- Նախ շնորհավորում եմ բարձր գիտական աստիճան ստանալու կապակցությամբ: Որպեսզի ընթերցողին էլ ավելի հասկանալի լինի, շատ կարճ ասացեք. ի՞նչ է իր մեջ ներառում Աստվածաբանությունը, Աստվածաշնչի ուսումնասիրությու՞ն, վերլուծությու՞ն, թե սրանց միասնական տրամաբանական եզրահանգումը։
-Աստվածաբանությունը գիտություն է Աստծու մասին, որի հիմքը Ս. Գրքային հիմնավորումներն են։ Աստվածաբանը հավատքի շրջանականերում խոսում է Մեկի մասին, ով խաչվել և հարություն է առել հանուն մարդկության փրկության։ Աստվածաբանության չափանիշն է Աստծու Խոսքը, կամ Աստվածաշունչը, որը կենդանի Խոսք է հաղորդակցվելու մարդկանց հետ։ Աստված կենդանի Աստված է և աստվածաբանության նպատակն է մարդկային ամբողջ իրականությունը ուղղորդել դեպի Աստծո իրականություն։
Աստվածաբանությունն իր մեջ ներառում է Հին և Նոր կտակարանի իմացություն և քրիստոնեական մտքի պատմություն։ Այս ամենի վրա աստվածաբանը սիստեմատիկ կերպով մեկնաբանում է քրիստոնեական հավատքի պարունակություն, հասկանալի և մատչելի ժամանակակից մարդուն։
Աստվածաբանությունը կարող է երկխոսության մեջ մտնել ցանկացած գիտության հետ, իհարկե պահպանելով իր գերագույն նպատակը կամ հավատարմություն իր թեմային, որն է Աստված։
-Երկու խոսք ձեր անցած ուղու մասին:
-Ծնվել եմ Հայաստանում, աստվածաբանական կրթույունս շարունակել եմ Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:
Մագիստրատուրան ավարտել եմ «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։ Այս աշխատանքը թույլ տվեց ինձ խորացնել բողոքական աստվածաբանության մասին գիտելիքներս՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքս ավարտելուց հետո պրոֆեսորի կողմից առաջարկություն ստացա դոկտորական ատենախոսություն գրելու։
-ի՞նչ թեմայով պաշտպանեցիք դոկտորական թեզը:
-Դոկտորականս գրել եմ ֆրանսերենով՝ կարդալով ու ուսումնասիրելով բազմաթիվ գերմաներեն աղբյուրներ: Վերնագիրն է՝ «Ինչպես մտածել աստվածաբանական մարդաբանություն, Գերհարդ Էբիլինգի և Վոլֆհարթ Պաննենբերգի վիճաբանությունից»։
Երկու աստվածաբաններն էլ պատկանել են լյութերական ավանդույթին, բայց նրանք առաջարկում են քրիստոնեական մարդաբանության երկու տարբեր մոտեցումներ: Նրանց ունեցած բացահայտ քննարկում-բանավեճը վերաբերում էր բարոյականության և աստվածաբանության փոխհարաբերություններին։ Ես այս երկուսի հարաբերությունից փորձել եմ ճշգրտել, թէ ինչ տեսակի աստվածաբանական մարդաբանություն կարող ենք ձեռք բերել։Որովհետև աստվածաբանական մարդաբանությունը նույնը չէ, երբ մարդը աստվածաբանությունը սկսում է բարոյականությունից (Sittlichkeit) և Աստծո իրականությունից (die Wirklichkeit Gottes):
Այս իմ աշխատությամբ փորձել եմ պաշտպանել աստվածաբանական մարդաբանություն, որը որոշվում է Աստծո վարդապետությամբ, կամ ավելի պարզ ասած՝ քրիստոնեական մտորում մարդու մասին, որն ավելի շատ կախված է Աստծուց, քան մարդու բարոյական իրավիճակից: Քրիստոնեական մարդաբանության գլխավոր նպատակը մարդու գիտակցությունն է առ Աստված՝ նրա պատկերով և նմանությամբ, ուղղորդելով հոգևոր ոլորտներ:
