The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 19 December 2024

Մի քանի հարց հոգեբանին, որոնք կհետաքրքրեն իր երկրից դուրս ապրող ցանկացած մարդու


Նոր տարուն ընդառաջ, որոշել ենք զրուցել Ցյուրիխում բնակվող մեր հայրենակից, հոգեբան Լոռա Սգոլիկի հետ:

Ինչպե՞ս ինտեգրվել նոր հասարակությանը:

Լոռա
Ամեն ինչ կախված է մարդու մտադրությունից։ Եթե ուզում ենք, որ օտար ու անծանոթ միջավայրը մեզ որպես յուրային ընկալի, նախ մե՛նք պետք է կարողանանք ընկալել ու ընդունել նոր միջավայրը։ Մարդիկ այդ իմաստով շատ նման են կենդանիներին. եթե մենք մեզ նրանցից մեկը չենք համարում, ակամա վախ ենք զգում նրանց հանդեպ։ Իսկ վախը ագրեսիայի աղբյուր է, որն անպայման փոխադարձ վախ է առաջացնում ու հնարավոր է՝ փոխադարձ ագրեսիա։ Եվ խնդրեմ, սոցիալական դիսկրիմինացիան չի ուշանա։ Պետք է փորձենք կանխել այդ անցանկալի վիճակը՝ լիարժեք ու որակյալ ապրելակերպին հնարավորություն տալու համար։

Արդյո՞ք օտար երկրում ունեցած այդպիսի ձեռքբերումը նույնական չի լինի մարդու անհատականության կորստին։

Լոռա
Միջավայրի փոփոխությունը, եթե անգամ լավագույն ձևով է տեղի ունենում, մեծ սթրես է մեզ համար, մեր հոգեբանության համար։ Շատ կարևոր է այդ վիճակին ըմբռնում մոտենալը։ Եթե քո կամքով կամ կյանքի բերմամբ հայտնվել ես մի երկրում, որտեղ պատրաստվում ես ապրել, պետք չէ այն օտար համարել։ Դա անպայման կվնասի, ինչպես ցանկացած նախապաշարմունք։ Բացի այդ, մարդու անհատականությունը ստատիկ չէ։ Երկիր փոխելու դեպքում այն կարող է փոփոխություն կրել, և դա նորմալ է։ Մարդը դրանից չպիտի վախենա կամ ընկճվի։ Իրականում դա շատ հետաքրքիր պրոցես է, որը պետք է շահեկան ձևով հաղթահարել, հնարավորինս խուսափել մանիպուլյացիաներից: Օրինակ, կարող է հարազատի կամ ընկերների կողմից նման արտահայտություններ լսենք՝ «Ոնց որ թե փոխվել ես», «Գնացել, նմանվել ես նրանց» և այլն։ Պետք է գիտակցաբար մոտենանք և՛ մեր մտերիմների նման դատողություններին, և՛ ինքներս մեզ։ Անցումային փուլում պետք է ուրախությամբ ընդունենք ցանկացած ադապտիվ փոփոխություն մեր մեջ։

Ինպե՞ս կարող է մարդը հաղթահարել մենակությունը դրսում ապրելու պարագայում:

Լոռա
Շատ կարևոր է հաղթահարել հոգեբանական անջրպետները։ Հարկավոր է լինել բաց, նախապաշարմունքներից ազատ։ Մենք բոլորս տարբեր ազգերի մասին ունենք կարծրացած պատկերացումներ, որոնք մեր ընկալման հորիզոնը խիստ սահմանափակում են։ Օրինակ, երբ ես նոր էի տեղափոխվել Շվեյցարիա, անընդհատ լսում էի, որ շվեյցարացիները շատ փակ են, ընկերասեր չեն ու ամենակարևորը՝ ընկերներին իրենց տուն չեն հրավիրում։ Հիմա իմ ընկերների մեծ մասը շվեյցարացիներ են, ու ես շատ սիրով ու հաճախ հյուրընկալվում են իրենց։ Պետք է գտնել նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց, ձեռք բերել կոմունիկացիոն հմտություններ, որոնք թույլ կտան ամեն տեղ լինել սպասված ու ցանկալի։ Այդ դեպքում երբեք մենակ մնալու վախ չեք ունենա, եթե շփումները կարևոր են ձեզ համար։

Դուք ի՞նչ մեթոդներով եք աշխատում Ձեր այցելուների հետ։

Լոռա
Ես աշխատում եմ բացառապես գիտական մեթոդներով ու տեխնիկաներով․ կոգնիտիվ վարվեցողական թերապիա, վարվեցողական անալիզ, դիալեկտիկ մեթոդ, կլինիկական հիպնոզ։ Աշխատում եմ նաև որպես պրոֆայլեր՝ անհատների և կազմակերպությունների համար։ Ինձ համար շատ կարևոր է իմ արած աշխատանքի արդյունքը։ Շատ խստապահանջ եմ ինքս իմ հանդեպ։ Ես տարիներ շարունակ պրպտելով ու աշխատանքային փորձով ստեղծել եմ մի մոդել, որը չափազանց արդյուավետ եմ համարում։

Ի՞նչն է Ձեզ ոգևորում, ներշնչում։

Լոռա
Ինձ համար մեծ ոգեշնչման աղբյուր է իմ այցելուների հոգեվիճակի բարելավումը։ Աննկարագրելի ուրախություն է, երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղը՝ հետևում եմ նրանց հաջողություններին, տեսնում այն դրական փոփոխությունները, որոնք համատեղ աշխատանի արդյունքում են մերը դարձել։ Դա միջանձնային պրոֆեսիոնալ հարաբերությունների տրանսֆորմացիա է, որը չնայած իմ խիստ գիտական ու սիստեմավորված մոտեցմանը՝ ամեն անգամ ինձ հրաշք է թվում։

Ի՞նչ եք մաղթում մարդկությանը 2025-ին։

Լոռա
Մաղթում եմ ամենակարևորը՝ ողջամտություն, առողջ հետաքրքրություններ ու ստեղծարարություն։

Լոռա Սգոլիկի հետ զրուցեց`  LHay Azian-ը


Լոռա Սգոլիկը  բնակվում է Ցյուրիխում (Շվեցարիա) նա հրաշալի  հոգեբան է, հաճախ է արդյունավետ ու որակյալ օգնություն ցույց տվել դժվարին հոգեբանական ծանր խնդիրների առջև գտնվող մարդկանց: ՈՒնի մի քանի  մասնագիտություն, նաև լեզվաբան ու փիլիսոփա է,  շուկայագետ (մարքեթոլոգ): Նրա` «ԱՇԽԱՐՀԸ` ԿՈՄԱՅԻ ՄԵՋ»,  հոդվածը  երկար ժամանակ մեր ամենաընթերցվածների ցանկում էր:

https://www.nidoragir.com/2020/03/blog-post_27.html


No comments:

Post a Comment