The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 30 November 2024

Հարցազրույց «Սփյուռք» ամսագրի խմբագիր Սագօ Օգնայեանի հետ

ԲԱՑԱՌԻԿ


«Նիդերլանդական օրագրի» կողմից.
«Սփյուռք», գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը հայկական իրականության բացառիկ երևույթներից է: Այն  1958 թվականին հիմնադրել ու տպագրվել է հայ հրապարակախոս, մանկավարժ, բանասեր, արձակագիր Սիմոն Սիմոնյանը: Թերթը  ոչ մի կուսակցական ուղղվածություն չի ունեցել ու բավական ազդեցիկ հրատարակություն էր՝  գրական, պատմական, սոցիալական և գեղարվեստական լուսաբանումներով: Այն սիրել ու ընթերցել են տարբեր երկրներում, ուներ մեծ թվով ընթերցողներ:  60-ական թվականներին հանդեսին թղթակցող հայկական սփյուռքի մեծ թվով գրողների և բանաստեղծների թվում էին  Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Գուբելյանը և մյուսները: Տարեց տարի «Սփյուռքը» մեծ ազդեցություն ու հեղինակություն էր ձեռք բերում: Պատահական չէր, որ հենց 1965 թվականին  Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում հիշատակվեր ու հաջորդ տարի բացվեր Մեծ Եղեռնի հուշարձանը:
1975 թվականից մինչև 1989թվականը «Սփյուռքի» հրապարակումն ու խմբագրումը անցել է հայ գրող, հրապարակախոս Գևորգ Աճեմյանին, ով պահպանել է պարբերականի գրական, գեղարվեստական ուղղվածությունը։  «Սփյուռքը» պահպանելով չեզոքությունն ու անկախությունը շարունակում էր անդրադառնալ  Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին: Տպագրել է հոդվածներ հայ ազգային-ազատագրական շարժումների, Հայոց Ցեղասպանության, դրան նախորդած  ինքնապաշտպանական մարտերի մասին։   Գրական բաժնում տեղ են գտել հայ ու համաշխարհային գրողների ստեղծագործություններ:
 
1990 թվականին Աճեմյանը «Սփիւռք» պարբերականի արտոնագիրը փոխանցեց ձախակողմյան հայ ժողովրդական շարժմանը (որպես Լիբանանում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) քաղաքական խոսափող)։
Գևորգ Աճեմյանի մահից հետո պարզվեց, որ նա Հակոբ Հակոբյանի հետ միասին ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկն էր (իսկական անունը ՝ Հարություն Թագուշյան): Կտրուկ փոխվեց թերթի  ընդհանուր ուղղվածությունը, և մեծ քանակությամբ նյութեր նվիրված էին  հայկական հարցին և ազատագրական գաղափարախոսությանը։ Դա այլ հանդես էր, քան 1958-1990 թվականների «Սփիւռքը»:
Երկուհազարականներին «Սփյուռք» ամսագիրը ամենամյա պատկերազարդ  անկախ  հրատարակություն էր: Ներկայումս «Սփյուռք» ամսագիրը լույս է տեսնում առցանց: 
«Սփյուռքի» անցած ճանապարհն ու ներկան հակիրճ այսպես բնութագրեց ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը `
 «Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ...»

Սիրով ներկայացնում ենք Վանաձորի «Ինտերկապ» գրասենյակում  «Սփիւռք» հանդեսի ներկայիս խմբագիր, մատենագետ Սագօ Օգնայեանի հետ տեղի ունեցած զրույցը:  Այն պատրաստել է գրող,  լրագրող Գագիկ Անտոնյանը:

«Եթէ Սիմոն Սիմոնեանի «Սփիւռք»-ի շրջանակին եւ համախոհներու մտահոգութիւնը սփիւռքահայութեան գոյատեւումն էր, ներկայիս ասոր կողքին մեր հիմնական մտահոգութիւնը Հայաստանի Հանրապետութեան գոյատեւումն է։ Մեր համոզումով ՀՀ-ն շրջապատուած ըլլալով թշնամի պետութիւններու կողմէ, միշտ պիտի փորձուի յարձակումներու ենթարկուիլ հայրենիքի հողը խլելու համար։ Միշտ պէտք է պատրաստ ըլլալ ինքնապաշտպանուելու։ Ինքնախաբէութիւններու, ցուցադրութիւններու, մեծամոլիկութիւններու, զգացականութիւններու վերջ պէտք է տրուի եւ միասնաբար ծանր աշխատանք տարուի, մանաւանդ պետական մակարդակով պատրաստուելու պաշտպանել ներկայի սեղած Հայաստանը։ Ուժն է որ յարգանք կը պարտադրէ շրջակայքին եւ բոլորին»։

Այս խոսքերի հեղինակը մեզանում և արտերկրի մեր հայրենակիցների շրջանում մեծ համարում ունեցող և սեր վայելող «ՍՓՅՈՒՌՔ» /«Սփիւռք»/ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սարգիս (Սագօ) Օգնայանինն (Օգնայեան) են: Նա վերջերս Նախնիների Երկիր էր այցելել: Հարցազրույցի հրավիրեցի պատվարժան խմբագրին՝ նախապես խնդրելով ներկայացնել իրեն /ինքզինքը/ ՝ հակիրճ կենսագրությամբ, նկատելի գործերով, առաջիկա ծրագրերով:
Անթաքույց հաճույքով միայն կարելի էր լսել մեր արևմտահայերեն արծաթազնգուն, բարեխնամ խոսքը, որ հնչեցնում էր մեր Հայրենակից խմբագիրը: Ահա նրա պատասխանները.


- «Սփիւռք»ի ներկայիս հրատարակիչը եւ խմբագիրը ըլլալով, կը փորձեմ զայն հայկականօրէն ժամանակակից եւ թարմ պահել եւ թերթը ծառայեցնել ազգային հարցերու ներկայացման լուրջ յօդուածներով, որոնց ձեռքբերման ինծի կ՛օժանդակեն մօտիկ անձներ, նաեւ կ՛օգտուիմ Դիմատետրէն եւ առցանց թերթերէ ու կայքերէ։
Իմ մասիս, ես՝ Սարգիս (Սագօ) Օգնայեան ծնած եմ 1955-ին Պէյրութ, Լիբանան, յաճախած եմ տեղւոյն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Երուանդ Տէմիրճեան նախակրթարանը, ապա դարձեալ նոյն Միութեան պատկանող Յովակիմեան-Մանուկեան մանչերու երկրորդական վարժարանը։ Անկէ ետք Պէյրութի Ամերիկեան Համալսարանը ուսանելով ստացած եմ Առեւտրական ճիւղի պսակաւոր տիտղոսը (BA degree in Business Administration)։ Տարի մը շարունակեցի մագիստրոսի վկայականին համար, սակայն մէկ կողմէ Լիբանանի քաղաքացիական պատերազմի սաստկացումին, միւս կողմէ Գէորգ Աճեմեանի «Սփիւռք»ի խմբագրման աշխատանքին օգտակար ըլլալու պատճառով դադրեցուցի ուսումս։
Կեանքի ապրուստս հոգալու համար 1978-էն յետոյ երեք տասնամեակ պաշտօնավարած եմ որպէս գործողութեանց տնօրէն, համաշխարհային չափանիշով մեծագոյն բեռնատար օդանաւային ընկերութիւններէն մէկուն՝ լիբանանեան Թրենս Մետիթըրէնիըն Էրուէյզի Պէյրութի միջազգային օդակայանի կեդրոնատեղիին մէջ։ 2014-էն մինչեւ 2023 պաշտօնավարած եմ ճամբաներու ենթակառոյցի ապրանքներ հայթայթող լիբանանեան ընկերութեան մը մէջ։ Տրուած ըլլալով որ կանուխէն հետաքրքրութիւն ցուցաբերած եմ արխիւային նիւթերու շուրջ, ապրուստի հայթայթման այս գործերուս առընթեր պատրաստած եւ հրատարակած եմ հայկական կարգ մը թերթերու մատենագիտութիւնները՝