-Հարցն այն է, թե ինչպե՞ս ենք մենք կապում մեր մարդկային գոյությունը, մեր լինելը և Աստծո իրականությունը: Ինչպե՞ս ենք մենք խոսում մեր գոյության և Աստծո հետ մեր ներկա իրավիճակի մասին:
-Այո, Աստծո և մարդու փոխհարաբերությունների մասին դատելով ավելի լավ է չսկսել մտածել մարդու գործողությունների, տվյալ իրավիճակի մասին մտորումներով, այսինքն փնտրելով ու գտնելով մեր մեջ մեղավոր մարդուն, մանավանդ, երբ մարդու մտավոր սահմանները պարփակվում են բարոյական գիտակցության մեջ։ Մենք պետք է առաջին հերթին սկսենք մտածել Աստծո, մասնավորապես նրա սիրո մասին, և հետո ինքներս մեզ հարցնենք, թե ով է մարդը նրա համար։ Աստված է համարվում մարդաբանության սկիզբը, ով բացահայտում է մարդուն և նրան դարձնում նոր արարած։ Սա ընդամենը մի օրինակ է։ Իմ աշխատանքով առաջարկել եմ նաև, թէ ինչպես կարող է դրական փոխազդեցություն ունենալ Աստծո խոսքը մարդկային հարաբերությունների վրա։
- Ասացիք, որ հետաքրքրված եք Հայ Եկեղեցու և առհասարհակ հայ աստվածաբանությանն առնչվող հարցերով: Ինչպիսի՞ն եք տեսնում վիճակն այժմ և այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք, բացեք փակագծերը:
-Կցանկանայի, որ մեր եկեղեցին կանոնավոր կերպով ներկայացներ Հայ աստվածաբանությունը, նրա ուսմունքը, նոր մարտարհրավերները, որոնց այսօր հայ աստվածաբանությունն առնչվում է և պատասխան չի տվել, հստակ չի պարզաբանել նույնիսկ շատ պարզ և հասարակ թվացող` «ի՞նչ է հավատքը» հարցին։
Կցանկանայի, որ Հայ եկեղեցու բարեկարգության հարցերը բարձրացվեն միայն ու միայն աստվածաբանական շրջանակներում։ Աստվածաբանություն է այն միակ օղակը և հիմքը, որի վրա պետք է վերակարգվի, բարեկարգվի Հայ Եկեղեցին։
Իհարկե պատրաստ եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մեր Եկեղեցուն:
-Կարող եք ասել ինչպե՞ս :
-Ահավասիկ մի քանի կարևոր դիտարկումներ Հայ Եկեղեցու աստվածաբանության և բարեկարգության մասին:
Ըստ իս՝ ամենից կարևորագույնն այսօր այն է, որ հայ աստվածաբանությունը վերադառնա իր ակունքին, այսինքն՝ ինչպե՞ս կարող է Աստված լինել աստվածաբանության թեմա։ Այսօր հայ աստվածաբանությունը ձուլվել է պատմության, կամ էլ մատենագրության մեջ, ինչի հետևանքով աստվածաբանությունը կորցրել է իր ինքնությունը։ Այ սա է պատճառներից մեկը, որ հարկավոր է Աստծո հեղափոխություն: Հիսուս Քրիստոսը, ով մեր մեջ է, եկեղեցու հիմքն է, պետք է հանդիսանա աստվածաբանության նպատակը: Այս հստակ թեզը պետք է բացատրել և մեկնաբանել նորովի՝ յուրաքանչյուր սերնդի համար, հասկանալի ու ըմբռնելի ժամանակակից մարդուն։
