The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 13 December 2023

Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ

 

Pontifical Legation Western Europe 

 կայքը տեղեկացնում է, որ  Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը նշանակվել է Անտվերպենի հոգևոր հովիվ
—————
Դեկտեմբերի 10-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ է նշանակվել Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Սուրբ Հովսեփ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի հանդիսապետությամբ իր անդրանիկ Սուրբ և Անմահը Պատարագը մատուցեց Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը:
Պատարագին ներկա էին Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, այլ հոգևորականներ և հյուրեր: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Հայր Տիրային՝ որպես իրենց նորանշանակ հոգևոր հովիվ:
Իր քարոզում Սրբազան Հայրը ընդգծեց միասնության, քրիստոնեական սիրո անհրաժեշտությունն ու կարևորությունը համայնքային կյանքում, ինչպես նաև գոհունակություն հայտնեց բոլոր հայկական կառույցներին ու հոգևորականներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Անտվերպենում և շրջական քաղաքներում: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Անտվերպենում գտնվող հայերին՝ իրենց արմատներից չհեռանալու համար, և հավելեց ապագա սերնդի քրիստոնեաբարո ու հայեցի դաստիարակման կարևորության մասին, այնուհետև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի  Հայր Տիրայրը կարողանա իր առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել Անտվերպենի հայ համայնքում:
Սրբազան Հայրը նաև խնդրեց նորանշանակ հոգևորականին իր պատգամը բերել Անտվերպենի հայությանը: Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մտերմիկ զրույց համայնքի անդամների հետ:
Հավելենք որ, Ատվերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի Ծուխը հիմնվել է 25 օգոստոս 2016թ.: Համայնքում գործում է նաև հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական և մշակութային միությունը։
Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը 2018-2022 թվականներին եղել է Իտալիայի հոգևոր հովիվ:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ. մարդկանց հավաքել եկեղեցու շուրջ, իրականացնել քարոզչություն և կազմակերպել համայանքային կյանքը: Նաև հայերին ավելի մոտեցնել միմյանց և, իհարկե, Աստծուն:
* * * *
✅ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան նշանակուած է Անտուերպենի հոգեւոր հովիւ
—————
Դեկտեմբեր 10-ին, Պելճիգայի Անտուերպեն քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ  նշանակուած է՝ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան:
Հանդիսապետութեամբ՝  Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ` Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի, Սուրբ Յովսէփ եկեղեցւոյ մէջ Հոգշ. Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան իր անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց:
Պատարագին ներկայ էին Պելճիգայի հայոց հոգեւոր հովիւ Հոգշ. Տ. Զատիկ վարդապետ Աւետիքեան, այլ հոգեւորականներ եւ հիւրեր: Պատարագի ընթացքին Սրբազան Հայրը համայնքին ներկայացուց Հայր Տիրայրը` որպէս իրենց նորանշանակ հոգեւոր հովիւ:
Սրբազան Հայրը՝ իր քարոզին մէջ ընդգծեց միասնութեան, քրիստոնէական սիրոյ անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը համայնքային կեանքին մէջ, ինչպէս նաեւ գոհունակութիւն յայտնեց բոլոր հայկական կառոյցներուն ու հոգեւորականներուն, որոնք իրենց ծառայութիւնը մատուցած են Անտուերպենի եւ շրջական քաղաքներուն մէջ: Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց Անտուերպեն գտնուող հայերուն` իրենց արմատներէն չհեռանալու համար, եւ աւելցուց ապագայ սերունդի քրիստոնէաբարոյ ու հայեցի դաստիարակման կարեւորութեան մասին, այնուհետեւ աղօթք բարձրացուց առ Աստուած, որպէսզի  Հայր Տիրայրը կարենայ իր առաքելութիւնը պատշաճ կերպով իրականացնել Անտուերպենի հայ համայնքին մէջ:
Սրբազան Հայրը նաեւ խնդրեց նորանշանակ հոգեւորականին իր պատգամը բերել Անտուերպենի հայութեան: 
Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց համայնքի անդամներուն հետ:
Աւելցնենք, որ Ատուերպենի Սբ․ Գրիգոր Նարեկացի ծուխը հիմնուած է 25 օգոստոս 2016-ին: Համայնքին մէջ կը  գործէ նաեւ հայ տիկնանց «Նոյ» հասարակական, բարեգործական եւ մշակութային միութիւնը:
Տ. Տիրայր վարդապետ Յակոբեան 2018-2022 թուականներուն եղած է Իտալիոյ հոգեւոր հովիւը:
Հայր Տիրայրը ունի երեք պարզ նպատակ՝ մարդոց հաւաքել եկեղեցւոյ շուրջ, իրականացնել քարոզչութիւն եւ համայանքային կեանք կազմակերպել: Նաեւ հայերը աւելի մօտեցնել իրարու եւ ի հարկէ, Աստուծոյ:


No comments:

Post a Comment