Այսօր Մաստրիխտում (12.02.2023) լրացավ Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը։ Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ , Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Այդ մասին դեռ առավել մանրամասն կանրադառնանք։ Պատարագից հետո հրավիրվածները ճաշակեցին օրհնված մատաղը։
—————
Երեկ, փետրվարի 12-ին Մաստրիխտում և շրջակայքում բնակվող հոլանդահայությունը մեծ հանդիսությամբ նշեց քաղաքի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու օծման 10-ամյակը։ Տոնախմբության առիթով Մաստրիխտ էր ժամանել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռի Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչ, Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Առավոտյան ժամը 11-ին հայ հավատացյալներով լի եկեղեցում մատուցվեց Սբ․ Պատարագ, որի ընթացքում Սրբազան Հորը սպասավորեց Բելգիայի Լիեժ քաղաքի Հայոց հովիվ, Հոգշ․ Տ․ Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանը։ Ներկա գտնվեց նաև Մաստրիխտի՝ հայազգի սուրբ Սրբատիոսի անունը կրող՝ Սբ․ Սերվատիուս կաթոլիկ մայր եկեղեցու լուսարարրապետ, Հայր Ջոն Դաուզընբերգը։
Պատարագի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց տոնախմբության առիթով պատրաստված մատաղը։
Այնուհետ, բոլորը տեղափոխվեցին հյուրասիրության սրահ՝ ճաշակելու օրհնված մատաղը և վայելելու տոնախմբության երաժշտական հանդեսը։
Սիրո սեղանի շուրջ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայր Ջոն Դաուզենբերգը։ Ապա բեմահարթակ բարձրացան Անի համայնքի կիրակնօրյա դպրոցի շնորհաշատ սաները։ Երաժշտագետ Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ՝ երեխաների ելույթը հրաշալի ոգևորություն և ջերմություն պարգևեց ներկաներին։ Տոնական բարձր տրամադրությունը ապահովեցին նաև երգիչներ Աղասի Իսպիրյանը, Արտուր Պետրոսյանը և երգչուհի Տաթևիկ Աշուրյանը։
No comments:
Post a Comment