Հայ-հոլանդական հարաբերությունների արմատները հասնում են մինչև 4-րդ դար, երբ Նիդերլանդներ է գալիս ծագումով հայ հոգևորական Սերվատիոսը (Սրբատիոս-Սերովբե)։ Երուսաղեմից հասնելով Տոնխերեն (քաղաք ներկայիս Բելգիայում), նա ձեռնադրվել է եպիսկոպոս (381-382 թթ.) և քրիստոնեություն քարոզել: Հոների հարձակումներից խուսափելով` Սբ․ Սերվատիոսը եպիսկոպոսական աթոռը Տոնխերենից տեղափոխել է Մաստրիխտ, որտեղ և մահացել է 384 թ․։ Նրա մասունքները զետեղված են իր անունը կրող Մաստրիխտի գլխավոր կաթոլիկ եկեղեցում։
Հոլանդացիների և հայերի կապերը նոր զարգացում են ստանում խաչակրած արշավանքների ժամանակ, իսկ Կիլիկիայի թագավորության անկումից հետո աճում է հայերի հոսքը նաև դեպի Նիդերլանդներ։ Ամստերդամի հայ վաճառականների մասին տեղեկություններ են գրանցվել դեռևս 1560-1565 թթ։ 17-րդ դարի առաջին կեսին, Շահ Աբբասի բռնագաղթերից հետո, այստեղ են գաղթում փոքր թվով ջուղայեցիներ՝ հիմնականում թանկարժեք քարերի և մետաքսի վաճառականներ։
1660-ին Ամստերդամում Մատթեոս վարդապետ Ծարեցու ջանքերով հիմնվել է հայկական տպարան, որը 1664 թ․ ղեկավարել է Ոսկան վարդապետ Երևանցին: 1666 թ․ այստեղ իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը: 1685 թ․ Ոս-կան Երևանցու աշակերտներից Մատթեոս վարդապետ Վանանդեցին Ամստերդամում սկզբնավորել է հայկական 2-րդ տպարանը, որը գործել է 32 տարի: 1695 թ․ այս տպարա-նում առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»:
1714 թ․ 40 հայ վաճառականների ջանքերով Ամստերդամի կենտրոնական հատվածում կառուցվել է «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցին: Այն կառուցված է ոչ ավանդական ճարտարապետությամբ: Եկեղեցին գտնվում է եռահարկ շենքի առաջին հարկում: Մինչ այդ հայերն իրենց հոգևոր արարողություններն անց են կացվել «Սուրբ Հոգի» եկեղեցուց ոչ հեռու գտնվող «Սուրբ Կարապետ» մատուռում, որտեղ պատարագներ է մատուցել նաև Ոսկան վարդապետ Երևանցին։ «Սուրբ Կարապետ» մատուռը չի պահպանվել:
«Սուրբ Հոգի» եկեղեցու պատմությունը առանձնահատուկ է․ այն երկու անգամ է օծվել։ Բան այն է, որ 18-րդ դարի վերջից Ամստերդամում բնակվող հայերի թիվը սկսել է նվազել. եկեղեցում վերջին արարողությունը կատարվել է 1806 թվականին, իսկ 1874-ից
կառույցը ծառայել է իբրև կաթոլիկ դպրոց։
Համայնքը վերստին կյանքի է կոչվել նոր ժամանակներում, երբ 1950–80-ական թվականներին այդտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Հունաստանից տեղափոխված հայեր: Հայկական երկրորդ՝ նոր ձևավորված համայնքը 1986 թ․ վերագնել է «Սուրբ Հոգի» եկեղեցու շենքը, որը հարկավոր վերանորոգումից հետո՝ 1989 թ․ նոյեմբերի 29-ին վերաօծվել է որպես հայ առաքելական եկեղեցի։
Մինչ դեռ Ալմելոյի հայ համայնքը 1991-ին գնել է նախկին դպրոցի մի շենք, որը 1993 թ․ նույնպես օծվել է որպես Սբ․ Գրիքոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի։
Ներկայումս Նիդերլանդների Թագավորությունում բնակվում է շուրջ 25000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացված են Ամստերդամում, Ալմելոյում և Ամերսֆորտում։ Ավելի քիչ թվով ընտանիքներ են բնակվում երկրի այլ քաղաքներում՝ Հաագայում, Դորդրեխտում, Լյդենում, Ռոտերդամում, Մաստրիխտում, Ասենում և այլուր։ Եկեղեցական համայնքներ կան Հիրհուխովարդ, Դորդրեխտ, Էյնդհոֆեն, Ասեն, Արնեհեմ, Հերթոգենբոշ քաղաքներում: 2013 թվականից Մաստրիխտում գործում է «Սուրբ Կարապետ» հայ առաքելական եկեղեցին:
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցուն կից գործում են նաև «AJO» երիտասարդական միությունը, տիկնանց միությունը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցը։
2017 թվականից ցայսօր հրատարակվում է երիտասարդների կողմից կազամակերպված «ԽՈՐՀՈՒՐԴ» կրոնական ամսաթերթը՝ հոլանդերեն լեզվով:
Ալմելո քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի երիտասարդական միություն, տիկնանց միություն, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց, սարկավագաց և դպրաց դասեր, ինչպես նաև «Զարթոնք» պարային համույթ:
***
Կրոնական համայնքներից զատ ակտիվ են մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպությունները։ Առանձնացնենք մշակութային մի քանի կազմակերպությունների։ Դրանցից հնագույներից է Հաագայի Աբովյան մշակութային միությունը իր գեղարվեստական խմբերով։ Բավական ակտիվ են Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը, Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքի կառույցները, որոնց կից գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։
Նիդերլանդներում 15 տարուց ավելի գործում է հայ ուսանողների «Գլաձոր» ուսանողական միությունը։ Բոլոր այս կառույցների ու նիդերլանդահայ այլ կազմակերպությունների գործունեության մասին ակտիվորեն լուսաբանում է «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որն ստեղծվել է 2012 թվականից։
No comments:
Post a Comment