The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 10 March 2023

Հայրենիքի խնդիրներով, հայրենիքից անբաժան. Լուսիանա Մինասյան

ԵՐԲ ԵՐԱԶՈՒՄ ԵՍ  ԱԶԳԻԴ ԵՐՋԱՆԻԿ ՏԵՍՆԵԼ և ՉԵՍ ԿԱՐՈՂ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՉՆՎԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ


Այսօր փորձեցինք փոքրիկ զրույց ունենալ «Ապագա Հայկականը» համաժողովի  մասնակից, իրավաբան, բարեգործ, Մարիա Լուսիանա Մինասյանի հետ ով իր հայանպաստ գործունեությունն իրականացնում է մեծ նվիրումով։ Համաժողովում նա ներկայացնում է արգենտինահայությանը։ Երբ զրուցում էինք հաճույքով բացահայտեցի, թե որքան ջերմություն ու սեր կա թաքնված այս փխրուն կնոջ հոգում հայրենիքի ու հայի հանդեպ։ Խնդրեցի ներկայանալ «Նիդերլանդական Օրագրի» ընթերցողներին:

-Միջազգային իրավունք եմ դասավանդում, Բուենոս Այրեսի համալսարանի Իրավաբանական դպրոցի Էմիլիանո Բուիսի ամբիոնում, ասիստենտ եմ: Դասավանդում եմ նաև Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներն ուսումնասիրող դասընթաց, նաև զուգահեռաբար դասավանդում եմ նույն համալսարանի Հոլոքոստի, ցեղասպանությունների և խտրականության դեմ ամբիոնում: Նախկինում համագործակցել եմ Երուսաղեմի Եբրայական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի արգենտինացի ընկերների հետ: Վերջին շրջանում աշխատում եմ Արցախյան 2020-ի պատերազմի իրավական ասպեկտների վրա՝ ինչպես Արգենտինայի տեղական դատարաններում, այնպես էլ հայկական սփյուռքի իրավաբանների միությունների գործընկերների հետ: Մեր խնդիրն է ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Վատիկանին ուղղված նամակներում և այլն, իրազեկել ռազմագերիների վերաբերյալ և հիմնականում առաջ քաշել որպես «քաղաքացիական կողմեր»: Արևմտահայերի ազգային կոնգրեսի անդամ եմ, իսկ վերջերս նաև Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Լեմկինի ինստիտուտի իրավախորհրդատու։

Լուսիանա Մինասյանը World Association of Armenian Lawyers կազմակերպության անդամ է, զբաղվում է Հոլոքոստի խնդիրներով, համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, սակայն սա ամբողջը չէ։ Նա Հայաստանին ու հայությանն առնչվող բարեգործական ձեռնարկների հեղինակ է և խորապես  մտահոգ է Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքների խնդրով։ Լուսիանան իր ողջ էությամբ, հոգով ու սրտով տառապում է արցախահայության արդի վիճակի, Արցախում ստեղծված ճգնաժամի և հումանիտար աղետի հոգսերով ու խնդիրներով։ Մեր այն հարցին, թե ինչպիսի սպասելիքներ ունի ֆորումից, Լուսիանա Մինասյանը լի հավատով պատասխանեց․

-Կարծում եմ, որ նախաձեռնությունը բավարար հիմքեր կստեղծի Սփյուռքի և Հայաստանի միջև ավելի լավ փոխըմբռնման համար: Հանձնաժողովների աշխատանքի ընթացքում քննարկել ենք բազմազան հարցեր, որոնց վերաբերյալ մեկնաբանություններն ու վերլուծությունները կարող են տարբերվել հայաստանյան և սփյուռքահայության տեսակետների տարբերության պատճառով։ Հայ լինելու հայեցակարգը արդեն բավարար է  միասնության համար, և այդտեղից էլ մենք կարող ենք մեկնարկել ու հասնել մի քանի նպատակների, այդ թվում՝ միասնական կառավարում, ժողովրդավարություն, ժողովրդավարական ինստիտուտների հզորացում, որդեգրած առաջնորդության ընտրության վերլուծություն, մշակութային ժառանգության և մշակույթի ոչնչացում, լեզվի և մշակույթի պահպանման անհրաժեշտություն, կրթության բնագավառում նոր մեթոդաբանությունների ընդգրկման վերաբերյալ քննարկումներ Սփյուռքին ներառելու միտումով։

Մենք չենք կարող անտարբեր լինել մեր անցյալի նկատմամբ, ուստի պետք է դիտարկենք մեր խնդիրները՝ սկսած Ցեղասպանությանն անմիջապես հաջորդող շրջանից։ Նաև մենք  ապագայում պետք է ուշադրության կենտրոնում պահել Արցախը։ Բնակչության հետ կապված անհրաժեշտ է կանոնավոր, ինչպես նաև նոր միջոցներ փնտրել, ստեղծագործ մոտեցումներ ցուցաբերել բնակչության աճը բարելավելու համար, առաջացել են դիտարկելու նոր թեմաներ՝ հատկապես պատերազմից անմիջապես հետո։ Իմ ակնկալիքները, հավանաբար, շատ մեծ են, բայց ես իսկապես զգում եմ, որ սա ճիշտ պահ է, որպեսզի Հայաստանը հզորանա և ուժեղանա:

« Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի անդամ, ցեղասպանագետ Լուսիանա Մինասյանը՝ Աստղիկ Սարգսյանի հետ հարցազրուցում անդրադարձել է 2023 թ. մարտի 10-12 կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին, մասնակցության կարևորությանը և նոր ձևաչափի ընձեռած հնարավորություններին, ինչպես ի թիվս այլ հարցերի խոսեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքի համայնքների համատեղ և հետևողական աշխատանքների կարևորության մասին: Հարցազրույցը անգլերենով տե՜ս այստեղ․ https://futurearmenian.com/hy/news/lucianaminassiansinterviewtoastghiksargsian/

Մեր հմայիչ հայրենակցուհուն՝ Լուսիանա Մինասյանին, ով հայրենիքի խնդիրներով զբաղվելը համարում է իր պարտականությունը, մաղթենք նոր ուժ ու եռանդ ֆորումի աշխատանքներին առավել արգասաբեր մասնակցություն ցուցաբերելու համար։

Պատրաստեց՝ Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ 

Հատուկ Նիդ․ Օրագրի համար՝ «Ապագա Հայկականը» համաժողովից, Երևան 10.03.2023

Հիշեցնենք, որ Երևանում այսօր (մինչև մարտի 12-ը)  մեկնակել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»  (The FUTURE ARMENIAN) առաջին hամաժողովը։   Մասնակիցները քննարկելու են Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր: Առաջին Համաժողովը նվիրված է լինելու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:
Այսօր քննարկվեց «Պատմական պատասխանատվություն» հայցեկարգային ծրագրի թեման:

No comments:

Post a Comment