Страницы

Sunday, 22 September 2024

Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախումբը Կալկաթայի «Հայոց Մարդասիրական ճեմարանում»

Օրերս Կալկաթայի  «Հայոց Մարդասիրական ճեմարանում» անմոռաց  մշակութային  տոն էր։ Ճեմարանն իր հարկի տակ ընդունել էր Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախմբին` մաեստրո, դիրիժոր, տենոր, դաշնակահար Սիփան Օլահի ղեկավարությամբ։  Ներկայացվեց հրաշալի մշակութային ծրագիր`  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-րդ տարեդարձին։ Բացի մեծն Շանսոնյեյի ստեղծագործություններից, երեկոյի ընթացքում հնչեցին նաև Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Սարյանի, Ամիրխանյանի սիրված , չկրկնվող ու աշխարհահռչակ  գործերը։ 

Իրենց անզուգական կատարումներով ներկաներին գերեցին նաև Քլինգեն նվագախմբի ու մշակութային ասոցիացիայի մյուս երաժիշտ- կատարողները` 

 Հայարփի Եղիկյանը (սոպրանո),  Նիկիտա Դեմիդենկոն ( դաշնակահար),   Հակոբ Ջեք Մուրադյանը ( հոբոյահար),  Փոլինա Շարաֆյանը ( ջութակահար)։

Վերջում հնչեցին Մեծ Շանսոնյեյի  «Emmenez- moi» և «Pour toi Armenie»  երգերը ` Քլինգեն նվագախմբի և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի մասնակցությամբ։ Ողջ երեկոյի ընթացքում ճեմարանի հանդիսությունների դահլիճում թևածում էին Շարլ Ազնավուրի ու հայ մեծ  կոմպոզիտորների հոգեպարար ստեղծագործությունները,որոնք մերթընդմեթ ընդհատվում էին հանդիսատեսի ջերմ ու  չդադարող  ծափահարություններով։ 

Մշակութային երեկոյին ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ -ն դեսպանի անմիջական խորհրդական Տիգրան Գրիգորյանը, Ս. Նազարեթ Հայոց եկեղեցու վարչության անդամներ Սունիլ Սոբթին, Սյուզան Ռուբենը և հնդկահայ համայնքի  ներկայացուցիչներ։







Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթայից`  «Նիդ օրագրի»  համար

No comments:

Post a Comment