ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բոլոր մեր հայրենակիցներին
«իԳործ» 2024 ծրագրով սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (5 փետրվար, 2024 թվական) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
2024 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև մարտի 4-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն ՀՀ համապատասխան գերատեսչություններում:
Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել Շիրակի մարզում:
Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:
«իԳործ» ծրագիրն իրականացվում է 5-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:
Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 200 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի պետական մարմիններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 70 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:
Ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում, ինչպես նաև որպես օրինակելի ծրագիր ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումի շրջանակներում:
Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ diasporafellowships@gov.am էլ. հասցեով:
No comments:
Post a Comment