The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 30 November 2024

Հարցազրույց «Սփյուռք» ամսագրի խմբագիր Սագօ Օգնայեանի հետ

ԲԱՑԱՌԻԿ


«Նիդերլանդական օրագրի» կողմից.
«Սփյուռք», գրական, գեղարվեստական, հասարակական հանդեսը հայկական իրականության բացառիկ երևույթներից է: Այն  1958 թվականին հիմնադրել ու տպագրվել է հայ հրապարակախոս, մանկավարժ, բանասեր, արձակագիր Սիմոն Սիմոնյանը: Թերթը  ոչ մի կուսակցական ուղղվածություն չի ունեցել ու բավական ազդեցիկ հրատարակություն էր՝  գրական, պատմական, սոցիալական և գեղարվեստական լուսաբանումներով: Այն սիրել ու ընթերցել են տարբեր երկրներում, ուներ մեծ թվով ընթերցողներ:  60-ական թվականներին հանդեսին թղթակցող հայկական սփյուռքի մեծ թվով գրողների և բանաստեղծների թվում էին  Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Գուբելյանը և մյուսները: Տարեց տարի «Սփյուռքը» մեծ ազդեցություն ու հեղինակություն էր ձեռք բերում: Պատահական չէր, որ հենց 1965 թվականին  Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում հիշատակվեր ու հաջորդ տարի բացվեր Մեծ Եղեռնի հուշարձանը:
1975 թվականից մինչև 1989թվականը «Սփյուռքի» հրապարակումն ու խմբագրումը անցել է հայ գրող, հրապարակախոս Գևորգ Աճեմյանին, ով պահպանել է պարբերականի գրական, գեղարվեստական ուղղվածությունը։  «Սփյուռքը» պահպանելով չեզոքությունն ու անկախությունը շարունակում էր անդրադառնալ  Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին: Տպագրել է հոդվածներ հայ ազգային-ազատագրական շարժումների, Հայոց Ցեղասպանության, դրան նախորդած  ինքնապաշտպանական մարտերի մասին։   Գրական բաժնում տեղ են գտել հայ ու համաշխարհային գրողների ստեղծագործություններ:
 
1990 թվականին Աճեմյանը «Սփիւռք» պարբերականի արտոնագիրը փոխանցեց ձախակողմյան հայ ժողովրդական շարժմանը (որպես Լիբանանում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) քաղաքական խոսափող)։
Գևորգ Աճեմյանի մահից հետո պարզվեց, որ նա Հակոբ Հակոբյանի հետ միասին ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկն էր (իսկական անունը ՝ Հարություն Թագուշյան): Կտրուկ փոխվեց թերթի  ընդհանուր ուղղվածությունը, և մեծ քանակությամբ նյութեր նվիրված էին  հայկական հարցին և ազատագրական գաղափարախոսությանը։ Դա այլ հանդես էր, քան 1958-1990 թվականների «Սփիւռքը»:
Երկուհազարականներին «Սփյուռք» ամսագիրը ամենամյա պատկերազարդ  անկախ  հրատարակություն էր: Ներկայումս «Սփյուռք» ամսագիրը լույս է տեսնում առցանց: 
«Սփյուռքի» անցած ճանապարհն ու ներկան հակիրճ այսպես բնութագրեց ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը `
 «Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ...»

Սիրով ներկայացնում ենք Վանաձորի «Ինտերկապ» գրասենյակում  «Սփիւռք» հանդեսի ներկայիս խմբագիր, մատենագետ Սագօ Օգնայեանի հետ տեղի ունեցած զրույցը:  Այն պատրաստել է գրող,  լրագրող Գագիկ Անտոնյանը:

«Եթէ Սիմոն Սիմոնեանի «Սփիւռք»-ի շրջանակին եւ համախոհներու մտահոգութիւնը սփիւռքահայութեան գոյատեւումն էր, ներկայիս ասոր կողքին մեր հիմնական մտահոգութիւնը Հայաստանի Հանրապետութեան գոյատեւումն է։ Մեր համոզումով ՀՀ-ն շրջապատուած ըլլալով թշնամի պետութիւններու կողմէ, միշտ պիտի փորձուի յարձակումներու ենթարկուիլ հայրենիքի հողը խլելու համար։ Միշտ պէտք է պատրաստ ըլլալ ինքնապաշտպանուելու։ Ինքնախաբէութիւններու, ցուցադրութիւններու, մեծամոլիկութիւններու, զգացականութիւններու վերջ պէտք է տրուի եւ միասնաբար ծանր աշխատանք տարուի, մանաւանդ պետական մակարդակով պատրաստուելու պաշտպանել ներկայի սեղած Հայաստանը։ Ուժն է որ յարգանք կը պարտադրէ շրջակայքին եւ բոլորին»։

Այս խոսքերի հեղինակը մեզանում և արտերկրի մեր հայրենակիցների շրջանում մեծ համարում ունեցող և սեր վայելող «ՍՓՅՈՒՌՔ» /«Սփիւռք»/ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սարգիս (Սագօ) Օգնայանինն (Օգնայեան) են: Նա վերջերս Նախնիների Երկիր էր այցելել: Հարցազրույցի հրավիրեցի պատվարժան խմբագրին՝ նախապես խնդրելով ներկայացնել իրեն /ինքզինքը/ ՝ հակիրճ կենսագրությամբ, նկատելի գործերով, առաջիկա ծրագրերով:
Անթաքույց հաճույքով միայն կարելի էր լսել մեր արևմտահայերեն արծաթազնգուն, բարեխնամ խոսքը, որ հնչեցնում էր մեր Հայրենակից խմբագիրը: Ահա նրա պատասխանները.