- «Մատենագիտութիւն «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978» (1984)։
- «Մատենագիտութիւն «Երկաթէ Շերեփ» շաբաթաթերթի 1985-1989» 1995)։
- «Մատենագիտութիւն «Փիւնիկ» շաբաթաթերթի 1989-1990» (1999)։
- «Մատենագիտութիւն «Սփիւռք» պարբերաթերթի 1985-2000» (2001)։
- «Մատենագիտութիւն «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի Հատորներու՝ 1970-2010» (2010): Նաեւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հրատարակութեանց շուրջ նիւթերու հաւաքագրում եւ վաւերագրութիւն.
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն Զինեալ Եւ Հրատարակչական Գործունէութեան» (2015)։
- «The Armenian Secret Army for the Liberation of Armenia (ԱՍԱԼԱ) – Documentation on Military Operations & Publications», նկարազարդ ալպոմ, (2022)։
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն 2 – Յակոբ Յակոբեանի Յուշագրութիւնը Եւ Հ․Ա․Հ․Գ․Բ․ի Հրապարակային Ուղերձները» (2023)։

Ամուսնացած եմ Մարալ Քիլիսլեանի հետ, ունիմ աղջիկ մը՝ Շողեր եւ թոռնուհի մը՝ Քամի, կը սպասեմ երկրորդ թոռնիկիս ծննդեան։


Մեր ընթերցողներին անչափ կհետաքրքրի, եթե Դուք սպառիչ տեղեկություններ հաղորդեք «Սփյուռք» ամսագրի ստեղծման, օտար ափերում գոյատևման, ամսագրի առջև դրված խնդիրների և դրանց կատարման մասին: Ի՞նչ դժվարություններ է հաղթահարում «Սփյուռքի» հանրույթը, ինչպե՞ս է գոյատևում, ի՞նչ նոր խնդիրներ է այսօր ամսագիրը դրել իր առջև: Ի՞նչ պարբերականությամբ է տպագրվում այն:

-1950-ականներէն մինչեւ 1970-ականները Լիբանան քաղաքական եւ ընկերային ազատութեան հետեւանքով զարթօնք մը ապրեցաւ, որուն մէջ լիբանանահայութիւնն ալ ունեցաւ մեծ դեր։ Հոն հայութիւնը իր բազմաթիւ դպրոցներով, եկեղեցիներով, մտաւորականութեամբ, մշակութային ձեռնարկներով եղաւ Սփիւռքի հայութեան կեդրոնը։ Այս մթնոլորտին մէջ է որ Գարեգին Ա․ Յովսեփեանց կաթողիկոսի գիտական քարտուղար, խորհրդական, գրող, դաստիարակ Սիմոն Սիմոնեան 1958-ին հիմնեց «Սփիւռք» շաբաթաթերթը, որ ունէր անկախ ուղղութիւն, ուր ճշմարտութիւնը պէտք էր ըսուէր, նոյնիսկ եթէ անմարսելի ըլլար շատերու համար։ Սիմոնեան իր թերթով շատ գաղափարներու յառաջապահը դարձաւ, իսկ կարեւորագոյնը՝ անոր քաջալերանքով սփիւռքահայութիւնը ունեցաւ գրողներու եւ խմբագիրներու նոր բույլ մը, ինչպէս՝ Վեհանոյշ Թէքեան, Պօղոս Գուբելեան, Երուանդ Քոչունեան, Սերոբ Աբոյեան եւ ուրիշներ։ Համեստս ալ իր քաջալերանքով պատրաստեցի «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978 ժամանակաշրջանի մատենագիտութիւնը։ 1974-ին Սիմոն Սիմոնեան առողջական պատճառով թերթը փոխանցեց գրող Գէորգ Աճեմեանին, որ արդէն նախապէս ալ Սիմոնեանի կողքին կ՛աշխատակցէր եւ կը մասնակցէր թերթին խմբագրման։ Դժբախտաբար Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառաւ Աճեմեան չի կրցաւ կանոնաւոր լոյս ընծայել թերթը։ Ուստի 1990-ին փոխանցեց թերթը Լիբանանի մէջ նախապէս գործող բայց քաղաքացիական պատերազմին պատճառով պետականօրէն նոր գրանցուած Հայկական Ժողովրդային Շարժում (ՀԺՇ) կազմակերպութեան։ 1990-էն 1993-ի վերջը թերթը լոյս տեսաւ իբրեւ նախ երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ, խմբագրեց պատմաբան եւ լրագրող Գէորգ Եազըճեան, որ այդ թուականին Հայաստան տեղափոխուեցաւ։ Ապա 1994-էն 2008 թերթը խմբագրեց լրագրող եւ բանասէր Յովսէփ Արթինեան, իսկ 2009-էն թերթին հրատարակութիւնը ստանձնեցի ես, Հայկական Ժողովրդային Շարժումի գործունէութեանց դասաւորման առընթեր։ 1995-էն սկսեալ թերթը որպէս պարբերաթերթ կը հրատարակուի։ 2020-էն յետոյ նիւթական պատճառներով թերթը լոյս կը տեսնէ առցանց։ «Սփիւռք» պարբերաթերթը, սփիւռքահայ միւս հայկական թերթերուն նման կը գոյատեւէ դժուարութեամբ, որուն հիմնական պատճառներն են հայերէն կարդացողներու թիւի պակսիլը, հայերէնով աշխատակիցներու քիչնալը, համացանցի ընծայած դիւրութիւնն ու նիւթական խնդիրները։ «Սփիւռք»ը որպէս ազգային-հասարակական պարբերաթերթ զերծ կը մնայ տեղեկատուական եւ սովորական լուրեր հաղորդող մամուլ ըլլալէ։ Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ, ըլլան անոնք հայրենիքէն ներս թէ դուրս։

