... «Բոհեմ» գրական-երաժշտական ակումբը հիմնադրվել է 2019 թվականի Մարտի 29-ին։ Բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Բելգիայի տաբեր քաղաքներում, Նիդերլանդական Մաստրիխտում։ «Բոհեմ» ակումբը կարևոր դեր է խաղում Սփյուռքի համայնքային կյանքում։ Ակումբի խնդիրն է մայրենի անաղարտ լեզվի պահպանումն ու տարածումը Եվրոպահայերի շրջանում։ Սփյուռքում մեծացած շնորհալի( նաև արվեստի այլ ոլորտներից) երիտասարդ հայրենակիցները՝ որոնք ցանկություն ունեն մասնակցելու, բայց դժվարանում են մայրենի լեզվով վարժ կարդալ՝ անխտիր ընդգրկվում են ակումբում։ Պրոֆեսիոնալ արտիստների օգնությամբ նրանք ոչ միայն մոտենում են իրենց մայրենի պոեզիայի ակունքներին, այլև ելույթի ավարտից հետո հեռանում են հարստացած և՜ հայերեն բառապաշարով, և՜ հայեցի սուր զգացողությամբ։ Նման հայ երիտասարդներն իրենց շրջապատում դառնում են խթան, ոգեշնչման աղբյուր, տարածվող լույս` մյուս հայրենակիցների համար, իրենց մայրենի լեզուն գնահատելու,պահպանելու հարցում։ Ակումբը որդեգրել է ելույթների երկլեզու մոտեցումը՝ հայերեն և ֆրանսերեն։ Համագործակցելով այլազգի արտիստների հետ՝ հայերենի հետ մեկտեղ կարող է ներկայացվել նաև նրանց երգն ու պոեզիան։ Այս սկզբունքը նպաստում է այլազգի արտիստներին հայ մշակույթին մոտիկից ծանոթացնելուն, նաև նրանց մշակույթին ինքներս ծանոթանալուն, այլազգի հանդիսատես ներգրավելուն։ Ապրում ենք բազմազգ երկրում, ուղղակի պետք է օգտվել նման առավելությունից մեր ազգն ու մշակույթը առավել ճանաչելի դարձնելու համար։ «Բոհեմն» ունի իրեն հատուկ իր զգայուն հանդիսատեսը։ Սփյուռքում ապրող հայը, որը ժամանակին Հայաստանում վայելել է թատրոնն ու պոեզիան՝ գիտի գրագետ բեմական խոսքի արժեքը։ Այսօր նա մեր կարիքն ունի և նրանք քիչ չեն։ Միշտ ելույթից հետո մեկ գավաթ գինու շուրջ հանդիսատեսի հիացական խոսքն է, հորդորումը՝ ելույթները հաճախակի կազմակերպելու հարցում, քանի որ Բելգիայում (միգուցե նաև Եվրոպայում) միակ գրական-երաժշտական ակումբն է և որտեղ հնչում է դասական պոեզիան։ Պոեզիան հոգին տանող ամենակարճ ու բովանդակալից ճանապարհն է։ Պոեզիան ապրեցնելու,լուծումներ տալու ուժ ունի․․․ Արդեն կազմակերպել ենք մեծանուն Ազնավուրի ու Սևակի 100-ամյակին նվիրված երեկոներ:Բացի համագործակցող արտիստներից ու մեր հիմնական հանդիսատեսից, մենք ավելի շատ մեզ սատարողների կարիքն ունենք։ Մեզ ի վերուստ վստահված այս Աստվածահաճո գործը հուսանք, որ ավելի մեծ տարածում կստանա։ Ինչպես ասել է մեծն Պարույր Սևակը իր «Թրի դեմ գրիչ» հոդվածում` մեր ամենամեծ շահած մարտը Այբուբենն է․․․Իսկ Այբուբենով ողողված ու մյուռոնված խոսքը՝ մեր Ինքնությունը պահպանողն ու առաջ մղողը․․․Ալին Դավթյան«Բոհեմ» ակումբ
Հիմնադիր,գեղարվեստական ղեկավար
No comments:
Post a Comment