդերլանդները վերջին տարիներին ընդգծված աջակցում է Հայաստանին, կարծում եմ այն է, որ 2018-ի հեղափոխությամբ Հայաստանը ավելի ժողովրդական դարձավ։ Նիդերլանդներն աշխարհի ու ԵՄ այն կայացած դեմոկրատական երկրներից են, որոնք մեծ ուշադրություն են դարձնում դեմոկրատական արժեքներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը՝ այլ երկրների հետ հարաբերվելիս։ Դեմոկրատական արժեքներն այնքան էլ նշանակություն չունեն ԵՄ երկրների ծայրահեղ աջ քաղաքական ուժերի համար, բայց նրանց դեպքում էլ հայաստանցիների քրիստոնյա լինելը կարող է ինչ-որ դեր ունենալ, մասնավորապես՝ Ֆրանսիայի ու Նիդերլանդների ծայրահեղ աջերի դեպքում։ Ուստի ես հույս ունեմ (թեև վստահ չեմ), որ ԵՄ կողմից Հայաստանին աջակցելու պատրաստակամության էական նվազում չի լինի, եթե նույնիսկ ծայրահեղ աջերը ավելի ազդեցիկ դառնան ԵՄ-ում, քան հիմա են։
Եթե «խնդիրների» տակ նկատի ունենք այն, թե ինչ խոչընդոտներ կան Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում, ապա ԵՄ կողմից դա Հունգարիայի՝ ավտորիտար հակումներով ղեկավարն է, որը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի ավտորիտար ղեկավարի հետ և երբեմն փորձում է խանգարել ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացմանը, ինչպես որ արեց խաղաղության Եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության պարագայում, թեև ի վերջո Հայաստանն ստացավ այդ օգնությունը։ Հայաստանի կողմից հիմնական խոչընդոտը կարողություններն են՝ չկա այն փորձն ու հմտությունները, որ Հայաստանի եվրաինտեգրման ու եվրոպական ստանդարտների ներդրման հարցերում քաղաքական բարձր մակարդակով կայացված վճիռներն արդյունավետ իրագործվեն։ Բայց այս առումով էլ ԵՄ-ն ծրագրեր է իրականացնում ու փորձում զարգացնել այդ կարողությունները։
Վիզաների ազատականացման հարցում ես այնքան էլ լավատես չեմ, թեև երկխոսություն է սկսվել։ ԵՄ կողմից, ինչքանով որ տեղյակ եմ, պահանջ կամ հորդոր կա, որ ի թիվս այլ բաների, Հայաստանը օրենսդրական պատշաճ փոփոխություններ իրականացնի, ներառյալ՝ հակախտրականության օրենսդրությունում պաշտպանության մեխանիզմներ ներդրվեն ԼԳԲՏ անձանց համար։ Բացի նրանից, որ նման պաշտպանությունը կարևոր է մարդու իրավունքների ու դեմոկրատական ազատությունների տեսակետից, ԵՄ հիմնական երկրների համար դա նաև կարևոր է, որ վիզաների ազատականացման դեպքում ստիպված չլինեն ապաստան տրամադրել մեծ թվով Հայաստանի քաղաքացիների։ Բայց Հայաստանում նման պատշաճ օրենսդրական փոփոխությունների պատրաստակամություն, կարծում եմ, չկա։ Ընդ որում՝ ազդեցիկ հասարակական կազմակերպությունները աշխատանք չեն տանում, որ հակախտրականության օրենքը պատշաճ բովանդակությամբ ընդունվի, եթե չասեմ՝ խանգարում են դրան։ Այս պայմաններում չեմ կարծում, թե Հայաստանի կառավարությունը պատշաճ օրենսդրական փոփոխությունների կգնա։ Այնպես որ, ԵՄ երկրները ի վերջո որոշելու է՝ գնալ վիզաների ազատականացման՝ նկատի ունենալով, որ Հայաստանի քաղաքացիներից ապաստանի մեծ թվով հայցեր ստիպված են լինելու բավարարել, կամ էլ չգնալ դրան։ Կարծում եմ՝ ի վերջո կընտրեն երկրորդ տարբերակը։