Դուք Հայաստանում եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցը հայրենիք, հասա՞ք Ձեր առջև դրված նպատակներին:

- Դժբախտաբար չեմ կրցած հաստատուիլ հայրենիք, սակայն ամէն տարի մօտ երկու շաբաթով կ՛այցելեմ Հայաստան։ Հոն կը հանդիպիմ ընկերներու եւ ծանօթներու ու կ՛ապրիմ անոնց եւ հայրենիքի իրավիճակով։ Հանդիպումներ կ՛ունենամ կարգ մը մտաւորականներու հետ, նաեւ կը նախապատրաստեմ (խմբագրում, տպագրում) «Սփիւռք» պարբերաթերթի հրատարակուելիք գիրքերը, ապրելով հայրենիքի առօրեայ իրականութեամբ։
Լրագրող Գագիկ Անտոնյանը, «Ինտերկապ» Հ/կ-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը և «Սփյուռքի» ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը:


Մեր հանդիպումն ու զրույցը կայացավ «Ինտերկապ» ՀԿ-ի գրասենյակում: Բնականաբար պիտի հարցնեի՝
«Որքա՞ն տարիների բարեկամական կապեր ունեք «Ինտերկապ»-ցիների հետ, որքանո՞վ եք ակտիվ համագործակցում, ո՞վ է Ձեզ համար Նորայր Զուլոյանը, «Ինտերկապ» հասարակական կազմակերպությունը:

-«Ինտերկապ» ՀԿ-ի «Սփիւռք» պարբերաթերթի հետ կապը մօտաւորապէս տասը տարիէ կայ։ Անոր համահիմնադիր Նորայր Զուլոյեան արդէն նախապէս կապեր ունէր արտասահմանի ՀԺՇ-ի կարգ մը ընկերներու հետ։ Իմ կապս իր հետ աւելի մտերմացաւ երբ ան խնդրեց մեզմէ որ մենք ալ մասնակից դառնանք Վանաձորի մէջ Զօրավար Անդրանիկի արձանին ստեղծումին։ Մեր կողմէ պատրաստուած որմազդը բաժնուեցաւ բացման օրը եւ հետագային ալ Զօրավար Անդրանիկի հետ կապուած առիթներու գործածուեցաւ։
Ինծի համար Նորայր Զուլոյեանի կերպարը կը նմանի բոլոր անոնց որոնք սիրայօժար ու կամաւոր, համոզուած կ՛աշխատին հայութեան ազգային նպատակներուն համար։ Վանաձորը կ՛ապրի Նորայր Զուլոյեանով եւ ինք ալ կ՛ապրի Վանաձորով, մէկ խօսքով իրար կ՛ամբողջացնեն։ «Սփիւռք»ի անձնակազմին իրմէ եղած որեւէ խնդրանք մեր կարելիութեան սահմաններուն մէջ կը փորձենք կատարել։ Իր հետ ենք իր ազգային բոլոր առաքելութիւններուն մէջ։ Շնորհակալութիւն:

Մենք ենք շնորհակալ, հարգարժան խմբագիր:Հաջողություններ ենք մաղթում Ձեր դժվարին ու պատվաբեր աշխատանքում:

Զրույցը գրի առավ՝
Գագիկ Անտոնյանը


«Սփյուռք» հանդեսի հերթական համարներից մեկը

No comments:

Post a Comment