Սեպտեմբերի 15-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ Խաչվերացին նվիրված Սուրբ Պատարագ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու օծման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, այդ կապակցությամբ մատուցվեց մատաղ, որին մասնակցում էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր համայնքների անդամներ: Մի քանի ժամ տևած միջոցառմանը ցուցադրվեց Ալմելոյի եկեղեցու և հայ համայնքի մասին պատմող ֆիլմ: Տոնական համերգին հաջորդեց պարգևատրման արարողություն, որին արժանացան Ալմելոյի հայ համայնքի ակտիվ անդամները: Հիշարժան տարելիցի կապակցությամբ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի պատվոգրին արժանացավ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու վարչության երկարամյա նախագահ Օնիկ Գելեջին` եկեղեցու հիմնադրման 20 ամյակի, ինչպես նաև սփյուռքում հայապահպանությանն աջակցելու գործում մեծ ներդրում ունենալու համար, այն ընթերցեց Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը: Համայնքի անդամներին պարգևներ հանձնվեցին նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ու այլ կազմակերպությունների կողմից:
No comments:
Post a Comment