Այդպես արդեն 25 տարի Ռուսաստանի Կալուգա քաղաքում կանոնավոր լույս տեսնող երկլեզու ռուս-հայկական «Գործարար» ամսագիրը որպես մունետիկ համբերատար, խոսքի ու իր գործի կարևորությունը գիտակցելով ավետում է հայկականությունը ողջ Ռուսաստանի ու նախկին Խորհրդային պետությունների տարածքում:
Ծանոթանալով «Գործարարի», նրա հավելված «Բարի առավոտ» թերթի անցած հարուստ ուղուն, ռուսաստանյան մամուլի դաշտում ծավալած գործունեությանը` ըստ արժանվույնն ես մատուցում հետսովետական ծանր շրջանում մեկ քառորդ դար ձեռքը զարկերակին պահող հայ տպագիր մամուլի ունեցած ձեռքբերումներին ու հաջողություններին: Ասել, որ անցած 25 տարիները երկլեզու տպագիր մամուլի համար եղել են հարթ, միայն համայնքային կյանքն ու մշակութային անցուդարձը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները արձանագրող տարիներ, նշանակում է ոչինչ չասել հանդեսի էջերում տարբեր տարիներին բարձրացված, ռուս հասարակության մեջ հայությանը հուզող այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանի ունեցած միջազգային հարաբերություներն են։ Եվ այս նուրբ աշխատանքն արվում է միայն բացառիկ նվիրվածության եւ հայրենասիրության մղումներից ելնելով` 1999թվականից «Գործարար» ամսագրի և նրա հավելված «Բարի առավոտ» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, համառուսաստանյան զանգվածային լրատվական միջոցների վաստակավոր աշխատող Վահրամ Բեկչյանի կողմից:
Հետևաբար քեզ երկար ընթացք, «Գործարա՛ր»:
Քսաանհինգամյա տարեդարձի առիթով, թերթին մաղթում եմ երկար, կանաչ ճանապարհ ու հարատևություն:
Ձեր թռիչքի բարի ընթացքին հետևող` Hay Azian
«Նիդերլանդական օրագիր» թերթի հիմնադիր, գլխ.խմբագիր
3-4 էջը Սամվել Ավդալյանի «Ինչպես վերածնել ազգը» վերնագրով հոդվածում ֆրանսիայի պատմության օրինակով ուղիների որոնումն է` թե ինչպես Հայաստանը դուրս գա ներկա աղետալի իրավիճակից: Լուծումը մեկն է` ստեղծել ազգային գաղափարախոսության նոր կոնցեպտ, պետք է լինենք գաղափարի ազգ` զինված սրով «միայն այն ժամանակ մեզ հետ հաշվի կնստեն թե՛ դաշնակիցները, թե՛ թշնամիները», եզրափակում է իր խոսքը հոդվածագիրը: Էջի վերջում Պարույր Սևակի ասույթն է` « Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն»:
8-րդ էջում «Գոհար Գասպարյանի հանդուգն պատասխանը» հոդվածում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվում 1967թ երգչուհու Թուրքիա կատարած սկանդալային հյուրախաղերի մասին: Թե ինչպես աշխարահռչակ երգչուհին անտեսելով Խորհրդային միության վարչապետ Ալեքսեյ Կոսիգինի հորդորները հնչեցնում է Կոմիտասի մաքրամաքուր «Կռունկը», այլ ժողովրդական ստեղծագործություններ:
«Գործարարը» չի շրջանցել 1990թ-ից լույս տեսնող, ապա 2023թ փակված` «Հայաստանի Հանրապետություն» թերթին: Այս առնչությամբ «Զարմանք, զայրութ, ափսոսանք» վերնագրով, իր մտահոգությունն է հայտնել լուսահոգի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը:
Հանդեսը տպագրել է «Միշտ մտածեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք» վերնագրով հարցազրույցը Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Նորին Սբ. Օծություն Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ` 1990թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթից, որի այս համարը հրաշքով պահպանել է հոդվածի հեղինակը` վաստակաշատ լրագրող Շուշան Ղազարյանը: Անմիջապես այս բացառիկ հարցազրույցին հաջորդում է «Հայոց կաթողիկոսական աթոռները» Մերուժան Բաբաջանյանի պատմական ակնարկը:
