Արգինա Հարությունյանը կարճ ժամանակով եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկում` Նյու-Յորքում: Նա ընթացքում 4 կարճ տեսաերիզ պատրաստեց ու ընթերցողին էլ հրահանգեց` 🔅Շատ խիստ դատեք: ՈՒ իրոք եղան «խիստ դատողներ » ... Նրանցից մեկը մեկնաբանությունների սյունակում պարզապես այսպես գրեց. «Տեսանք, բայց ոչ մեկիդ վերադարձը չտեսանք մաքուր ապահով ՀԱՅԱՍՏԱՆ»:
Շտապենք ավելացնել, որ Արգինան «մաքուր ապահով» հիմա Հայաստանում է ու անտեղի է այս ընթերցողի մտահոգությունը:
Հակիրճ ու տպավորիչ, յուրովի ու հետաքրքիր մեկնաբանությամբ պատրաստված նրա բոլոր 4 տեսաերիզներն էլ , որոնք ներկայացրել ենք մեր ֆեյսբուքյան էջում ՝ այժմ էլ հետաքրքրության են արժանանում, մինչ հիմա այն դիտել է 50 հազ. ավելի մարդ և նրանցից շատերը պարզապես մի նոր բան տեսնում են այնտեղ` գեղեցիկ ու գրագետ խոսք, նուրբ հումոր, համեմատական եզրեր ու ամենակարևորը անսահման սեր սեփական երկրի հանդեպ:
Արգինա Հարությունյանի տեսաերիզներն այստեղ ի մի բերելուց բացի ներկայացնում ենք նրա օդանավակայանից արված գրառումը:
Նյու Յորքում անձնագիրս ստուգողը ասաց.
-Հիմա Վիեննա եք թռչում,իսկ Ձեր վերջին կանգառը ո՞րն է...
-Հայաստան, Երևան,-պատասխանում եմ:
-Հա՜… այդ ի՞նչ երկիր է, առաջին անգամ եմ լսում այդ երկրի անունը,-տարօրինակ ժպիտով հարցրեց:
Պատասխանեցի, երբ արդեն անձնագիրս վերադարձրել էր ու հեռացել էի իրենից, պատասխանեցի ինքս ինձ՝ գժի պես, բարձրաձայն...
Հայաստանը մի երկիր է, որի տեղը քեզ արագ հասկացնելու համար պիտի առաջինը հարևան թշնամուս անունը տամ, որի ավիաուղին հաղթել է բոլոր հնարավոր անվանակարգերում ու ամբողջ օդանավակայանով մեկ, ամեն տեղ գրած կպցրած է այդ մասին՝ լավագույն բիզնես կլաս, լավագույն կոմֆորտ, ամենաանվտանգը աշխարհում... Հայաստանը մի երկիր է, որտեղ բլոկադայի պայմաններում ընտանիքներ են ստեղծվում ու երեխաներ են ծնվում, որտեղից մարդիկ դարեր շարունակ փախչում ու փախչում են, բայց միշտ այ այսպես լայն ժպիտով են վերադառնում...
Տուն
Հակիրճ ու տպավորիչ
Պետք է գնալ Ամերիկա, որպեսզի կարողանաք այցելեքմլ Մետրոպոլիտեն թանգարան: Հավանաբար շատերդ եք լսել հարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանի մասին, որի մշտական հավաքածուն պարունակում է ավելի քան երկու միլիոն գործ, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ, որոնցից մեկը մեր Արգինա Հարությունյանն է (Аргина Арутюнян): Հենց նրա յուրահատուկ պատրաստած այս տեսաերիզն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Մեզանից շատերը Ամերիկայի մասին պատկերացում ունեն Լոս Անջելեսի հայերի պատմություններից: Արգինա Հարությունյանը (Аргина Арутюнян) եղավ Ամերիկայի «հակառակ» ափին` Նյու Յորքում և թանգարան գնալու ճանապարհին օգտվեց քաղաքային տրանսպորտից: Ահա թե ինչպիսին տեսավ... Տեսաերիզը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Այս անգամ Արգինա Հարությունյանը եղավ Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի (MoMA) թանգարանում: Այն ունի ընդգրկուն հավաքածու, որոնց մեջ են անգամ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը: Նմանատիպ թանգարանների մեջ Նյու Յորքինը չափանիշ է հանդիսանում։ ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ։ Թանգարան է այցելելում տարեկան 3 մլնից ավելի մարդ, այն Նյու Յորքի տեսարժան վայրերից է։
Այո, չեք սխալվի, եթե լինեք Նյու-Յորքում, ապա անպայման այցելեք Բրոդվեյի երաժշտական թատրոն (անգլ.՝ Broadway theatre): Բրոդվեյը համարվում է ամերիկյան թատերական մշակույթի հիմքը: Բրոդվեյի ներկայացումները դիտելը համարվում է Նյու Յորք այցելած տուրիստների սիրած զբաղմունքը։ Միայն այդ ներկայացումները կարող են արժանանալ «Թոնի» մրցանակի, որը ամեն տարի շնորհվում է ամերիկյան թատրոնի բնագավառում ունեցած նոր ձեռքբերումների համար: Իսկ եթե այդ մշակույթում առկա է քո հայրենակցի ներդրումը, ապա հպարտանալու տեղ ունես:
«Ամբասսադոր» թատրոնը հանդիսատեսի համար իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին՝ «The Rose Girl» մյուզիքլի պրեմիերայով, սակայն այս անգամ Արգինա Հարությունյանին բախտ վիճակվեց դիտել 1996 թվականին Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը:
