The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 26 October 2023

Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը


Նկարիչների միության տանը նույն օրը միանգամից բացվեց  երկու ցուցահանդես՝  մեկը ծննդյան 70-ամյակին նվիրված, իր արվեստը «ՀՈԳԵՀՈՍՔ»   բնութագրող` Արթուր Օշականցունն էր,    մյուսը՝  ընդամենը 7 տարին բոլորած Մարիա Արամի Մխիթարյանի աշխատանքներինը:

Երբ հոգուց բխող խոսքը գունային նոր արտահայտչականությամբ է դրսևորվում

Արվեստի նոր ուղղության հիմնադիր, հայրենի բնության սիրահար Արթուր Օշականցի գեղանկարիչն իր ներաշխարհից բխող արվեստն անվանել է «ՀՈԳԵՀՈՍՔ»։ 

«Իմ արվեստը ես ինքս անվանել եմ հոգեհոսք: Ես նկարում եմ ոչ թե ֆիզիկական մարդուն, կենդանուն կամ թռչունին, այլ մարդու հոգին, արարչագործվա՛ծ հոգին, հոգիներին ծավալ, շարժում եմ հաղորդում, գունավորում: Նրանք թռչում են, ներշնչվում մեկը մյուսից, այդ բոլորը ներծծվում է մթնոլորտի մեջ: Դա ի՞նչ է՝ հոգեհո՛սք, ա՛յդ եմ նկարում, հոգիների հոսքն ամբողջ մթնոլորտում: Դրանց տիեզերական բաբախումներն եմ նկարում: Հոգեհոսքը տեսնելու, զգալու, դրան հասնելու համար հարկավոր է ճանաչել նյութականն ու հոգեւորը, նյութականը կյանքն է ՝ մարմինը, կենցաղը, իսկ հոգեւորը մեր ցանկություններն են, երազանքներն են, մեր մտքի եւ հոգու թռիչքն ու հոսքը» ։  
Արթուր Սարգսյանը (Օշականցի),Գարեգին Չուգասզյանը և մեր թղթ. Նաիրա Գասպարյանը:
Արթուր Սարգսյանը (Օշականցի),Գարեգին Չուգասզյանը և մեր թղթ. Նաիրա Գասպարյանը:

Այսօր հանրաճանաչ նկարչի գույներն ու խորհրդանիշները փոխել են իրենց բովանդակությունը, նրա հոգին ու հույզերը թռիչք են ապրում՝ դուրս հորդելով վառ ու հոգեթով գունապնակով։ Գույները տաք են, հուզառատ, խոր փիլիսոփայության ելևէջներով, գալիս են սրտի խորքերից, համաշխարհային արվեստի սկզբունքներն ու միտումները նկարչի մոտ նոր երանգներ ու վերացարկումներ են ձեռք բերում՝ պայմանավորված հեղինակային  վառ անհատականությամբ։ Նրա խոսքն ինքնատիպ արտահայտչաձևեր է ընդունում և, այդպիսով, ավելի  գունագեղ ու լիարժեք է հասնում իր երկրպագուներին։ Այն տոգորված է համամարդկայինին չհակասող հայկական ջերմությամբ ու հառնելու փիլիսոփայությամբ։ Մահը մեկն է, գիշերը՝ մութ, ուրեմն պետք է արթնացումն ու կյանքը գունեղ լինեն։

Ցուցասրահում
Ցուցասրահում

Օշականցու աշխատանքները, որոնք հոգեպարար լավատեսությամբ են հագեցած, վաղուց են ծանոթ իր հայրենակիցներին։ Այսօր, իր 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման խոսքում, դիմելով հավաքված գործընկերներին ու իր արվեստի երկրպագուներին նա մեկ անգամ ևս նշեց, որ ստեղծագործում է իր ժողովրդի համար։ Այն ոգին, որ նրան առաջնորդում է՝ հայկականն է, Հայաստանում գտնվող արվեստանոցը իր սիրելի Օշականում է, որտեղ անկախ զբաղվածության աստիճանից, նկարիչը սիրով դիմավորում է իր արվեստով հիացած երկրպագուներին։ Նկարիչը անընդհատ պրպտումների մեջ է ու ոչ մի վայրկյան չի հեռանում իր սիրած գործից։ Արվեստագետի կողքին է միշտ նրան ոգեշնչող ու նրա ձեռնարկները սատարող սիրելի կինը, ում հետ բազում տարիներ արդեն ապրում են ներդաշնակ սիրով։ Զբաղվածությունը, սակայն չի խանգարում  նկարչի հայրենասիրական մղումներին՝ ձեռնարկել ցուցահանդեսներ զինվորների համար․․․2018 թվի օգոստոսին Օշականցու ցուցահանդեսը բացվեց Արցախում․ այն նվիրված էր Անկախ Արցախի 27-րդ տարեդարձին։ 