Ամսագրում զետեղված են Արցախին, ներհամայնքային և այլ խնդիրներին վերաբերվող հոդվածներ, մեկ շնչով են կարդացվում Գարեգին Նժդեհի ասույթները, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» փառահեղ ստեղծագործության մասին Սարյանի անրադարձը, այլ հրապարակումներ:
Հանդեսի ռուսական բաժնում տնտեսական թեմայով, ուշագրավ` «Հայաստանի ընդերքի տերը նրա ժողովուրդն Է» հոդվածը բավականին հետաքրքիր լուծումներ է առաջադրում Հայաստանի տնտեսական-քաղաքական ներկա իրավիճակում: Հոդվածի հեղինակը Կուզբասի հայերի միության նախագահ, տնտեսագետ, իրավաբան Գեորգի ԱՆՏՈՆՈՎ-ՄԻՐԶԱԽԱՆՅԱԸ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հուսալի, տեւական լուծման համար առաջին անհրաժեշտ քայլը նախ համարում է մեր ժողովրդին համախմբելն ու երկրի օգտակար ռեսուրսները նրան վերադարձնելը: «Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար ներկայացնում է այս հոդվածը.
Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների տեւական և հուսալի լուծման համար իսկապես կյանքը փոխող վճռորոշ առաջին անհրաժեշտ քայլը մեր ժողովրդին համախմբելն է, հատկապես նրա քաղաքական, մտավոր, պաշտպանողականության, տնտեսական ուժերի և ռեսուրսների համադրելը երկրի ներսում։
Այս բարդ խնդրի անհապաղ լուծումը հնարավոր է երկրի տնտեսության մակարդակի բարձրացման, գիտական, մշակութային մտքի զարգացման, հասարակության մեջ ժողովրդավարության, ազատության համերաշխության ու ներդաշնակության, կրթության և բժշկության որակի զգալի բարելավման հաշվին:
Այս բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումը, ինչպես նաև մեկ այլ հրատապ խնդրի՝ հզոր ռազմարդյունաբերական համալիրի և հզոր բանակի ստեղծումը, անհնար է առանց մեկ ակնհայտ պայմանի՝ երկրի ազգային տնտեսական արդյունավետության քանակական և որակական ցուցանիշների արագ և կտրուկ բարձրացման մեխանիզմի։
Բազմաթիվ, ի սկզբանե հետամնաց, աղքատ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանց արագացված անցումը զարգացող երկրների, որպես սկզբնական պոտենցիալ ներուժ, ապահովվել է սեփական երկրի ընդերքի հարստության գրագետ, արդյունավետ օգտագործումը։
Մինչդեռ հայ ժողովուրդը, ըստ էության, կուրորեն կամ անտարբեր է անցնում նման բացառիկ և միաժամանակ բնական ու մատչելի առիթը օգտագործելու հնարավորությունից ։ Համենայնդեպս, դա է վկայում ստորև ներկայացված օրենսդրության մեջ առկա էական բացերն ու հակասությունները, որոնք թույլ չեն տալիս ընդերքի տիրոջը՝ ժողովրդին, տնօրինելու սեփական հարստությունը և լուծելու երկրի առջեւ ծառացած գոյաբանական ու հրատապ խնդիրները :
1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում (7-րդ կետ) ասվում է. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»: Բայց Հայաստանի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Սահմանադրությունը այլ բան է սահմանում (10-րդ հոդվածի 2-րդ կետում). «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»։
Նույնը բխում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքից. (11-րդ հոդվածի 1-ին կետ) « Հայաuտանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով»։ Սակայն սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է.
