Страницы

Tuesday, 25 April 2023

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուր՝ Երևանում

 


«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուր՝ Երևանում: Ալեք Մանուկյան փողոցում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուրը։ «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են այն հուշաղբյուրի վրա։

Լուսանկարներն՝ Արմենպրեսի



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Մուդրոսի զինադադարից հետո՝ 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։ Քաղաքական հուզումներից խուսափելու համար անգլիական կողմը նրանց տեղափոխեց Մալթա, որ այնտեղ իրականացնի նրանց մահապատիժը հանգիստ պայմաններում: Սակայն այնտեղ նրանց փոխարինեցին անգլիացի բանտարկյալների հետ և ազատ արձակեցին:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։

«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։

«Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին:

Հիմնական գործողությունները

-1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին:

1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
-1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
-1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որի հրամանով Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել էին, և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Այդ գործողության ժամանակ սպանվել է նաև վեևջինիս թիկնապահներից մեկը:
-1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
-1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին, Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը։
-1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:

Դավաճանների սպանությունը

1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
-1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
-1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, որոնք սպանվեցին 1915 թվականին:
-1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:

Չկայացած դատավճիռներ

-Դատավճռի ցուցակը գլխավորում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ: Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը: 1922 թվականին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում:
-Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց:

Գործողության մասնակիցները

Շահան Նաթալի (կեղծանունը՝ Նեմեսիս),
(1884-1983)
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի Ուսենիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում) 1884 թվականին: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: 1894-1896 թվականների հայկական ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի ազգականներ սպանվում են: 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում: Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց: Ոսումը շարունակում է այդտեղ: Հարուստ հայ բարեկամները Նյու Յորքից որդեգրում են նրան և նա մինչև 1900 թվականը ապրում է Նյու Յորքում և սովորում Բերբերյան ակադեմիայում:
1901 թվականին վերադառնում է Խարբերդ դասավանդում եկեղեցուն կից դպրոցում: 1904 թվականին ընդունվում է Հայ հեղափոխական Դաշնակցության շարքերը: Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում: 1908թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերադառնում է Թուրքիա: Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ: 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում:
Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը: Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը: Այդ հարցում Հայ հեղափոխական Դաշնակցության հետ տարաձայնությունների պատճառով 1920 թվականին դուրս եկավ Բյուրոյից և կուսակցությունից: 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը:


Արմեն Գարո (Գարեգին Պաստերմաջյան)
(1872—1923)
Հասարակական-քաղաքական գործիչ։ Հայաստանի Հնչակյան կուսակցության անդամ, մասնակցել է Զեյթունի ապստամբությանն օժանդակելու գործին, ուսանել է Ժնևում և ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան: 1908 թ. ընդգրկվել է թուրքական խորհրդարանի կազմում, 1914 թ. անցել Կովկաս և մասնակցել կամավորական շարժմանը։ Կարևոր դերակատարում է ունեցել «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ։


Միսաք Թորլաքյան
(1894 -1968)
Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում: 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ: 1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թորլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ, նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն: 1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:


Արշավիր Շիրակյան
(1902 -1973)
Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն): 1921թ. Հռոմում ահաբեկել է 1915թ. Օսմանյան կայսրության մեծ վեզիր (կառավարության ղեկավար) Սայիդ Հալիմ փաշային: 1922թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: 1923թ. հաստատվելէ ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը:


Արամ Երկանյան
(1895 -1930)
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս: 1917թ. կամավոր զինվորագրվում է հայկական բանակին, 1918թ. նշանակվում է Կարին-Դերջան ճանապարհի ռազմակայանի պետ, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: 1921թ. ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:

Արտաշես Գևորգյան Պետրոս Տեր-Պողոսյան Ստեփան Ծաղիկյան
Երկու Խոտորջուրցի երիտասարդներ՝ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը Ստեփան Ծաղիկյանի հետ ահաբեկում են Ջեմալ Փաշային և իր երկու թիկնապահներին, Թիֆլիսում, օրը ցերեկով, Զեկայի շենքի առջև:
Իրենց այս արարքի խիզախությունն ապշեցնում է բոլորին: Այդ առիթով Չեկայի պետ Բերիան ասում է` «Սա դաշնակցական տեռոր է»


Սողոմոն Թեհլերյան
(1897-1960)
Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել էերիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։ Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է ՀՅԴ կազմակերպած Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։










No comments:

Post a Comment