The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 2 November 2024

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Թռիչք» վավերագրական ֆիլմի պրեմիերան:


«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում գերիշխում էին զինվորական համազգեստի տարատեսակ գույները, ՀՀ ԶՈւ զինանշանը և զորատեսակների տարբերանշանները. հանդիսատեսը ռուհերի կուրսանտներն էին, ԶՈՒ սպայակազմն ու պահեստազորի սպաները: Ֆիլմը ձոնված է Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, դեսանտագրոհային դասակի, այնուհետ հետախուզության վաշտի հրամանատար, կապիտան Արման Զաքարյանին: Հոկտեմբերի 31-ին Արման Զաքարյանը կդառնար 30 տարեկան, բայց նա հավերժ մնաց 28 տարեկան…

Նա բախվել էր հակառակորդի հետ Շուշիի մատույցներում՝ մի քանի մետր հեռավորությամբ, նայել մահվան աչքերին և հրաշքով միայն կենդանի մնացել: 2020 թ. նոյեմբերին վերջիններից մեկն էր դուրս եկել Շուշիից՝ որպես խիզախ ու անկոտրում կամքի տեր հրամանատար իր դասակի  զինվորներին անվնաս դուրս բերելով շրջափակումից։ Սակայն հակառակորդի դիպուկահարի մահաբեր գնդակը գտավ նրան 2022թ. Ջերմուկի խրամատներում՝ իր կյանքի վերջին մարտը վարելիս:

Ֆիլմի գաղափարախոսությունը հոր կյանքի շարունակությունն է որդու մեջ, երբ կողք կողքի են հայտնվում ծնունդն ու մահը: Ֆիլմի ընթացքում որդու, եղբոր և ընկերոջ մասին իրենց հիշողություններն են պատմում Արմանի ծնողները, քույրն ու մտերիմ ընկերը, իսկ ֆիլմի վերջում նրա որդին՝ վեցամյա Արտյոմը դպրոց է հաճախում, նրան ուղեկցում է տատիկը՝ Աստղիկը…

-Ֆիլմի ստեղծման գաղափարը մտահղացել է Սյուզաննա Զաքարյանը՝ Արմանի քույրը, ֆիլմը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է՝ հրամանատարի սխրանքի պատմությունը սերունդներին ներկայացնելու առաքելությամբ: Նկարահանումները շարունակվել են մեկ տարի և ավելի, Երևանում և Ջերմուկում: Ֆիլմում ներկայացված ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտների ուսումնամարզական թռիչքների արխիվային տեսանյութերը մեզ են տրամադրել ՌԴ ՊՆ-ից: Ֆիլմը կցուցադրվի ռուհերում, ապագա սպաների համար սա կլինի ուղեցույցը օրինակելի սպայի կերպարի, պլանավորում ենք ցուցադրություն նաև մարզերում,- ասաց ֆիլմի ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:

Վավերագրական այս ֆիլմում ևս ներկայացվում է մի ազգի ողբերգութունը՝ մի ընտանիքի պատմության միջոցով, դիտորդն ենք դառնում, թե ինչպես պատերազմը խեղաթյուրեց երեք սերունդների ճակատագրերը. հոր՝ պահեստազորի մայոր Մանուկ Զաքարյանի, ով Արցախն ազատագրողներից է, իր ողջ կյանքը նվիրելով զինվորական ծառայությանը՝ այս պատերազմում կորցրեց որդուն՝ Արման Զաքարյանին, ով արցախյան հողի պաշտպանության համար մղվող պատերազմում հատուկ նշանակության իր խմբի հետ որպես դեսանտագրոհային դասակի հրամանատար մարտական ամենաբարդ առաջադրանքների կատարման առաքելությունը ստանձնած անհավանական սխրանքներ կերտողներից մեկը դարձավ և ի վերջո իր կյանքը չխնայեց հայոց հողի պաշտպանության համար, և թոռան՝ Արտյոմ Զաքարյանի, ով, չորս տարեկանում կորցնելով հորը և ակամա դառնալով այս պատերազմի հիշողության կրողն ու ժառանգորդը, ինքնաձիգով դիպուկ կրակ վարելու հնարքներն է յուրացնում արդեն հայրիկի մարտական ընկերոջ օգնությամբ: Որպես վերջաբան ստորև ներկայացնեմ 2020թ. պատերազմից ամիսներ անց երևանյան սրճարաններից մեկում դեռևս ավագ լեյտենանտ Արման Զաքարյանի հետ իմ վարած հարցազրույցից հետո նկարագրած տպավորությունս և նրա խոսքերից մի հատված. 

-Նրա կանաչ աչքերի խորքում մի քանի օրերի ընթացքում ապրած մի ողջ կյանք էր ամփոփված՝ լի հուսահատության, հպարտության, վախի, սարսափի, կորստի ցավի, չգնահատված լինելու դառը զգացողությամբ…

Վ. Իսահակյան

-Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում  է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում…»: Մարտերն այնքան թեժ էին ընթանում, այդ պահին մտածում էի, որ զոհվելու եմ... Ուզում էի՝ հայրս վերջին անգամ ձայնս լսի...

Ա. Զաքարյան

Հավերժ փառք հայոց հողի պաշտպանության և իրենց զավակների խաղաղ այգաբացների համար մղվող պատերազմում նահատակված սպաներին… նրանց, որ համեստ էին ու քչախոս, երբևէ բարձրագույն որևէ պարգևի չարժանացան, նրանց, որ երբեք լեգենդներ չէին պատմում իրենց սխրանքների մասին, մարտի դաշտում իրական սխրանք կերտողն էին՝ պարկեշտ, ազնիվ, անդավաճան հայրենասեր...


ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 «Նիդ.օրագրի» համար, Երևան





No comments:

Post a Comment