Արթուր Օշականցին քաջատեղյակ է հայրենիքին, նրա պատմությանն ու մշակույթին առնչվող ամեն մանրամասնի, որն էլ նրան օգնում է ստեղծագործելիս։ Նրա արվեստին քաջածանոթ են ողջ աշխարհում, Հայաստանից զատ  ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթային նոր տաղանդներ և հայտնագործություններ հովանավորող երևանյան մասնաճյուղը տարիներ առաջ կազմակերպեց նրա արվեստի ցուցադրությունը Նյու Յորքում, Չիկագոյում, Դետրոյթում, Միչիգանի համալսարանում, նրա արվեստն ընկալվում էր որպես նորություն, թարմություն հայկական գեղանկարչության մեջ: Օշականցու արվեստն ամենուրեք խանդավառություն ու նոր հույզեր էր առաջացնում իր թարմ շնչով։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Արթուր Օշականցուն հռչակեց ԱԲՍՏՐԱԿՏ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄ  նոր ուղղության հիմնադիր:

7-ամյա  Մարիան
7-ամյա Մարիան

Թող այլևս չլինեն աղետաբեր պատերազմներ

7-ամյա  Մարիան ցանկանում է, որ աշխարհում թևածի խաղաղությունը։

 Նկարչուհի 7֊ամյա հրաշք Մարիայի մասին Նիդերլանդական օրագիրն առիթ ունեցել է պատմելու ։ Աշնանային հոկտեմբերյան վերջին օրերին Հայաստանի նկարիչների միության տանը գրեթե Արթուր Օշականցու ցուցահանդեսի բացումից քիչ անց Մարիան նկարչասեր հանրությանը ներկայացավ իր աշխատանքներով ։

 Մարիան սիրում է նկարել ամեն ինչ։ Նրա մասին գրվել է բանաստեղծություն, որը ներկայացնում է հեղինակը։ Բանաստեղծությունը կցված է Մարիայի նկարած աղջնակի պատկերին։ Այնքան կյանք ու խինդ կա փոքրիկ աղջնակի աչքերում։ Նկարվելով նրա հետ զգացի, որ կողքին ընդամենը մեկ պահ գտնվելը ինձ վերադարձրեց իմ մանկությունը, որտեղ ուրախությունն ու խինդը կյանքի առօրյայի անբաժան մաս էին։Մարիան, իր մայրիկի խոսքերով, սկսել է նկարել, երբ ընդամենը 1,8 տարեկան էր և աշխարհը սկսել էր նոր ճանաչել։

Բանաստեղծության հեղինակ Օլգա Դարյանը հրաշալի է բնութագրել պայծառ աղջնակին՝ նա չի սիրում պատերազմ, սիրում է իր հայրենիքը։

Մարիան մի բան է ցանկանում՝ աշխարհում պետք է խաղաղություն տիրի, պիտի ավարտվեն պատերազմները ու այլևս ոչ մի երեխա չպետք է պատերազմի արհավիրքների պատճառով կորցնի ծնողներին ու հարազատներին, ընկերներին, հայրենի տունն ու հայրենիքը։ Երազանքները պիտի իրականանան։ Մաղթենք, որ փոքրիկ Մարիայի երազանքները, բոլոր, բոլոր, իրականանան և նրա դեմքից երբեք չպակասի ժպիտը, երբեք , երբեք...

Հատուկ Նիդ.Օրագրի ընթերցողի համար՝ Երևանից, ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ 

Նաիրա Գասպարյան


Thursday, 12 October 2023

Բարի մեկնարկ «Գլաձորի» 18-րդ խորհրդի կազմին, բոլոր հայ ուսանողներին

18-րդ անգամ  Նիդերլանդներում  գործող  հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը նոր ղեկավար կազմ ունեցավ: Անցնող  տարիներն աչքի են ընկել   ուսանողական  միության կայացմամբ ու նոր ձեռքբերումներով: «Գլաձորը»  այն լավագույն  հարթակն է, որտեղ հայ ուսանողները կարող են համախմբվել ու թարմ ասելիքով լավագույն նախաձեռնություններ իրականացնել :

 Ներկայացնում ենք 18-րդ խորհրդի նոր կազմը: 


  • Նախագահ (Voorzitter)` Մերի Դանիելյան
  • Փոխնախագահ` Նունուշ Ադամյան
  • Գանձապահ (Penningmeester)` Ալիսա Սոֆիա Ներկարարյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator, PR- manager)` Արեն Նագուլյան
  • Արտաքին համակարգող (extern-commisaris)` Աննեմարի Ակոպյան
  • Քարտուղար`  Դավիթ Սանտագկիդիս


Նիդերլանդների հարգե՛լի հայ ուսանողներ, համախմբվե՛ք «Գլաձորի» հարկի ներքո, ճանաչեք միմյանց, հանդես եկեք նախաձեռնություններով, միավորեք ու նպաստեք հայ համայնքի կայացմանը, լավագույնս ձեր այլազգի ընկերներին ներկայացրեք մեր բազմադարյան մշակույթը: 

