ՄԱՆՎԵԼ ԱԴԱՄԻ ՄԻԿՈՅԱՆ
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 5-ին, Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանում:
1983-ից ապրում է Վանաձորում: Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում: 1998-ից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991-ից՝ «Ազգ» թերթի սեփական թղթակիցը Վանաձորում: 1997թ.-ից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը։ Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982-ից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն): Հեղինակ է բանաստեղծությունների «Շարունակվող մղձավանջ» (Երևան, «Նաիրի» 1991 թ.) և «Անդրադարձներ» (Երևան, «Վան Արյան», 2001 թ.) «Որտե՞ղ են երաժիշտները» (Երևան, «Վան Արյան», 2011թ.), «Անդունդի եզրով քայլողը» («Տիր» հրատարակչություն, 2014 թ.), «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2015 թ.), «Ստվերներից անդին» (Երևան, «Վան Արյան», 2017 թ.) և «Լռության խոնավ աչքերը» (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021թ.) գրքերի։
Հայաստանի ժուռնալիստների (1994-ից) և գրողների (2002-ից) միությունների անդամ է, 2013-ից Հայաստանի գրողների միության վարչության անդամ է, 2018-ից՝ նախագահության անդամ: 1987թ. Մ. Միկոյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակին՝ այդ տարիներին տպագրած բանաստեղծական շարքերի և «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար։
2006թ. դեկտեմբերին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ-2006» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրի՝ լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ։ 2006թ. դեկտեմբերին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի գրողների միության հայտարարած՝ կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին: 2009թ. հունիսին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։ 2009թ. հոկտեմբերին Մ.Միկոյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին։ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
2011թ. նոյեմբերին հայ գրականության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման և ծննդյան 50-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, իսկ հայ ժամանակակից լրագրության ասպարեզում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին։ 2012թ. դեկտեմբերին Լոռու մարզի գրական կյանքի զարգացման և հայ գրականության մեջ ունեցած վաստակի համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2015-ին «Անդունդի եզրով քայլողը» գիրքն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի: Նույն թվականին Մ. Միկոյանն արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի մրցանակին: 2018-ին «Ստվերներից անդին» ժողովածուն արաժանացել է «Վահան Թեքեյան» գրական մրցանակի: 2021-ին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, նույն տարում նա արժանացել է «Լոռվա ասպետ» պատվո նշանի։
Մ. Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:
No comments:
Post a Comment