Այսօր՝ հունիսի 18-ին, լրանում է հայ կոմպոզիտոր, 1982թ.ից ԽՍՀՄ, ապա Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ՝ Նուբար Աբրահամի Ասլանյանի 80-ամյակը:
Նուբար Ասլանյանը ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում: 1946 թվականին տեղափոխվել են Հայաստան։ Դյուրին չի եղել դեպի երաժշտություն Նուբար Ասլանյանի ուղին: Մանկության երաժշտության գաղտնիքները բացող միակ գործիքը՝ տանը հորից հիշատակ մնացած մանդոլինան է եղել: Հայրը կյանքին հրաժեշտ է տվել վաղ տարիքում: Հունաստանում նվագել է երաժշտական խմբում՝ կիթառ, մանդոլինա, ակորդեոն, ջութակ։ Վաղամեռիկ Հայրը երաժշտություն շատ է սիրել ու ապրել է նրանով: Հավանաբար Նուբարը նրանից էլ ժառանգել է երաժշտական ունակությունները։ Բայց դե՝ յոթ տարեկանում չի հաջողվել ընդունվել երաժշտական դպրոց: Այնուամենայնիվ իսկական երաժշտության հետ ծանոթությունը Նուբարի համար պատահական դիպվածով է տեղի ունեցել: Սովորում էր էլեկտրամեխանիկական տեխնիկումում, երբ ընկերը համոզում է միասին գնալ Պիոներների պալատ՝ որտեղ երաժշտական խումբ ընդունվելու համար պետք է ստուգեր երաժշտական ունակությունները: Նուբարը միջանցքում նստած հետևում էր թե ինչպես ընկերը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել՝ չափով ծափ տար, նոտաներն արտաբերեր: Հետո ուսուցչուհին իրեն է խնդրել ստուգվել: Սկզբում Նուբարը մերժել է, հետո ոգևորվել հաջողություններից: Նեղ ֆինանսական վիճակում գտնվող ընտանիքին հաջողվում է ակորդիոն գնել, հետո մանկուց երազած շրթհարմոնը: Այսքանից հետո էլ Նուբար Ասլանյանը կարող էր ճանաչված կոմպոզիտոր չդառնար...
« … Ես 19 տարեկան եմ,-հիշում է Նուբար Ասլանյանը: Այլևս չեմ սովորում, այլ աշխատում եմ Երևանի էլեկտրական սարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ Ինչ-որ տարօրինակ, միստիկ պատճառով ոտքերս ինձ տանում են այն երաժշտական դպրոցը, որտեղ ինձ չընդունեցին յոթ տարեկանում։ Գնացի դպրոցի տնօրենի մոտ ու ներկայացա. Նա ինձ լավ չհիշեց, հնարավորություն տվեք, ասում եմ, որ ձեր դպրոցի սաների հետ երաժշտության տեսության դասերին հաճախեմ։ Նա համաձայնեց և ես նստեցի ավագ դասարանի, արդեն ինձնից փոքր աշակերտների հետ: Ինչ արած…
Սոլֆեջիոյի դասատուս զարմանալի համբերատար ու բարի կին էր՝ Լիլիա Լվովնան։ Նա խմբի ընդունակ աղջիկներից մեկին հանձնարարեց ինձ օգնել։ Մի երկու ամիս անց գիտելիքներով հասա և անցա այս աղջկան: Մի ստուգողական աշխատանքից հետո դասատուս հանդիսավոր դասարանին հայտնեց, որ ամենափայլուն սովորողն եմ։ Այդ ժամանակ իրոք տարված էի գիտելիքի տենչով»:
Նուբար Ասլանյանը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (ղեկ.` Գրիգոր Հախինյան) ուսանելուց հետո ընդունվում, ապա 1973 թվականին ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի արվեստանոցը):
Դրանից հետո արդեն սկսվում է Նուբար Ասլանյան երաժիշտ-կոմպոզիտորի մեծ ուղին:
Նուբար Ասլանյանը Խորհրդային երկրի փլուզումից, ապա Հայաստանում անկայուն վիճակ ստեղծվելուց հետո 1994 թվականից բնակություն է հաստատել Իսրայելում՝ ոչ մի րոպե չխզելով ամուր կապը մայր Հայրենիքի հետ : Նա այսօր էլ շատ բան է անում իր արվեստով, հրապարակային խոսքով ու անձնական կապերով Հայաստանի հեղինակաության բարձրացման համար: Հենց Իսրայելում մաեստրոն ավելի շատ հայաշունչ գործեր է գրել ու կատարել այնտեղ ու ամենուր:
Կոմպոզիտորն ամեն բան արել է տարածելու հայ մշակույթն աշխարհով մեկ: Նրա ստեղծագործությունները հնչել ու հնչում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Նուբար Ասլանյանը մեծ ժառանգություն է ստեղծել ոչ միայն Խորհրդային երկրում ու դրանից հետո անկախ Հայաստանում, այլ նաև Իսրայելում: Արժե առանձնացնել նրա կազմած Կոնցերտներ և կոնցերտին մենակատարի և նվագախմբի համար, Վոկալ սիմֆոնիկ, Քայլերգեր և վալս կոնցերտ փողային նվագախմբի համար, Երեք պիես փողային նվագախմբի համար, 10 հայ կոմպոզիտորների 20 մանկական երգերի գործիքավորում և մշակումներ,Երգչախումբ a cappella (առանց նվագակցության), Վոկալ (անսամբլային, կամերային), Վոկալ (երգեր և դաշնամուր),Մանկական երգեր և խմբերգեր դաշնամուրի նվագակցությամբ, Ժող գործիքների նվագախումբ և վոկալ, Կամերային երաժշտություն, Հինգ լարային քառյակներ, անսամբլներ, սոնատներ, Պիեսներ մենանվագ գործիքների համար, Սիմֆոնիկ պիեսներ և այլ գործերը:
«Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է մայեստրո Նուբար Ասլանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ցանկանում` ամուր առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
No comments:
Post a Comment