Նաև աստվածաբանությունը պետք է կենտրոնանա Աստծո ուսմունքի վրա, որպես պատասխան մարդու գոյաբանական հարցերի, լինի ոչ թէ պատմություն, այլ պատմություն սահմանված Աստծով։ Աստված պետք է լինի մարդու ամեն հարցերի վերջնական պատասխանը։ Աստված ստուգելով մարդու գոյությունը, նրան տալիս է ճշմարիտ ինքնություն։ Այս ամենը կարող ենք սահմանել, նոր լինել Քրիստոսի մեջ։ Ահա այսպես պետք է տեղի ունենա Աստծո հեղափոխությունը և այս ամենը պետք է եկեղեցու ամբողջական գործունեության հիմքը լինի, քանի որ եկեղեցին իր առաքելությունը գտնում է Քրիստոսի բերած նոր պատգամի մեջ։ Եկեղեցին անկախ չէ, այլ այն Ս. Հոգու գործի հետևանք է: և ահա այսպես եկեղեցին դառնում է Քրիստոսի մարմին։
Աստված հայտնվել է Քրիստոսի մեջ, ինչի շնորհիվ մարդիկ հավատքով դառնում են Աստծո որդիներ և որդեգրվում Աստծո կողմից։ Այս որդեգրման գործընթացում բոլոր քրիստոնյաները դառնում են մեկ և հավասար Քրիստոսի մեջ, այս էլ այն հարցին է գալիս պատասխանելու, որ եկեղեցու ցանակացած հոգևոր գործունեություն հավասարության և հոգևոր ծառայության է միտված։
-Այս դիտանկյունով, որքանո՞վ է հայ Առաքելական Եկեղեցին համահունչ Աստվածաշնչի նորմերին։ Թվում է հակասություններն առկա են։ Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։
-Իհարկե, Հայ եկեղեցին հեթանոսական ավանդություներով է ողողված, այն լուրջ մաքրման կարիք ունի հեթանոսական տարրերից։ Ավետարանը զգեստավորվել է հեթանոսական սովորություներով, խորքում Ավետարանը ձուլվել է հեթանոսության մեջ։ Ոսկորների պաշտում, անձերի պաշտամունք, հազարավոր տոներ, խաչափայտի բազում և զանազան տոներ, իրականը Խաչը կենդանի և հարուցյալ Քրիստոսն է, ով կենդանի խոսք է և որի միջոցով Ս. Հոգու կողմից մարդ հիացական հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ։ Կենդանի Աստված ավելի մեծ է, քանի որ որևէ նյութական առարկա, լինի փայտ, լինի Գրիգոր Լուսավորչի աջ... չի կարող փոխարինել Կենդանի Աստծուն։ Նյութապաշտությունը տեղ չունի քրիստոնեության մեջ: Ինչպես գերմանացի նշանավոր աստվածաբան Ադոլֆ ֆոն Հառնակն է նշում` դիվային «միաձուլում» է տեղի է ունեցել հելլենիզմի և առաքելական ժառանգության միջև։
Այս ամենից ելնելով եկեղեցին պետք է առաջնային տեղ հատկացնի և գերապատվություն տա այն փաստին, որ իր հոտի ամեն անդամին ուղղորդի դեպի Աստծու ներկայությունն ու Քրիստոսի սիրո պատգամը, որպես աշխարհի փոփոխման հիմք։ Աստծու իրական ներկայությունը, Քրիստոսի պատգամը և Աստծո Թագավորությունը հոմանիշներ են, որոնք սահմանում են եկեղեցու կյանքը։ Այս ամենի շուրջ պետք է միտված լինի Հայ Եկեղեցին և հրաժարվի անիմաստ և ոչինչ չտվող ծիսական կյանքից: Ավելին ասեմ՝ Ավետարանում նման ծիսական կյանք չկա։ Քրիստոս կենդանի խոսք է քարոզել, առաքյալները հավատարին լինելով իր խոստմանը, նույն այդ խոսքն են փոխանցել հաջորդ սերունդներին։ Ահա այստեղ է դրսևորվում հավատրմություն Քրիստոսի պատգամին ։ Ճշմարիտ եկեղեցին հավատարմություն է պահանջում Քրիստոսի խոսքերին և որի վրա էլ Ս.Հոգին հիմնում է, քանի որ եկեղեցին Ս. Հոգու գործողության հետևանք է։ Ահա այս ամենի հիման վրա պետք է Եկեղեցին կառուցվի, իսկ արդյո՞ք այսպես է Հայ Եկեղեցում։ Պատասխանը միանշանակ է` ոչ ։ Ժամանակն է, որպեսզի լուրջ կերպով Հայ Եկեղեցու ավանդույթները Ս.