Հայկո Յիլդիզ
Հիշատակի խոսք
Աբովյան մշակութային միության վարչությունը մեծ վշտով համակված հայտնում է, որ 2023 թ. հուլիսի 2-ին, Հաագայում 71 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Հայկո Յիլդիզը։
Հայկոն ծնվել է Թուրքիայի Տևրիկի (Divrigi) շրջանում, (Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգ) հայ ընտանիքում։ Ստամբուլի «Սուրբ Խաչ Դպրեվանք»-ի հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Հայկոն մեկնում է Գերմանիա՝ ճարտարապետություն սովորելու նպատակով։ Գերմանիայից Նա Նիդերլանդներ է տեղափոխվել 1978 թվականին, որտեղ նա ընդունվել է Դելֆտի պոլիտեխնիկական համալսարանի (TU Delft) ճարտարապետության ֆակուլտետ։ Ուսումն ավարտելուց հետո, որպես ճարտարապետ նա աշխատանքի է անցել Հաագայի քաղաքապետարանում, ստանձնելով շինարարական տեսուչի պաշտոնը։
Հայկոն 1984 թվականին եղել է «Աբովյան» միության հիմնադիրներից և միության առաջին վարչության անդամ։
Հայկոն շարունակ եղել է Միության գործունյա անդամը։ Նրան հուզում էր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իրավիճակը և նա շարունակաբար հարստացնում էր իր գիտելիքները հայկական իրականության մասին։ Նա մեծ սեր ու հետաքրքրություն ուներ հայկական մշակույթի հանդեպ։ Նա միշտ ներկա էր «Աբովյան» միության կենտրոնում, հյուրընկալում և ջերմ վերաբերվունք էր ցուցաբերում այցելուներին և միշտ նպաստում էր մեր միջոցառումների հաջողությանը և հաճելի մթնոլորտին:
Հայկոն միշտ եղել է մեր ժողովրդի արդար պայքարի առաջին շարքերում: Նիդերլանդներում նա իր ժամանման առաջին օրերից լծվեց հայկական հասարակական գործունեությամբ: Այդ տարիներին նա սիրահոժար մեր հրատարակած «Դեպի Հայրենիք» ամսաթերթը թարգմանում էր թուրքերենի, որպեսզի հասանելի լիներ հոլանդաբնակ թրքախոս հայերին: Այնուհետև չի եղել հայկական առաջադեմ կազմակերպությունների ցույցեր (ցեղասպանություն, Սումգայիթ, Արցախ ևայլն), որ նա չլիներ առաջին շարքերում: Նա շատ լավ ուսումնասիրել էր հայոց պատմությունը, հիանում էր հայկական գրականությամբ, արվեստով: Նա լավ գիտեր Թուրքիայի և այնտեղ բնակվող ժողովուրդների պատմությունը, այդ երկրի վարած ներկա քաղաքականությունը: Նա համոզված էր, որ, թե Ղզլբաշների և, թե ալևիտների մեկ մասը ծագումով հայեր են և ունեն պավլիկյանների արմատներ:
Հայկոն կմնա մեր հիշողության մեջ, որպես առանձնահատուկ և շատ սիրալիր անձնավորություն։
Մենք նրան շատ կկարոտենք։ Մենք մաղթում ենք նրա կնոջը՝ Մարիամին, նրա դուստրերին՝ Անուշին և Մարիամին, թոռներին՝ Նատանին ու Էլենիին և այլ հարազատներին ուժ ու կորով հանդուրժելու այս մեծ կորուստը:
Հայկոյի հուղարկավորության ծիսակատարությունը տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հաագայի «Սուրբ Բարբարա» գերեզմանատան ընդունարանում, հասցեն` St. Barbaraweg 6, Հաագա։ Ժամը 11:30-ից դուք կարող եք հրաժեշտ տալ հանգուցյալին և ցավակցություն հայտնել նրա հարազատներին:
Հանգուցյալի աճյունը հողին կհանձնվի նույն գերեզմանատանը՝ միայն նրա մերձավորների ներկայությամբ։
Ժամը 13:00-ից «Աբովյան» միության կենտրոնում կմատուցվի հոգեհաց, որտեղ դուք կարող եք կիսվել Հայկոյի մասին հիշողություններով։ Հասցեն՝ Weesperstraat 91, Հաագա։
Աբովյան մշակութային միության վարչություն
Հաագա, 2 հուլիսի 2023
Niderlandakan Oragir-ը միանում է Աբովյան մշակութային միության պարոն Հայկո Յըլդըզի ընտանիքին ուղղված զորակցական խոսքերին ` ցավակցություն հայտնելով ընտանիքի անդամներին, անդառնալի կորստի առթիվ ։
No comments:
Post a Comment