Նյու Յորքից վաղուց եմ վերադարձել, բայց իմ կլորիկ թուշիկներով բալիկը չէր թողնում, որ ավարտուն տեսքի բերեմ այս վերջին հոլովակը ու տեղադրեմ էջումս: Այսօր շատ խնդրեցի՝ թողեց:
Գիտեմ, որ նախորդ հոլովակները շատ սիրվել էին ու տարածվել, այնքան շատ էին տարածվել, որ Նիդերլանդական ամսագրերից մեկում ամոթանք էի ստացել հայրենիքը լքելու համար😂
Չէ, սիրելիներս, ես այստեղ եմ, վաղուց, Հայաստանում եմ 🎈 Շնորհակալ եմ իմ գորունեությանը ակտիվ հետևելու համար: Դե ինչ, ձեզ բարի դիտում 🎈
2022 թվականի օգոստոսի 25-ին հիմնադրվել է «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը:
Հայկական իրականության մեջ արդեն մեկ տարի է, որ գործունեություն է ծավալում «ՄԻԱՍԻՆ»-ը:
Մեկամյա գործունեության մանրամասների և հետագա անելիքների շուրջ Miasin.am-ըզրուցել է «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանի հետ:
-Ինչպե՞ս միտք հղացավ ստեղծելու «ՄԻԱՍԻՆ» համահայկական կազմակերպությունը:
– Կազմակերպությունը հիմնադրելու գաղափարը անընդհատ ուղեկցել է ինձ վերջին տարիներին: Որոշման մասին տեղեկացնելով գործընկերներիս` նրանց առաջարկեցի միանալ ինձ՝ միասին հիմնադրելու Հայաստանի, Արցախի զարգացմանը, հայ ժողովրդի բարեկեցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նպաստող կազմակերպություն: Հուրախություն ինձ՝ բոլորի կողմից գաղափարն ընդունվեց խանդավառությամբ: Ամփոփելով մեր մտքերը և որպես աշխատանքային ուղենիշ սահմանելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անխաթարությունը՝ վճռականորեն որոշեցինք գործի անցնել և մեր ներդրումն ունենալ համազգային արժեքների պահպանման գործում:
Որոշեցինք ուշադրության կենտրոնում պահել նաև հանրությանը հուզող մի շարք խնդիրներ:
–Ովքե՞ր են Ձեր համախոհները:
-Հիմնադիր կազմում ընտրվել են սկզբունքային և բանիմաց, հմուտ մասնագետներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ու փորձառությամբ օժանդակելու են վերոնշյալ հիմնախնդիրների լուծմանը: Նրանք նախևառաջ իմ գործընկերներն են, որոնց հետ երկար ճանապարհ եմ անցել ՀՀ սփյուռքի նախարարությունում աշխատելու տարիներին: Միասին սերտորեն համագործակցել ենք սփուռքի համահայկական, հոգևոր կառույցների հետ` միմյանց հետ կիսելով աշխատանքային հոգսերն ու ձեռքբերումները:
Մտադիր ենք դառնալ համահայկական այն հարթակը, որի շուրջ միավորելով ազգային ներուժն ու ջանքերը՝ Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու աննկուն կամքով կկարողանանք իրականացնել համակարգված աշխատանք` գործունեության կիզակետում պահելով հայի հոգևոր շահը, ազգի միասնականությունը։ Անչափ երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանին` Սփյուռքի հետ հաճելի և պատասխանատու աշխատանքային գործունեության հնարավորություն մեզ ընձեռելու համար:
-Նշեք խնդրեմ, «ՄԻԱՍԻՆ»-ի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները:Ո՞րն է հիմնադիր կազմի տեսլականը:
– Ընտրել ենք այնպիսի ոլորտներ, որոնց ուղղությամբ, կարծում ենք, անելիքները շատ են: Հավատարիմ մնալով մեր որդեգրած առաքելությանը, համագործակցելով Հայաստանի և Սփյուռքի համահայկական հոգևոր կառույցների հետ` իրականացնելու ենք համազգային նշանակության բազում և բազմաբովանդակ ծրագրեր` ուղղված միջմշակութային երկխոսության ձեռքբերմանը, հայապահպանությանը, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը, սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում բոլոր հայերի իրական ներկայացվածության ապահովմանը և այլն:
Ուշադրություն ենք դարձնելու աշխարհասփյուռ հայ երիտասարդների ինքնության պահպանման խնդրին։ Համատեղ իրականացնելու ենք զանազան ծրագրեր նաև ՀՀ մարզերում` աշխուժացնելով գյուղական կյանքը։ Օրակարգում պահելու ենք նաև Արցախյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած, տուժած քաղաքացիների ընտանիքներին և հասարակության այլ խոցելի խավերին։
-Ինչու՞ «ՄԻԱՍԻՆ»:
-Գիտեք, անվանման ընտրության հարցում շատ չենք մտածել. ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Կազմակերպության համահիմնադիրներից երկուսը 2020 թվականին արդեն ստեղծել էին Miasin.am համահայկական հարթակը, որտեղ ներկայիս կազմով օգնում էինք կայքէջի աշխատանքներին: Որպես գաղափարաի շարունակություն, քննարկման արդյունքում ընտրությունը միաձայն կանգնեց այս անվանման շուրջ: Վերոնշյալ կայքէջը դարձել է մեզ աջակից լրատվամիջոց, որտեղ ընթերցողները կծանոթանան կազմակերպության գործունեությանը:
Իսկ խորհրդանիշի ընտրության հարցում երկար ծանրութեթև ենք արել: Ի վերջո, կանգ առանք խատուտիկ-առագաստանավի շուրջ, որն արտացոլում է հայոց ամբողջականությունն ու հոգևոր-ազգային վերածնունդը:
Խատուտիկը, որպես մասը ամբողջ դարձնելու խորհրդանիշ, ունի բաց ծովում լողացող առագաստանավի տեսք: Առագաստը, քամու ուժով առաջ մղելով նավը, հայ ժողովրդին դուրս է բերում հայրենի ափ: Խատուտիկից պոկված սերմերը, որոնք խորհրդանշում են աշխարհասփյուռ հայերին, վերադառնում են իրենց «արմատին», որպես միասնականության և նոր սկզբի ավետում։ Դեպի խատուտիկ ձգվող սերմերը յոթն են՝ հայոց այբուբենի յոթերորդ սրբազան թիվը, աստվածային էության խորհուրդը: Գույները ևս իրենց նշանակությունն ունեն.շագանակագույնը խորհրդանշում է հայրենի հողը, կանաչը՝ հավերժությունը, կապույտը՝ խաղաղությունը:
-Ի՞նչ ծրագրեր է հասցրել իրականացնել «Միասին»-ը մեկ տարվա ընթացքում:
–Մինչ պատասխանելը հիմնական հարցին, նախ կուզեի անդրադառնալ մեր հայաստանյան և սփյուռքյան գործընկեր կազմակերպություններին, որոնց հետ այս մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաբնույթ ծրագրեր:
Հայաստանում մեր գործընկերներն են ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը, «Մեր տունը» սոցիալական ՀԿ-ն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն, «Հայ արմատ» բարեգործական ՀԿ-ն, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Պատանի առաջնորդների դպրոց-Էջմիածին» ՀԿ-ն, ԵՊԲՀ «Բժշկի ուղի» նախագիծը:
Համագործակցության շրջանակ է ձևավորվել նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Գուգարաց, Շիրակի և Կոտայքի թեմերի հետ:
Սփյուռքյան կառույցներից սկսել ենք համագործակցել ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի, Լիեժի «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության, Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի, «Միացիր» ավտրահայերի նախաձեռնությամբ ստեղծված համահայկական հարթակի, Ռոստովի «Հայաստանի փայլեր» պարախմբի հետ: Ամենայն հարգանքով մեր անկեղծ շնորհակալությունը բոլոր գործընկերներին վստահության և համագործակցության համար:
Հետհայացք գցելով մեկ տարվա կատարած աշխատանքին՝ նկատելի է, որ ակտիվ, բուռն գործունեություն ենք ծավալել: Իրականացրել ենք մեր առջև դրված և հասարակական կազմակերպության նպատակներից բխող 10 ոլորտային ծրագրեր՝ ամենօրյա գրաֆիկով թիմով հետևելով աշխատանքների կատարմանը:
Մեր մասշտաբային ծրագրերից էր Հայաստանի և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը:
Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպել ենք «Առաքելություն Հայաստան» ՀԿ Շենգավիթի Տարեցների ցերեկային կենտրոնի 17 շահառուների ուխտագնացությունը Արագածոտնի մարզի Սուրբ Գևորգ, Հովհաննավանք և Սաղմոսավանք եկեղեցիներ: Ապա իրականացրել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հանդիպումը «Առաքելություն Հայաստան» ՀԿ Շենգավիթի Տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների «Գոհարներ» երգչախմբի անդամների հետ:
-Նկատելի է, որ տարեցների հիմնախնդիրները կազմակերպության կիզակետում են: Իսկ այլ ծրագրեր իրականացրե՞լ եք:
-Շարունակելով սոցիալական ծրագրերի իրականացումը՝ կազմակերպել ենք «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, Արցախի Աղավնո գյուղից տեղահանված և Էջմիածնում հաստատված ընտանիքների երեխաների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երեխաների աջակցության «Քուրքչյան» կենտրոնի սաների համար: Գուգարաց Թեմի «Ծիծեռնակ» ճամբարում կազմակերպել ենք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների և Արցախից տեղահանված ընտանիքների մի խումբ երեխաների ամառային հանգիստը:
Կրթական ծրագրերի շարքում ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի «Բժշկի ուղի» նախագծի անդամների հետ իրականացրել ենք «Նախաբժշկական օգնություն» հանրային իրազեկման դասընթացները Էջմիածնի «Մեր տունը» ՀԿ սաների, Էջմիածնի բնակիչների, Շիրակի, Գուգարաց, Արարատյան Հայրապետական Թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամների համար: Դասընթացի շրջանակներում վերապատրաստել ենք շուրջ 100 երիտասարդի: Էջմիածնում կազմակերպել ենք «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» խորագրով բաց սեմինարը: Իրականացրել ենք նաև «ReGeneration» մասնագիտական կողմնորոշման կրթական վեցամսյա ծրագրի 4-րդ խմբի ծրագիրը Էջմիածնում՝ որպես ծրագիրը համակարգող կառույց:
Ուշադրության կենտրոնում են եղել նաև մշակութային նախաձեռնությունները. «Միասին» ՀԿ-ի՝ սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթը տարածելու և զարգացնելու նպատակով Վառնայի հայկական համայնքում կազմակերպել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի ելույթը՝ Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգի շրջանակներում: Կազմակերպել ենք նաև Հայաստան ժամանած Փարիզի Սեն-Դենի համալսարանի 30-ամյա պրոֆեսիոնալ «Soli-Tutti» երգչախմբի «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» խորագրով համերգը Էջմիածնում:
–Ունեցե՞լ եք արդյոք այցելություն սփյուռք և համագործակցություն սփյուռքի կառույցների հետ:
-Պատկերացրեք, այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք նաև սփյուռք այցելել: Մայիսին Բուլղարիայի Վառնա քաղաքի «Արաքս» մասնաճյուղի ատենապետուհի Շողիկ Սիմոնյանի հրավերով հնգօրյա աշխատանքային այցելություն ունեցա Վառնայի հայկական համայնքում: Նախ և առաջ նպատակը, ինչպես արդեն նշեցի, Վառնայում գործող «Գայանե Մարաշլյան» պարախմբի հաշվետու համերգ-ներկայացման շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի ելույթի կազմակերպումն էր:
Մեզ հաջողվեց վառնահայ համայնքում հայաշունչ միջոցառում ունենալ և մեր հայրենակիցներին և բուլղարացիներին խանդավառել, առավել մոտիկից ծանոթացնել հայկական մշակույթին: Այցելության շրջանակներում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ.Տաթև եպս. Հակոբյանի մասնակցությամբ համայնքային հանդիպումներ ունեցանք, ներկայացրի մեր կազմակերպության նպատակներն ու իրականացրած աշխատանքները: Օրակարգում էր նաև ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի հետ փոխգործակցության հուշագրի կնքումը:
Կարծում եմ՝ հետագայում հուշագրի կնքման արդյունքում համագործակցության լայն դռներ կբացվեն երկու կառույցների միջև:
– Որո՞նք ենք «Միասին»-ի հետագա անելիքները և ո՞րն է համագործակցության Ձեր կոչը:
-«Միասին»-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը, շարունակելու է իրակացնել տարբեր հանրօգուտ և ազգաշահ ծրագրեր: Արդեն ուրվագծվում են հաջորդ տարվա անելիքները և ծրագրերը, որոնք ձգտելու ենք համատեղ ջանքերով կյանքի կոչել: Ուրախ կլինենք, եթե մեր հայրենակիցներն արձագանքեն մեր կոչին՝ ներկայացնելով իրենց տեսլականը: Մեզ համար կարևոր ու արժեքավոր է յուրաքանչյուր մտահոգ մարդու կարծիքը. պատրաստ ենք քննարկելու բոլորի առաջարկները:
Մենք պատրաստակամ ենք ձևավորելու աշխատանքային միասնական օրակարգ` լծվելով հայրենաշեն ծրագրերի իրականացմանը: Անելիքները, իսկապես, շատ են: Մի կարևոր հանգամանքի ևս անդրադառնամ: Մենք բաց ենք համագործակցության համայն հայության հետ՝ որպես գերակա շահ ընդունելով ազգայինը:
ՈՒշագրավ ենք համարում լրագրող, խմբագիր Սագո Արեանի «Սփիւռքի մէջ պէտք է դիմակայել հայ ինքնութեան կորուստի սպառնալիքին» վերնագրով հարցազրույցը` նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանի հետ: Այն նախ լույս տեսավ Պոլիսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի օգոստոսի 26-ի համարում, հետո արտատպվեց «Արեւելք լրատուականի» օգոստոսի 29-ի համարում: Հաշվի առնելով բարձրացված հարցերի արդիականությունն ու հայ իրականության ներկա խրթին վիճակը` մենք նույնպես այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
«Սփիւռքի մէջ պէտք է դիմակայել հայ ինքնութեան կորուստի սպառնալիքին
Հոլանտահայ գաղութի աշխոյժ դէմքերէն մին է Մատթէոս (Մաթօ) Հախվերտեան, որու գործունէութեան զանազան երեսակները կը վերաբերին նաեւ հայ իրականութեան հրատապ օրակարգին։ Վերջերս առիթն ունեցանք այդ բոլորին շուրջ իր կարծիքը շօշափելու։ Ստորեւ կը ներկայացնենք իր ուշագրաւ մօտեցումները։
-Երկար ժամանակէ ի վեր կ՚ապրիք Հոլանտայի մէջ եւ ներկայիս ի՞նչ են տեղւոյն հայ գաղութի առկայ մարտահրաւէրները։
-Ինչպէս աշխարհի բոլոր երկիրներուն մէջ, այնպէս ալ Հոլանտայի մէջ վերջին տասնամեակներուն հայ ազգաբնակչութեան թիւը եւ կազմը էականօրէն փոփոխութեան ենթարկուած են։ Եթէ անցեալ դարու 1950-ական թուականներուն Հոլանտա կը բնակէին Ինտոնեզիոյ նախկին հայ գաղութէն եւ Յունաստանէն «Նանսէնեան անձնագիր»ով վերաբնակեցուած քանի մը տասնեակ հայ ընտանիք, 1970-ական թուականներէն սկսեալ Հոլանտա հաստատուեցան հայեր Մերձաւոր Արեւելքի զանազան երկիրներէն եւ մասնաւորապէս Թուրքիայէն։ Հայութեան թիւը կտրականօրէն փոխուեցաւ Խորհրդային Միութեան փլուզումէն եւ Հայաստանի անկախացումէն ի վեր։ Վերջին երեսուն տարուան ընթացքին հոլանտահայութեան թիւը հասաւ շուրջ 40 հազարի, նախկին տարիներու 3 հազարէն։ Այս բոլոր փոփոխութիւնները բնականաբար կը փոխեն հասարակական կարիքները եւ խնդիրները։ Որքան ալ տարօրինակ թուի, այս բոլոր տեղաշարժերէն չի փոխուիր մեր հիմնական խնդիրը՝ դիմակայել հայ ինքնութեան կորուստի սպառնալիքին եւ նպաստել սփիւռքի մէջ հայապահպանման։ Ի հարկէ, հայապահպանումը ինքնանպատակ չէ, այլ կը բխի հայ դարաւոր մշակութային արժէքները պահելու, հայրենիքին ծառայելու, հայրենի հողը վերաբնակեցնելու եւ հայրենիքը շէնացնելու ցանկութենէն։ Սա երքեք չի նշանակեր, որ հոլանտահայ կառոյցները անտարբեր են Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի այլ գաղթօճախներու խնդիրներու նկատմամբ։ Այսօր մեզի համար առաջնահերթ կարեւորութիւն ունի Արցախի հայութեան ճակատագիրը եւ ստեղծուած մարդասիրական ճգնաժամը, ինչպէս նաեւ Հայաստանի գոյատեւման եւ զարգացման հարցերը։
-Ինչպէս ծանօթ է, կը ղեկավարէք Հոլանտայի հայկական համայնքէն ներս կարեւոր գործունէութիւն վարող «Աբովեան» միութիւնը։ Ի՞նչ են ձեր առաջնահերթութիւնները եւ միութեան համար առաջնային հիմնահարցերը։
-«Աբովեան» մշակութային միութիւնը կը գտնուի Հոլանտայի քաղաքական եւ մշակութային մայրաքաղաք Հաաքայի մէջ եւ արդէն շուրջ քառասուն տարիէ ի վեր գործունէութիւն կը ծաւալէ այս բազմազգ քաղաքէն ներս։ Մեզի համար կարեւոր է ո՛չ միայն հայ երեխաներու հայեցի դաստիարութիւնը՝ անոնց մատուցելով հայերէն լեզուի, հայոց պատմութեան, գրականութեան, երգի եւ պարի դասեր, այլեւ՝ անոնց ընդհանուր զարգացումը եւ ներգրաւումը հասարակական գործունէութեան մէջ։ «Աբովեան» միութեան երեխաները յաճախ ելոյթ կ՚ունենան հոլանտական եւ միջազգային փառատօներու եւ զանազան հասարակական միջոցառումներու ընթացքին։ «Աբովեան» մշակութային միութիւնը յաճախ կը կազմակերպէ հայկական մշակութային միջոցառումներ թէ՛ հոլանտահայութեան համար եւ թէ՛ հոլանտական կազմակերպութիւններու հետ. օրինակ՝ Հայ շարժանկարի փառատօնը, որ տեւեց աւելի քան երկու շաբաթ, որու ընթացքին ցուցադրուեցան բազմաթիւ հայ բեմադրիչներու ժապաւէններ. ինչպէս՝ Համօ Բէկնազարեան, Փարաճանով,Մամուլեան, Յարութ Խաչատրեան եւ այլք։ Թէեւ «Աբովեան» միութիւնը հիմնականօրէն կը զբաղի մշակութային գործունէութեամբ, սակայն միութեան անդամները ուշադրութեամբ կը հետեւին Հայաստանի եւ Արցախի իրավիճակին եւ պատրաստ են հանդէս գալ որեւէ առաջադրանքով, որ կը նպաստէ կացութեան դրական հանգուցալուծման։ «Աբովեան» միութիւնը Հոլանտահայ կազմակերպութիւններու դաշնակցութեան անդամ է, իսկ FAON հոլանտական քաղաքական եւ հասարակական կառոյցներուն մէջ կը պաշտպանէ հոլանտահայութեան, Հայաստանի, Արցախի եւ սփիւռքահայութեան շահերը։
-Եւրոպայի մէջ հայութիւնը կը շարունակէ երեւելի աշխատանքներ տանիլ։ Մասնաւորապէս Արցախի հարցով նկատելի է, թէ որքան կարեւոր քայլեր առին Եւրոպայի հայկական գաղութները։ Այդուհանդերձ, նկատելի է նաեւ, որ հայութիւնը միասնական ծրագիր մը եւ աշխատանք մը յառաջ չի տանիր։ Ի՞նչ է իսկական պատճառը առկայ բաժանումներուն։
