22.03.2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները
2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները` ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում:
Զարեհ Սինանյանը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երեւանում կազմակերպվել է Ազգային երիտասարդական համաժողով, որին մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ աշխարհի 50 երկրից եւ 100-ից ավելի բանախոս` 15 երկրից: Համաժողովի մասնակիցները տարբեր ձեւաչափերով քննարկել են հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը, կրթությանը, հայկական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Հիմնական զեկուցողը կարեւորել է հոկտեմբերի 27-29-ը կայացած Հայ իրավաբանների համագումարը, որին մասնակցել է 250 հայ իրավաբան 30-ից ավելի երկրից: Քննարկվել են Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում հարցը, ԼՂ հիմնախնդիրը եւ հետպատերազմյան իրավական գործընթացները, հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները եւ հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ներկայացմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական 8-րդ խաղերը, որոնց մասնակցել է 41 երկրի 181 քաղաքի 7.161 մարզիկ:
Խոսելով ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» ծրագրի մասին՝ բանախոսը նշել է, որ միջոցառման շրջանակում 2022-2023 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցում: Միջոցառման մասնակիցների մոտ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում եւ մասնավոր հատվածում: Իսկ «Քայլ դեպի տուն» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում հունիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա՝ 25 երկրից:
Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաեւ «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների ամենամյա ծրագրերը՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:
Ըստ հիմնական զեկուցողի՝ 2021 թվականին «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ Սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով: Պատրաստվել է պոտենցիալ թեկնածուների ցանկ` ըստ աշխարհագրական սփռվածության, որի հիման վրա 2024 թվականին նախատեսվում են մի քանի տասնյակ նշանակումներ: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ կընդլայնվեն գրասենյակի ցանցային կարողությունները:
Մշակվել են «Հայրենադարձության մասին» օրենքի եւ «Հայաստան-Սփյուռք գործակցության 2024-2030 թվականների ռազմավարության» նախագծերը:
Հաշվետու տարում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է 13 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի 39 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակում իրականացվել է ավելի քան 178 միջոցառում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով արեւմտահայերենի պահպանմանը՝ որպես մշակույթի, ինքնության անբաժան մաս:
No comments:
Post a Comment