Страницы

Saturday, 15 July 2023

Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

 ԱՐՁԱԿԱԳԻՐԸ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ*

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ


 

 Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


  բ.գ.թ, դոցենտ
  ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտ

  

Զապել Եսայանը (Հովհաննիսյան) ծնվել է 1878 թվականի փետրվարի 4- ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա Սկյուտարի «Սուրբ Խաչ» վարժարանում: Մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին: Զապելը տասնյոթ տարեկան էր, երբ առաջին անգամ «Ծաղիկ» հանդեսում տպագրվեց նրա «Երգ առ գիշեր» բանաստեղծությունը: Պատանության տարիներին Եսայանը մանկավարժ Գ. Մատակյանի սալոնում ծանոթացել է Արփիար Արփիարյանի, Գրիգոր Զոհրապի, Երվանդ Օտյանի, Սիպիլի, Տիգրան Կամսարականի, Լևոն Բաշալյանի և ուրիշ մտավորականների հետ, որոնք 1890-ական թվականներին գրական և հասարակական խնդիրների բարձրաձայնման օջախ էին դարձել «Հայրենիք» օրաթերթը: Այս հեղինակների հետ շփվելով՝ Զապելը ըմբռնում է, որ «գրականությունը զարդ մը, պերճանք մը չէ - գերագույն ծաղիկ մը-այլ զորավոր միջոց մը, զենք մը», որին պետք է «տիրանալ՝ պայքարելու համար այն բոլոր բաներու դեմ, որ կհամարվի անարդար»: Ուսման գինը և նշանակությունը գիտակցող և գնահատող հոր հորդորով մեկնել է Փարիզ: 1895 թվականի վերջերին Զապելը հրապարակախոս, թարգմանիչ ու բանասեր Արշակ Չոպանյանի և մի խումբ այլ հայ մտավորականների հետ մեկնում է Փարիզ և ունկնդրում Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները: Փարիզում, կրթվելուն զուգահեռ թղթակցել է հայկական եւ ֆրանսիական պարբերականների, կատարում է թարգմանություններ (ֆրանսերենից հայերեն և հակառակը), հասարակագիտական ու գեղագիտական հարցերի շուրջ երկու լեզվով գրում է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ: 1897-1899 թվականներին մամուլում հրատարակում է «Աշուղը», «Յաշմաքը», «Կարմիր ջաղացքը», «Մահը», «Անձնասպան տղաքներ» երկերը, որոնք դեպի մեծ գրականություն տանող ճանապարհի նշանաձողեր էին: Փարիզում սովորելու տարիներին Եսայանը մասնակցում է նաև Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանի կազմման աշխատանքներին, ուսումնասիրում է գիտության մի շարք ճյուղեր՝ բնագիտություն, բժշկություն, տարվում է երաժշտությամբ ու նկարչությամբ: 1900 թվականին Զապել  Հովհաննիսյանը ծանոթացել է ամուսնու՝  նկարիչ Տիգրան Եսայանի հետ: Համատեղ կյանքում Զապել և Տիգրան Եսայանները ունեցել են երկու  զավակ: Փարիզում Զապելը ուներ ապահովված կյանք, աշխատանք և ընկերներ: Նա անմիջականորեն կապված էր գրական ռեալիզմի ուղղության ներկայացուցիչներին, ձգտում էր արտացոլել փոքր մարդկանց թեման: Նա ստեղծում էր ներհայեցողական պատկերներ, որոնք արտահայտում էին ժամանակի գեղարվեստական մտածողությունը: 

  1900-ական թվականներին արևմտահայ գրական-հասարակական շարժման բնորոշ առանձնահատկությունը կին մտավորական գործիչների ակտիվությունն էր: Հասարակական ու մշակութային տիրույթում կանայք առաջնորդվում էին որոշակի ազգային-հայրենասիրական և հումանիստական գաղափարներով:

  Ֆրանսիական ու արեւմտաեվրոպական, ռուս մշակույթի եւ գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջագիտակ ու արդեն ճանաչված գրողը 1902 թ. վերադառնում է ծննդավայր եւ շարունակում իր գործունեությունը: Նա արդեն մեծ ճանաչում ուներ և կապեր է հաստատում տեղի մտավորականների հետ՝ ակտիվորեն մասնակցելով սոցիալ-հասարակական տարաբնույթ իրադարձությունների և հասարակական կյանքում տեղի ունեցող բարեփոխումների, որոնցում ներգրավված էին նաև կին գրողներ, հրապարակախոսներ, մտավորականներ Սիպիլը, Անայիսը, Զարուհի Գալեմքեարյանը, Մաննիկ Պերպերյանը, Մառի Պէյլերյանը, Արշակուհի Թէոդիկը, Հայկանուշ Մառքը ևք: Հայ մտավորականությունը դիմադրում էր օսմանյան բռնապետության հայահալած քաղաքականությանը՝ դրան հակադրելով գրականությունը, արվեստը և մշակույթը ևն: Այդ ընթացքում Զապել Եսայանը աշխատակցել է «Տիկնաց միություն», «Ազգային հայուհյաց» և «Աշխատանքի տուն» ընկերություններին, տարբեր թեմաներով բանախոսություններ է կարդացել, տպագրել է հասարակագիտական ու տեսական տասնյակ հոդվածներ: Գրողը և հասարակական գործիչը Զապելի մեջ գործել են զուգահեռաբար: Կ. Պոլսում Զապել Եսայանը հրատարակում է «Մրցումը», «Խաբող նայվածքը», «Սատարո», «Ժյուլի», «Մարդը», «Ստվերը», ևն նովելները՝ ընթերցողի ուշադրությունը բևեռելով անհատին այլասերող հասարակական-մարդկային հարաբերությունների վրա: «Ապուշը», «Հանցավոր կինը», «Աչքերը» նորավեպերում Եսայանը խորապես պատկերում է մարդ-իրականություն բախումը: Ըստ Եսայանի՝ սոցիալական հարաբերությունները ձևափոխում են մարդու հոգեբանությունը: Գաղափարական այս հայեցողության գեղարվեստական իմաստավորմանը արձակագրուհին անդրադառնում է «Սպասման սրահին մեջ» (1902) վիպակում:

  Եսայանը բարձրաձայնել է կանանց հիմնախնդիրները՝ հետամուտ նրանց բարոյական և մտավորական վիճակը բարեփոխելուն՝ «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիկական իր հատկությունները զարգացնելու համար: Ինքզինքնին հարգող բոլոր կիներուն իդեալը, միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլա, այլ երկրիս վրա գործոն տարր մը դառնալը…»: Ավանդույթ դարձած կնոջ անազատ վիճակը նա քննում է պատմական փորձի հիման վրա, միաժամանակ ի ցույց դնելով այդ երևույթի սոցիալ-հասարակական պատճառները և առաջնայնությունը տալով կնոջ ազատագրության հիմնախնդրին՝ «Մեծ է կանանց դերը ժողովրդի պատմական զարգացման գործում, - գրում է Եսայանը,- կինը երկրորդական դեմք չէ նաև հասարակական, ընտանեկան կյանքում: Պետք է ձեռք պարզել նրան, ազատել հանիրավի արհամարհված վիճակից, ասպարեզներ բացել ու հետևել նրա ֆիզիկական և մտավոր զարգացմանը»:

1903-1904 թվականներին վարել է «Ծաղիկ» շաբաթաթերթի «Կանանց բաժինը», որում անդրադարձել է կանանց ազատագրության հիմնախնդիրներին: Զապել Եսայանը գրող էր, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ, և ընդհանրապես, պայքարող կին: Նա տպագրվել է Կ. Պոլսի «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուզանդիոն», «Ժամանակ», «Վաղվան ձայնը», «Ազատամարտ», «Լույս» պարբերականներում: Թղթակցել է Արշակ Չոպանյանի «Անահիտ» (Փարիզ), Կահիրեի «Ազատ բեմ» և Թիֆլիսի «Երկրի ձայնը» թերթերին: Զապել Եսայանը հեղինակ է նաև տեսական-գրականագիտական տարաբնույթ հոդվածների, որոնք արտահայտում են արվեստի ու գրականության հարցերը: Իր հոդվածներում արձակագրուհին անդրադառնում էր գրական տարբեր ուղղություններին և պաշտպանում գրականության ժողովրդավար սկզբունքները:

1905 թվականին, սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվել է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման և հալածանքների շրջան, որի ընթացքում Զապելը մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականի օսմանյան սահմանադրության հռչակումը: «Ժամանակները գեշ են... որ կողմը որ դառնայիր՝ ազատում չկար»,- իրականությունը պարզում է հեղինակը՝ ճշգրտորեն պատկերելով պատմաշրջանը:

  1905-1907 թվականներին Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարներ», «Հլուները և ըմբոստները», «Շնորհքով մարդիկ» երկերը: Գնահատելով Եսայանի տաղանդը, քննադատները նրա հաջողության գլխավոր պայմանը համարում էին ռեալիզմը, ճշմարտանմանությունը՝ «Տիկին Զապել Եսայանը մեր գրականության մեջ բերավ իր հզոր ու առնական վիպերգության տաղանդը, զոր կարտահայտեր մինչև հիմա դեռ մեր կին գրագետներուն քով չհայտնված հանդուգն խիզախությունով մը»: «Կեղծ հանճարներ» վիպակով հեղինակը իրականության արտացոլման երկու ուղղություն է առաջադրում՝ երգիծական և ողբերգական, որոնք սոցիալ-հասարակական տիրույթում առավել խորքային-ընդհանրական բնույթ են կրում: Եսայանի «Հլուները և ըմբոստները» վիպակը առավել արմատականորեն է շոշափում ժողովրդի սոցիալ-քաղաքական ազատության հիմնախնդիրը: «Շնորհքով մարդիկ» վիպակը Եսայանի ռեալիստական-հոգեբանական արձակի բարձրակետն է:

 1909 թվականի ապրիլին երիտթուրքերը Ադանայում կազմակերպում են հայերի զանգվածային կոտորածներ, որոնց արդյունքում զոհվում է շուրջ երեսուն հազար հայ: Ադանայի կոտորածների առիթով հայ մտավորականներից, գրողներից և գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնց նպատակը թրատված հայ ժողովրդին օգնություն են ցուցաբերելը և ստույգ իրողությունը աշխարհին հայտնելն էր: Պատվիրակների թվում էր նաև Զապել Եսայանը: Նա երեք ամիս եղել է Ադանայում, Մերսինում, Սիսում, Օսմանիեում և այլ բնակավայրերում, խոսել է կոտորածների ականատեսների հետ, գրել է գեղարվեստական մի շարք երկեր: Այդ այցից հետո նա նաև հոդվածներ է գրել հայտնի պարբերականներում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայոց ազգի ճակատագրի վրա և ցույց տալով, թե ինչ ոճրագործություններ են իրականում տեղի ունեցել։ 1909 թվականի Կիլիկիայի հայության կոտորածները Եսայանը նկարագրում է «Անեծքը», «Նոր հարսը» և «Սաֆիե» երկերում, որոնք հրատարակվել են 1911 թվականին: Եսայանը տեսել է ծխացող գյուղեր և քաղաքներ, ամայացած դաշտեր ու հրդեհված անտառներ և իր տպավորությունները ամբողջացրել է Կ. Պոլսում տպագրված «Ավերակներուն մեջ» (1911) գրքում: Ադանայի դեպքերից հետո Զապելը ամուսնու հետ հեռանում է Փարիզ:

   1910 թ. Զապել Եսայանը մեկնում է Փարիզ, սակայն հոր հիվանդության պատճառով 1911 թ. կրկին վերադառնում է Կ. Պոլիս և այնտեղ ապրում մինչև 1914 թվականի մայիս ամիսը, ապա նորից մեկնում է Փարիզ: Այս շրջանի աչքի ընկնող գործերն են անհատի հոգեբանության, ներքին զգացմունքների քննությանը նվիրված «Անձկության ժամեր» վիպակը, «ժամը հնչեց», «Դեղնած էջը», «Հասմիկները», «Արծիվը կսավառներ» «Սև գըդակը», «Փառքը», «Բավական է...», «Վարժապետը», «Քողը» պատմվածքները և արձակ քերթվածները:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նորից վերադառնում է Կ. Պոլիս և հրատարակում է «Երբ այլևս չեն սիրեր» (1914) ժողովածուն: 1915 թվականին Զապել Եսայանի անունը ընդգրկված էր օսմանյան կայսրությունից աքսորի ենթակա հայ մտավորականների ցուցակում: Սակայն նրան հաջողվում է փրկվել: Եսայանը ապաստան է գտնում Բուլղարիայում, հետագայում մեկնում է Թիֆլիս: Այդ ընթացքում Զապելը օգնում է հայ տարագիրներին ապաստաններով ապահովելու հարցերում, իսկ գրական-մշակութային տիրույթում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալական խնդիրներից:

4

1916-1917 թվականներին նա մտահոգված էր արևմտահայ գրականության լայն մասսայականացման խնդրով. գրել է բազմաթիվ հոդվածներ, հրապարակախոսական ելույթներ է ունեցել Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում և այլուր: Հրապարակային դասախոսությունների միջոցով ցույց է տվել արևմտահայ գրականության առանձնահատկությունները, հայ մշակույթի կշռույթը, կոտորածների սարսափներն ու հետևանքները: Եսայանը գրում է «Ժողովրդի մը հոգեվարքը» աշխատությունը, որը հայկական կոտորածների տարեգրությունն էր: 1916 թ. փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսի մեջ» վերնագրով, մարտի 12-ին՝ Բաքվում Հայ գրողների ընկերության հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ՝ ժամանակակից արեւմտահայ գրականության եւ գրողների մասին: Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով մեկնում է Պետերբուրգ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի և գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը, ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Եսայանի նամակներն ու ինքնագրերը փաստում են նրա անձնվիրությունը, թե ինչ գերլարումով էր նա հոգում որբերի ճակատագրերը Եգիպտոսում, Կիլիկիայում, Պոլսում, Լիբանանում, Կիպրոսում: Այս ժամանակահատվածում գրված նրա լավագույն գեղարվեստական երկերն են՝ «Վերջին բաժակը» և «Հոգիս աքսորյալ» վիպակները, որոնցում պատկերում է սիրո, ներշնչման, անհատ արվեստագետի և կենսական տարաբնույթ երևույթների համադրությունների հիմնախնդիրները: 1920-ական թվականների սկզբներին Եսայանը գրում է «Արգելք» վիպակը, «Նահանջող ուժեր» վեպը և «Մելիհա Նուրի հանըմ» պատմվածքծքը:

     Գրական ու հասարակական ակտիվ գործունեություն ծավալելով Եսայանը աշխարհի ուշադրությունը հրավիրել է այն բոլոր հիմնախնդիրների վրա, որոնք առնչվում էին թշնամու թիրախում հայտնված հայ կանանց: Զապելը անձնական դրամա է ապրում, երբ մահանում է ամուսինը՝ Տիգրան Եսայանը: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո Եսայանը հեղինակում է «Պրոմեթէոս ազատագրուած» երկը: 1933 թվականին Զապել Եսայանը աշխատանքի հրավեր է ստանում ԵՊՀ-ից, սակայն հայրենադարձությունը նրա համար վատ հետևանքներ է ունենում: 1934 թվականին հրատարակվում է հեղինակի «Կրակե շապիկը» վիպակը, որը 1936 թվականին թարգմանվել է ռուսերեն և ադրբեջաներեն: Ուշագրավ է Եսայանի «Սիլիհտարի պարտեզներ» ինքնակենսագրական վեպը, որը հեղինակի կենդանության օրոք հրատարակվում է երկու անգամ՝ 1935 թվականին Երևանում և 1939 թվականին Կահիրեում: 1936 թվականին Զապելը ավարտում և տպագրում է «Բարբա Խաչիկ» վեպի մի քանի գլուխներ: 1937 թվականին հրատարակում է «Երկերի» ծավալուն ժողովածուն:

Խորհրդային Միությունում Զապել Եսայանին համարել են օտար երկրներում վտանգավոր կապեր ունեցող և չեն հանդուրժել նրա ընդգծված հայրենասիրությունը: Ժամանակները աղետալի էին՝  ստալինյան բռնություններ, հալածանքներ, բանտեր ու մահապատիժներ: 1936 թ. Գրողների միությունում ունեցած ելույթից հետո Զապելին ձերբակալել են, որից հետո կյանքի մնացյալ տարիները նա անցկացրել է Բաքվի բանտում, որտեղից գրված նամակները հուշում են, որ նա չի կորցել կամքը և արիությունը: Բաքվի բանտից գրված վերջին նամակը թվագրված է 1943: Մինչ օրս որոշակի ստույգ տվյալներ հայտնի չեն արևմտահայ արձակագիր, հրապարակախոս ու մարդասեր Զապել Եսայանի մահվան հանգամանքների ու տարեթվի մասին:Ըստ ամերիկյան պարբերականների՝ Զապել Եսայանը բնութագրվում է որպես աշխարհում 20-րդ դարի ամենախիզախ և ամենահայտնի կանանցից մեկը, հայ կին գրողը, հրապարակախոսը և հումանիստը:

----------

«Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ  գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝  «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը
Սույն հոդվածը նվիրված է Զապել Եսայանին:
-----------------
* Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական
աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
----------------
© Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և  «Օրեր»
պարբերականների կայքերին պարտադիր է:

Zabel Yesayan in Adana, 1909 (source: Armenian weekly)

In Paris, during the declaration of the first Armenian Republic, Dikran Yesayan on the left, in the middle Sofie, and Zabel and Hrant on the right. - Thank you Seta Ghougassian for sharing it.
-----------------------------------
Զապել Եսայանի գրական գործերից.
Զապել Եսայան.Կեղծ հանճարներ 
Զապել Եսայան. ԱՆՁԿՈՒԹԵԱՆ ԺԱՄԵՐ
Զապել Եսայան. Վերջին բաժակը 

«Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը» նախագծի մյուս հոդվածները.

No comments:

Post a Comment