The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 16 March 2024

Համերգ, որ խոր հետք թողեց հանդիսատեսի սրտում

Մեր ընթերցողներին տեղեկացրեցինք մարտի 9-ին կայանալիք գեղեցիկ ու հուզիչ այս համերգային ծրագրի մասին: 


Մարտի 9-ին Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝  հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը: Համերգային ծրագրում տեղ էին գտել Բախի, Գյորգի Լիգետի, Տոմազո Ալբինոնի, Գասպար Կասադոի,Կոմիտասի, Աշոտ Սաթյանի ստեղծագործությունները, հնչեցին նաև շարականներ և ժողովրդական երգեր: Ամստերդյան այս համերգը նվիրված էր Արցախին ու նրա հերոսներին: Արցախ, որ 44 օր շարունակ հերոսական ոգով մարտնչեց անհավասար պատերազմում: Չնայած կորսված հայրենիքին Արցախն ու արցախցին ոգով ու հերոսությամբ մնացին անպարտ, մեր հազարավոր հայորդիներն անմահացան մարտի դաշտում: Արցախի այս ցավն ու տխրությունը, մեր հերոսների համառ ոգին ու անկոտրում կամքը արտացոլված էր երաժիշտների կատարումներում, այն մասին, թե ինչպես 120.000 մարդ դիմացավ սովին իննամսյա շրջափակման ընթացքում, ինչպես ի վերջո ստիպված եղան լքել իրենց երկիրը, ընդհանուր ուղերձն այն էր, որ չնայած անհաջողություններին, տուն վերադառնալու հավատը կա և մնում է:
 Գեղեցկությունն ու սարսափը բախվում են այս հուզիչ համերգին, որտեղ արտիստներն իրոք օգտագործեցին իրենց երաժշտական ​​տաղանդը՝   ներկայացնելով Արցախի պատմության և պայքարի մասին, որը հարգանքի տուրք է  նրա ժողովրդի տոկունությանը և խիզախությանը: Հարկ է հիշեցնել, որ տաղանդավոր Սևակ Ավանեսյանը իր հնամենի գործիքով 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:
Ամստերդամյան այս բեմի համերգը ևս ստացվեց ու ծառայեց իր նպատակին: Հանդիսատեսը մաս դարձավ երաժիշտների հույզերին ու ապրումներին,  հոտնկայս երկար ծափահարությունները կատարված աշխատանքի գնահատանքն էր:
Համերգը կազմակերպել էր Hayinvicta  կազմակերպությունը Stichting Sint Grigor Narekatsi հիմնադրամի հետ համատեղ։

Համերգային ծրագրի բեմելից հետո, մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը զրուցեց Սևակ Ավանեսյանի, Միլենա Բեգլարյանի և համերգի  կազմակերպիչներից մեկի, HayInvicta  կազմակերպության տնօրեն  Հայկ Ասլանյանի հետ:



 Սևակ Ավանեսյանի մասին

Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա)
Բեռնարդ Գրինհաուսի բնորոշմամբ` «Սևակ Ավանեսյանը արտակարգ վիրտուոզությամբ և ձայնային մեծ հզորությամբ օժտված երաժիշտ է», իսկ Յանոշ Շտարկերի կարծիքով՝ «Սևակը, անկասկած, իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է»:
Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը, ինչպես նաև Իզայիի անվան մրցույթի, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ:
Ս. Ավանեսյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է. “Young Soloists” (Լյուքսեմբուրգ, 1-ին մրցանակ), “Lions Club” European Competition (1-ին մրցանակ): Արժանացել է Բելգիայի երաժշտական մամուլի քննադատների “Golden Lable” մրցանակի, ինչպես և “Belgische Stichting Roeping” promotion և այլ մրցանակների:
Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է: 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան (Վիվիեն Սպանողեի դասարան), որից հետո կատարելագործվել է Բեռլինի Hans Eissler Musikhochschule-ում՝ Կլաուդիո Բոհորքեզի ղեկավարությամբ:
Մշտական դասընթացներից բացի, Սևակը արժեքավոր խորհուրդներ է ստացել անվանի երաժիշտներից. Յանոշ Շտարկեր, Բեռնարդ Գրինհաուս, Սթիվեն Իսերլիս, Միշա Մայսկի, Մարիա Քլիգել, Լյուիս Կլարե, Պետեր Բրունս, Գարրի Հոֆման, Վոլֆգանգ Բյոտխեր, Իգոր Օյստրախ, Արտեմիս կվարտետ, Գերհարդ Շուլց և շատ ուրիշներ:
Սևակ Ավանեսյանը մշտապես հանդես է գալիս հեղինակավոր համերգասրահներում. Փարիզի Salle Gaveau, Բրյուսելի Palais des Beaux-Arts, Տորոնտոյի Ford Hall և այլ սրահներ:
2017-ին Սևակը մասնակցել է Անտվերպենի Queen Elizabeth համերգասրահի բացման համերգին:
Սևակ Ավանեսյանը միջազգային հայտնի փառատոների մասնակից է. Մոնպելիեի Festival de Radio France, Juventus Festival, Menton Festival, Բրյուսելի Brahms Festival, Les Musicales de Cambrai և այլ փառատոներ:
Նա համագործակցել է անվանի դիրիժորներ Հանս Գրաֆի, Հյու Վոլֆի, Անդրեյ Բորեյկոյի և այլոց հետ:
Սևակ Ավանեսյանի՝ Բելգիայի Ազգային նվագախմբի հետ ելույթը Bozar համերգասրահում, Բելգիայի հեռուստատեսային քննադատների կողմից գնահատվեց որպես «համերգաշրջանի լավագույն համերգ»:
Որպես կամերային երաժիշտ, Ավանեսյանը ելույթներ է ունեցել Ագուստին Դումեյի, Ֆիլիպ Գրեֆինի, Պասկալ Դեվոյոնի, Պավել Գիլիլովի, Մաքսիմ Վենգերովի, Ալեքսեյ Մաշկովի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Մարթա Արգերիխի, Միշա Մայսկու և այլ հայտնի երաժիշտների հետ:
2016-ին կայացել է Գոմս Շահբազյանի “Rhythm & Intervals” վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևակ Ավանեսյանի Բեռլինում անցկացրած ուսման տարիներին: Ֆիլմը մրցանակներ է շահել մի շարք փառատոներում և հեռարձակվել է ARTE հեռուստաալիքով:
Սևակը նվագում է Մաթեո Գոֆրիլլերի 1689-ին կերտած “The King” թավջութակով, որը նրան տրամադրել է Միշա Մայսկին:
2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի հրետակոծված Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարհում:
-----



No comments:

Post a Comment