3. Անցյալում Նիդերլանդներում ՀՅԴ կառույցը ակտիվորեն համագործակցում էր միացյալ հայկական կազմակերպությունների դաշինքի շրջանակներում՝ իրականացնելով հայամետ լոբբիստական նախաձեռնություններ։ Այսօր, սակայն, այդ կապը բացակայում է։ Հնարավո՞ր չէր արդյոք, որ ՀՅԴ-ն, լինելով ընդդիմադիր, շարունակեր մասնակցել համատեղ միջոցառումներին՝ անկախ իշխանության վարած քաղաքականությունից։ Ինչպե՞ս եք գնահատում այս բացը՝ հաշվի առնելով, որ հայկական կազմակերպությունները միշտ չէ, որ համաձայն են պետության քաղաքականությանը։
Դժվար հարց է ՀՅԴ-ի պարագան, բայց ես կարծում եմ՝ լոբբիստական աշխատանքը չպետք է թողնվի ՀՅԴ-ի վրա։ Հայամետ լոբբիստական նախաձեռնություններ պետք է անեն բոլոր հայկական կազմակերպությունները՝ միմյանց հետ համագործակցելով։ Բայց նման համագործակցությունը հնարավոր դարձնելու համար էլ դեսպանատները պետք է հարթակներ ու պայմաններ ստեղծեն։ Եթե ՀՅԴ-ն ու Առաքելական եկեղեցին չուզենան մասնակցել նման համատեղ աշխատանքների, ինչ է թե նրանք բացասաբար են տրամադրված գործող իշխանությունների նկատմամաբ, ապա աստիճանաբար նրանք կկորցնեն իրենց դերն ու դիրքը հայկական սփյուռքում։ Բոլոր դեպքերում չպետք է այնպես լինի, որ հայկական ինքնությունը պահպանելու ամենաառաջին տարբերակը լինի ՀՅԴ-ի կամ Առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելը։ Հատկապես արևմտահայերի համար ավանդաբար հենց այս երկու կառույցներն են եղել ինքնության պահպանման հարթակները, բայց դա այսօր հնարավոր է փոխել, քանի որ մի կողմից՝ հաղորդակցության ժամանակակից միջոցներն են թույլ տալիս կապի մեջ լինել Հայաստանի հետ, մյուս կողմից էլ՝ Հայաստանն այսօր անկախ պետություն է և կարող է նպաստել սփյուռքի հայկական կառույցների համագործակցությանը։
4. Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Ադրբեջանի քաղաքականության համատեքստում ակնհայտ է, որ այդ երկիրը երբեք առանց արտաքին աջակցության կամ հրահրման չի գործում։ Սա ցույց տվեց նաև 44-օրյա պատերազմը, և հայտնի է, թե ովքեր էին կանգնած Ադրբեջանի թիկունքին։ Այսօր Իլհամ Ալիևի հայտարարությունները հասել են նոր մակարդակի․ նա Հայաստանը համարում է «ֆաշիստական» պետություն և ներկայացնում անհնարին պահանջներ։ Ինչպիսի՞ մեսիջ է սա, ի՞նչ ուժեր են կանգնած Ադրբեջանի թիկունքին, և որքանով են իրական այս սպառնալիքները։
Համաձայն եմ, որ Ադրբեջանը առանց արտաքին աջակցության չէր կարող 44 օրյա պատերազմը հաղթել կամ ԼՂ-ն հայաթափել, բայց նաև չեմ կարծում, թե Ադրբեջանը ինքնուրույնությունից զուրկ պետություն է։ Մասնավորապես՝ Ադրբեջանն ինքն է որոշել գրավել ԼՂ-ն և հայաթափել այն, և դրա համար կարողացել է Թուրքիայի բացահայտ, Ռուսաստանի՝ ոչ այնքան բացահայտ աջակցությունը ստանալ։ Հաղթանակից հետո Իլհամ Ալիևը շատ է մեծամտացել, ինչպես որ Հայաստանի 1990-ականների ղեկավարներն էին մեծամտացել ԼՂ առաջին պատերազմի հաղթանակից հետո։ Նրա վերջին հայտարարւթյունները ես այդ կոնտեքստում եմ դիտարկում։ Ինքը համարում է, որ Ադրբեջանը շատ ուժեղ պետություն է, բոլորը պետք է իր հետ հաշվի նստեն, նույնիսկ Պուտինին է նվաստացնում (նկատի ունեմ ադրբեջանական խոցված ինքնաթիռից հետո նրա պահվածքը)։ Բայց ես չեմ կարծում, թե նա լրջորեն պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։
Մի քանի պատճառ կարող եմ ասել։ Առաջինը՝ Ադրբեջանը չի կարող իմանալ, թե Արևմուտքը ինչպես կարձագանքի, եթե ինքը հարձակվի Հայաստանի վրա։ Հայաստանը չճանաչված ԼՂ-ն կամ Արևմուտքի կողմից Ադրբեջանի մաս համարվող ԼՂ հարակից տարածքները չեն, որ Արևմուտքը բավարարվի միայն դատապարտող հայտարարություններով։ Ալիևն իր աչքի առաջ ունի Պուտինի փորձը, որը ակնհայտորեն թերագնահատել էր Ուկրաինա ներխուժման՝ Արևմուտքի հակազդեցության աստիճանը։ Հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանը զենք է ստանում Ֆրանսիայից ու Եվրոպական այլ երկրներից, կառավարությունը հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենսդրական նախաձեռնությանը (որը մոտ 50 հազար ՀՀ քաղաքացիներ իրենց ստորագրությամբ արդեն հավանության էին արժանացրել) ու ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրվել Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Այս պայմաններում Ալիևը չի կարող վստահ լինել, որ Հայաստանի վրա հարձակումը հաջողության կհասնի։
Երկրորդ՝ ենթադրենք Ադրբեջանը հարձակվում է ու նույնիսկ կարողանում է Սյունիքում միջանցք բացել (չեմ կարծում, թե կկարողանա, բայց ենթադրենք)։ Միևնույնն է՝ չի կարողանալու այնտեղով հանգիստ բեռներ տեղափոխել, նախ և առաջ այն պատճառով, որ այդ տարածքը լինելու է մեր մշտական ռմբակոծությունների թիրախ։ Հայաստանում իշխանության հասնելու իրատեսական հնարավորություն ունեցող ոչ մի կառավարություն չի հաշտվելու այդ տարածքի կորստի հետ, սա ԼՂ-ն չէ։ Արդյունքում ոչ մի պետություն չի համարձակվի այդ տարածքով բեռներ տեղափոխել։ Օրինակ՝ եթե Ռուսաստանը փորձի բեռներ տեղափոխել, Արևմուտքը Հայաստանին կաջակցի ռմբակոծությունների հարցում, և հակառակը։ Տեսականորեն միակ տարբերակը, որ Ադրբեջանը կարողանա շահագործել Սյունիքում Հայաստանից գրաված ինչ-որ տարածք դա այն է, որ Թուրքիայի հետ փորձի ամբողջ Հայաստանն ու Երևանը գրավել։ Բայց ես բացառում եմ նման բանի հնարավորությունը։ Ոմանք համեմատում են Հայաստանը Սիրիայի հետ՝ ասելով, թե Թուրքիան է այնտեղ մտել, Իսրայելը և այլն և որ, միգուցե, Հայաստանի դեպքում էլ նման մի բան լինի։ Բայց Սիրիան ձախողված պետություն էր, ավտորիտար կառավարման համակարգով, որտեղ տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ էր։ Հայաստանը թեև թույլ, բայց կայացող դեմոկրատական ինստիտուտներով ու իրավական պետություն է։ Էլ չասած այն մասին, որ Թուրքիան 1) զբաղված է Քրդստանով, ընդ որում՝ չի կարող անգամ վերացնել Քրդական ինքնավարությունը Սիրիայի ներսում, ուր մնաց միջազգայնորեն ճանաչված Հայաստան պետությունը կարողանա վերացնել 2) դժվար թե ցանկանա հաստատել հայերին ցեղասպանողի իր խարանը՝ ներխուժելով Հայաստան, 3) չի ցանկանա փչացնել իր հարաբերությունները Արևմուտքի հետ և այլն։
Երրորդ՝ ինչպես Սթրատֆորի վերլուծաբաններն են նշել՝ Ալիևը այսօր իր ժողովրդականության գագաթնակետին է ու արդարացնում է իր ընտանիքի նեպոտիզմն ու ավտորիտար կառավարումը ԼՂ-ն գրավելով։ Հերթական լայնածավալ պատերազմը վտանգի տակ կդնի Ալիևի ռեժիմի՝ ներկայիս անվտանգ ապագան։