Հաջողություն ձե՛զ ու բարի մեկնարկ` 18-րդ խորհրդի կազմին, բոլոր հայ ուսանողներին:

Meri Danieljan

Nunush Adamjan

Aren Nagulyan

 Alisa Sofia Nerkararian

Annemarie Akopyan

David Santagkidis




Հրապարակում է Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը

Եղեք տեղեկացված մոտ անցյալի հայկական կյանքի օրվա իրադարձություններին. Սկիզբ, որ դրվեց  30 տարի առաջ



Նաիրա Գասպարյան 

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. հատուկ «Նիդ.Օրագրի» ընթերցողների համար


Հրապարակում է Սուրեն Սարգսյանի  «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որն իր բովանդակային ամբողջության մեջ և մասնագիտական խորությամբ կարող է ռումբի պայթյունի ազդեցություն ունենալ, քանի որ հայկական իրականության մեջ մենք հաճախ ցանկալին ենք ընդունում իբրև իրականություն՝ փակելով մեր աչքերն ու միտքը ռեալ իրականության առջև։ Գրքում գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա կատարված է 1988—92 թվականների հայ-ամերիկյան շփումների մասին խորքային վերլուծությունների միջոցով  վեր է հանվում  մեր տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը, Միացյալ Նահանգների շահերը հայ-թուրքական և արցախյան կարգավորման հարցում։ Քննարկվում են նաև գաղտնազերծված փաստաթղթեր Գորբաչյովի ՝ Հայաստան այցի, Սպիտակի երկրաշարժի, Ջեյմս Բեյքերի Հայաստան այցի ու  «Գոբլի պլանի» մասին չբարձրաձայնված մանրամասներ։ 

Գրքի հանգամանալից ընթերցումից և վերլուծությունների ենթարկված տեքստահատվածների մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզում ենք, որ այսօր տեղի ունեցող պրոցեսները ակնհայտորեն պիտի սկսվեին 30 տարի առաջ։ Գուցե այն հանգամանքը, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները չեն համընկել, պատճառ են դարձել դեպքերի իրականացման ձգձգմանը։ Պարզում ենք նաև, որ երևույթները առանձին լոկալ անձերից չեն կախված, այլ ամբողջությամբ ձեռագործ գոբելենի հատվածներ են սոսկ, որոնց իրագործման վրա կարող էր ազդեցություն ունենալ միայն ժամանակը, իսկ անձինք ընդամենը կատալիզատորի գործառույթ են իրականացրել։ Թերևս աշխատությունը պատկանում է այն հետազոտությունների խմբին, որոնք կպատասխանեն մեզանից յուրաքանչյուրի մոտ առաջացած այն հարցերին, որոնք վերաբերում են այսօր էլ տարածաշրջանում ընթացող գործընթացներին,  ամենաարդիական զարգացումներին և ամենաանսպասելի շեշտադրումներին։ Լինելով քաջատեղյակ ժամանակակից քաղաքական  զարգացումների դրսևորումները և արհեստավարժ մասնագիտական առումով, Սուրեն Սարգսյանին հաջողվել է փաստաթղթերի վրա հիմնված հետազոտությունը կատարել չեզոք դիրքերից և իր ընթերցողի վզին չփաթաթել սեփական դիտարկումերն ու կարծիքները։ Բայց, նշենք, որ նման բարձրակարգ հետազոտության լիարժեք ու անկողմնակալ ընկալման համար այնուամենայնիվ, հարկավոր է ունենալ մինիմալ գիտելիքներ ամբողջական գոբելենի պատկերն առանց ձախողման ընկալելու համար։ 

Սուրեն Սարգսյանը իրավաբան է՝ 2010թվից  ԱՄՆ ի Թաֆտսի համալսարանի  Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի իրավունքի մագիստրոսի աստիճանով։ Աշխատել է նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Ազգային ժողովում, իսկ 2017 թվից Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահն է։ Առաջին անգամ հրապարակվում են ամերիկացի  դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն  ուղարկած գաղտնի հրահանգները։ Գրքում հանգամանալից անդրադարձ է արված Հայ –ադրբեջանական էսկալացիային և Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած առաջին այցին։ Գիրքը պարունակում է գաղտնազերծված փաստաթղթերի ցանկ և արժեքավոր հեղինակային ծանոթագրություններ։ (Գիրքը ձեռք բերելու համար կարելի է դիմել հրատարակչություն հետևյալ հասցեով  «Հայաստանն ու Բուշն անձամբ» (newmag.am)):

Մեր կողմից հեղինակին մաղթենք նորանոր ձեռքբերումներ և շարունակական բարձրարժեք հետազոտական հաջողություններ։ 

https://livenews.am/press/2022/157700/18/14/34/

Սուրեն Սարգսյանի  «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսին վերաբերող 18.02.2022 լրատվության հետ կարելի է ծանոթանալ այստեղ

https://newmag.am/post/armenia-and-bush-himself

https://newmag.am/post/armenia-and-bush-himself-

Sunday, 8 October 2023

Շահենի գրքի, Արարատի ու մեծ ջրհեղեղի մասին



Մարտեն Շահենը ծնվել է 1700թ. Նիդերլանդների Ալկմար քաղաքում, մահացել  է  1770թ  հոկտեմբերի 20-ին: Հրատարակիչ-գրավաճառ էր, հոգևորական։

Մարտին Շահենը իր պատանեկության տարիներին Ալկմարում գրավաճառի աշակերտ էր: 1718 թվականին նա դարձավ Ալկմարի մենոնիտ համայնքի անդամ և տեղափոխվեց Ամստերդամ, որտեղ 1723 թվականին հիմնեց իր սեփական գրախանութը և հրատարակչությունը։ Խմբագրել է հիմնականում աստվածաբանական աշխատություններ և թարգմանել գրքեր անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից և լատիներենից։ Նա  Ուտրեխտում լեզվի, պոեզիայի և հնագիտության «Dulces ante omnia musae» ընկերության և Maatschappij der Nederlandse Letterkunde-ի հիմնադիրներից էր։

Շահենը թարգմանել է նաև անգլիացի, ֆրանսիացի և գերմանացի գրողների ստեղծագործություններ։ 1732 թվականին (Նկարում) նա հրատարակեց Ֆլավիուս Ջոզեֆուսի աշխատությունը՝  թարգմանված լատիներենից: Շահենը բավականին երկար ժամանակ նվիրվել է աստվածաբանական ուսումնասիրություններին և այդ պատճառով մեծ գիտելիքներ ուներ մենոնիտների պատմության մասին: Սա հանգեցրեց բազմաթիվ հրապարակումների: Նա նաև գրել է N.H. Weetlust կեղծանունով։ Շահենն իր գրադարանը թողեց Ուտրեխտի մենոնիտների համայնքին, որը 1834 թվականին վաճառեց այն Ամստերդամի Միացյալ մենոնիտ համայնքի գրադարանին:

 Նիդերլանդահայ գեղանկարիչ Serob Darbinian-ը կադրեր է հրապարակել Շահենի թարգմանած ու հրատարակած Ֆլավիուս Ջոզեֆուսի աշխատությունից` գրելով. «Ներկայացնում եմ  հայ հեղինակ Շահենի գիրքը,որը տպագրված է Ամստերդամում 400 տարի առաջ և որտեղ պատմվում է Արարատի ու մեծ ջրհեղեղի մասին»:

Թե որքանո՞վ է Մարտեն Շահենը հայ, հստակ տեղեկություններ չկարողացանք պարզել, բացի նրանից, որ  Պիտեր Մարտենս Շահենի և Գրիետե Յակոբս Վոլդերի որդին է, այնուամենայնիվ Շահեն ազգանունը երևի մի բան ասում է: Եթե ավելին գիտեք` գրեք մեզ:







Saturday, 7 October 2023

Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի դասախոսություն-սեմինարը ԵՊՀ-ում

Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկ

Արցախից 100 հազարից ավելի բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստան  տեղափոխվելուն զուգընթաց տասնյակ մասնագիտական խմբեր ու անհատներ են մեր երկիր ժամանել` իրենց փորձը կիսելու, հումանիտար, բարոյական, հոգեբանական լայն աջակցություն ցուցաբերելու համար: Ահավասիկ՝ Պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի դասախոսություն-սեմինարը, կազմակերպված ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Հոգեբանների ասոցիացիայի կողմից ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հարկի տակ, հայ երիտասարդության կողմից ընդունվեց բուռն հետաքրքրությամբ։ Արծարծված հարցերը  վերաբերում էին ծանր սթրեսներից, աղետներից, պատերազմների արհավիրքների արդյունքում հետտրավմատիկ հոգեկան գործընթացներին, որոնք անձի կամքից կախված չեն և կարող են առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի իրար հաջորդող կամ համատեղ սթրեսներից, ընդ որում սովորաբար միշտ ուղեկցվում են կամ խրոնիկ հիվանդությունների սրացմամբ, կամ մի խումբ նոր հիվանդությունների զուգակցմամբ։ Տարատեսակ և համալիր տրավմատիկ փորձառություններով պայմանավորված ազդեցությունները հասկանալու համար պրոֆեսոր Դրոժդեկն առաջարկում է համատեքստային և զարգացման մոդելը, որի պահանջն առաջացել է իբրև անցած տասնամյակների ընթացքում հոգեկան առողջության խնդիրների բարդ փոխհարաբերությունների ըմբռնման և դրանց կարգավորման հիմք։ Առաջացած մոդելը նպատակ ունի ձևավորելու հոգեկան առողջության խնդիրների լուծման նկատմամբ մոտեցումներ՝ անհատական, համատեքստային, էպիգենետիկ և մշակութային զգայուն  գործոնների հաշվառմամբ։ Տարիների աշխատանքը բացահայտում է, որ աղետների և դրանց արդյունքում տեղաշարժերն ու տեղահանությունները որոշիչ ազդեցություն են ունենում հանրության վրա՝ բազմակի սթրեսների և ֆիզիկական տրավմաներին զուգահեռ առաջացնելով ոչ միայն հոգեբանական  և սոցիալական խնդիրներ, այլև տանելով կյանքի իմաստի, մարդկանց ու երևույթների նկատմամբ վերաբերմունքի ու գնահատականի, արժեքների փոփոխության։ Ստեղծված իրավիճակներում, ինչպես համոզված է պրոֆեսորը, հաճախ նպատակահարմար է լինում հոգեբանական աջակցության հետ  զուգահեռաբար կիրառել նաև դեղորայքային միջամտություն։ Խնդրի վերջնական լուծումը մեծ համբերություն է պահանջում, քանի որ հոգեկան առողջությունը կարող է մեկ մոտեցմամբ չկարգավորվել։ Ուստի հաջող և վերջնական դրական արդյունքի հասնելու համար պրոֆեսորը հարկ է համարում պարզել, թե ինչպես է անձը հարաբերվում համատեքստին, ինչպիսի մշակութային պայմաններում է ապրել մինչև տեղահանությունը, նրա ունեցած հիվանդությունները և այլն։ 


Հարգարժան պրոֆեսորը համալսարան էր այցելել իր տիկնոջ և մտերիմ խորվաթ ընկերների հետ։ Ունկնդիրները, որոնք ոչ միայն ԵՊՀ –ն էին ներկայացնում այլև այլ կազմակերպություններ, ակտիվ մասնակցում էին զրույցին իրենց հետաքրքրող հարցադրումներով։ Նշենք, որ հարցերը բազմազան էին, առաջադրվում էին ինչպես հայերենով, այնպես էլ  անգլերենով, թարգմանչուհի Շուշանը հրաշալի կատարում էր իր աշխատանքը՝ ապահովելով աշխույժ աշխատանքային մթնոլորտ։ Զրույցը բացահայտեց, որ աշխարհի բոլոր երկրներում աղետներն ու արհավիրքները՝ անկախ կրթական ու մշակութային էթնիկ տարբերություններից, բերում են նույն հետտրավմատիկ շոկային խանգարումների, որոնց կարգավորումները ջանքեր ու համբերություն են պահանջում։ Շուրջ երկու ժամ տևած դասախոսություն-սեմինարը բավականին արդյունավետ էր  նախ այն առումով, որ գիտական արժեքավոր տեղեկատվություն էր պարունակում, հուսադրող էր, որ հայ ժողովրդի համար ստեղծված բարդ հոգեբանական իրավիճակում կարելի է ակնկալել դրական տեղաշարժեր, եթե ճիշտ կազմակերպվի թե զինվորականության ու թե քաղաքացիական բնակչության հոգեբանական աջակցությունը։ Վերջին հարցի առնչությամբ փոքրիկ զրույց ունեցանք սեմինարի կայացմանը սատարող սոցիալական հոգեբանության խնդիրներով զբաղվող ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանի հետ։ Պարզեցինք, որ բավականին աշխատանք է կատարվում  հոգեբանական աջակցության առումով, սակայն այս պահի դրությամբ հոգեբանների օգնությանը դիմողների քանակը գնալով մեծանում է, մինչդեռ օրենսդրական առումով բացերը դեռ շատ են։ Պարոն Ամիրյանը նշեց, որ Նիդերլանդներում հոգբանական աջակցության հիմնականում ուղղորդում է ընտանեկան բժիշկը ապահովագրական միջոցներով։ Հայաստանում այս ինստիտուտը դեռ կայացման փուլում է։ 2024 թվից նախատեսվում է պարտադիր ապահովագրության օրենքի գործունեություն և հոգեկան առողջության բարելավման ու կարգավորման նպատակով կապահովվի նաև հոգեբանական աջակցություն ապահովագրության սահմանում։

Նաիրա Գասպարյան 

 Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոն «Նիդ.օրագրի» թղթ. Երևան





Սեմինարի ընթացքում որակյալ արհեստավարժ թարգմանությունն իրականացրել է Շուշանը (ձախից ):