-Առհասարակ անհնար է Եւրոպայի մէջ ստեղծել միասնական ծրագիր, քանի որ քաղաքական մշակոյթը խիստ տարբեր է եւրոպական երկիրներուն մէջ։ Ի հարկէ, սա չի խանգարեր ունենալ որոշ ռազմավարութիւն դրական արդիւնքի մը հասնելու համար։ Ցաւօք, Եւրոպայի մէջ չկայ համակարգող հայկական այնպիսի կառոյց, որ կը կարողանայ ղեկավարել այդպիսի ծանր աշխատանք։ Պէտք է խոստովանինք, որ եւրոպական զանազան երկիրներու մէջ չկան բաւարար թիւով փորձառու հայ մասնագէտներ, որոնք կրնան իրագործել նման ծրագիր առօրեայ դրութեամբ՝ այն ալ համարեա միշտ կամաւոր հիմունքներով։
Բաց աստի, կարեւոր որոշումները կ՚ընդունուին քաղաքական վերնախաւի կողմէ՝ ելլելով երկրի (կամ Եւրոպական Միութեան) քաղաքական եւ տնտեսական շահերէն։ Պարզ իրականութիւն է, որ Եւրոպայի հայութիւնը չունի այնպիսի լծակներ, որոնք ազդեցիկ դեր կ՚ունենան այդ բնագաւառին մէջ։ Հոլանտայի մէջ մեր հիմնական ամենաազդեցիկ կապերը խորհրդարանի պատգամաւորներու կամ Եւրոխորհուրդի ներկայացուցիչներու հետ են, որոնք կը կատարեն յայտարարութիւններ, հարցադրումներ, կ՚ընդունին բանաձեւեր։ Իսկ գործադիր իշխանութիւնը կ՚առնէ իր որոշումը՝ ելլելով այլ նկատառումներէ եւ շահերէ։
Մատթէոս (Մաթօ) Հախվերտեան Տողերու մէջ
Մատթէոս (Մաթօ) Հախվերտեան ծնած է Իրանի Նոր Ջուղա քաղաքը, 1945 թուականին: Նախակրթարանի եւ միջնակարգի ուսումը ստացած է Նոր Ջուղայի Ազգային Կեդրոնական վարժարանէն ներս։ Այնուհետեւ ուսումը շարունակած է Մոսկուա եւ Փարիզ։ Ֆրանսա աշխատած է՝ որպէս մեքենաշինութեան երկրաչափ, իսկ 1972 թուականին հաստատուած է Հոլանտա եւ աշխատած՝ Եւրոպական արտօնագրային գրասենեակին մէջ (European Patent Office) որպէս աւագ փորձագէտ։ Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Հոլանտայի մէջ ներգրաւուած է հայ համայնքներու աշխատանքներուն։ 1975 թուականին եղած է Հոլանտահայ միութեան հիմնադիրներէն։ 1978 թուականին քանի մը ընկերներով հրատարակած են «Դէպի Հայրենիք» եռալեզու (հայերէն, հոլանտերէն, թրքերէն) ամսաթերթը, իսկ 1984 թուականին եղած է հոլանտահայ «Աբովեան» մշակութային միութեան հիմնադիրներէն եւ միութեան առաջին նախագահը։ Միութեան ծիրէն ներս քանի մը տարի մասնակցած է «Քնար» ամսաթերթի (հայերէն, հոլանտերէն) խմբագրութեան աշխատանքներուն։ 2004 թուականէն ի վեր կը ղեկավարէ նոյն թուականին հիմնուած Հոլանտայի հայկական կազմակերպութիւններու դաշնակցութիւնը (FAON):
-Վերջին ժամանակներուն արցախցի բարձրաստիճան պատասխանատուներ խոր մտահոգութիւն արտայայտեցին, թէ Արցախի խնդրով եւ յատկապէս այս ճգնաժամային օրերուն սփիւռքահայութիւնը լուռ է։ Ի՞նչ է ձեր արձագանգը նման խօսքերուն։
-Արցախի պաշտօնեաները մէկ կողմէ իրաւացի են, քանի որ երկիրը կը գտնուի ծայրայեղ դժուար վիճակի մէջ, իսկ միւս կողմէ, հայկական սփիւռքը բոլորովին անտարբեր չէ արցախահայութեան ճակատագրի նկատմամբ։ Ուրիշ խօսք, որ սփիւռքի ջանքերը, ինչպէս նաեւ միջազգային բարձր ատեաններու որոշումները չեն տուած տեսանելի արդիւնքներ։ Այդ մէկը պայմանաւորուած է ներկայ միջազգային հակամարտութեան իրավիճակով եւ մեծ երկիրներու շահագրգռուածութեամբ։ Արցախի երկրորդ պատերազմի սկիզբէն մինչեւ հիմա, մեր իսկ ջանքերով Հոլանտայի խորհրդարանէն ներս բազմիցս քննարկուած է Արցախի հարցը, ընդունուած են երկու տասնեակ բանաձեւեր՝ ի նպաստ Արցախի։ Բայց եւ այնպէս, գործադիր իշխանութիւնը յստակ քայլեր չի ձեռնարկեր՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ի շրջանակին մէջ չկան բաւարար կողմնակիցներ խնդրին անդրադառնալու եւ գործնական քայլերու ձեռնարկելու համար։ Ճիշդ է, որ տեղի չեն ունեցած բազմահազար տեսանելի բողոքի ցոյցեր, սակայն Հոլանտայի մէջ բազմիցս կազմակերպած ենք միջոցառումներ («լուռ» ցոյց խորհրդարանի շէնքին դիմաց, երկխօսութիւն պատգամաւորներու եւ նախարարութիւններու պաշտօնեաներու հետ, նամակներ, յօդուածներ մամուլով եւ այլն) եւ փորձած ենք զանազան միջոցներով մեր պատգամը եւ պահանջը հասցնել քաղաքական վերնախաւին եւ լայն հասարակութեան։
-Կը նկատենք, որ Եւրոպան հեռու չէ քաղաքակրթային մեծ տագնապէ։ Կը դիտարկենք յատկապէս Ֆրանսայի պարագան, որ կրնայ փոխանցիկ ըլլալ ու հասնիլ այլ երկիրներ։ Ի՞նչ կը մտածէք այս առումով։
-Եւրոպայի զանազան վայրերու մէջ պարբերաբար տեղի կ՚ունենան հասարակական պոռթկումները, որոնք կրնան յանգեցնել այս կամ այն երկրի կառավարութեան հրաժարականի եւ նոր ընտրութիւններու։ Բողոքի ցոյցերը եւ հասարակական անհնազանդութիւնը հիմնականին մէջ ուղղուած են ընկերատնտեսական անարդարութեան եւ խտրականութեան դէմ, սակայն չունին գաղափարական հիմքեր եւ չեն ձգտիր կառավարման համակարգը փոխելու։ Այժմ եւրոպական երկիրները զանգուածային գաղթի պատճառով կանգնած են ժողովրդագրական բարդ խնդիրներու առջեւ։ Վերջերս Հոլանտայի կառավարութիւնը հրաժարական տուաւ կառավարող դաշինքի գաղթականութեան քաղաքականութեան շուրջ տարաձայնութիւններու պատճառով։ Աշխարհաքաղաքական խնդիրները եւ լայնածաւալ հակամարտութիւնները, բնականաբար, իրենց ազդեցութիւնը ունին իւրաքանչիւր երկրի կայունութեան վրայ։
Լրագրող Սարիկ Սևադան, ով ռեպորտաժներ է պատրաստում հայկական մամուլի` տվյալ դեպքում Lamedia հարթակի համար, գտնվելով Նիդերլանդներում, հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
Լրագրողի հեղինակային հաղորդաշարն ունի «Ես և Սփյուռքը» խորագիրը:
Սիրով ներկայացնում ենք նրա Նիդերլանդներին վերաբերող հաղորդումների շարքը:
Իրենց կյանքում ոսկերչության ճակատագրական դերի, եվրոպական կյանքին ինտեգրվելու դժվարությունների, «Alexanian Eyewear» բրենդի ստեղծման, տարածման, ինչպես նաև միջազգային շուկայում առաջատարներից մեկը դառանալու մասին Սարիկ Սևադայի հեղինակային` «Ես և Սփյուռքը» հաղորդաշարում իրենց անցած ճանապարհով կիսվել են Արթուր և Լիլիթ Ալեքսանյանները:
«Որպես հայ` արդեն իսկ քայլող PR եմ». Կարինե Քլյան
09 սեպ, 2022 թ. Նիդերլանդներում իր ապրած մշակութային շոկի, հայ-հոլանդական արժեքների տարբերության, Անահիտ աստվածուհուն նմանվելու ցանկության և մի շարք այլ թեմաների մասին Սարիկ Սևադայի հեղինակային` «Ես և Սփյուռքը» հողորդաշարի շրջանակներում անկեղծացել է Նիդերլանդների Բիլթհովեն քաղաքի նորընտիր ավագանու անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Կարինե Քլյանը:
Կարինե Քլյանին Նիդերլանդներում շատերն են ճանաչում: Նրան գիտեն որպես մշակութային միջոցառումների հմուտ կազմակերպչի: Նաև Ադրբեջանի դեմ բողոքի ընկվզման տեսաերիզներ է պատրաստել «Նիդերլանդական օրագրի» համար:
Քչերը գիտեն, որ Կարինեն այս տարի ընտրվել է Բիլթհովենի քաղաքային խորհրդի անդամ:
Սարիկ Սևադայի ( Sarik Sevada) հեղինակային` «Ես և Սփյուռքը» հողորդաշարի շրջանակներում նրանք շատ հարցերի շուրջ են զրուցում:
Այս անգամ «Ես և Սփյուռքը» խորագրի ներքո Լրագրող Սարիկ Սևադան Lamedia հարթակում ներկայացրել է Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական խորհրդի ատենապետ, գործարար, բարերար Օնիկ Գելիջիին: 70-ական թվականներին Թուրքիայի ներկա տարածքից Նիդերլանդներ Գելիջի ընտանիքի տեղափոխվելուց հետո հիմք դրվեց Ալմելոյի ներկա հայ համայնքի ձևավորմանը, որի շուրջ ստեղծվեցին և հաջողությամբ գործում են մի շարք հայկական կառույցներ ու կազմակերպություններ: Հենց այս մասին էլ Սվետլանա Անդրեասյանի գեղեցիկ թարգմանությամբ պատմում է Օնիկ Գելիջին:
Խոսում, պատմում են նիդերլանդահայերը
Սարիկ Սեվադայի «Ես և Սփյուռքը» հաղորդաշարի այսօրվա հյուրը Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանն է:
Խոսում, պատմում են նիդերլանդահայերը
Լրագրող Սարիկ Սևադան ( Sarik Sevada), Lamedia և մեր հարթակի համար Նիդերլանդներում այս անգամ հանդիպել ու զրուցել է Սվետլանա Անդրեասյանի ( Svetlana Andresian ) հետ։
Շատերդ եք նրան ճանաչում, բայց այնուամենայնիվ մեր տասնյակ հազարավոր ընթերցողներին ուզում ենք ներկայացնել, որ Սվետլանա Անդրեասյանը Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենն է: Դպրոցի հիմնադրման օրվանից՝ 2003թ. նոյեմբերի 27-ից, նվիրվել է մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը, նրա սաները հասու են հայկական լեզվին ու մշակույթին, պատմությանն ու և կրոնին: Տիկին Սվետլանան միշտ կատարելագործում է իր հմտությունները, աշխատում իր վրա: Նա հմուտ թարգմանչուհի է, լրագրող ու հոգեբան, շատերն են դիմել նրա օգնությանը ու գոհ են մնացել, իսկ նախասիրություններում նախապատվելին իր ստեղծած տուրիստական գործակալությունն է, որով բազմաթիվ հոլանդացիներ ու մեր հայրենակիցներ զարմանահրաշ ճանապարհորդություններ են կատարել բիբլեական Հայաստանով: Տիկին Սվետլանան նաև բարերար է ու միշտ նրանց կողքին է, ովքեր դրա կարիքն ունեն: Իսկ մնացածի մասին՝ ինքը կպատմի, մեր շատերի կողմից սիրված Սվետլանա Անդրեասյանը...
Խոսում, պատմում են նիդերլանդահայերը
Լրագրող Սարիկ Սևադան ( Sarik Sevada), Lamedia և մեր հարթակի համար հանդիպել ու զրուցել է նիդերլանդաբնակ գործարար Գարիկ Մարտիրոսյանի հետ:
Դուք կծանոթանաք գործարարի, նրա «Բենելյուքս» օղիների ստեղծման պատմության, «Բենելյուքս Հելլաս» ընկերության, այնուհետև նրա շինարարական կազմակերպության, նրա մարդկային տեսակի ու էլի, էլի շատ բաների մասին:
«Հայն ամենուր է յուրահատուկ». գործարար Դավիթ Աբրահամյան
Հայաստանում նոր գյուղատնտեսական ներդրում իրականացնելու, «Prestige» ելակների ընկերությունում իր ավանդի, հայի ինքնության և Հայաստանասիրության մասին զրուցել ենք նիդերլանդաբնակ գործարար Դավիթ Աբրահամյանի հետ։
Եվրոպայում խոհարարական աշխարհում մեծ հաջողությունների, մի շարք խոհարարական միջազգային մրցույթներում հաղթանակներ տարած, «Վիլլա լա Բելլա» ռեստորանի հիմնադրման և օտարազգիների համար սիրելի վայր դառնալու, ուտեստներին գեղագիտական ճաշակ հաղորդելու, Հայի ու Հայաստանի մասին զրուցել ենք խոհարար, «Վիլլա լա Բելլա» ռեստորանի հիմնադիր Կարո Իսկեջյանի հետ:
«Հայաստանն իմ արյան կանչն է». Գայանե Զոհրապ-Պարոնիկյան
Մանկության հուշերի, արվեստի, մանկավարժության նրբությունների, այնուհետև Նիդերլանդներ տեղափոխվելու և ինտեգրման խոչընդոտների, Սփյուռքում հայ մնալու ամենօրյա պայքարի և մի շարք այլ հարցերի շուրջ Սարիկ Սևադայի «Ես և Սփյուռքը» հաղորդաշարի շրջանակներում անկեղծացել է նիդերլանդաբնակ հայուհի, մանկավարժ, բանասեր Գայանե Զոհրապ-Պարոնիկյանը։
«Ես ինձ այսպիսին եմ սիրում` որպես բարու և գեղեցիկի սերմնացան». Մարո Քառյան
Նիդերլանդներում հաստատվելու, «Կոմիտաս» համայնքի 10-ամյա գործունեության, «Արարատ» երաժշտական խմբի, «Արմենիա» մշակութային միության, Հայի ու Հայաստանի մասին «Ես և Սփյուռքը» հաղորդաշարի շրջանակներում անկեղծացել է Դեն Բոշ քաղաքի «Կոմիտաս» համայնքի ղեկավար, մշակութասեր ու հայապահպան հայուհի Մարո Քառյանը:
Խոսում, պատմում են նիդերլանդահայերը
Սարիկ Սևադայի «Ես և Սփյուռքը» հաղորդաշարի հերթական հյուրը նիդերլանդաբնակ գործարար Խաչիկ Գրիգորյանցն է
«Նպատակս է հայկական խոհանոցն ու ապրանքանիշը էլ ավելի ճանաչելի դարձնել Եվրոպայում»-ասել է նա: Խաչիկը Գյումրվա քաղցր բառբառով պատմում է
«Proeflokaal Armenia» խանութ-ռեստորանի հիմնադրման, «Dargett» գարեջրի տարածման, «Հրաչի մոտ» հյուրանոցի ստեղծման և այլ բիզնես ծրագրերի պատմությունները:
Եկեք լսենք նրան:
Նա ահա այսպես ներկայացավ. «ես բնակվում եմ Ամստերդամում Անունս Նարին է»
Կա հայի մի տեսակ, որտեղ էլ լինի պրպտում, գտնում է իր տեղը կյանքում: Նրանցից մեկն է նիդերլանդաբնակ գործարար Նարինե Բարսեղյանը: Խոսելով մինչ այսօրվա ունեցած ձեռքբերումների մասին Նարինեն հետևյալն է ասել. «Այսօր կարող եմ հստակ արձանագրել, որ կայացավ իմ երկար սպասված երազանքը` հանդիսանալով Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների զարգացման մի մասնիկը: Սա առաջին քայլս է, դեռ գեղեցիկ ու հրաշալի օրերն ու համագործակցությունները առջևում են»: Ահա այսպիսին է Նարինեն իր նախաձեռնություններում՝ անկաշկանդ, համարձակ ու վճռական, իր առջև դրված խնդիրներից՝ չվհատվող, չնկրկող ու տեղի չտվող: Այլ խոսքով լավատես ու միշտ վստահ իր ուժերին:
Մեր շատ կարճ պայմանավորվածության վերջում նարինեն շնորհակալություն հայտնեց և օրհնված կիրակի մաղթեց: Հիշեցնենք, որ Lamedia.am-ի շրջանակներում Սարիկ Սևադան նաև «Նիդերլանդական օրագրին» է տրամադրել իր ռեպորտաժները, այս վերջինն արդեն` Նարինե Բարսեղյանի հետ:
Հայ գործարարների հետ հարցազրույցներին կարող եք ծանոթանալ մեր կայքերում:
Սարիկ Սևադան իր լրագրողական աշխատանքի հարուստ փորձը կուտակել է, երբ դեռ աշխատում էր սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, այդ տարիներից էլ նրա հետ կապ ենք ունեցել: Հետո, ինչպես կյանքում է պատահում` իսկական լրագրողը հավատարիմ մնաց իր մասնագիրությանը: Նա շարունակեց իր առաքելությունը ոչ միայն լրագրության ասպարեզում, այլ զարգացրեց ու պահեց սփյուռքում հայի ինքնության թեման: Շրջագայելով Եվրոպայում նա իրենը համարեց «մի հայի պատմությունը»: Այն յուրովի է ու դրանով էլ հետաքրքիր: Բացառություն չէ ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող, Նայմեխենում բնակվող Հայկ Ղազարյանը, ով եկվորի բոլոր փորձությունները հաղթահարել է 16 տարեկանից, նույնը նրա եղբայրը` Պետրոսը, ով թև ու թիկունք է եղել եղբորը ու այսօր հաջողված գործարար է այլ երկրում` մեկ այլ ասպարեզում:
Հենց «Hayko Jewels and Diamonds» խանութի հիմնադրման, երկու եղբայրների համագործակցության, «Մառանի» ռեստորանի» բացման և այլ թեմաների մասին է Սարիկ Սևադայի պատրաստած այս ռեպորտաժը՝ նիդերլանդաբնակ գործարար եղբայրներ Հայկ և Պետրոս Ղազարյանների մասին:
Հայի հետքը սփյուռքում` Սարիկ Սևադա յի հետ, "Օրդ բարի" ծրագրում։