Այս պատճառներով է, որ ես չեմ կարծում, թե Ալիևը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Բայց ուզում եմ շեշտել, որ խաղաղության հասնելու համար մենք պետք է ամենաշատը Ադրբեջանի հետ աշխատենք։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան պայմանավորվել իրար հետ, ու փոխադարձաբար վստահ լինեն, որ հարձակման չեն ենթարկվի, ո՛չ մենք, ո՛չ էլ Ադրբեջանը այլ պետությունների մոտ չեն «վազի»՝ իրենց հարցերով։ Այս տեսակետից, կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարությունը ճիշտ է կողմնորոշվում, ադեկվատ է արձագանքում Ալիևի հայտարարություններին ու հետևողականորեն գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։
5. Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության օգտին և, իրավիճակը չսրելու նպատակով, որոշ դեպքերում խուսափում է պատասխան քայլերից։ Կա խոսակցություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով Հայաստանը պատրաստ է հետ կանչել Հաագայի միջազգային դատարան ներկայացրած հայցերը ու համաձայնել Մինսկի խմբի լուծարմանը։ Եթե այդպես լինի, արդյո՞ք դա չի նշանակի, որ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները կմնան անպատիժ։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այսպիսի զարգացումը։
Եթե Հայաստանը հետևողականորեն գնում է խաղաղության հաստատման ճանապարհով, ապա պետական մակարդակով հայցերից հրաժարվելը տրամաբանական է։ Ադրբեջանն էլ ունի հայցեր, և այնպես չէ, թե իրավական տեսակետից իրենք ոչ մի հիմնավորում չունեն։ Ի վերջո հայկական կողմերը գրավել էին ԼՂ հարակից շրջանները, արդյունքում, կարծեմ, մոտ կես միլիոն մարդ տեղահանվել էր ու փախստական դարձել և այդ տարածքներն ավերվել էին։ Բայց պետական մակարդակով հայցերից հրաժավելն այլ բան է, անհատական կամ խմբային հայցերը՝ այլ։ ԼՂ հայերը, օրինակ, կարող են դատի տալ Ադրբեջանին ու փոխհատուցում պահանջել, որոշ ադրբեջանցիներ էլ՝ հավանաբար Հայաստանին։ Այս դեպքերի համար էլ Հայաստանն առաջարկել է մտածել համատեղ ինչ-որ մեխանիզմների ներդրման մասին, որ փոխադարձաբար հնարավոր լինի արդյունավետ լուծումներ գտնել։
Մինսկի խմբի դեպքում խնդիրն ավելի պարզ ու հեշտ է։ Այդ խմբի` նույնիսկ միայն «թղթերի վրա» գոյությունը (գործնականում այն այլևս չի գործում) անհանգստացնում է Ադրբեջանին, քանի որ դա Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հնարավորություն հիշեցնող մի հանգամանք է, որը մենք կարող ենք հետագայում օգտագործել Ադրբեջանի դեմ։ Այս տեսակետից՝ Մինսկի խմբի գոյությունը լրացուցիչ լծակ է Հայաստանի ձեռքում, որից հրաժարումը Հայաստանը կարող է անել՝ Ադրբեջանից ինչ-որ զիջումների դիմաց։ Ի վերջո, եթե մենք գնում ենք Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության հաստատման ճանապարհով, իմաստ չունի չհրաժարվել Մինսկի խմբից, բայց դա, կարծում եմ, հայկական կողմը կանի՝ միայն այն դեպքում, եթե դրա դիմաց Ադրբեջանը համաձայնի հայկական կողմի ինչ-որ առաջարկի։ Կա տեսակետ, թե Մինսկի խումբը կարևոր է փախստականների վերադարձի կոնտեքստում, բայց ես այդ կարծիքին չեմ։ Նախ՝ փախստականների վերադարձի հարց առանց Մինսկի խմբի էլ կարող է դրվել։ Բայց ես իրատեսական եմ համարում ԼՂ հայերի վերադարձի հնարավորության ստեղծում միայն խաղաղության պայմանագրի կնքումից ու խաղաղության հաստատումից հետո։ Հայաստանը պետք է զգույշ լինի, որ այդ հարցը չվերածվի խաղաղության գործընթացը խափանող հանգամանքի։
Հարցազրույցը պատրաստեց` Hay Azian-ը
Հեղինակի մտքերն ու կարծիքները պարտադիր չի համընկնեն խմբագրության տեսակետին
No comments:
Post a Comment