The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 12 July 2024

Հայ փաստաբանը նիդերլանդական ֆուտբոլի մասին

Ջիվան Նադարյանի մասին

դեռ 1996 թվականին, երբ տաս տարեկան էր փոխանակման մի ծրագրով մոտ 80 հայ երեխաներով այցելել է Նիդերլանդներ։  Մոտ մեկ ամիս մնացել է Ալկմար քաղաքում, շրջել են Նիդերլանդների տեսարժան և պատմական վայրերով։ Հյուրընկալվել են հոլանդացի ընտանիքներում, ամեն ընտանիքում ապրել են երկու կամ երեք երեխա։  Ջիվանը գոհ է եղել իրեն հյուրընկալած ընտանիքի վերաբերմունքից, հաճելի ժամանակ են անցկացրել։ «Շատ լավ հուշեր ունեմ կապված Նիդերլանդների հետ և Նիդերլանդները իմ սրտում  հատուկ տեղ ունի»-ասում է Ջիվանը, այդ իսկ պատճառով  Նիդերլանդները իրեն հարազատ երկիր է ու նրա հետ կապված ամեն բան է հետաքրքրում։ 

Ջիվան Նադարյանը ծնվել է 1985 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ էլ ապրում է առ այսօր։ Հայրը` Մարտիկը, ազատամարտիկ է, որին ճանաչում են նաև Սահակ անունով, ղարաբաղյան առաջին պատերազմում որպես կամավոր 1992թ մարտական գործողությունների է մասնակցել Լաչինում , համարվում է անհայտ կորած, մինչև հիմա նրա մասին ստույգ տեղեկություն չկա։

2008 թվականին Ջիվանը ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը։ Մեկ տարի է իր փաստաբանական գրասենյակն ունի հայրենի Արարատ քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ջիվան Նադարյանը հոլանդացի հյուրընկալ ընտանիքում: Ալկմար 1992թ.
Ջիվան Նադարյանը հոլանդացի հյուրընկալ ընտանիքում: Ալկմար 1992թ.
Ջիվան Նադարյանը  1992թ.
Ջիվան Նադարյանը 1992թ.
Լողազավանում,  Ալկմար` 1992թ.
Լողազավանում, Ալկմար` 1992թ.

Ջիվան Նադարյանը իր այս հոդվածով բավականին ճիշտ ու դիպուկ ներկայացրել է Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականին:

Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը
Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը

Ֆուտբոլ առանձնապես սկսել եմ սիրել նայելով Հոլանդիայի հավաքականի և Ամստերդամի Այաքսի խաղերը։ Ինձ համար հատկապես տպավորիչ էին 1998 թվականին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունը և դրանում հոլանդացիների հիշարժան ելույթները։ Նարնջագույները խաղում էին բաց, հարձակվողական ֆուտբոլ` իրենց հատուկ գեղեցիկ ոճով։ Այդ ժամանակ աչք էին շոյում Պատրիկ Կլյուվերտի, որը իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է եղել, Դենիս Բերգկամպի, Էդգար Դավիդսի, Մարկ Օվերմարսի, Ֆիլիպ Կոկուի Դե Բուր եղբայրների խաղը։ Դե իսկ Յապ Ստամը պաշտպանությունում մրցակիցների «ահ ու սարսափն էր»։ Հուսալի և վստահ խաղ էր ցուցադրում նաև դարպասապահ Վան Դեր Սարը։ Իսկ այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը` որպես հմուտ դիրիժոր, առաջնորդում էր իր թիմի հաջողությունները։  

Նիդերլանդներ-Անգլիա հանդիպումը
Նիդերլանդներ-Անգլիա հանդիպումը

Նրանց կատարմամբ ֆուտբոլ դիտելը իսկական հաճույք էր։ Կլյուվերտը փայուն էր խաղում նաև "երկրորդ հարկում" և նրա` Բրազիլիայի դարպասը խփած գլխով գոլը այդ առաջնության զարդերից մեկն էր, իսկ Բերգկամպի հաղթական գոլը Արգենտինայի հավաքականի դարպասը աշխարհի առաջնություններում խփված լավագույն գոլերից մեկն է համարվում։ 1998 թվականին հոլանդացիները իրենց խմբում վստահորեն գլխավորելով աղուսյակը դուրս եկան փլեյ֊օֆֆ, որտեղ 1/8 եզրափակիչում հաղթելով այն ժամանակվա Հարավսլավիայի ամուր հավաքականին, 1/4 եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի հավաքականին։ Այդ գերլարված պայքարում հոլանդացիները Կլյուվերտի և Բերգկամպի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեցին արգենտինացիներին։ Ի դեպ Բերգկամպը հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց։ Կիսաեզրափակիչում բրազիլացիների հետ խաղը անչափ հետաքրքիր ու դրամատիկ պայքարում անցավ։ Ռոնալդոյի գոլին խաղի վերջին րոպեներին պատասխանեց Կլյուվերտը իր գլխի հիասքանչ հարվածով։ Բանը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին բրազիլացիները և այդքանով «Հոլանդական հեքիաթը» ցավոք ավարտվեց։ 

