Այսօր ՀՊՄՀ գիտական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ռազմական պատմաբան ու քաղաքագետ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը։ Զաքարե թագավորից Վաչուտյաններ ընկած ժամանակահատվածը շատ քիչ է մեկնաբանվել հայոց պատմագրության մեջ, բայց այն հայության լուսավոր շրջաններից է։ Ճիշտ է թագավորություն չենք ունեցել Զաքարեներից հետո, բայց պետականություն ունեցել ենք, չնայած մեզ այդ մասին չգիտես ինչու երբեք չեն ասել։ Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպը, որն ըստ էության, շատ հանգամանալից աշխատություն է, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանի գնահատմամբ յուրահատուկ արժեք է ներկայացնում, քանի որ աշխատանքի դրվագները ոչ թե պարզապես հորինվածք են, այլ հիմնվում են տվյալ դարաշրջանի պատմիչների գործերի վրա։ Այս առումով պրոֆ․ Դոլուխանյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հիշատակված պատմիչների աշխատությունները ոչ միայն հայ ժողովրդի համար են արժեքավոր տեղեկատվություն պարունակում, այլև համաշխարհային պատմության։ Պատմավեպը հստակ պատկերացում է տալիս տվյալ շրջանի հայության ապրելակերպի, կենցաղի, արժեքների և սովորությունների մասիև։ Զաքարե թագավորը կրել է շահնշահ, կեսար տիտղոսները, և ինչպես նշեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, շահնշահ տիտղոսն ամեն թագավորի չի տրվում։ Թե՜ «Զաքարե» պատմավեպը, և թե՜ «Վաչուտյաններ» մենագրությունը հսկայական լույս են սփռում մեր պատմության այս անտեսված բայց փառավոր ժամանակահատվածի վրա։ Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայ ժողովրդի համար 13-րդ դարը նշանավորվել է որպես հայոց պետականության ծաղկման շրջան, երբ ստեղծվեցին բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներ, ոչ միայն Սյունիքում այլև Արարատյան դաշտավայրում, Անիում։ Ստեղծված վանական համալիրներն ու կոթողները, ինչպես վկայում են բազմաթիվ աղբյուրներ, ճարտարապետական եզակի և բարձրակարգ կառույցներ են։
Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն արժևորեց այն փաստը, որ աշխատանքները կատարելիս Զաքարե իշխանների մասին պատմավեպում կիրառված՝ պատմագրություններից խնամքով ընտրված, հավաստի, նաև համաշխարհային պատմության տեսակետից արժեքավոր տեղեկատվությունը, կարևոր է ոչ միայն գիտական առումով, այլև ընդգծում է Տիգրան Պետրոսյանցի, հիշատակելու արժանի փաստ, հետազոտություն կատարելու ունակությունը և պատասխանատվության զգացումը՝ ձեռնարկած աշխատանքի նկատմամբ։։ Հարգարժան պատմաբան պրոֆեսորները նշեցին, որ ժամանակահատվածը յուրահատուկ կարևորություն ունի հատկապես ոչ միայն մշակութային և ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ ստեղծելու առումով․ ամենահիշարժան փաստն այն է, որ ամբողջական 50 տարի Հայաստանն ունեցել է լիարժեքորեն անկախ պետականություն, չնայած այն թագավորություն չի եղել այդ ընթացքում։ Ստեղծված լիովին անկախ պետականությունը գոյություն է ունեցել մինչև մոնղոլա-թաթարական արշավանքները, սակայն նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի պետականությունը հիմնովին չի կորսվել, այն մասնակի վայրերում պահպանվել է։ Ելույթ ունեցողների կողմից մեծ ուշադրության արժանացավ այն, որ գրքերը պարունակում են փաստեր հայոց պատմական աշխարհագրությունից։ Տիգրան Պետրոսյանցի մենագրության արժանիքներից է այն, որ հսկայական տեղեկատվություն է ներկայացված ծանոթագրությունների միջոցով։ Հեղինակը մենագրության հավելվածի միջոցով մանրամասն հիշատակել է այն բոլոր հրատարակությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներում անդրադառնում են Սյունյաց աշխարհի և հայոց հենասյուներ Վաչուտյանների գործունեությանը։
Ելույթ ունեցողները շատ էին, բոլորն էլ հատուկ հիացմունքով էին նշում գրքերի արժանիքները և հեղինակի կատարած աշխատանքի կարևորությունը։ Բոլորը շատ մեծ ջերմությամբ էին պատմում դրվագներ, բարձրաձայնում կարևոր դեպքերի մասին։ Առանձնակի ջերմ էին գրքի խմբագիր պրոֆեսոր Վանիկ Վիրաբյանի ելույթը, արձակագիր Վրեժ Սարուխանյանի խոսքը։ Քանի որ Տիգրան Պետրոսյանցը նաև գործող զինվորական է եղել, նրան ողջունելու էր եկել իր զինակից ընկերներից՝ Խաչիկ Մարգարյանը, ում հետ ծառայություն են անցել Վայքում 90-ականների կեսերին։ Ամենահետաքրքիր պահերից էին, երբ Տիգրան Պետրոսյանցի աշխատանքը «Վահագն» ՀԿ ի նախագահ Կարո Մորուք Կարապետյանի և «Հայ Արվեստի Տուն» ՀԿ–ի Նախագահ Մելսիդա Հակունցի կողմից արժանացավ պարգևատրման ամենայուրահատուկ մեդալներով։ Նշենք որ տ․ Մելսիդան իր հուզիչ խոսքով փաստեց, որ իրենց համագործակցությունն ավելին է քան սոսկ աշխատանքը՝ նա Զաքարե իշխանական տոհմից է և մեծ հպարտությամբ է աշխատակցում Տ․ Պետրոսյանցի հետ։ Տ․ Մելսիդան Տ․ Պետրոսյանցին հանձնեց Գարեգին Նժդեհի անվան ոսկե մեդալը, որի առաջին կրողն է լինելու Տ․ Պետրոսյանցը։ /Բոլոր նկարները կցվում են/։
Միգուցե Սյունիքի Վաչուտյան իշխանների գենը հենց այն գենն է եղել, որ հպարտ սյունեցուն միշտ մղել է կանգուն պահել հայոց պետականության հիմնասյուները։
Հանդիպումն անցավ անասելի բարեկամական ջերմ մթնոլորտում։
Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար
ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան
Երևան, 14.12.2023
No comments:
Post a Comment