Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկ |
Արցախից 100 հազարից ավելի բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելուն զուգընթաց տասնյակ մասնագիտական խմբեր ու անհատներ են մեր երկիր ժամանել` իրենց փորձը կիսելու, հումանիտար, բարոյական, հոգեբանական լայն աջակցություն ցուցաբերելու համար: Ահավասիկ՝ Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի դասախոսություն-սեմինարը, կազմակերպված ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Հոգեբանների ասոցիացիայի կողմից ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հարկի տակ, հայ երիտասարդության կողմից ընդունվեց բուռն հետաքրքրությամբ։ Արծարծված հարցերը վերաբերում էին ծանր սթրեսներից, աղետներից, պատերազմների արհավիրքների արդյունքում հետտրավմատիկ հոգեկան գործընթացներին, որոնք անձի կամքից կախված չեն և կարող են առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի իրար հաջորդող կամ համատեղ սթրեսներից, ընդ որում սովորաբար միշտ ուղեկցվում են կամ խրոնիկ հիվանդությունների սրացմամբ, կամ մի խումբ նոր հիվանդությունների զուգակցմամբ։ Տարատեսակ և համալիր տրավմատիկ փորձառություններով պայմանավորված ազդեցությունները հասկանալու համար պրոֆեսոր Դրոժդեկն առաջարկում է համատեքստային և զարգացման մոդելը, որի պահանջն առաջացել է իբրև անցած տասնամյակների ընթացքում հոգեկան առողջության խնդիրների բարդ փոխհարաբերությունների ըմբռնման և դրանց կարգավորման հիմք։ Առաջացած մոդելը նպատակ ունի ձևավորելու հոգեկան առողջության խնդիրների լուծման նկատմամբ մոտեցումներ՝ անհատական, համատեքստային, էպիգենետիկ և մշակութային զգայուն գործոնների հաշվառմամբ։ Տարիների աշխատանքը բացահայտում է, որ աղետների և դրանց արդյունքում տեղաշարժերն ու տեղահանությունները որոշիչ ազդեցություն են ունենում հանրության վրա՝ բազմակի սթրեսների և ֆիզիկական տրավմաներին զուգահեռ առաջացնելով ոչ միայն հոգեբանական և սոցիալական խնդիրներ, այլև տանելով կյանքի իմաստի, մարդկանց ու երևույթների նկատմամբ վերաբերմունքի ու գնահատականի, արժեքների փոփոխության։ Ստեղծված իրավիճակներում, ինչպես համոզված է պրոֆեսորը, հաճախ նպատակահարմար է լինում հոգեբանական աջակցության հետ զուգահեռաբար կիրառել նաև դեղորայքային միջամտություն։ Խնդրի վերջնական լուծումը մեծ համբերություն է պահանջում, քանի որ հոգեկան առողջությունը կարող է մեկ մոտեցմամբ չկարգավորվել։ Ուստի հաջող և վերջնական դրական արդյունքի հասնելու համար պրոֆեսորը հարկ է համարում պարզել, թե ինչպես է անձը հարաբերվում համատեքստին, ինչպիսի մշակութային պայմաններում է ապրել մինչև տեղահանությունը, նրա ունեցած հիվանդությունները և այլն։
Հարգարժան պրոֆեսորը համալսարան էր այցելել իր տիկնոջ և մտերիմ խորվաթ ընկերների հետ։ Ունկնդիրները, որոնք ոչ միայն ԵՊՀ –ն էին ներկայացնում այլև այլ կազմակերպություններ, ակտիվ մասնակցում էին զրույցին իրենց հետաքրքրող հարցադրումներով։ Նշենք, որ հարցերը բազմազան էին, առաջադրվում էին ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով, թարգմանչուհի Շուշանը հրաշալի կատարում էր իր աշխատանքը՝ ապահովելով աշխույժ աշխատանքային մթնոլորտ։ Զրույցը բացահայտեց, որ աշխարհի բոլոր երկրներում աղետներն ու արհավիրքները՝ անկախ կրթական ու մշակութային էթնիկ տարբերություններից, բերում են նույն հետտրավմատիկ շոկային խանգարումների, որոնց կարգավորումները ջանքեր ու համբերություն են պահանջում։ Շուրջ երկու ժամ տևած դասախոսություն-սեմինարը բավականին արդյունավետ էր նախ այն առումով, որ գիտական արժեքավոր տեղեկատվություն էր պարունակում, հուսադրող էր, որ հայ ժողովրդի համար ստեղծված բարդ հոգեբանական իրավիճակում կարելի է ակնկալել դրական տեղաշարժեր, եթե ճիշտ կազմակերպվի թե զինվորականության ու թե քաղաքացիական բնակչության հոգեբանական աջակցությունը։ Վերջին հարցի առնչությամբ փոքրիկ զրույց ունեցանք սեմինարի կայացմանը սատարող սոցիալական հոգեբանության խնդիրներով զբաղվող ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանի հետ։ Պարզեցինք, որ բավականին աշխատանք է կատարվում հոգեբանական աջակցության առումով, սակայն այս պահի դրությամբ հոգեբանների օգնությանը դիմողների քանակը գնալով մեծանում է, մինչդեռ օրենսդրական առումով բացերը դեռ շատ են։ Պարոն Ամիրյանը նշեց, որ Նիդերլանդներում հոգբանական աջակցության հիմնականում ուղղորդում է ընտանեկան բժիշկը ապահովագրական միջոցներով։ Հայաստանում այս ինստիտուտը դեռ կայացման փուլում է։ 2024 թվից նախատեսվում է պարտադիր ապահովագրության օրենքի գործունեություն և հոգեկան առողջության բարելավման ու կարգավորման նպատակով կապահովվի նաև հոգեբանական աջակցություն ապահովագրության սահմանում։
Նաիրա Գասպարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. Երևան
Սեմինարի ընթացքում որակյալ արհեստավարժ թարգմանությունն իրականացրել է Շուշանը (ձախից ): |
Հոգեբան, Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանն է: Պատմեց այն մասին թե ինչպես է կազմակերպվում հոգեբանական աջակցությունն այս պահին ՀՀ-ում , երբ իրավիճակն անասելի բարդ է, իսկ ծառայության համար դեռ ապահովագրություն չի գործում: Հույս հայտնվեց, որ 2024թ.ից հարցը կկարգավորվի օրենքով ։
5
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Ամիրյանի մասին տես այստեղ http://publishing.ysu.am/hy/Davit-Amiryan
Ակտիվ քննարկում, մեջտեղում Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս բ. գ.թ. Ամալյա Սողոմոնյանը, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակը:
Նարե Մանուկյանն է, ով ավարտելով ԵՊՀ-ի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ այսօր Ignite InnovationYNGO կազմակերպության նախագահն է, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակնը: |
ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ. , մեր թղթակից Նաիրա Գասպարյանը պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի հետ: |
Դասալոսությունից հետո` Բորիս Դրոժդեկը և Խորվաթիայից ժամանած նրա բարեկամը : |
No comments:
Post a Comment