« Ընդերքի oգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը եւ տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում»:
Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության նորմերի օրենսդրական նման ձևախեղումը մեծ հնարավորություններ է բացում «անբարեխիղճ» պաշտոնյաների հսկայական կոռուպցիայի համար։ Պաշտոնյան, լինելով վերադասի կամքը կատարող, վարձու աշխատող, առանձնահատուկ պատասխանատվություն չի կրում ժողովրդի և պետության առջև։ Այսպիսով, Հայաստանի գործող օրենսդրությունը, ըստ էության, ոչ միայն անընդունելիորեն հակասական է, այլ արգելք չի դնում ժողովրդի բնական ռեսուրսների ունեցվածքի թալանին։ Այդ իսկ պատճառով այսօր Հայաստան պետության կարևոր, առաջնահերթ խնդիրներից է Հանրապետության Սահմանադրությամբ և Ընդերքի մասին օրենսգրքում որպես պարտադիր սկզբունք ամրագրել ժողովրդի ընդերքից շահ ստանալու իրավունքը։ Հայաստանի Անկախության հռչակագրի 3-րդ կետում ասվում է. «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է...», և ոչ թե վարձու պաշտոնատար անձը։
Գեորգի ԱՆՏՈՆՈՎ-ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ,
Կուզբասի հայերի միության նախագահ,
տնտեսագետ, իրավաբան
«Գործարարի» ռուսերեն լեզվով հրապարակումների բաժնում գերակշռում են մշակութային թեմաները, մասնավորապես Ռասուլ Համզատովի մասին Սամվել Ավդալյանի հոդվածը (18-րդ էջ), հարցազրույցը գրողների միջազգային «Մետաքսե ճանապարհ» փառատոնի հաղթող ռուս բանաստեղծ , Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ Վադիմ Տերյոխինի հետ (19-րդ էջ), Տիգրան Միրզոյանի ծավալուն նյութը` Սերգեյ Փարաջանովի մասին (21-23-րդ էջեր), «Երկու ընկեր ու երկու ճակատագրեր»` Կարեն Միքաելյան-Թերլեմեզյանի Կոմիտասի ու Փանոս Թերլեմեզյանի մասին (24-րդ էջ) նյութերը:
Քչերին է հայտնի Ռուբեն Գրիգորի Չաչիկյանի անունը: Նա ԽՍՀՄ-ում առաջին անօդաչու սարքավորումների նախահայրերից է, մեծ ավանդ ունի ինքնաթիռաշինության ասպարեզում: Ծնվել է 1910թ. մայիսի երեքին Թիֆլիսում ու մեծ ճանապարհ անցել: Հոդվածի հեղինակը Ալեքսանդր Թովմասյանն է (25-րդ էջ):
Հայկական գերբի արծիվների ու առյուծների թեմայով Գայանե Սարմաքեշյանին հարցազրույց է տվել պատմական գիտությունների թեկնածու Վահե Ավետիսյանը, որը բացահայտել է այդ թեմայի որոշ նրբություններ: Նույն հեղինակը «Հեռավոր նախնիների ուղերձը» վերտառությամբ Արագածին վերաբերվող մեկ այլ հետաքրքիր զրույց է ունեցել պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխատյանի հետ (26-28 էջ):
«Գործարար» Հանդեսի ռուսական բաժնում ևս այլ նյութեր են տեղ գտել, մասնավորապես բանաստեղծություններ, ծաղրանկարներ, Ռոբերտ Բաբլոյանի բանակի օրվան ընդառաջ հոդվածը, հայտնի լրագրող Կարեն Զախարյանի «Արցախյան էտյուդները», որը էսսեների ու ակնարկների շարք է, լույս է տեսնելու գրքի տեսքով:
Տոնական համարի վերջին 35-րդ էջը նվիրված է բանակի օրվան, որտեղ արտատպված է Հրանտ Մաթևոսյանի հայտնի «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, Հայրենիքները նվաճվում են ամեն օր» նյութը.
«Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ և ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի և այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի և երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի»։
Այո «Գործարարը» տեր է իր ժամանակին և ժամանակի ընթացքով էլ շարժվում է առաջ, հանդեսին մաղթենք նոր ու բովանդակալից հոդվածներ, շատ հոբելանական համարներ:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
No comments:
Post a Comment