Լիլիթ Մանը ծնվել է 1992 թվականի մարտի 16-ին՝ Վանաձորում։ 2008 թվականին ավարտել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 2021 թվականից աշխատել է որպես «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի սրբագրիչ, 2022-ից հիշյալ թերթերի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Նրա բանաստեղծությունների շարքերը տպագրվել են «Գրական թերթում», «Նորք» հանդեսում և «Գրեթերթում»: 2022 թվականին «Արարատ մրցանակաբաշխությունում Լիլիթի բանաստեղծությունների «Հիգիենիկ երազներ» ժողովածուն արժանացել է գլխավոր մրցանակին։ Ժողովածուն հրատարակել է Երևանի «Արմավ» հրատարակչությունը։ Գրքի մասին գրախոսություններ են տպագրվել «Գրական թերթում» և «Գրեթերթում»։ 2023 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ամուսնացած չէ։ Անկուսակցական է։
-----------------------------------
Լույսի անատոմիա
Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ
Իմ էությունը տեսնում եմ,
երբ մերկացնում եմ
քո էությունը։
Ինքնագիտակցության
ու բանականության
սահմանագիծն անցնում եմ
քո գիտակցության
ու ենթագիտակցության
բյուրեղյա ճանապարհով։
Իմ ուղեղն ընդունում
և ընկալում է
միայն քո ուղեղաբնի
ցանցանման գոյացությունը։
Գլխուղեղս վերծանում է
քո ուղեղի զգայական մեխանիզմը։
Ես ակտիվացնում եմ
իմ հուզային նշանակություն
ունեցող գրգռիչները,
որի արդյունքում երևում են
քո կենսաէլեկտրական
ու վեգետատիվ
հոգեկան տեղաշարժերը։
Վերագործարկում եմ
իմ հոգեբանական պաշտպանությունը՝
քո հոգեֆիզիոլոգիական
կերպարի չափանմուշային
և նյարդային մոդելի ծրագրով։
Իմ գիտակցությունը
վերբեռնում է նոր հատկություններ,
դասակարգում և ճանաչում է
քո ռեակտիվության,
զգայունակության
ու ընտրողականության
առանձնահատկությունները,
մերժելով իմ անհատական բնույթը`
գործարկում է քո ամբողջականությունը։
Ամբողջովին ներբեռնում եմ
քո գիտակցության գործառույթները։
Ակտիվացնում եմ գիտակցության
արտացոլման նպատակադրված
ժամանակատարածային
ստեղծագործական
հոգևոր ֆունկցիան։
Հիմա քո գիտակցության
ճշգրիտ արտապատկերումն
արտահայտվում է
իմ բանականությամբ։
* * *
Հոգին Աստծո բացարձակ գիտակցությունն է
Հոգին Աստվածային գիտակցության անհատական դրսևորումն է և մեր գոյության բանականության աղբյուրը։ Տիեզեքն արտացոլում է Աստվածային գիտակցության կարողությունները մեր հոգու հայելու մեջ։ Աստվածային բացարձակ երևակայությունն ստեղծում է իր գիտակցության անհատական երևակայության կարողությունը մեր հոգիներում։ Աստվածային էակներն ունեն Աստվածային բացարձակության բոլոր հատկությունները, որոնք ստեղծում են գիտակցության երևացող տիեզերքը։ Աստծո բանականության սուբյեկտները մեր հոգիների գիտակցական արտացոլումն են։ Բոլոր հոգիները միասին պահպանում են Ֆիզիկական տիեզերքը։ Յուրաքանչյուր հոգի ունի իր գերադասը, իսկ վերջում գերմարդն է։ Ով գիտակցությունը համակցում է Աստվածային խղճի հետ, հոգու մարմնավորումն ավարտվում է Մկրտությամբ։
* * *
Մտքի սինթեզ
Գիտակցությունը ֆիզիկական միտքն է, որը մենք արտահայտում ենք։ Բարձրագույն միտքը միջնորդ է մեր ֆիզիկական մտքի ու հոգու գիտակցության միջև։ Այդ կապի միջոցով միտքը կարող է օբյեկտիվ իրազեկություն ունենալ իր յուրաքանչյուր իրադարձության մասին։ Բարձրագույն ոգու և հոգու փոխհարաբերությունը մեզ դարձնում է հոգևոր էակներ։ Եթե թուլացնենք այդ կապը չենք զգա Աստվածային ներկայությունը մեր հոգում։ Որքան ուժեղ լինի մեր ֆիզիկական կապը բարձր ոգու և հոգու հետ, այնքան հզոր կլինի մեր օբյեկտիվ գիտակցությունը։ Բարձրագույն միտքը գործընթացը տեսնում է բարձր չափույթից և փոխանցում է մեր ֆիզիկական մտքին։ Այս տարփոխումը մեր ինտուիցիան է, որ զգում ենք երազների միջոցով։ Մենք ճնշում ենք մեր ֆիզիկական միտքը և բարձրագույն մտքին թույլ ենք տալիս ազդել մեր գիտակցության վրա։ Գիտակցության աճը պետք է մեծացնենք այնքան, որ մեր մարմինը վերածնվի սիրո իմաստավորված լուսավորությամբ։
* * *
Կենսաբանական համակարգիչն ընդդեմ սինթետիկ ուղեղի
Ներթափանցում եմ
իմ կենսաբանական
համակարգիչ՝
առանց գաղտնաբառի։
Տեսնում եմ մարմնիս
բոլոր մկանները
գլխուղեղիս կապող
նյարդային ցանցը,
որոնք ակտիվացնում են
իմ մկանները
մեխանիկական ճանապարհով
և կրում են առեղծվածային
մի նյութ՝ «կենդանի հոգի»։
Անցնում եմ նյարդային
համակարգիս շարժուն
և անվտանգ ճանապարհով։
Բարձր մտածական
ֆունկցիաներիս իրականացումը
կատարում եմ ոչ ֆիզիկապես։
Ներկում եմ նեյրոններիս
որոշակի խմբեր՝
ներառելով նեյրոնիս մարմինը։
Առանց ներկի
գլխուղեղիս հյուսվածքը
մանրադիտակի տակ
երևում էր պրոտոպլազմային
լարերի անթափանց ցանցի ձևով
և չէր կարողանում տարբերակել
որևէ առանձին կառույց։
Մշակում եմ
մուլտիէլեկտրոդային գրանցումը
և թույլ եմ տալիս գլխուղեղիս
բջիջների ակտիվության
միաժամանակյա գրանցումը
և գենետիկական ինժեներիան։
Ձևափոխում եմ գլխուղեղիս
մոլեկուլային բաղադրիչները,
գենոմիկան և ԴՆԹ- ի մակարդակում
ուսումնասիրում եմ
գլխուղեղիս ֆունկցիան,
կառուցվածքի առանձնահատկություններն
ու նեյրոպատկերումը։
Թղթապանակներից մեկում
հայտնաբերում եմ,
որ գործածում եմ
կենսաբանական համակարգչիս
միայն 10 տոկոսը։
Արդյունքում գործածվում է այն
ամբողջությամբ,
իսկ նիրհման ընթացքում
ավելի ակտիվ է աշխատում։
Ծրագրավորման բաժնում
տեսնում եմ՝ ինչպես է
տարբեր հատվածների միջև
տեղեկատվությունը սահում
420 կմ/ժամ արագությամբ։
Անցնում եմ նեյրոն
նյարդային բջջի մաս կազմող
աքսոնները, որոնք տեղավորված են
160 930 կմ երկարությամբ։
Արդյունքում չորս անգամ
պտտվում եմ Երկիր մոլորակի շուրջը։
Պարզում եմ, որ իմ մարմնի
ամենագեր օրգանը
կեսաբանական համակարգիչս է։
Այն պարունակում է մինչև
60 տոկոս յուղ։
Հայտնաբերում եմ, որ համակարգիչս
կարող է 25 վտ լարում ստեղծել
և ապահովել լամպի աշխատանքի
համար անհրաժեշտ հզորությունը։
Պարզում եմ, որ համակարգչիս
հզորության մեծությունը կապված չէ
ավելի խելացի լինելու հետ։
Սկզբնական փուլում
նրա հզորությունը նույն է,
ինչ հասուն տարիքում։
Հիշողության հատվածում
տեղակայված է
մեկ քվարդիլիոն ինֆորմացիա։
Ամեն վայրկյան
կենսաբանական համակարգչումս
100 000 քիմիական ռեակցիա է
տեղի ունենում։
Հոգեպես ցնցվում եմ,
որ համակարգիչս իմ զանգվածի
միայն 2 տոկոսն է զբաղեցնում
և օգտագործում է 25 տոկոս
թթվածին ու էներգիա՝
օրական առաջացնելով 70 000 միտք։