Հոգեբան, Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանն է: Պատմեց այն մասին թե ինչպես է կազմակերպվում հոգեբանական աջակցությունն այս պահին ՀՀ-ում , երբ իրավիճակն անասելի բարդ է, իսկ ծառայության համար դեռ ապահովագրություն չի գործում: Հույս հայտնվեց, որ 2024թ.ից հարցը կկարգավորվի օրենքով ։
Դավիթ Ամիրյան և Բորիս  Դրոժդեկ:  Ունկնդրին հուզող ամենահրատապ հարցերի քննարկում:
4
5
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Դավիթ Ամիրյանի մասին տես այստեղ  http://publishing.ysu.am/hy/Davit-Amiryan
Ակտիվ քննարկում, մեջտեղում  Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս բ. գ.թ. Ամալյա Սողոմոնյանը, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակը:

 Նարե Մանուկյանն է, ով ավարտելով ԵՊՀ-ի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ այսօր Ignite InnovationYNGO կազմակերպության նախագահն է, տեղադրված տեսաերիզներից մեկի հեղինակնը:

ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ. , մեր թղթակից Նաիրա Գասպարյանը  պրոֆեսոր Բորիս Դրոժդեկի հետ:

Դասալոսությունից հետո` Բորիս Դրոժդեկը և Խորվաթիայից ժամանած նրա բարեկամը : 

Լուսանկարում` դրվագներ միջոցառումից:
Լուսանկարները` հեղինակի



***
Along with the relocation of more than 100,000 forcibly displaced compatriots from Artsakh to Armenia, dozens of professional groups and individuals have arrived in our country to share their experience and provide humanitarian, moral and psychological support. Professor Boris Drozdek's lecture-seminar, organized by the YSU Continuing Education Center and the Association of Psychologists under the auspices of the YSU Faculty of Philosophy and Psychology, was received with great interest by the Armenian youth. The discussed issues related to post-traumatic mental processes as a result of severe stress, disasters, war events, which do not depend on the person's will and can be caused by one or several successive or combined stresses, and are usually always accompanied by either exacerbation of chronic diseases, or with the combination of a group of new diseases. To understand the effects of diverse and complex traumatic experiences, Professor Drozhdek proposes his contextual and developmental model, which has been called for over the past decades as a basis for understanding and managing the complex interrelations of mental health problems. The resulting model aims to develop approaches to solving mental health issues taking into account individual, contextual, epigenetic and culturally sensitive factors. Years of work reveal that disasters and displacements result in a decisive impact on society causing not only psychological and social problems along with multiple stresses and physical traumas, but also leading to a change in the meaning of life, attitude and evaluation towards people and phenomena, and already established values. In the created situations, as the professor is convinced, it is often advisable to apply drug intervention parallel with psychological support. The final solution to the problem requires a lot of patience, because mental health may not be solved with one approach. Therefore, in order to achieve a successful and ultimately positive result, the professor considers it necessary to find out how the person relates to the context, what kind of cultural conditions he lived in before the displacement, the diseases he had, etc.
The respected professor visited Yerevan State University with his wife and close Croatian friends. The audience, who represented not only YSU but also other organizations, actively participated in the conversation with their interesting questions. It should be noted that the questions were diverse, they were asked both in Armenian and in English, interpreted by Shushan who did a wonderful job, ensuring a lively working atmosphere. The conversation revealed that disasters and catastrophes in all countries of the world, regardless of educational and cultural ethnic differencesof inhabitants, lead to the same post-traumatic shock disorders, the adjustments of which require effort and patience. The lecture-seminar, which lasted for about two hours, was quite effective, first of all, in the sense that it contained valuable scientific information, it was reassuring that positive changes can be expected in the difficult psychological situation created for the Armenian people if the psychological support of both the military and the civilian population is properly organized. Regarding the last question, we had a small conversation with YSU Associate Professor Davit Amiryan, who deals with the problems of social psychology and supported the holding of the seminar. We found out that a lot of work is being done in terms of psychological support, but as of now, the number of people applying for the help of psychologists is increasing, while there are still many gaps in terms of legislation. Mr. Amiryan mentioned that in the Netherlands, psychological support is mainly directed by family doctors with insurance funds. This institute is still under construction in Armenia. From the year 2024, the operation of the mandatory insurance law is planned, and for the purpose of improving and regulating mental health, psychological support will also be provided within the scope of insurance.

Naira Gasparyan 
(PhD) for The Diary of the Netherlands, 
Associate Professor, Yerevan State University


Monday, 2 October 2023

Նիդերլանդների հայերը զայրույթով ու անհանգստությամբ են հետևում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

NRC Նիդերլանդական հայտնի լրատվամիջոցից

Այս հոդվածը` բովանդակային թարգմանությամբ, «Նիդերլանդական օրագիրը»  ներկայացնում է իր ընթերցողի ուշադրությանը: 

Նիդերլանդերեն կարդացողների համար վերջում տեղադրել ենք հղում-աղբյուրը:

Նիդերլանդների հայերը  զայրույթով ու անհանգստությամբ են հետևում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Լեռնային Ղարաբաղի անկլավ Ադրբեջանի ներխուժումը` Նիդեռլանդների հայերի մոտ մեծ զգացմունքներ է առաջացրել: «Բոլորը  հեռուն չտեսան», - ասում են Mijdrecht- ում Արցախի հայերին օգնություն հավաքող հայերը:

Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան հարյուր հազար մարդ գաղթվել է Հայաստան: Լեռնային Ղարաբաղի վերջին բնակիչները՝ գրեթե քսան հազարը, դեռ ճանապարհին են։ Դա կոչվում է «էթնիկ զտումներ»: Ադրբեջանի կառավարությունը ռազմական ուժով վերցրեց հայկական այս անկլավը (Հարավային Հոլանդիայի չափ տարածք):

Նիդերլանդներում ապրող հարազատները սերտ կապի մեջ են փախստականների հետ` ինտերնետի միջոցով: Ի՞նչ են նրանք լսում նրանց ճակատագրի մասին, այս ամենից դժվար է ամբողջական պատկեր կազմել,  քանի որ կա՛մ զգացմունքները դեռ շատ բուռն են և չափազանց թարմ: Հնարավոր է շուտով հետևի բարկությունը եվրոպական կառավարությունների և միջազգային լրատվամիջոցների նկատմամբ, քանի որ հնչում է այն մեղադրանքը, որ «բոլորը հայացքները թեքեցին», Հարավային Կովկասում այս հակամարտությունը դուրս եկավ վերահսկողությունից։

Երկու հարյուր պայուսակ

Վահան Ավագյանը՝ ձեռներեց, պատմաբան, խոսում է գործնական տոնով: Որպես Ամստերդամի հայկական մշակութային հիմնադրամի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու նախագահ, նա ղեկավարում է օգնության մի ջոկատ: Մոտ երկու հարյուր պարկեր և պայուսակներ լրացնում են ընկերության պահեստի մուտքը Mijdrecht-ում, Aalsmeer-ի մոտ: Հոլանդահայերը մեքենայով գնում են տարածաշրջանի տարբեր ծայրերից, երբեմն էլ՝ հեռու, ձմեռային հագուստ և վերմակներ բերելու: Մոտ տասը կամավորներ լցնում են ծաղիկների արտահանման համար նախատեսված մեծ արկղերը: Անտվերպենից արտահանողը, ով ևս ծագումով հայ է, հաջորդ շաբաթ իր կանոնավոր տրանսպորտով առաջին օգնության խմբաքանակը կուղարկի Հայաստանի մայրաքաղաք Երևան։

Նախագահ Ավագյանը և նրա հիմնադրամը նման կարգի օգնություն սկսել են ավելի վաղ՝ 2020 թվականից, երբ Ադրբեջանն արդեն նվաճել էր այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը։ Նա հուսով է, որ սա վերջին անգամը չի լինի: Հայերի պատմությունը եղել է խոցելի: Հայ քրիստոնյա բնակչությունը գոյատևել է ռուսական, թուրքական և/կամ արաբական կողմի էքսպանսիոնիզմով լի թշնամական միջավայրում:

Ինքը՝ Ավագյանը, 1990 թվականին Հայաստանից է Նիդերլանդներ  տեղափոխվել։ Նա պատմում է Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում ապրող երկու ընտանիքի մասին, որոնց  օգնություն է ցուցաբերել ։ Նրանց տները ավերվել են սեպտեմբերի 19-ի ռմբակոծությունների ժամանակ։ Մի քանի օրվա դժվարին ու անհանգիստ ճամփորդությունից հետո նրանք հասել են Ստեփանակերտ՝ անկլավի գլխավոր քաղաքը։ Այնտեղից ընտանիքները մեքենայով  հասել են Հայաստանի սահմանամերձ Գորիս քաղաք՝ միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Նորմալ պայմաններում սա երկու ժամվա մեքենայով ճանապարհ է, բայց փախստականների անվերջանալի խցանման մեջ դա տևել է ավելի քան 24 ժամ: «Բարեբախտաբար, ես կարողացա  կազմակերպել նրանց խնամքը»,-ասում է Ավագյանը: «Նրանք ապահով են, բայց նրանց համար շատ դժվար կլինի հաշտվել այս սարսափների հետ»:

Նիդերլանդների հայ համայնքն ունի մոտավորապես երեսուն հազար մարդ, որոնցից մոտ երեք հազարը ապրում են Ամստերդամի մարզում։ Նրանց մեծ մասը արտագաղթել է արևելյան Թուրքիայից, որոնց թվում՝  Mijdrecht-ի ընկերության այս պահեստում։ աշխատողները: Ոչ, նրանք Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատներ չեն ունեցել, ամենաշատը մեկ անգամ են արձակուրդ գնացել Հայաստան։ Համերաշխությունից և կարեկցանքից է, որ նրանք այժմ օգնության պարագաներ են բերում: Հայ ժողովուրդն ապրում է «սփյուռքում», որից 3 միլիոն մարդ այժմ գտնվում է սպառնալիքի տակ, ավելի քան 8 միլիոնը արտերկրում  է՝ սփռված ամբողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

