Եվրամիության երիտասարդական ծրագիրը կրկին Հայաստանում է։ Նոյեմբերի 3-14-ին Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։
Ծրագիրն այս տարի կրում էր «Մենք բոլորս ժպտում ենք նույն լեզվով» խորագիրը։ Հայաստանից, Եվրոպայից և հարևան երկրներից (Ֆրանսիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Հորդանան, Վրաստան, Ուկրաինա, Լիբանան) Հայաստան ժամանած երիտասարդները ծրագրի շրջանակում կարողացան ստանալ նոր գիտելիքներ, բացահայտեցին հետաքրքիր փաստեր միմյանց մշակույթների մասին և ունեցան փորձի փոխանակում՝ սովորեցնելով միմյանց իրենց լեզուն, ազգերի պարերն ու երգերը։
«Մենք նմանօրինակ Եվրոպական միջազգային նախագծերը մենք իրականացնում ենք Հայաստանում 2017 թվականից։ Արդեն քանի տարի է տարբեր երկրներից երիտասարդներ ենք հյուրընկալում Հայաստան։ Ապրելով Նիդերլանդներում՝ ինձ համար շատ կարևոր է ոչ միայն իմ երկիրը լավ ներկայացնել, այլ նաև նման ծրագրերը բերել Հայաստան», - նշում է «Լուսավոր ապագա» հիմնադրամի նախագահ Մարիամ Կիրակոսյանը։
Եվրամիության երիտասարդական ծրագրին հատուկ հյուր էր Հայաստանում Իսպանիայի փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչոն, ով մեկ օր անցկացրեց երիտասարդների հետ՝ կիսվելով իր փորձով և ինքը ևս սովորելով տարբեր երկրների մշակույթներից։
«Ցանկացած ծրագիր, որը ներառում է միջմշակութային փոխանակում, շատ կարևոր է երկրների հարաբերությունների համար, հատկապես, երբ ծրագիրը ներառում է երիտասարդներին, քանի որ երիտասարդ սերունդը մեր երկրների լավագույն դեսպաններն են։ Օրինակ՝ իսպանացի ուսանողները Իսպանիայի լավագույն դեսպաններն են, որովհետև նրանք այսպիսի ծրագրերով տարածում են մեր մշակույթն ու լեզուն», - տպավորված ավելացրեց Քրիստինա Կոնեսա Սանչոն։
Ծրագրի նպատակն է ոչ ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ միջմշակութային հաղորդակցության ոլորտում, հնարավորություն ընձեռել հայ և այլազգի երիտասարդներին համագործակցել և միասին զարգացնել գիտելիքները տարբեր թեմաների մասին, ինչպես նաև՝ այցելել Հայաստան և ծանոթանալ մեր պատմությանն ու մշակույթին:
Դասընթացներն անցկացնող Նանե Սերոբյանը փաստում է՝ այստեղ այն երիտասարդներն են, որոնք ունեն մոտիվացիա և հետաքրքրվածություն՝ իրենց կյանքը նորություններով լցնելու։ Նրա խոսքով՝ դիմորդների քանակը մեծ էր, ընտրությունը` բարդ։
«Մենք հիմնականում փորձում ենք ընտրել այն մարդկանց, որոնք ունեն ավելի քիչ հնարավորություններ, ունեն ցանկություն ավելի զարգանալու։ Ու մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենք իրենց զգան այնքան ապահով, որ բոլոր այդ հնարավորությունները, որ կարող են սովորական կյանքում չունենալ՝ ղեկավար լինելու, դրսևորվելու, կարողանան խաղերի, վարժությունների ընթացքում ցուցաբերել», - հավելեց Նանե Սերոբյանը։
Ամփոփելով, ծրագիրը հնարավորություն է ընձեռում ներգրավված երիտասարդներին զգալ զվարճալի ոչ ֆորմալ ուսուցման բոլոր առավելությունները բազմամշակութային միջավայրում
No comments:
Post a Comment