Ախտազերծում և սրբագործում եմ
իմ կենսաբանական համակարգիչը։
Վերագործարկում եմ
ուրախությունս և հիացմունքս։
Ամբողջովին ջնջում եմ
հիասթափություն, բողոք,
վախ ու տագնապ
պարունակող թղթապանակը։
Հիմա կենսաբանական համակարգչիս
կաշխատի արդյունավետ
և ինձ կփոխանցի
Աստվածահաճո տեղեկատվություն։
Այդ ընթացքում գիտնականներն
ստեղծում են սինթետիկ ուղեղ,
փորձում են 3D ձևաչափով
վերարտադրել
կենսաբանական համակարգչի
միլիարդավոր բջիջների աշխատանքը։
Այդ ամենի համար
նրանց անհրաժեշտ է
10 հազար համակարգիչ և 10 տարի։
Վերաարժևորում եմ
կենսաբանական համակարգչիս
գոյությունն ու անսահման
հնարավորությունները,
որոնց արդյունքում
տարիները փոխակերպվում են ժամերի։
* * *
Մեր սիրո դղյակը տիեզերական տարածությունում
Ես նախագծում եմ իմ երազները՝
քո գիտակցված
երազատեսության ընթացքում։
Մենք միաժամանակ գտնվում ենք
վերերկրային տիրույթում։
Մեր մարմինները մեզ են սպասում
կյանքի թաղանթում,
իսկ հոգիները գնում են
երկիրը շրջապատող
տիեզերական տարածություն։
Աստծո պարգևած երկնակամարում
հիմնում ենք մեր սիրո դղյակը։
Այստեղ մեզ շրջապատում են
միայն հրեշտակները։
Նրանք ամեն օր
մեզ հատկացնում են 100 րոպե՝
մեր սիրո դղյակում
երջանիկ ակնթարթներ
վայելելու համար։
Ամբողջ կյանքի ընթացքում
վեց տարի մենք
երկնքի ու երկրի միջև
գտնվող տարածությունում ենք։
Այստեղ մեր հոգիները
ենթարկվում են կատարսիսի՝
հոգեկան էներգիայի ազատագրման,
էմոցիոնալ լիցքավորման
անհատական գործընթացի,
իսկ ֆրուստրացիայի միջոցով
ստանում ենք
մարմնական արտահայտություն,
որն ունենում է
բուժիչ ազդեցություն և ինքնաընկալում։
Մեդիտացիայի միջոցով
հասնում ենք նիրվանայի։
Մենք վերադառնում ենք
կյանքի թաղանթ՝
սրբագործված սիրով,
և րոպեները վերածում ենք վայրկյանների։
* * *
Հոգիս արտացոլվում է Քո աչքերում
Ես նյարդալեզվաբանական
ծրագրավորում եմ
իրականացում ինձ հետ։
Ներշնչում եմ պատկերացումներ,
հույզեր ու մտքեր՝
վերածրագրավորում եմ
իմ աշխարհայացքը։
Այս ծրագրավորման շնորհիվ
բացասական ծրագրերը
վերափոխում եմ արդյունավետ
և լուսավոր ծրագրերի։
Նախագիծը որոշում եմ
հարլեզվական բնութագրիչներով,
որոնք արտահայտվում են
խոսքի խորքային
մակարդակներում։
Ներթափանցում եմ
հայացքիս մեջ,
սինթեզում եմ գույների ընկալումն
ու արտահայտումը։
Ներսում լսում եմ ձայնիս
հնչյունների շարժումը
և տեսնում
հոգուս ներքին պատկերները։
Հետազոտում եմ ներաշխարհիս
զգացմունքներն ու հույզերը։
Ստեղծում եմ
ներաշխարհիս քարտեզը,
սակայն տարբերակում եմ
սուբյեկտիվը օբյեկտիվ
իրականությունից,
որպեսզի չզրկվեմ
ճկուն արձագանքելու
ունակությունից։
Կարգավորում եմ
ինֆորմացիայի ընկալումն
ըստ զգայարանների։
Վերագործարկում եմ
տեսողությունս՝
բիբերիս սրտում թողնելով
միայն Քո դեմքը։
Լսողական վերլուծիչս
ծրագրավորում եմ այնպես,
որ անընդհատ լսեմ
Քո շնչառությունը։
Վերակառուցում եմ
շարժողական համակարգս՝
համապատասխանեցնելով
Քո գործողություններին։
Թարմացնում եմ
համի և հոտի ընկալումներս՝
տալով նրանց
Քո զգայունակությունն
ու Քո բույրը։
Այժմ հոգուս արտացոլանքը
տեսնում եմ Քո աչքերում։
Մանրամասնությունները
«Գրական չորեքշաբթի» կայքում
No comments:
Post a Comment