Ցավագին

Նիդերլանդների հայկական կազմակերպությունները միավորված են FAON ֆեդերացիայում։  Հեռախոսային հարցմանը, քարտուղար Ինգե Դրոստը (նա «կես» ծագումով հայ է) ասաց, որ տեղյակ չէ փախստականների համար դրամահավաքի որևէ այլ արշավի մասին: Նա մատնանշում է «Հայաստան» հիմնադրամի գոյությունը: «Ապրանքների տեղափոխումը թանկ է, իսկ լոգիստիկան բավականին դժվար է», - ասում է նա: «Մենք աշխատում ենք Հայաստանում մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնք հստակ գիտեն, թե ինչ կարիքներ և պահանջներ կան տեղում»։

Քարտուղար Դրոստը «ցավագին» է համարում, որ իր հեռախոսն այժմ զանգ-զանգի հետևից է ստանում, մինչդեռ վերջին ամիսներին  սարսափելի լռություն էր պահպանում, նույնիսկ այն ​​բանից հետո, երբ քաղաքական, դիվանագիտական ​​և լրագրության աշխարհում տագնապալի նամակներ ու մամուլի հաղորդագրություններ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղի մոտալուտ գրավման մասին:  Այնուհանդերձ, նա իր հնարավորությունների սահմաններում միջնորդում, խրախուսում է, որպեսզի հայկական ծագում ունեցող մարդիկ կապվեն փախստական ​​հարազատների հետ:  Հաագայում երաժշտության ուսուցչուհի Սվետլանա Աղաջանյանը մոր կողմից ունի երկու հորեղբայր, որոնք փախել են իրենց երեխաների և թոռների  հետ: Նա «դժոխքի միջով է անցել», ասում է. «Դու քեզ այնքան անզոր ես զգում, այնքան հեռու նրանցից։ Գիտես, որ նրանք ճանապարհին են պատերազմական գոտում: Այլ բան չես կարող մտածել, քան՝ կհաջողվի՞ կենդանի հասնել Հայաստան»։ Նրա մերձավոր ընտանիքի անդամներին դա հաջողվել է, բայց Նրանք  լուրջ մտահոգված են իրենց այլ ծանոթների ճակատագրի վերաբերյալ, որոնց հետ օրեր շարունակ չի հաջողվում ոչ մի շփում ունենալ։

Նելլի Պետրոսյանը Waddinxveen-ից, ով  մասնագիտացած է տրավմա ունեցող մարդկանց բուժման մեջ, ներկայումս ապրում է «խորը վախի մեջ», քանի որ նրա հորեղբոր տղան չի գտնվել: «Ընտանիքս օրերով  նրան է սպասել, իսկ վերջում ՝հեռացել են առանց նրա»։

Իրականում, ասում է Պետրոսյանը, «իմ փորձ ունեցող մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ գնան Հայաստան՝ հոգեսոցիալական օգնություն ցույց տալու։ Ներկայումս ես ինքս չեմ կարողանում դա անել: Ես զգում եմ, որ իմ մի մասը պոկվել է»:

Լիակատար արհամարհանք

Հաագայի խորհրդատվական խորհրդի աշխատակից Արմինե Ստեփանյանը նույնպես մշտական ​​կապի մեջ է փախստական ​​ընտանիքի անդամների ու ծանոթների հետ։ Նա պատմում է նրանց տագնապների մասին, վերջին ինը ամիսների ընթացքում  ունեցած դժվարությունների մասին, երբ ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղը փակվեց արտաքին աշխարհից: «հասկանալի խնդիրների» մասին նա պատմելու է:

 «Այժմ պետք է հստակեցվի այս հակամարտության ենթատեքստը։ Այն, ինչ անում է Պուտինը Ուկրաինայում, դա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանի բռնապետ Ալիևը Հայաստանում։ Երկուսն էլ խորը արհամարհանքով են վերաբերվում ժամանակակից հասարակությանը: Հայաստանը ժամանակակից երկիր է, որը ցանկանում է կրել Եվրոպական արժեքներ: Բայց Եվրամիությունը Հայաստանին թողնում է  ճակատագրի կամքին, մինչդեռ նույն ԵՄ-ն խոսում է Եվրոպայի մասին՝ որպես արժեհամակարգի։ Ես այլևս չեմ կարող այս մասին մտածել առանց զայրանալու»։

1 oktober 2023

https://www.nrc.nl/nieuws/2023/10/01/armeniers-in-nederland-kijken-angstig-en-boos-naar-situatie-in-nagorno-karabach-je-voelt-je-zo-machteloos-zo-ver-bij-hen-vandaan-a4175898