Հարգելի իրավապաշտպաններ, եթե ձեզ թվում է, թե ամեն անգամ Հայաստանում ոստիկանության գործողությունները անհամաչափ բռնություն որակելով դուք սկզբունքային դիրքորոշում եք ցուցաբերում, բռնության դեմ ու հանուն մարդու իրավունքների եք պայքարում, ապա սխալվում եք։ Դուք ավելի շատ ցույց եք տալիս, որ լավ չեք պատկերացնում, թե ինչ է պետությունը, ինչ է ներկայացուցչական դեմոկրատիան ու ինչով է այն տարբերվում ավտորիտարիզմից, ու թե ինչ նշանակություն ունի կոնտեքստը քաղաքական կյանքում։
Պետությունը բռնություն կիրառելու մենաշնորհ ունեցող երևույթ է, ինչի մասին գրել են Հոբսից մինչև Վեբեր (Վեբերը նույնիսկ այդ կերպ սահմանել է պետությունը)։ Ուստի բռնություն կիրառելուց այս աշխարհում անհնար է խուսափել, քանի դեռ կա պետություն։ Եթե բոլոր հայաստանցիները դառնան իրավապաշտպան ու պայքարեն ամեն տեսակի բռնության դեմ, Հայաստան պետությունը կվերանա (որից հետո համատարած բռնություն կհաստատվի, ինչպես մոտավոր նկարագրել է Հոբսը, ու ցույց են տալիս այսօրվա Լիբայի նման տարածքները)։ Որ պետությունը հնարավորինս քիչ բռնություն կիրառի, կիրառվող բռնությունն էլ արդարացված լինի՝ մարդկությունը հանգել է ներկայացուցչական դեմոկրատիային, որի թիվ մեկ սկզբունքը ազատ ու արդար ընտրություններն են, նաև՝ խոսքի ու խաղաղ հավաքների ազատության այնպիսի երաշխավորումը, առանց որի ընտրությունները ազատ ու արդար չեն կարող համարվել։
Երբ որ դուք, հարգելի իրավապաշտպաններ, համեմատում եք, ասենք, 1996-ի, 2004-ի 2008-ի իրադարձությունները երեկվա իրադարձությունների հետ ու նույն գնահատականներն եք տալիս, դուք ոչ թե հրաժարվում եք երկակի ստանդարտներ կիրառելուց, այլ ցույց եք տալիս, որ ձեր մտածողությամբ այսօրվա ընդդիմադիրներից՝ մինչ 2018-ի իշխանություններից չեք տարբերվում՝ նրանց նման պատշաճ նշանակություն չտալով ընտրությունների կեղծվել-չկեղծվելուն։ Մինչև 2018-ի ընտրությունների կեղծման մասին դիտարկմանը Արծվիկ Մինասյանը վերջերս արձագանքեց՝ ասելով՝ դե կեղծվել կեղծվել են, ես ուրիշ բան եմ ասում։ Այս վերաբերմունքը (թե բա հիմա՝ ինչ մի մեծ նշանակություն ունի՝ ընտրությունները կեղծվում են, թե չեն կեղծվում), ցույց է տալիս, որ մարդկության վերջին երկու հարյուր տարվա (ներառյալ hայաստանցիների) փորձից ու տառապանքից քաղված ամենակարևոր դասերից մեկը ձեր կողքով է անցել, որ չեք պատկերացնում, թե ինչ հսկայական նշանակություն ունի ընտրությունների ազատ ու արդար լինելը հանրային հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում։ Ձեզ թվում է՝ ընտրությունները 4-5 տարին մեկ անցկացվող ինչ-որ միջոցառում են, որ ազդեցություն են թողնում ընդամենը այդ միջոցառման օրերին ու վերջ։
Հ.Գ.- Հստակեցնեմ, որ չեմ ասում, թե ընդհանրապես բացառված է, որ դեմոկրատական երկրում ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառի։ Շատ հնարավոր է որ նման բան լինի, ու ամեն կոնկրետ դեպքում իրավաբաններն ու դատական համակարգը այդ հարցով պետք է զբաղվեն։ Բայց երբ որ դուք, հարգելի իրավապաշտպաններ, բոլոր դեպքերին, անկախ կոնտեքստից ու իրողությունների մանրամասներից, միանգամից նույն գնահատականն եք տալիս, ապա լղոզում եք այն իրական դեպքերը կամ պահերը, երբ անհամաչափ ու չարդարացված ուժ է կիրառվել, այն դեպքերի հետ, երբ որ ակնհայտորեն ոստիկանության կիրառած ուժը/բռնությունները արդարացված են։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դեսպանատներից մեկի դեմ ցույցի ժամանակ ոստիկանության կիրառած բռնությունները, կամ՝ ակումբներում ոստիկանության կիրառած բռնությունները, համենայնդեպս առաջին հայացքից ու կողքից, արդարացված չեն թվում, բայց ոստիկանության երեկվա գործողությունները արդարացված էին։
Ես, որ իրավաբան կամ իրավապաշտպան չեմ, ու կողքից եմ հետևել երեկվա իրադարձություններին, տեսնում եմ, որ, օրինակ, իրավապաշտպանները շտապում են վկայակոչել Առողջապահության նախարարի ինչ-որ հրաման՝ փորձելով հիմնավորել, որ ոստիկանությունը օրենք է խախտել, օրինակ՝ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի զգուշացրել։ Բայց հետո տեսնում եմ, որ կադրերում երևում է՝ ոստիկանությունը 15-20 րոպե առաջ զգուշացրել է հատուկ միջոցների կիրառման մասին, բացի դա՝ կարդում եմ, որ ոստիկանության մասին օրենքում ու հավաքների մասին օրենքում նախատեսված է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը իրավունք ունի առանց ձգուշացնելու կիրառել հատուկ միջոցներ։ Կարծեմ՝ օրենքը ավելի կարևոր է, քան թե նախարարի հրամանը, ինչի մասին իրավապաշտպանները պետք է որ իմանային։
Այսպիսի հապշտապ գնահատականները, որ իբր թե կողմնակալ չերևաս ու սկզբունքային երևաս, ավելի շատ վնասում են իրավապաշտպաններին ու թուլացնում նրանց, նրանց խոսքի նշանակությունը, ոչ թե հակառակը։
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ
Քաղաքագետ, Նիդերլանդներ
No comments:
Post a Comment