Դե ես էլ մի քանի գիշեր տվայտվեցի, տանջվեցի և չկարողացա քնել։ Այդ ժամանակ 13 տարեկան ժիր տղա էի և հոլանդական ֆուտբոլով զմայլվում էի։ Նրանց կոմբինացիոն, արագ, ստեղծագործ ու հարձակվողական խաղը ուղակի ապշեցնում էր։ Մի խոսքով նրանք խաղում էին տոտալ ֆուտբոլ, որի հիմքը դրել էին իրենց հայրենակիցները լեգենդար Յոհան Կրոյֆի գլխավորությամբ։ Հոլանդիան 1974 և 1978 թվականներին շատ գրավիչ և բաց ֆուտբոլ խաղալով շատ մոտ էին աշխարհի չեմպիոնությանը, սակայն այդպես էլ «բախտը չժպտաց» նրանց։ Հանուն արդարության պետք է նշել, որ հոլանդացիները տոտալ ֆուտբոլը ներմուծելով այն ժամանակ սկսեցին ձևավորել ժամանակակից ֆուտբոլի սաղմերը և մի տեսակ հնացած ու  ձանձրալի ֆուտբոլին տվեցին նոր երանգներ ու նոր գեղեցկություն։ Այնպես որ թեկուզև Հոլանդիան դեռևս աշխարհի չեմպիոն չի դարձել, սակայն ֆուտբոլին, ֆուտբոլային աշխարհին շատ ավելի բան է տվել, քան աշխարհի շատ չեմպիոն հավաքականներ։ Պատահական չէ, որ շատ֊շատերը խոսելով 1974֊1978 թվականների աշխարի առջնությունների մասին, խոսում են ոչ թե այդ ժամանակվա չեմպիոն հավաքականների մասին, այլ Հոլանդիայի, Կրոյֆի, նրա թիմակիցների և նրաց ներմուծած տոտալ ֆուտբոլի մասին։ 

Նիդերլանդացի ֆանատները Գերմանիայում
Նիդերլանդացի ֆանատները Գերմանիայում

Անուրանալի և հսկայական ֆուտբոլային ժառանգություն է թողել հոլանդական ֆուտբոլը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ և հուսով եմ կշարունակի թողնել։ Այս ամենը կարող է հիանալի դաս լինել նաև մեզ համար, այն առումով, որ մենք էլ կարող է այս կյանքում «չեմպիոն» չդառնանք (մեր պատկերացրած դիրքին, պաշտոնին, փառքին, հարստությանը և այլնին չհասնենք), սակայն մեր ապրած կյանքով, մեր կյանքի օրինակով, մեր գործերով և խոսքերով ավելի շատ բան տանք և թողենք այս աշխարհին, քան շատ ու շատ աշխարհի «չեմպիոններ»։ 

Ափսոս, Նիդերլանդները չկարողացավ հաղթահարել անգլիացիների արգելքը, որը մեղմ ասած ձանձրալի ֆուտբոլ է խաղում։ Ճիշտն ասած հոլանդացիների խաղն էլ, այս առաջնությունում ինձ առանձնապես չտպավորեց, բացառությամբ Ռումինիայի դեմ խաղի և մի քանի հատվածների և դրվագների։ Իմ կարծիքով հոլանդացիներին նոր մարզիչ է պետք, ով ավելի համարձակ, ավելի բաց և հարձակվողական ֆուտբոլ կցուցադրի։ Կումանը միգուցե արդյունքի առումով այդքան էլ վատ չէ, սակայն գեղեցիկ հոլանդական ֆուտբոլ խաղալու առումով շատ է կաղում։ Որքան էլ տարօրինակ թվա, ես առաջնային եմ համարում խաղի գեղեցկությունն ու բովանդակությունը, քան զուտ հաշիվը։

Ջիվան Նադարյան

Ջիվան Նադարյանի ընտանիքը 2024թ, Հայաստան
Ջիվան Նադարյանի ընտանիքը 2024թ, Հայաստան

No comments:

Post a Comment