The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 3 September 2024

Արցախի Հանրապետության հռչակման օրը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

 

Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է.  33 տարի առաջ այս օրը  Արցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից

Տարվույս սեպտեմբերի 2-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հանդիսությունների դահլիճում «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության հռչակման կամ, ինչպես ընդունված է ասել, Արցախի անկախության օրվան նվիրված բանախոսություն, որն ընդգրկում էր Արցախի անկախության ձեռքբերման դժվարին, բայց և պատվավոր ուղին:

Ուսուցիչն իր խոսքն սկսեց հետևյալ բառերով. «Թեպետ այս տարի Արցախի անկախության օրը, դժբախտաբար, հիշատակվում է առանց հայկական Արցախի, միևնույն է, անգամ այդ ցավի ու գիտակցումի մեջ էլ չենք դադարում հիշել մեր գերված Արցախը»:

Այնուհետև պատմական ակնարկ ներկայացվեց Արցախ աշխարհի մասին:

Արցախը մեր հայրենիքի արևելյան աշխարհներից մեկն է, որն իր նպաստավոր տարածքային, աշխարհագրական դիրքի ու հարուստ բնական պաշարների պատճառով մշտապես եղել է օտար զավթիչների ուշադրության թիրախում, քանիցս ենթարկվել էթնիկ զտման ու ցեղասպանության։

Բանախոսն անդրադարձավ 1921թ. հուլիսի 5-ին Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստում ընդունված անարդարացի որոշման մասին, որով Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին՝ դրանով իսկ խախտելով արցախահայ բնակչության կամքն ու շահերը, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Հղում կատարվեց 1991թ.-ի օգոստոսի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կատարած հայտարարությանը, ըստ որի, վերջինս իր անկախության հռչակումից հետո որպես նորանկախ պետություն իրեն ճանաչում է 1918-1920թթ. Մուսավաթական Ադրբեջանի վարչական սահմաններում, այսինքն՝ հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց։ 

Այնուհետև մանրամասն ներկայացվեց Արցախի անկախացման ողջ ընթացքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին որոշման ընդունումից, նույն տարվա դեկտեմբերի 10-ին հրավիրված ԼՂՀ անկախության հանրաքվեից մինչև իշխանության մարմինների ձևավորում:

Ներկայացվեցին Արցախի Հանրապետության պետական դրոշը, օրհներգն ու զինանշանը:

Ուսուցչի կողմից առանձնացվեց պատերազմի բովում ծնված Արցախի բանակի պատմությունը, որը պետականաշինությանը զուգընթաց՝ մինչև 1994թ., հաղթական մարտեր է մղել ու ազատագրել Կրկժանը, Քարինտակը, Իվանյանը, Շուշին, Բերձորը, Մարտակերտը, Մարտունին, Ակնը։

Ի զարմանս աշխարհի, հայ ժողովուրդն իր միասնության և բարձր ոգու շնորհիվ իրեն պարտադրված պատերազմից հաղթականորեն դուրս եկավ:

Բանախոսն անդրադարձավ նաև 2020թ. սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմին ու նրա աղետաբեր հետևանքներին և հատկապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով Ադրբեջանին հանձնվեց Արցախ աշխարհի մեծ մասը: Իսկ ամենասարսափելին և աներևակայելին դեռ առջևում էր. 2023թ. սեպտեմբեր 19-ին Ադրբեջանի ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականության արդյունքում, համայն աշխարհի աչքի առջև Արցախը լիովին հայաթափվեց և զրկվեց իր իսկական տերերից:

Բանախոսն իր խոսքն ավարտեց՝ շեշտելով, որ մենք միշտ հիշելու ենք Արցախի անկախության օրը, քանզի այն անցյալ չէ, և մեզ համար փակված էջ չէ. Արցախը մեր սրտերում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, վերադարձ, վստահաբար, լինելու է:

Այո՛, լինելուէ վերադարձ, քանի որ Արցախի ամեն մի թուփն ու քարը կանչում և ճչում է հայերեն...




No comments:

Post a Comment