- «Սփիւռք»ի ներկայիս հրատարակիչը եւ խմբագիրը ըլլալով, կը փորձեմ զայն հայկականօրէն ժամանակակից եւ թարմ պահել եւ թերթը ծառայեցնել ազգային հարցերու ներկայացման լուրջ յօդուածներով, որոնց ձեռքբերման ինծի կ՛օժանդակեն մօտիկ անձներ, նաեւ կ՛օգտուիմ Դիմատետրէն եւ առցանց թերթերէ ու կայքերէ։
Իմ մասիս, ես՝ Սարգիս (Սագօ) Օգնայեան ծնած եմ 1955-ին Պէյրութ, Լիբանան, յաճախած եմ տեղւոյն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Երուանդ Տէմիրճեան նախակրթարանը, ապա դարձեալ նոյն Միութեան պատկանող Յովակիմեան-Մանուկեան մանչերու երկրորդական վարժարանը։ Անկէ ետք Պէյրութի Ամերիկեան Համալսարանը ուսանելով ստացած եմ Առեւտրական ճիւղի պսակաւոր տիտղոսը (BA degree in Business Administration)։ Տարի մը շարունակեցի մագիստրոսի վկայականին համար, սակայն մէկ կողմէ Լիբանանի քաղաքացիական պատերազմի սաստկացումին, միւս կողմէ Գէորգ Աճեմեանի «Սփիւռք»ի խմբագրման աշխատանքին օգտակար ըլլալու պատճառով դադրեցուցի ուսումս։
Կեանքի ապրուստս հոգալու համար 1978-էն յետոյ երեք տասնամեակ պաշտօնավարած եմ որպէս գործողութեանց տնօրէն, համաշխարհային չափանիշով մեծագոյն բեռնատար օդանաւային ընկերութիւններէն մէկուն՝ լիբանանեան Թրենս Մետիթըրէնիըն Էրուէյզի Պէյրութի միջազգային օդակայանի կեդրոնատեղիին մէջ։ 2014-էն մինչեւ 2023 պաշտօնավարած եմ ճամբաներու ենթակառոյցի ապրանքներ հայթայթող լիբանանեան ընկերութեան մը մէջ։ Տրուած ըլլալով որ կանուխէն հետաքրքրութիւն ցուցաբերած եմ արխիւային նիւթերու շուրջ, ապրուստի հայթայթման այս գործերուս առընթեր պատրաստած եւ հրատարակած եմ հայկական կարգ մը թերթերու մատենագիտութիւնները՝

- «Մատենագիտութիւն «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978» (1984)։
- «Մատենագիտութիւն «Երկաթէ Շերեփ» շաբաթաթերթի 1985-1989» 1995)։
- «Մատենագիտութիւն «Փիւնիկ» շաբաթաթերթի 1989-1990» (1999)։
- «Մատենագիտութիւն «Սփիւռք» պարբերաթերթի 1985-2000» (2001)։
- «Մատենագիտութիւն «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի Հատորներու՝ 1970-2010» (2010): Նաեւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հրատարակութեանց շուրջ նիւթերու հաւաքագրում եւ վաւերագրութիւն.
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն Զինեալ Եւ Հրատարակչական Գործունէութեան» (2015)։
- «The Armenian Secret Army for the Liberation of Armenia (ԱՍԱԼԱ) – Documentation on Military Operations & Publications», նկարազարդ ալպոմ, (2022)։
- «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ԱՍԱԼԱ) – Վաւերագրութիւն 2 – Յակոբ Յակոբեանի Յուշագրութիւնը Եւ Հ․Ա․Հ․Գ․Բ․ի Հրապարակային Ուղերձները» (2023)։

Ամուսնացած եմ Մարալ Քիլիսլեանի հետ, ունիմ աղջիկ մը՝ Շողեր եւ թոռնուհի մը՝ Քամի, կը սպասեմ երկրորդ թոռնիկիս ծննդեան։


Մեր ընթերցողներին անչափ կհետաքրքրի, եթե Դուք սպառիչ տեղեկություններ հաղորդեք «Սփյուռք» ամսագրի ստեղծման, օտար ափերում գոյատևման, ամսագրի առջև դրված խնդիրների և դրանց կատարման մասին: Ի՞նչ դժվարություններ է հաղթահարում «Սփյուռքի» հանրույթը, ինչպե՞ս է գոյատևում, ի՞նչ նոր խնդիրներ է այսօր ամսագիրը դրել իր առջև: Ի՞նչ պարբերականությամբ է տպագրվում այն:

-1950-ականներէն մինչեւ 1970-ականները Լիբանան քաղաքական եւ ընկերային ազատութեան հետեւանքով զարթօնք մը ապրեցաւ, որուն մէջ լիբանանահայութիւնն ալ ունեցաւ մեծ դեր։ Հոն հայութիւնը իր բազմաթիւ դպրոցներով, եկեղեցիներով, մտաւորականութեամբ, մշակութային ձեռնարկներով եղաւ Սփիւռքի հայութեան կեդրոնը։ Այս մթնոլորտին մէջ է որ Գարեգին Ա․ Յովսեփեանց կաթողիկոսի գիտական քարտուղար, խորհրդական, գրող, դաստիարակ Սիմոն Սիմոնեան 1958-ին հիմնեց «Սփիւռք» շաբաթաթերթը, որ ունէր անկախ ուղղութիւն, ուր ճշմարտութիւնը պէտք էր ըսուէր, նոյնիսկ եթէ անմարսելի ըլլար շատերու համար։ Սիմոնեան իր թերթով շատ գաղափարներու յառաջապահը դարձաւ, իսկ կարեւորագոյնը՝ անոր քաջալերանքով սփիւռքահայութիւնը ունեցաւ գրողներու եւ խմբագիրներու նոր բույլ մը, ինչպէս՝ Վեհանոյշ Թէքեան, Պօղոս Գուբելեան, Երուանդ Քոչունեան, Սերոբ Աբոյեան եւ ուրիշներ։ Համեստս ալ իր քաջալերանքով պատրաստեցի «Սփիւռք» շաբաթաթերթի 1958-1978 ժամանակաշրջանի մատենագիտութիւնը։ 1974-ին Սիմոն Սիմոնեան առողջական պատճառով թերթը փոխանցեց գրող Գէորգ Աճեմեանին, որ արդէն նախապէս ալ Սիմոնեանի կողքին կ՛աշխատակցէր եւ կը մասնակցէր թերթին խմբագրման։ Դժբախտաբար Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառաւ Աճեմեան չի կրցաւ կանոնաւոր լոյս ընծայել թերթը։ Ուստի 1990-ին փոխանցեց թերթը Լիբանանի մէջ նախապէս գործող բայց քաղաքացիական պատերազմին պատճառով պետականօրէն նոր գրանցուած Հայկական Ժողովրդային Շարժում (ՀԺՇ) կազմակերպութեան։ 1990-էն 1993-ի վերջը թերթը լոյս տեսաւ իբրեւ նախ երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ, խմբագրեց պատմաբան եւ լրագրող Գէորգ Եազըճեան, որ այդ թուականին Հայաստան տեղափոխուեցաւ։ Ապա 1994-էն 2008 թերթը խմբագրեց լրագրող եւ բանասէր Յովսէփ Արթինեան, իսկ 2009-էն թերթին հրատարակութիւնը ստանձնեցի ես, Հայկական Ժողովրդային Շարժումի գործունէութեանց դասաւորման առընթեր։ 1995-էն սկսեալ թերթը որպէս պարբերաթերթ կը հրատարակուի։ 2020-էն յետոյ նիւթական պատճառներով թերթը լոյս կը տեսնէ առցանց։ «Սփիւռք» պարբերաթերթը, սփիւռքահայ միւս հայկական թերթերուն նման կը գոյատեւէ դժուարութեամբ, որուն հիմնական պատճառներն են հայերէն կարդացողներու թիւի պակսիլը, հայերէնով աշխատակիցներու քիչնալը, համացանցի ընծայած դիւրութիւնն ու նիւթական խնդիրները։ «Սփիւռք»ը որպէս ազգային-հասարակական պարբերաթերթ զերծ կը մնայ տեղեկատուական եւ սովորական լուրեր հաղորդող մամուլ ըլլալէ։ Հոն կը գտնէք հայ ազգային ցաւերու շուրջ մեկնաբանութիւններ եւ վերլուծութիւններ, ըլլան անոնք հայրենիքէն ներս թէ դուրս։

Դուք Հայաստանում եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցը հայրենիք, հասա՞ք Ձեր առջև դրված նպատակներին:

- Դժբախտաբար չեմ կրցած հաստատուիլ հայրենիք, սակայն ամէն տարի մօտ երկու շաբաթով կ՛այցելեմ Հայաստան։ Հոն կը հանդիպիմ ընկերներու եւ ծանօթներու ու կ՛ապրիմ անոնց եւ հայրենիքի իրավիճակով։ Հանդիպումներ կ՛ունենամ կարգ մը մտաւորականներու հետ, նաեւ կը նախապատրաստեմ (խմբագրում, տպագրում) «Սփիւռք» պարբերաթերթի հրատարակուելիք գիրքերը, ապրելով հայրենիքի առօրեայ իրականութեամբ։
Լրագրող Գագիկ Անտոնյանը, «Ինտերկապ» Հ/կ-ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը և «Սփյուռքի» ներկայիս խմբագիր Սագօ Օգնայեանը:


Մեր հանդիպումն ու զրույցը կայացավ «Ինտերկապ» ՀԿ-ի գրասենյակում: Բնականաբար պիտի հարցնեի՝
«Որքա՞ն տարիների բարեկամական կապեր ունեք «Ինտերկապ»-ցիների հետ, որքանո՞վ եք ակտիվ համագործակցում, ո՞վ է Ձեզ համար Նորայր Զուլոյանը, «Ինտերկապ» հասարակական կազմակերպությունը:

-«Ինտերկապ» ՀԿ-ի «Սփիւռք» պարբերաթերթի հետ կապը մօտաւորապէս տասը տարիէ կայ։ Անոր համահիմնադիր Նորայր Զուլոյեան արդէն նախապէս կապեր ունէր արտասահմանի ՀԺՇ-ի կարգ մը ընկերներու հետ։ Իմ կապս իր հետ աւելի մտերմացաւ երբ ան խնդրեց մեզմէ որ մենք ալ մասնակից դառնանք Վանաձորի մէջ Զօրավար Անդրանիկի արձանին ստեղծումին։ Մեր կողմէ պատրաստուած որմազդը բաժնուեցաւ բացման օրը եւ հետագային ալ Զօրավար Անդրանիկի հետ կապուած առիթներու գործածուեցաւ։
Ինծի համար Նորայր Զուլոյեանի կերպարը կը նմանի բոլոր անոնց որոնք սիրայօժար ու կամաւոր, համոզուած կ՛աշխատին հայութեան ազգային նպատակներուն համար։ Վանաձորը կ՛ապրի Նորայր Զուլոյեանով եւ ինք ալ կ՛ապրի Վանաձորով, մէկ խօսքով իրար կ՛ամբողջացնեն։ «Սփիւռք»ի անձնակազմին իրմէ եղած որեւէ խնդրանք մեր կարելիութեան սահմաններուն մէջ կը փորձենք կատարել։ Իր հետ ենք իր ազգային բոլոր առաքելութիւններուն մէջ։ Շնորհակալութիւն:

Մենք ենք շնորհակալ, հարգարժան խմբագիր:Հաջողություններ ենք մաղթում Ձեր դժվարին ու պատվաբեր աշխատանքում:

Զրույցը գրի առավ՝
Գագիկ Անտոնյանը


«Սփյուռք» հանդեսի հերթական համարներից մեկը

Friday, 29 November 2024

PACT-4 Annual Chess Tournament Wraps Up, Marking a Great Success

 


PACT-4 Annual Chess Tournament Wraps Up, Marking a Great Success

The 4th Pan-Armenian Chess Camp and Tournament (PACT-4) was successfully held online from September 23 to October 20, 2024. The event concluded with an official closing ceremony on Sunday, October 20, where the tournament winners were announced.

 

The ceremony was attended by notable guests, including AGBU Armenian Virtual College Founding President and AGBU Vice President Dr. Yervant Zorian, GM Nona Gaprindashvili (Women's World Chess Champion from 1962 to 1978), GM Smbat Lputyan (President of the Chess Academy of Armenia), and other world-class grandmasters and Armenian chess champions, along with the tournament participants.

This year's competition was preceded by a two-week chess camp featuring video lessons and masterclasses led by top Armenian chess players Anna Sargsyan (International Master), Samvel Ter-Sahakyan (Two-time Armenian Chess Champion) and Mane Adamyan (AGBU AVC Chess Online Instructor).

 

The tournament was held in 6 rounds for 2 age groups: under 12, and 12-18. The participants competed for the top 3 places. At the end of the closing ceremony, the winners were announced:

 

The winners and most active camp participants received certificates and prizes. 71-year-old Khachig Kassabian from Egypt also received a special PACT fan award.The event concluded with a fun interactive blitz quiz for all the online attendees.

During his opening remarks, AGBU AVC Founding President Dr. Yervant Zorian said, “We started the Pan-Armenian Chess Community four years ago during the lockdown to bring chess lovers together. We now have an online chess community of more than 1,250 people from 35 countries.”

 

Smbat Lputyan, GM and Founder and President of the Chess Academy of Armenia, congratulated everyone on the success of this year’s tournament. “I want to thank all the organizers, participants and everyone who made this important event happen. During the last 4 years, AGBU AVC’s input has been quite remarkable in making chess more accessible to everyone,” he said.

 

Nona Gaprindashvili, the first woman ever to be awarded the FIDE title of Grandmaster, shared her inspiring insights on the PACT tournaments. “This innovative approach to chess is very impressive. Chess is an intellectual game, and everything is based on intellect nowadays. With each new tournament, there is a growing number of youth interested in the game, for which I want to thank the AGBU AVC and the Armenian Chess Academy. Congratulations, everyone,” she said.

 

Robert Hovhannisyan, Grandmaster and one of the leading Armenian chess players, congratulated the winners and encouraged young players to work hard and practice their skills regularly in order to achieve new heights in the game of chess. 

 

Weeks after the closing ceremony, AGBU AVC continues to receive words of thanks and appreciation from online viewers and attendees about the tournament. The Armenian Cultural Center from India wrote, “Congratulations to AGBU AVC for once again making it possible to reunite Armenians of diaspora over the chess board.”

 

This year, more than 130 participants from 19 countries participated in the PACT-4 tournament. Everyone in the Pan-Armenian Chess Community had the opportunity to participate in forum discussions, watch match recordings, and masterclasses, make new friends and be part of the growing global community of chess enthusiasts at the PACT platform.

 

The tournament will continue to grow and promote chess education in the coming years.

 

Access the full recording of the closing ceremony here and watch a short recap of the 4th Pan-Armenian Chess Camp and Tournament here.⬇️



Wednesday, 27 November 2024

THE DIACONIA FUND AND THE PROGRAMS IT IMPLEMENTED

ԴԻԱԿՈՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

 


Հայաստանի մայրաքաղաք Երևանից
«Նիդերլանդական Օրագրի» համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ

Անգլերեն տեքստ
English text

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր կփորձենք ներկայացնել թե ինչպիսին է լինում իրական բարեգործությունը և ինչ աշխատանքներ են տարվում, ինչ բարեգործական ծրագրեր են Հայաստանում իրականացվում Դիակոնիա հիմնադրամի կողմից (Diaconia Charitable Fund)։ Նշենք, որ հիմնադրամը ներկայացնող Ջամբազյան ընտանիքն առաջիններից էր, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շտապեց Հայաստան՝ օգնելու ծանր իրավիճակում հայտնված ազգակիցներին։ Հիմնադրամը Հայաստանում հաստատվել է 2001 թվականին: Այն, որ Ջամբազյանները եկան Հայաստան իրենց հոգու և խղճի ձայնը լսելով, այն, որ նրանք չէին կարող անտարբեր գտնվել մարդկանց տառապանքին, արդեն շատ բան է ասում այս ընտանիքի մասին։ Երկրաշարժի օրվանից առ այսօր, ծնողների գործը շարունակում է նրանց որդին` Բարույր Ջամբազյանը։

Մեզ մի քանի անգամ բախտ վիճակվեց հանդիպել և զրուցել այս համեստագույն մարդկանց  հետ իրենց առկա և հետագա ծրագրերի մասին և կատարել բացահայտումներ։ Ասենք, որ օգնություն ասելով Դիակոնիայում չեն հասկանում ինչ-որ գումար, հագուստ, կամ սննդամթերք բաժանել և դրանով իրենց առաքելությունը ավարտած համարել։ Նրանց բազմապիսի ծրագրերը տարվում են տարբեր ուղղություններով։ Այսօր արդեն «Հույսի ավանում» գործում են տարատեսակ արտադրություններ, որտեղ աշխատանքով ապահովվել են կարիքավոր շատ ընտանիքների  ներկայացուցիչներ։ 

ԿՅԱՆՔԸ «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆՈՒՄ»

«Հույսի ավանը» թաղամաս է, որտեղ ապրում են հասարակության ամենախոցելի խմբերը: Ծանր կենցաղային պայմաններում հայտնված բազմաթիվ ընտանիքներ ստացել են անժամկետ բնակվելու հնարավորություն  «Հույսի Ավանում», այն նախատեսված է 200 անապահով ընտանիքների համար, որտեղ կազմակերպվում են նաև տարբեր դասընթացներ՝ զարգացնելու երեխաների մասնագիտական հմտությունները, օրինակ՝ զբոսաշրջության դասընթացներ արցախցիների համար, ծրագրեր, որոնք ուղղված են հումանիտար աջակցության իրականացմանը, գյուղատնտեսության զարգացման խթանմանը։ Հատուկ ուշադրության են արժանանում ուսումնական, կրթական ու ժամանցային ծրագրերը, սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացման ծրագրերը: Ի դեպ, մի քանի նիդերլանդական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ Դիակոնիան տարատեսակ ծրագրեր է իրականացնոււմ Լեռնային Ղարաբաղից տարհանված ընտանիքների համար։ Դրանք հիմնականում զարգացման և ուսումնական ծրագրեր են: Ուշադրության կենտրոնում է կամավորական աշխատանքի ոլորտը: Հրավիրյալ կամավորականների մեջ կան բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք մեր երեխաների ու հայ ընտանիքների հետ աշխատելիս նրանց շրջապատում են սիրով ու հոգատարությամբ։ Հավելենք, որ Դիակոնիան Շողակաթ համայնքում ունի զարգացման կենտրոն, որտեղ անցկացվում է կարպետագործության դասընթաց: Դիակոնիան երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ։ Այստեղ հարկ ենք համարում նշել, թե ինչպիսի հպարտությամբ են հայ կամավորները նույն առաքելությամբ Հայաստան ժամանած հոլանդացի երիտասարդների համար կազմակերպում հայ մշակույթին առնչվող վարպետաց դասեր։

ՀՅՈՒՐ ԵԿԱԾ ՍՐՏԱՑԱՎ ՆԻԴԵՐԼԱՆԴԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Մի խումբ հոլանդացի Երեխաներ Դիակոնիայի գործընկեր հոլանդական Kom over en Help բարեգործական հիմնադրամի ուղեկցությամբ այց են իրականացրել Հայաստան: Այս երեխաներն արժանի են մեծագույն հարգանքի: Նրանք իրենց ուժերով 12.500 Եվրո են իրենց հասակակիցներին օգնելու համար Հայաստան բերել: Դա սոսկ դրամահավաք չէր։ Նրանք այդ դրամը ձեռք են բերել սեփական աշխատանքի արդյունքում ՝ ոմանք խմորեղեն են թխել ու վաճառել, ուրիշները՝ մեքենա են լվացել, եղել է, որ դպրոցական բուֆետում սնվելու գումարն են խնայել ու այս բոլորը  Հայաստանի կարիքավորներին նվիրաբերելու համար։ Փաստերն ինքնին հուզիչ են ու խոսուն։ Տարբեր նախագծերում կատարելով իրենց ներդրումները՝ այս հիասքանչ պատանիներն ու աղջիկները եկել են անձամբ ծանոթանալու այն երկրին, որն հսկայական տառապանքի ուղիով է անցնում դեպի նոր կյանք։  Նրանց մեջ խոսում է ապրումակցումը, մարդկային այն առաքինությունը, առանց որի մարդը կարող է սոսկ գոյատևել, բայց երբեք չի կարող ասել, որ լիարժեք կյանք է վարում։ Նմանին սատար կանգնելու մարդկային հատկությունը միայն բարեգործության ու Աստծուն հավատալու մասին չէ, որ վկայում է։Հոլանդացի երեխաները հատկապես անջնջելի տպավորություն են ստանում հայկական ջերմ ընդունելությունից և հյուրասիրությունից։ 


ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Մենք ոչ շատ վաղուց խոսել ենք Նիդերլանդներից ժամանած հացի արտադրության մեջ կայուն հմտություններ ունեցող անձանց մասին, ովքեր անուշաբույր հացի արտադրության գաղտնիքներին մասնակից են դարձրել իրենց հայաստանյան թիմին։  Դիակոնիա հիմնադրամը փոքր բիզնեսների արտադրանքների համար պարբերաբար կազմակերպում է ցուցահանդես վաճառքներ, կազմակերպվում են այցեր և սննդամթերքի, սերմացուի տեսքով օգնություններ Լոռի, Տավուշ մարզերի գյուղական համայնքներին։ Գյուղական ընտանիքներին գործընկերների անմիջական աջակցությամբ տրամադրվում են միջոցներ ջերմատներ կառուցելու համար։ Նազե/ Naze կարի արտադրության մեջ աշխատող կանայք իրենց նվիրումն են բերում փոքրիկների համար տաք հագուստի արտադրության գործին։ Դիակոնիան նաև իր գործընկերների հետ համատեղ կազմակերպում է նոր դասընթացներ Արցախից տեղահանված և ՀՀ ում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար: Արդեն մեկնարկել են հետևյալ դասընթացները՝ լուսանկարչական գործ, տուրիզմ և հյուրանոցային գործ, SMM, գրաֆիկ դիզայն, որոնց տևողությունը ՝ 4-6 ամիս է, դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները:


ԱՄՓՈՓՈՒՄ, ԿԱՄ ՄԱՐԴ ՏԵՍԱԿԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Կցանկանայի անդրադարձ կատարել այն հանգամանքին, որ Բարույր Ջամբազյանի, հոլանդացի հացթուխների ու տեխնոլոգների, Աննա Ջամբազյանի, Նաիրա Վան Խեյնհաուզենի, նկարչուհի և թարգմանչուհի Նանե Ջերրահյանի հետ մեր զրույցներն ու Դիակոնիայի արտադրական և ուսուցման տարբեր սրահներ այցելություններն ու Հույսի Ավանում պտույտները, հրաշալի բացահայտումների տարան։ Դիակոնիայում մարդիկ դրական էներգիա են տարածում խոսքով, ժպիտով, գործով, նրանց հետ շփումները հոգիդ բարությամբ են լցնում, տեսնում ես, որ աշխարհում բարությունն ու ապրումակցումը, գործին ու առաքելության նվիրումը հարստացնում են մարդուն։ Բարեգործությունն ու կամավորականությունն այն ոլորտներն են, որտեղ որքան շատ ես տալիս, բազմակի շատ ես ստանում։ Էներգիայի փոխանցումը, սիրառատ հաղորդակցումը, թույլին օգնելու և հույսի պատվար լինելու ձգտումը, մարդ արարածին անշահախնդիր ծառայելու հաճույքը և այն գիտակցությունը, որ դու մարդկային ճակատագրերին աստվածահաճո ուղղություն ես հաղորդում քեզ նոր ուժ ու ավյուն են տալիս։ Ակամայից մտածում ես, որ այստեղ մեծ է իսկական մարդ լինելու ու բարին արարելու դերը, հիանում ես, որ տասնամյակներով Դիակոնիայում մարդուն սատարելու, նրա ծանր վիճակը թեթևացնելու, հոգեկան աջակցություն ցուցաբերելու իրական միտումը կա, ու մարդկային վեհ էությունն ու դաստիարակությունն է, որ նրանց բարեգործության է մղում:












Լուսանկարները` Նաիրա Գասպարյանի և Դիակոնիա հիմնադրամի ֆեյսբուքյան էջի


Saturday, 23 November 2024

Նշանակալից գիտաժողով նուիրուած Արցախի սրբավայրերու պահպանման

 ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂԵՐ, ՀԱՒԱՔԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ

Հռոմ, Իտալիա – Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Անճելիգում-Angelicum) Քահանայական համալսարանի մէջ, Նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցաւ «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիներու պահպանումը՝ համատեղ քրիստոնէական առաքելութեան համար» խորագիրով գիտաժողով: Սուրբ Աթոռի մօտ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցչութեան եւ Անճելիգում համալսարանի Էքիւմենիկ հետազօտութիւններու հիմնարկի կողմէ կազմակերպուած միջոցառումը հովանաւորուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Ս․ Աթոռի Քրիստոնէական միասնութեան խթանման, Մշակոյթի եւ կրթութեան բաժիններու կողմէ: Գիտաժողովին նիւթապէս աջակցած է Կիւլպէնկեան հիմնադրամը /Լիզպոնի Փորթուկալ/։

Համագումարի բացման արարաողութիւնը սկսաւ Էքիւմենիկ հետազօտութիւններու հիմնարկի տնօրէն Հայր Հյասինթ Տեստիվելի եւ Սուրբ Աթոռի մօտ Հայ Եկեղեցւոյ ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի ողջոյնի խօսքերով։ Անոնց ելոյթները ճանապարհ հարթեցին Արցախի մշակութային ժառանգութեան եւ անոր արժէքի շուրջ կարեւոր երկխօսութեան՝ աւելի լայն քրիստոնէական պատումի ու մշակութային համընդհանուր իրաւունքներու բովանդակութեան մէջ /համատեքստի մէջ/։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի եւ Կարտինալներ՝ Կուրտ Կոխի, Կլաուդիոյ Կուճերոտտիի եւ Խոսե Տոլենտինո տե Մենդոնսանի կողմէ գիտաժողովին հնչեցուցած ուղերձները, որ յաճախ հնչեց երկօրեայ նիստերու ընթացքին, եւ որ կ՛ընդգծէին գիտաժողովի կրեւորութիւնը, միասնութեան եւ կրօնական վայրերու պահպանման յանձնառութեան կոչեր էին։

Գիտաժողովի առաջին նիստը համախմբած էր ներածական ելոյթներ մշակութային ժառանգութեան, սրբավայրերու եւ մարդու իրաւունքներու վերաբերեալ: Նշանակալից զեկուցումներով հանդէս եկան յարգարժան փորձագէտներ՝ Ճորճթաունի համալսարանէն փրոֆէսոր Մարք Վլասիչը, Լուվենի համալսարանէն փրոֆէսոր՝ Փիեռ Տ’Արժանը եւ Արցախի Թեմական խորհուրդի անդամ Արմինէ Ալեքսանեանը։ Անոնք անդրադարձան մշակութային ժառանգութեան եւ մարդու իրաւունքներու փոխկապակցութեան՝ ընդգծելով հակամարտութիւններու գօտիներուն մէջ սրբավայրերը պաշտպանելու հրատապ անհրաժեշտութեան, որպէս մարդու հիմնարար իրաւունք: Քննարկումներու ընթացքին մասնակիցները ընդգծեցին, որ այս սրբավայրերու պահպանումը ոչ միայն կենսական նշանակութիւն ունի հայկական ժառանգութեան համար, այլեւ վճռորոշ է խաղաղ եւ միասնական համակեցութեան ե՛ւ աշխարհի բոլոր քրիստոնեաներուն, ե՛ւ ողջ մարդկութեան։ Գիտաժողովի երկրորդ նիստը խորացուած ուսումնասիրեց հակամարտութիւններու, մշակութային ժառանգութեան եւ տեղեկատուական լուսաբանման միջեւ առկայ բարդ յարաբերութիւնները։ Ի մասնաւորի, ներկայացուեցաւ թէ ինչպէս տեղեկատուական լուսաբանումը կը ձեւափոխէ մշակոյթի ոչնչացման եւ դիմակայելու ունակութեան ընկալումները: Քիետիի համալսարանի փրոֆէսոր Վասկո Լա Սալվիան համոզիչ փաստարկեց, որ մշակութային ժառանգութեան ոչնչացումը հակամարտութեան երկրորդական հետեւանքն է։ Ան ընդգծեց, որ ռազմական գործողութիւններու ժամանակ մշակութային վայրերու թիրախաւորումը յաճախ կը ծառայէ որպէս բնաջնջման միջոց՝ արտացոլելով խտրականութեան կիրառումը ուղղուած վտանգուած համայնքներու ինքնութեան ճնշման եւ ոտնահարման։ Այս ոչնչացումը ոչ միայն կը յանգեցնէ արուեստի նմուշներու կորուստի, այլեւ խորը խզում կ՛առաջացնէ հաւաքական յիշողութեան եւ ազգային պատմութեան մէջ: Շարունակելով թեման, փրոֆէսոր Արսէն Սապարով Ռապտանի ակադեմիայէն /կաճառէն/ անդրադարձաւ լրատուամիջոցներու դերին մշակութային ժառանգութեան ոչնչացման ժամանակ տեղեկատուական լռութեան եւ կողմնակալութեան գործածման մէջ։ Ան ներկաներու ուշադրութիւնը հրաւիրեց ենթադրեալ չէզոքութեան հայեցակարգի վրայ՝ լրատուամիջոցներու պատումի եւ փորձագիտական լուսաբանումներու մէջ՝ վիճարկելով թէ՛ լրատուամիջոցներու, թէ՛ փորձագէտներու չէզոքութեան ներկայիս առկայ հակամարտութիւններու պարագային: Փոխարէնը, պնդեց, որ զանգուածային լրատուամիջոցներու պատումը եւ փորձագէտներու դիրքորոշումները յաճախ հակուած են աջակցելու իշխանութիւններուն եւ լռեցնելու լուսանցքային ձայները՝ այդպիսով նպաստելով առաւել խտրականութեան եւ հասարակական ցնցումներուն:

Երրորդ նիստի ընթացքին արքեպիսկոպոս Միքայէլ Մուսա Նաճիպ ներկայացուց մշակութային ժառանգութեան պահպանման Էքիւմենիկ բնոյթը՝ նշելով որ սրբավայրերու պաշտպանութեան ջանքերը պէտք է յաղթահարեն կրօնական բաժանումները: Ան կարեւորեց ժառանգութեան պաշտպանութեան խնդիրներ հաւաքական մօտեցումը, որպէս մարդկութեան պատասխանատուութիւն։ Անոր յաջորդեց Օքսֆորտի համալսարանի փրոֆէսոր Փիթեր Պետկոֆը․ ան անդրադարձաւ այն քաղաքական գործօններուն, որոնք կը յանգեցնեն կրօնական եւ մշակութային ժառանգութեան շահարկման՝ մատնանշելով, թէ ինչպէս աշխարհաքաղաքական օրակարգը կ՛օգտագործէ մշակութային խորհրդանիշները ուժի կեդրոնացման համար։ Վերջապէս, դոկտոր Տասուլա Հաճիտոֆը ներկայացուց Արցախին առնչուող ռազմավարական հայեցակարգ՝ հիմնուած Կիպրոսի հակամարտութեան 50 տարուան փորձառութեան եւ այս ոլորտի մէջ իր շարունակական գործունէութեան վրայ։ Մշակութային ժառանգութեան պահպանման գծով ան կարեւորեց «ներազդող» ռազմավարութիւնը, որ կը ներգրաւէ տեղական համայնքները՝ խթանելով դժուարութիւնները դիմագրաւելու անոնց տոկունութիւնը։ Ընդհանուր առմամբ, գիտաժողովի նիստերուն ընդգծուեցաւ հակամարտութիւններու, մշակութային ժառանգութեան եւ զանգուածային լրատուամիջոցներու կողմէ լուսաբանման միջեւ առկայ բարդ փոխկապակցութիւնը՝ կոչ ընելով խոցելիութեան պայմաններուն մշակութային ինքնութիւնները պահպանելու աւելի խոր ըմբռնումին եւ յանձնառութեան։ Գիտաժողովի չորրորդ նիստը, որ նուիրուած էր Վտանգուած հայկական յուշարձաններուն, համախմբած էր անուանի գիտնականներ՝ հայկական մշակութային ժառանգութեան բացառիկ արժէքը քննարկելու, որպէս մարդկային ստեղծագործական միտքի արտայայտութիւն, եւ զայն պահպանելու հրատապ խնդիրները։

Հեղնար Վաթենփո, Դեւիս քաղաքի Քալիֆորնիոյ համալսարանէն, նիստը բացաւ իր «Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգութեան ճակատագիրը. մռայլ նախազգուշացում Արցախի համար» զեկոյցով։ Ան անդրադարձաւ Նախիջեւանի մէջ մշակութային ոչնչացման աղէտալի հետեւանքներուն, որոնք մտահոգիչ նախադէպ կը ծառայեն ու կ՛ահազանգեն Արցախի յուշարձաններու պահպանումը։ Ժասմին Տում-Տրագուտ՝ Զալցպուրգի համալսարանէն, հանդէս եկաւ «Մշակութային ժառանգութիւնը սահմանային գօտիներու մէջ» զեկոյցով եւ օրինակներ բերաւ Տաւուշի տարածաշրջանէն։ Ան ընդգծեց, որ քաղաքականապէս անկայուն սահմանային գօտիներու մէջ գտնուող մշակութային յենակէտերը/ օբյեկտները/ յաճախ ինքնութեան եւ մշակութային յիշողութեան համար ռազմի դաշտ կը դառնան ։ Ալեն Նաւարա Տե Պորժիան՝ Hyestart ՀԿ-էն, նիստը եզրափակեց «Կրօնական վայրերը եւ Արցախի ընդհանուր մշակութային յիշողութիւնը» իր զեկոյցով։ Ան ներկայացուց կրօնական յուշարձաններու դերը որպէս մշակութային եւ հոգեւոր ինքնութեան կարեւոր պահոցներ, յատկապէս հակամարտութենէն տուժած եւ փոփոխական ուժային կառոյցներու ազդեցութեան ներքոյ գտնուող տարածքներու մէջ։ Ան նաեւ կարեւորեց համաշխարհային հանրութեան հաւաքական պատասխանատուութիւնը՝ այս անգին գանձերը պահպանելու համար։

Նիստը բազմակողմանի պատկերացում տուաւ հայկական վտանգուած մշակութային ժառանգութեան պահպանման մարտահրաւէրներուն եւ հնարաւորութիւններուն՝ կոչ ընելով անյապաղ քայլեր ձեռնարկել այդ յուշարձանները որպէս մարդկային ստեղծագործական տաղանդի եւ հաւաքական յիշողութեան արտայայտութիւն պաշտպանելու համար։ Հինգերորդ եւ վերջին նիստը կեդրոնացաւ Արցախի մշակութային եւ կրօնական վտանգուած ժառանգութեան վրայ: Շարք մը մասնագէտներ ներկայացուցին իրենց դիտարկումները․ Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի եւ Քահանայապետական Արեւելեան հիմնարկի փրոֆէսոր Մարկո Պայիսից քննարկեց «Կովկասեան Ալպանիոյ վերաբերեալ դասական եւ միջնադարեան աղբիւրներու օգտագործումն ու անոնց չարաշահումը» թեման։ Ան բացայայտեց, թէ ինչպէս կը խեղաթիւրուին պատմական փաստերը՝ սեփական մշակութային ժառանգութեան հանդէպ հայերու իրաւունքները եւ նկրտումները վտանգելու եւ տկարացնելու նպատակով։ Համպուրգի համալսարանի փրոֆէսոր Եոստ Գիպպերտը անդրադարձաւ Արցախի մէջ Ալպանական արձանագրութիւններուն, այսպիսով հարստացուց քննարկումը պատմական օրինաւորութեան վերաբերեալ եւ հիմք ստեղծեց հայկական ժառանգութեան աւելի լայն համատեքստի մէջ՝ արձանագրութիւններու վերագնահատումը։ Յենայի համալսարանի փրոֆէսոր Անեգրետ Պլոնտկե-Լիւնինգը եզրափակեց ելոյթները՝ ներկայացնելով «Արցախի ճարտարապետական ժառանգութիւնը» պատմական տեսանկիւնէն՝ ընդգծելով ատոր հարստութիւնը եւ զայն պահպանելու անյապաղ անհրաժեշտութիւնը։ Վերջին ելոյթով հանդէս եկաւ Երեւանի պետական համալսարանի փրոֆէսոր Համլետ Պետրոսեան․ ան ներկայացուց «Յուշարձանները հայ- ատրպէճանական հակամարտութեան գօտիին մէջ» թեման՝ քննարկելով ինքնութեան, պաշտպանութեան եւ այդ պատմական գանձերու պահպանման համար մասնագիտական փորձառութեան կարեւորութիւնը։ Համաժողովի աւարտին կազմակերպուեցաւ քննարկումներու կլոր սեղան յայտնի գիտնականներ՝ փրոֆէսորներ Զարա Պօղոսեանի (Ֆլորենսայի համալսարան) եւ Մարկո Պայսի կողմէ։ Քննարկումները, որոնք կ՛առնչուէին Արցախի մշակութային եւ ճարտարապետական ժառանգութեան, երեւան հանեցին ինքնութեան, ժառանգութեան պահպանման եւ շարունակուող հայ-ատրպէճանական հակամարտութեան հարցերու բարդութիւնը։ Բանախօսները համոզիչ կերպով լուսաբանեցին Արցախի հարուստ մշակութային խճանկարը, միաժամանակ ազդարարելով այն վտանգները, որոնք շարունակուող հակամարտութեան հետեւանքով կը սպառնան այս ժառանգութեան։ Համաժողովի աւարտին մասնակիցները նոր յոյս արտայայտեցին եւ պարտականութիւն ստանձնեցին ՝ համատեղ ջանքեր գործադրել, որոնք անհրաժեշտ են Արցախի սրբավայրերու պաշտպանութեան համար։ Քննարկումները խթանեցին մասնակիցներուն մէջ համագործակցային ոգի՝ ծառայելով որպէս խիստ յիշեցում, թէ որքան փխրուն է մշակութային ժառանգութիւնը հակամարտութեան պայմաններուն մէջ։ Կազմակերպիչ յանձնաժողովը իր խորին երախտագիտութիւնը յայտնեց բոլոր մասնակիցներուն եւ բանախօսներուն, որոնք իրենց արժէքաւոր գաղափարներով հարստացուցին գիտաժողովը՝ ձեւաւորելով մեր սրբավայրերու տեսլական։