Աշխարհագրական տարբեր վայրերն ու տարածությունն այլևս խոչնդոտ չեն շփվելու, ծանոթություն հաստատելու հրաշալի, ստեղծագործող մեր հայրենակիցների հետ: Համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Հատկապես ինձ հիացրեց Արթիկում բնակվող ու այնտեղ էլ ստեղծագործող Լիլիթ Տոնականյանը, ով փորձում է իր արվեստով օգտակար լինել հայրենի ծննդավայրին: Մինչ գեղեցկուհի, Շիրակի դաշտավայրի գույնզգույն ծաղիկների արարչագործուհի, գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հետ մեր հարցազրույցը` ներկայացնենք նրան:
Ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Նկարել սկսել է վաղ տարիքից։ 2009 թվականին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, այնուհետև ընդունվել ու սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում։ Դեռ ուսման տարիներից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում: Միայն մոտ մեկ տասնյակին հասնող անհատական ցուցահանդեսներ է ունեցել: Լիլիթի ստեղծագործություններում Շիրակի դաշտավայրի գեղեցիկ ծաղիկներն են, սքանչելի բնությունը, նկարում է նատյուրմորտներ, ունի նաև աբստրակտ ոճի գործեր, ունեցել է նաև թեմատիկ ցուցահանդեսներ, որոնցից մեկը նվիրված է եղել հենց ծաղիկներին: «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացված ցուցահանդեսը ունեցել է՝ «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագիրը: Մասնագետներն ու մամուլը լավ գնահատականների են արժանացրել Լիլիթ Տոնականյանի աշխատանքները: Գեղանկարչուհին մարզերում կարևորում է ցուցահանդեսների բացումը: Այն խթանում է տեղերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Լիլիթի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանում, մասնավորապես Կանադայի Վանքուվեր քաղաքում: Այժմ նկարչուհին աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում, ունի մի քանի տասնյակ սաներ, ովքեր յուրացնում են գեղանկարչության գաղտնիքները:
Հարցազրույց կենսագրականի շտրիխներով
-Լիլիթ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք նկարել:
Այնպես, ինչպես բոլոր փոքրիկներն են սկսում նկարել: Սիրեցի մատիտները, դրանցով արված խզբզոցները, որն սկսել էի ինչ որ բաների նմանեցնել: Հետո առավելություն ունեցան գույները: Իսկական հայտնություն էր, երբ արդեն արտանկարներ էի անում գրքերից: Երբ հաճախեցի Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոց, այդ օրվանից բացվեց նկարչության հրաշալի ու կախարդական աշխարհը: Սկսեցի յուրացնել նկարչական այբուբենը, հասկանալ ավելի գրագետ նկարելու գաղտնիքները։ Յուրաքանչյուր նոր քայլ նկարչական ասպարեզում ավելի էր մոտեցնում մտքին, որ դա այն է ինչ ուզում էի ու նկարչությունը իմ առաքելություն էր:
- Նկատել եմ ավելի շատ ծաղիկներ եք նկարում: Ինչո՞ւ են ձեր կտավներում գերակշռում ծաղիկները:
Ես ծաղիկներ շատ եմ սիրում: Դա բնութան արարչագործության գագաթնակետն է: Ծաղիկը կյանք է, սեր է, որից արարվում է պտուղը: Տեսեք որքան տարբեր են ծաղիկները իրենց բուրմունքով ու գույներով: Ես չեմ թողնում, որ ծաղիկները թառամեն ու թոշնեն, ես հավերժացնում, հավիտենական կյանք եմ տալիս ծաղիկներին, վառ եմ պահում նրանց գույները, անգամ բուրմունք եմ ներարկում:
-Շատ անգամներ ձեր կտավներում օգտագործված է դեղին գույնը: Լսել եմ, որ, այդ գույնով աշխատելը դժվար է: Այդպե՞ս է: Այս առումով ձեզ օգնե՞լ են Վինսենթ վան Գոգի հայտնի կտավները:
Ես սիրում եմ վառ գույներով աշխատել, դրանք տրամադրություն են ստեղծում, կյանքն էլ եմ ուզում տեսնել այդքան վառ ու դրական, ճիշտ գույների նման: Իհարկե ինչպես բոլոր նկարիչները, ինձ թվում է ես էլ բացառություն չեմ, ոգեշնչված եմ Վինսենթ վան Գոգի գործերով, ունեմ նկարած արևածաղիկներ:
- Զարմանալի գեղեցիկ ծովանկարներ էլ ունեք: Ե՞րբ եք տեսել իրական ծով, այն ինչ զգացմունքներ է ձեր մեջ արթնացնում:
Բայց մի զարմացեք, որ ասեմ ծով չեմ տեսել: Դիտելով աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թեկուզ մեկ նկարը` ծովն այնքան մոտ ու պատկերավոր է թվում, որ ստեղծագործելու ցանկությունն առաջանում է:
-Սիրելի Լիլիթ, այդ դեպքում, երբ Նիդերլանդներ այցելեք` առաջինը միասին կտեսնենք ծովն ու կայցելենք Վինսենթ վան Գոգի թանգարան:
Համաձայն եմ, առաջ Աստված: Շնորհակալ եմ:
-Բայց դրա փոխարեն շատ են ձեր հայրենի բնաշխարհը պատկերող կտավները: Շիրակի դաշտավայրն էլ յուրատեսակ մի ծով է` ծաղիկների, այդպե՞ս չէ:
Դուք եք ասում, այդպես է: Ունեմ տարբեր ոճի աշխատանքեր, բայց գերակշռում են Շիրակի դաշտավայրին նվիրված կտավները, այնտեղ աճող գրեթե բոլոր ծաղիկները նկարել եմ, սիրում եմ մեր հողն ու ջուրը, որքան հաջողվել է այդ «ծով-օվկիանոսից» կարողացել եմ կորզել, անմահացնել ինձ հարազատ վայրերի գեղեցիկ պատկերները:
Աշխատանքներիս մեծ մասը մատներով եմ նկարում: Սիրում եմ հպվել կտավին, զգալ ներկերը, խաղալ գույների հետ` առանց միջնորդի, որ տվյալ դեպքում վրձինն է: Վրձինն էլ իր դերն ունի, օգտագործում եմ, երբ դրա կարիքն է լինում:
- Որոշ ցուցահանդեսներում վաճառել եք ձեր գործերից: Պահու՞մ եք ստեղծագործությունների արխիվ, թե ընդմիշտ բաժանվում եք վճառված աշխատանքներից:
-Գնորդը, բնականաբար սիրում, փայայում, գնահատում է աշխատանքդ: Հետևաբար վստահ ես, որ հոգատար ձեռքերում է: Այնուհանդերձ հանգիստ լինելու, բաժանումը թեթև տանելու համար կրկնօրինակում եմ, թեև բննօրինակն ավելին է: Նաև տպագրել եմ աշխատանքներիս պատկերագիրքը` թեև ընթացքում ստեղծագործում եմ ու բոլորը ներառել հնարավոր չէ:
-Ինձ զարմացնում ու հիացնում է նաև ձեր մի այլ որակ: Շատ արվեստագետներ պարզապես տեղափոխվում են մայրաքաղաք ու այնտեղ ստեղծագործում: Դուք նման պահանջ չունե՞ք:
Այդպես է: Բոլոր արվեստագետներն են ձգտում մեծ քաղաքներ, ինքս ապրում և ստեղծագործում եմ այստեղ՝ մեր փոքրիկ Արթիկ քաղաքում, ուրախ եմ, հոգով թեթև, որ մի բան փորձում եմ անել ծննդավայրիս համար: Արթիկ քաղաքին մոտ գտնվող Փանիկ գյուղում արվեստի դպրոցում նկարչության ուսուցչուհի եմ, ունեմ բավականին տաղանդավոր երեխաներ, ովքեր մեծ քաղաքներում ներկայանում են ցուցահանդեսներ, բարձր արդյուներ են գրանցում և ունեն լավ ապագա:
-Եթե նկարիչ չլինեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:
Ճիշտն ասած մտածել եմ ,բայց միևնույն է սերը դեպի նկարչություն ավելին է:
Զրուցեց՝ Հայ Ազյանը
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment