The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 22 October 2024

Խաչքար Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում

 

Հոկտեմբերի 19-ին Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում, Սբ. Նիկողայոս եկեղեցու բակում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության և օծման կարգ։ 

—————

Արարողությանը մասնակցեցին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Մաստրիխտի Ս․ Կարապեռ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր աստվածատուր քահանա Սարգսյանը։ 

Խաչքար-հուշարձանը, որի հեղինակն է խաչքարագործ և նկարիչ Արտակ Համբարձումյանը, ստեղծվել է բարերար Արմեն Ավանեսովի աջակցությամբ։ Այն նվիրված է հոլանդացի բարեկամ ժողովրդին՝ ի նշան հայ համայնքի բարեկամության և երախտագիտության։

Օրհնության արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Նյուվեխայնի քաղաքապետ տիկին Մարայկե վան Բեուկերինգը՝ իր խորհրդական Ջոն վան Էնգելենի ուղեկցությամբ, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվը, վարչության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները։

Նիկողայոս եկեղեցին և Նիդերլանդների հայ համայնքը երկար տարիներ պահպանում են ջերմ ու բարեկամական հարաբերություններ։ Եկեղեցում հայ համայնքի համար ամիսը մեկ անգամ անցկացվում են Սուրբ Գրքի սերտողության դասեր և հոգևոր զրույցներ, որոնք կազմակերպվում են Տեր Տարոն քահանա Թադևոսյանի կողմից։

* Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանի ձեռամբ քսանմեկ պատանիներ և երիտասարդներ ստացան դպրության աստիճան, հինգ երիտասարդներ՝ կիսասարկավագության աստիճան, իսկ վեց երեխաներ օրհնություն ստացան խորան բարձրանալու համար։ 

Սրբազան Հայրը նաև օրհնեց եկեղեցու երգչախումբը համալրած երիտասարդուհիներին։ Արարողության ավարտին Սրբազան Հայրը եկեղեցու հոգևոր հովվին հանձնեց նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը, որով և կատարվեց ջրօրհնյաց արարողություն։


 ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ

* Նիտերլանտներու Նիուվեխայն քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցւոյ բակին մէջ, Հոկտեմբեր 19-ին, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի ձեռամբ կատարուեցաւ խաչքարի օրհնութեան եւ օծման կարգ։ 

--------------------

Արարողութեան մասնակցեցան Ամսդերտամի «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Տարօն քահանայ Թադէոսեանը եւ Մաստրիխտի Ս․ Կարապետ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Աստուածատուր քահանայ Սարգսեանը։ 

Խաչքար-յուշարձանի հեղինակը խաչքարագործ-նկարիչ Արտակ Համբարձումեանն է․ յուշակոթողը կառուցուած է բարերար Արմէն Աւանեսովի աջակցութեամբ։ Ան նուիրուած է հոլանտացի բարեկամ ժողովուրդին՝ ի նշան հայ համայնքի բարեկամութեան եւ երախտագիտութեան։

Օրհնութեան արարողութեան ներկայ էին ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վիքթոր Պիագով, Նիուվեխայնի քաղաքապետ տիկին Մարայկէ Վան Պէուկերինկ՝ իր խորհրդական Ճոն Վան Էնկելենի ուղեկցութեամբ, Սբ. Նիկողայոս եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, վարչութեան անդամներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նիկողայոս եկեղեցին եւ Նիտերլանտներու հայ համայնքը երկար տարիներ կը պահպանեն ջերմ ու բարեկամական յարաբերութիւններ։ Եկեղեցւոյ մէջ հայ համայնքի համար ամիսը անգամ մը /ամսուան դրութեամբ/ կը կատարուին Սուրբ Գիրքի սերտողութիւն եւ հոգեւոր զրոյցներ, որոնք կը կազմակերպուին Տէր Տարօն քահանայ Թադէոսեանի կողմէ։

* Յաջորդ օրը՝ Հոկտեմբեր 20-ին, Ամսդերտամի «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ մէջ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին Խաժակ Սրբազանի ձեռամբ քսանմէկ պատանիներ եւ երիտասարդներ ստացան դպրութեան, հինգ երիտասարդներ՝ կիսասարկաւագութեան աստիճան, իսկ վեց երեխաներ օրհնութիւն ստացան խորան բարձրանալու։ 

Սրբազան Հայրը նաեւ օրհնեց եկեղեցւոյ երգչախումբը համալրած երիտասարդուհիները։ Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը եկեղեցւոյ հոգեւոր հովիւին յանձնեց նորօրհնեալ Սրբալոյս Միւռոնը, որով կատարուեցաւ ջրօրհնեաց արարողութիւնը։

հղումը

Շաբաթ օրը, հոկտեմբերի 2024թ 19-ին, Nieuwegein քաղաքիՆիկողայոս եկեղեցում Monseigneur G.W. Van Heukelumstraat հասցեում օրհնվեց հայաստանից բերված և այստեղ տեղադրված հայկական Խաչքարը ։ Հուշարձանը հայ համայնքի նվերն է հոլանդացիներին և մասնավորապես Նիկողայոս եկեղեցուն՝ ի նշան բարեկամության և երախտագիտության։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տարոն քահանա Թադևոսյանը կատարել են օրհնության կարգը, որին ներկա էին նաև Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, խորհրդական Ջոն վան Էնգելենը և Նյուվեգեյնի քաղաքապետը։



No comments:

Post a Comment