The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 9 February 2024

ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ



09. 02.2024 /Լիանա Փիրումյան/Nidoragir
Տարվույս փետրվարի 8-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում թևածում էր Սբ.Վարդանանց ոգին։
Ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայ Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանի կազմակերպած «Քաջ Վարդանի թոռն եմ ես․․․» խորագրով միջոցառմամբ տոնախմբվեց սուրբ Վարդանանց տոնը։
Միջոցառմանը մասնակցում էին ճեմարանի 7-9-րդ դասարանի աշակերտներն ու շրջանավարտ սաներ։
Միջոցառման ողջ ընթացքում կարմիր թելով անցնում էր Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 5-րդ դարում, որի հանգուցալուծումը եղավ Ավարայրի ճակատամարտը՝ հանուն հայրենիքի և հանուն հավատքի։ Սաների կողմից բեմականացված դրվագները Եղիշեի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմին» հերոսապատումից հանդիսատեսին տեղափոխեցին հեռավոր 5-րդ դար։
Հանդիսատես-ընթերցողն ասես հայտնվում է Արտաշատում, ներկա գտնվում հայ նախարարների ժողովին, որտեղ վերջիններս Ղևոնդ Երեցի հետ ընթերցում են Հազկերտ 2-րդ արքայի նամակ-պահանջը՝ ընդունել կրակապաշտությունը, և միաձայն մերժում են նրան՝ երդվելով մինչ ի մահ հավատարիմ մնալ հայրենիքին և չուրանալ քրիստոնեական հավատքը։ Այնուհետև հանդիսատեսը մտովի տեղափոխվում է Տղմուտ գետի ափ՝ Ավարայրի դաշտավայր, որտեղ Քաջ Վարդանը ճակատամարտից առաջ իր բոցաշունչ ճառով քաջալերում է զինակից ընկերներին ու հայ ժողովրդին։ Վարդան Մամիկոնյանի, Ղևոնդ երեցի, Եղիշեի, Խորեն, Արտակ, Տաճատ, Հմայակ, Ներսեհ, Վահան, Արսեն և Գարեգին նախարարների կերպարները մարմնավորում էին ճեմարանի բարձր դասարանցիները։ Հիշատակվեցին նաև սրբոց Ղևոնդյանց նահատակների անունները` որպես հայրենիքի ու հավատքի հավատարիմ նվիրյալներ։
Միջոցառումը համեմված էր ոգեղեն ասմունքով ,հոգեթով շարականներ ով եւ ավանդական պարով։
Ավարտին տիկին Լիանա Փիրումյանը խոսեց տոնի խորհրդի մասին, շնորհավորեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ անվանակոչության առթիվ։ Տիկին Փիրումյանն իր խոսքն ավարտեց Հայոց ավանդական պարարվեդըի ջատագով և տարածող Գագիկ Գինոսյանի խոսքերով․ «Հայրենասիրությունը մի ծառ է, որի արմատները հայրենաճանաչողությունն է, իսկ պտուղները` հայրենատիրությունը»։
Միջոցառման ավարտին Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը շնորհավորեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլոր հոգևորականներին և աշխարհականներին տոնի կապակցությամբ՝ նշելով․ «Այս օրը համազգային տուրքի օր է, որը հիշեցնում է, որ մենք պարտք ենք մեզ ծնունդ տվող ազգին, պետությանը, ՀԱՅԻՆ և ինքներս մեզ։ Եվ եթե բոլորս այս գիտակցությամբ ապրենք, լինենք կառուցող և մեր լուման մշտապես ներդնենք հանուն միակ բարձրագույն արժեքի՝ մեր հայրենիքի, ապա ամուր կլինեն մեր երկրի հիմքերը, և անվտանգ ու ապահով՝ նրա ապագան։ Ուստի «Քաջ Վարդանի թոռն եմ ես» պատգամը, մտնելով ձեր հոգու մեջ, պետք է խոսքից գործի վերածվի»։
Հայր Սուրբը նաև շնորհակալություն հայտնեց տիկին Լիանա Փիրումյանին՝ մեծ նվիրումով աշխատանքի և հատկապես նման միջոցառումների միջոցով աշակերտների մեջ հայրենասիրական արժեքներ սերմանելու համար։




No comments:

Post a Comment