Գրքի լույսի ներքո վերանայել և դարձնել եկեղեցու գործունեության չափանիշ։ Ավանդությունը ինքնին վատ բան չէ, սակայն «Մեր Եկեղեցու ավանդությունը, որ ունենք Աստվածաշնչի վկայությունից է հաստատված»` ասել է Ս. Ներսես Շնորհալին։ Շնորհալին հստակ է ընդգծում, որ մեր եկեղեցու ավանդությունը բխում է Ս. Գրքից, ահա այստեղ է գտնվում եկեղեցու մշտական բարեկարգման գործընթացը։ Ինչպես հայ եկեղեցու աստվածաբան Արշակ Տեր Միքայելյան է ասում` Հայ եկեղեցին սրբազան ավանդությունը բարձր չի դասում Ս.Գրքից:
-Ըստ որոշ ընդդիմախոսների, Հայ Առաքելական Եկեղեցու արարողակարգերում ընդգրկված են տոներ, որոնք դուրս են քրիստոնեական ընկալումներից, այլ խոսքով հեթանոսական ծիսակարգեր են։ Ասենք` մատաղ անելը, վարդավառը, Տրնդեզը, ծննդյան արարողակարգեր նշելը և այլը։ Սրանք որքանո՞վ են Աստվածաբանության մեջ ուսումնասիրվող նյութ։
-Ես մասամբ արդեն պատասխանեցի այս հարցերին, կարող եմ շարունակել միտքս, իրոք Եկեղեցու մի շարք տոներ հստակեցման և մեկնաբանության կարքի ունեն։ Եկեղեցի են թափանցել հեթանոսական տոներ, սակայն եկեղեցու հայրերը փորձել են իրենց ժամանակի ոգուն համապատասխան հարմարեցնեն քրիստոնեական ոգուն։ Դարերի ընթացքում մի շարք տոներ շեղվել է իրենց իրական նշանակությունից։ Մատաղը շատ հաճախ որոշ հոգևորակաների կողմից նույնացվել է Քրիստոսի զոհաբերության հետ, սակայն այն իրականում բարի գործողություն է ուղղված դեպի ընկածը, չքավորը։ Այս մատաղը նաև ազգային տոնի բնույթ է կրում և ամենից հետաքրքիրն այն է, որ մատաղի գառը օրհնվում է հոգևորականի կողմից։ Այս ամենը պետք է մերժվի և եկեղեցին ձեռնպահ մնա և այն համարի միայն ազգային սովորություն։ Վարդավառը նույնպես ազգային տոն է, իսկ Քրիստոնեական իրական տոնը Քրիստոսի Պայծառակերպություն է: Տրնդեզը նույնպես ազգային տոների շարքին կարելի է դասել, իսկ Տեառնընդառաջը Ավետարանի պատմություն է, Տիրոջը ընդառաջ գնալը։ Շեշտադրել նման տարաբնույթ տոները Հայ Եկեղեցու տեսանկյունով` հեռանում ենք Աստծու իրական ներկայությունից, ահա այստեղից է պետք սկսել Եկեղեցու քարոզչությունը։ Եկեղեցին ունի մի նպատակ` կապ ստեղծել մարդու կյանքի և Աստծու իրականության միջև, սա է համարվում Քրիստոնեության հավատքի հիմքը։ Ինչպես Ս. Գրիգոր Նարեկացին է ասում` «Քոնն է բժշկությունը, Քոնն է առատությունը, Քոնն է քավությունը (ԺԶ, Ա)… Ասա Խոսքովդ, և ես կբժշկվեմ»(ԺԷ, Բ)… Այս խոսքերի հիման վրա պետք է վերականգնվի Հայ եկեղեցին` ավելորդություներից դեպի Աստծու բժշկող իրականություն։ Բացարձակն ավելին է, քան հարաբերականը:
Հայ Եկեղեցին շատ բանի ոչ թէ պետք է հարմարվի, ներմուծի մարդկային ավանդությունները, այլ պետք է բարեփոխվի Աստվածային Հայտնության լույսի ներքո:
Զրուցեց՝ Հայ Ազյանը
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment