Страницы

Wednesday, 14 August 2024

Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմերի մասին

 



«Վերածնվածը» ֆիլմի առաջընթացը
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ խաղարկային «Վերածնվածը» ֆիլմի արտադրական փուլը հաջողությամբ ավարտվեց:

Նկարահանումները իրականացվեցին Հայաստանում՝ 2023 թվականի օգոստոսին և Կիպրոսում՝ 2024 թվականի հունիսին՝ կիպրացի համարտադրող, Caretta Films ընկերության ներկայացուցիչ Կոնստանտինոս Նիկիֆորուի հետ միասին։ «Վերածնվածը» ֆիլմը այժմ հետարտադրական փուլում է։

Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են։ Շնորհակալություն ձեր առատաձեռն նվիրաբերությունների համար։ Աջակցության և օգնության յուրաքանչյուր տարբերակ անչափ կարևոր և արժեքավոր է եղել: Ձեր վստահությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ձեր շնորհիվ մենք կարողացանք կարևոր քայլեր ձեռնարկել և հաղթահարել մեր առաջ եղած մարտահրավերները, նույնիսկ ամենածանր ժամանակներում: Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք ձեզ ներկայացնել ֆիլմի վերջնական տարբերակը»։

«Վերածնվածը» ֆիլմի դերասանական կազմ
Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերասանական կազմը ներառում է տաղանդավոր և ճանաչված դերասաններ Հայաստանից և արտերկրից։

Արմանդ Ասանտեն՝ Ժան Պերբոստի դերում (հրեա պրոֆեսոր)․ բացառիկ դերասան, ով հայտնի է «Գոտտի» (Gotti, 1996), «Ոդիսական» (The Odyssey, 1997թ.) և «Մամբոյի արքաները» (The Mambo Kings, 1992թ.) ֆիլմերով։ Նրա դերակատարությունը «Վերածնվածը» ֆիլմում մեծ կարևորություն ուներ։
 
Մայա Մորգենշտերնը՝ Արաքսի Առաքելեանի դերում (գլխավոր հերոսի՝ Մյուրատի մայր)․ հրաշալի դերասանուհի, ով հայտնի է իր դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ, 2004) ֆիլմում։ Նա «Վերածնվածը» ֆիլմի առանցքային կերպարներից է։
 
Հայնո Ֆերչը՝ Մարկ Բրուքների դերում (Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրառական կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան)՝ գերմանացի ամենաճանաչված դերասաններից է։ Նա կարևոր դեր է խաղում «Վերածնվածը» ֆիլմում: Հայտնի է «Անկում» (Downfall, 2004), «Թունել» (The Tunnel, 2001), «Գետտո» (Getto , 2005) և «Սերմը» (Die Saat/The Seed, Սերիալ, 2023) ֆիլմերով։
 
Երիտասարդ և հավակնոտ ֆրանսահայ դերասան Ռոբին Հայրաբեանը մարմնավորում է Մյուրատ Առաքելեանի կերպարը (գլխավոր հերոս), իսկ երիտասարդ տաղանդավոր ֆրանսիացի դերասանուհի Քլեմենս Բոդուենը՝ Իզաբել Մորելին (Մյուրատի ընկերուհի): Երկուսն էլ Փարիզի Théâtre-Libre-ի դերասաններ են:


Հայաստանի դերասանական կազմում ընդգրկված են մի շարք ակնառու գործիչներ, այդ թվում Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Կարապետյանը, Մարինե Գաբրիելյանը, Սամսոն Ստեփանյանը և այլ տաղանդավոր դերասաններ և դերասանուհիններ։

Հիշարժան ձեռքբերումներ
Ջիվան Ավետիսյանը 2024 թվականի մայիսի 9-ին պատիվ է ունեցել ընտրվել որպես Եվրոպական ամենահեղինակավոր հաստատություններից մեկի՝ Եվրոպայի Կինոակադեմիայի անդամ։

Ավելին, կինոռեժիսորը նաև 15 մասնակիցներից մեկն է՝ Սարաևոյի կինոփառատոնի բարձր մրցակցայնություն ունեցող CineLink Producers' Lab-ում, որը կանցակցվի 2024 թվականի օգոստոսի 17 - 20։


«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի մասին
Զուգահեռ Ջիվան Ավետիսյանի ստեղծագործական խումբը աշխատում է նաև նոր «20 20-ի Հրեշտակները» խաղարկային ֆիլմի վրա։ Ֆիլմը իրական պատմությունն է՝ հիմնված ավելի քան քառասուն բժիշկների հիշողությունների և անձնական վկայությունների վրա: Այն Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից բժշիկներին ուղղված երախտիքի խոսք է իրենց կատարած անձնազոհ և հերոսական աշխատանքի համար։

«20 20-ի Հրեշտակները» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2021 թվականին, երբ Ջիվան Ավետիսյանը և իր ստեղծագործական խումբը սկսել է անկեղծ հարցազրույցներ անկցկացնել 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների հետ և նրանց պատմած հուզիչ ու ապշեցնող պատմությունների հիման վրա կառուցել ֆիլմի սցենարը, որի հեղինակը Աննա Մարգարյանն է։

Ֆիլմի անվանումը պատահական չէ ընտրված՝ «20 20-ի Հրեշտակները», քանի որ յուրաքանչյուր բժիշկ պատերազմի օրերին որևիցե զինվորի, որևիցե անձի համար եղել է հրեշտակ երկրի վրա։

Դրամահավաք արշավ reArmenia հարթակում
Ֆիլմի սցենարը զարգացնելու հետ մեկտեղ ստեղծագործական խումբը նաև աշխատում է ֆիլմի համար անհրաժեշտ գումարը գոյացնելու ուղղությամբ։ Օգոստոսի 8-ին մեկնարկվեց ֆիլմի դրամահավաքի արշավը reArmenia հարթակում, ինչը էական քայլ էր ֆիլմի ստեղծման ճանապարհին լրացնելու հայկական բյուջեյի մի մասը։

Ջիվան Ավետիսյանը նշում է, - «Մենք իրապես կարիք ունենք երևելի հայորդիների, այն մեծ փիլիսոփայությունը կրող, պայքարող մարդկանց, հայի տեսակի, որը կարող է սատար կանգնել և օգնել, որպեսզի այս ֆիլմը իրականություն դառնա։ Մենք հավատում ենք, որ շատերը կմիանան մեզ այս կարևոր առաքելությունը իրականացնելու համար»։

Լուսանկարների հեղինակներ․ Ալեքս Թերզիկյան՝ Հայաստանում, Բոյանա Լոիզու` Կիպրոսում։

No comments:

Post a Comment