Страницы

Friday, 26 May 2023

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը` խոշորացույցով. Դավիթ Հովհաննիսյան

24.05.2023/Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ/Նիդ.օրագիր


Պատերազմից հետո տևական ժամանակ հայ ժողովրդի համար հաղթանակի բերկրանքն ասես մոռացված զգացողություն լիներ, և միայն մեր մարզիկների շնորհիվ միջազգային մրցահարթակներում հայի անունը կրկին զուգորդվեց պանծալի հաղթանակի հետ։ Ու թեպետ վերջին տարիներին կտրուկ նվազել են հայ մարզիկներին հատկացվող ուշադրությունը, ֆինանսական միջոցները, այնուամենայնիվ սպորտի նվիրյալները եռանդուն մարզվում էին, և Հայաստանի հավաքականն իր կազմով մասնակցեց մայրաքաղաք Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությանը։ Բազմաբնակարան շենքերի բակերում՝ բաց պատուհաններից հաճախ էինք լսում ցնծությամբ լի բացականչություններ.
-Հաղթեց մեր հայ մարզիկը, ուռաաա՜, հայը Եվրոպայի չեմպիոն...
Հաղթողի հպարտությունը մեզ պարգևած մարզիկներից է Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, երիտասարդ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը, ով երկամարտի 377 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնությունը՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով։ Համեստ, ծանրակշիռ, արտաքին անդիմադրելի հմայքով մեր չեմպիոնը քչախոս է, գովեստի ու հիացմունքի բյուրավոր խոսքերին պատասխանում է միայն լուռ ժպիտով։
Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատից 5 կմ հեռավորությամբ, միջինարաքսյան հարթավայրում տեղակայված մի փոքրիկ գյուղում է ծնվել, հասակ առել հայ ծանրորդ Դավիթ Գնելի Հովհաննիսյանը։ Գյուղն իր անվանումը ստացել է ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և կոչվում է Բաղրամյան։ Հենց Բաղրամյան գյուղի փոքրիկ մարզասրահում էր ապագա չեմպիոնի առաջին ծանոթությունը ծանրաձողի հետ։
-Ես տասը տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել ծանրամարտով ու սիրեցի այդ մարզաձևը։ Շնորհիվ իմ առաջին մարզիչ Ռուսլան Խուդանյանի, իմ առաջին քայլերը ծանրամարտի ոլորտում դրվեցին ճիշտ հիմքերի վրա։ Շնորհալի մարզիկին 17 տարեկանում մրցաշարերի ժամանակ նկատեցին Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչները և առաջարկեցին հանդես գալ հավաքականի կազմում։ Եվ այդպես սկսվեց ծանրամարտիկի ուղին՝ հագեցած ամենօրյա պարապմունքներով, մրցաշարերի ակտիվ նախապատրաստական աշխատանքներով, հաղթանակներով և վնասվածքներով, վերականգնման փուլերով և եռանդուն մարզումներով։ Դավիթն ասես հավերժական ճամփորդ լինի, ընտանիքի անդամները նրան հաճախ չեն տեսնում իրենց տանը, նրա ճամպրուկը միշտ հավաք ու պատրաստ է, նա տարվա մեծ մասն ապրում է Ծանրամարտի Հայաստանի հավաքականի սպորտային համալիրում, Ծաղկաձորի մարզաբազայում, Օլիմպավանում, Աբովյանի սպորտ համալիրում և շաբաթվա վեց օրը մարզվում է։ Նրա առավոտը սկսվում է վազքով, նախաճաշի կարևոր բաղադրիչներն են հավկիթը, կաթնաշոռը, թթվասերը։ Ամենօրյա սննդակարգում գերիշխում է մսամթերքը։ Սուրճ չի խմում, նախընտրում է թեյ։ Ազատ ժամանակ նրա սիրելի զբաղմունքը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելն է, ու թեեւ Բաղրամյանում կլիման չոր, խիստ ցամաքային է, հաճախ են լինում խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, այնուամենայնիվ համառ պայքարն իր արդյունքն է ունենում։ Մեր չեմպիոնին հաջողվում է զբաղվել ծիրանենիների մշակմամբ և հաճույքով է հյուրասիրում իր ծառերից ստացած բերքը։
Դավիթ Հովհաննիսյանի սեղանին մեդալների առատության մեջ հազիվ նշմարվում են նրա ատեստատն ու դիպլոմը։ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մարզիկը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Դե իսկ սպորտային նվաճումները մրցանակների առանձին շարքով կներկայացնենք՝ Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնություն 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ (2014 Polska) Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների առաջնությունում 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալ` Եվրոպայի չեմպիոն (2016 Israel) Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալ (2017 Albania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում բրոնզե մեդալ (2019 Georgia) Եվրոպայի ծանրամարտի 23 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալ (2019 Romania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ (2022 Albania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ (2023 Երևան) Ծանրամարտիկի նպատակն է նվաճել ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում, իսկ երազանքը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն։ Հայ ծանրամարտի պատմության էջերում ոսկե տառերով գրվեց Դավիթ Հովհաննիսյանի անունը։ Սիրելի հայորդուն, խոստումնալից մարզիկին մաղթենք շռնդալից հաղթանակներ, միջազգային մեծ մրցահարթակներում, նրա հզոր բազկի շնորհիվ թող միշտ ծածանվի հայոց եռագույնը...

No comments:

Post a Comment