Հյուրերը նախ եղան կիրակնօրյա դպրոցում, ծանոթացան սաների աշխատանքներին, ապա հանդիպում ունեցան հայ համայնքի ակտիվի հետ:
Ատենապետ Լևոն Սարգիսը հյուրերին ներկայացրեց տեղեկատվություն իրենց կառույցի գործունեության և տեղական իշխանությունների հետ կապի մասին: Գլխավոր հանձնակատարը խոսեց ներկա մարտահրավերների, Բրյուսելյան աշխատանքային այցի մասին: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, քննարկվել են համայնքային գործընթացները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Այնուհետև նա պատասխանեց ներկաների և «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում հնչեցրած հարցերին:
Ամենագեղեցիկ անակնկալը, սակայն, առջևում էր, երբ տետրերով, համերաշխ իրար կողք-կողքի շարվեցին երեխաները ու սկսեցին կարդալ ու երգել: Արժանին պետք է մատուցել խմբավար Արտակ Ոսկանյանին, որին հաջողվել է բավական կարճ ժամանակահատվածում` մի քանի շաբաթվա ընթացքում երգչախումբ ձևավորել: Արտակը երեխաների հետ պարապելու է գալիս հարևան Գերմանիայի Քյոլն քաղաքից ու չի ափսոսում ոչ ճանապարհի, ոչ ծախսված ժամանակի ու ոչ էլ միջոցների համար: «Իմ նպատակը երեխաներին հայ պահելն է»- ասում է նա: Երեխաների ոգևորող երգը` ծափերի ուղեկցությամբ, անտարբեր չթողեց ներկաներին, իսկ գործարար Արտակ Սերգոյանը` հենց տեղում խոստացավ, երեխաներին ապահովվել համապատասխան բեմական զգեստներով:
Հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո, հյուրերը Մաստրիխտի Սբ.Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամներ` Արմանդ Կարաօղլանի և Վազգեն Սարգիսի ուղեկցությամբ եղան հայկական խաչքարի մոտ, այցելեցին Սերվատիուսի բազիլիկ եկեղեցի: Վազգեն Սարգիսը, ով վերջերս Երևանում մասնակցում էր սփյուռքի իրավաբանների համագումարին և Նիդերլանդահայ իրավաբանների միության հիմնադիր-նախագահն է, բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Մաստրիխտ քաղաքի, մասնավորապես քաղաքը խորհրդանշող հայազգի Սուրբ Սերվատիուսի մասին, ում պատվին Մաստրիխտում շատ հուշարձաններ կան, փողոց, կամուրջ և այլն:
Հետաքրքիր էր Սերվատիուսի թանգարանը, որտեղ պահվում են եզակի նկարներ, քանդակներ, մասունքներ ու այլ նմուշներ:
https://www.youtube.com/watch?v=4Lm5sNpyXTs
Սերվատիուսը` 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի, մասամբ էլ Գերմանիայի տարածքում։ Սերվատիուսն է հանդիսացել քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը այս երկրներում: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Ամեն տարի, մայիսի 13-ից սկսած, Լիմբուրգի նահանգի Մաստրիխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին մեծ շուքով ու հանդիսությամբ Սերվատիուսին նվիրված տոնակատարություններ է կատարում, որին ակտիվորեն մասնակցում է մեր հայ համայնքը, ի դեպ նրանց ի պահ է տված եկեղեցու դռների բոլոր բանալիներնը: Նաև հետաքրքրական է փաստը, որ Սերվատիուսի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն ունի:
Օրը` քաղաքին ծանոթանալով չավարտվեց: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պատվիրակները` Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, հանդիպեցին Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Վիլի ֆան դե Կերկհոֆին, ով հանձնառություն է վերցրել իր կապերն ու հեղինակությունը օգտագործելով նպաստել հայ հոլանդական կապերի ամրապնդմանը: Զրույցի ընթացքում կարևորվեց Նիդերլանդների հարավային նահանգների հետ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցությունը` բիզնես ոլորտում, գործարար պատվիրակությությունների փոխայցելություններն ու զանազան ծրագրերի առաջնահերթությունները: Քննարկվեցին քաղաքական և տնտեսական, մշակութային փոխգործակցության խորացման կոնկրետ հարցեր:
Տեղումներից արձակուրդ վերցրած կիրակին, երբ ավարտին էր մոտենում` կրկին երկնքից մաղեց անձրևը, բացվեցին անձրևանոցներն ու թրջվեցին մայթերն ու փողոցները: Այնուհանդերձ Մաստրիխտյան նոյեմբերյան աշնանային օրը` հիշողության մեջ մնաց Սերվատիուսյան հայկականությամբ` ջերմ ու անմոռաց:
Երկուշաբթի սփյուռքի գլխավոր հանձնակատարին, սպասում են մեկ այլ ջերմ, հայկական օջախում`այս անգամ Հաագայի Աբովյան մշակութային միությունում` անկախ եղանակից:
Hay Azian
No comments:
Post a Comment