Հայրենասեր երեք հայորդիների անչափ համարձակ, իր տեսակի մեջ առայսօր եզակի նախաձեռնությունն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Նրանք անցնելով ավելի քան 11 000 կմ ցամաքային եւ 7 000 կմ օդային ճամփաներ, հնչեցրին հայոց պատմության լուսավոր էջերից հայտնի ու մինչ այժմ անհայտ հերոսական դրվագներ, հայոց պոեզիայի անմահ գոհարներից ամենակատարյալները:
Այդ երեք այրերին միավորեց ու չափազանց համարձակ ձեռնարկին մղեց հայրենիքին այդկերպ օգտակար լինելու ու ծառայելու ցանկությունը: Ահա նրանք. Նորայր Զուլոյան- «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Հայոց պատմություն եւ պոեզիա» պատմամշակութային հանդիպումների գաղափարի հեղինակը, նախաձեռնող ու իրականացնող: Կարո Վարդանյան- գրող, գրականագետ, հրապարակախոս, պատմագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու: Ջիվան Սարգսյան- թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, ասմունքի ժողովրդական վարպետ, «Մովսես Խորենացի» մեդալակիր: Նրանք վստահ էին, որ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման առաջնային գործոններից մեկը միշտ էլ եղել ու մնում է հայոց անկորնչելի հարստությունը՝ բազմադարյան մեր մշակութային գանձերը, նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին հասանելի դարձնելը, նրանցով բազմահազար կարոտաբաղձ սրտեր հուզավառելը: Սեփական գործնական ուղեւորություններից ու փորձից ելնելով՝ նախաձեռնողը համոզված էր, թե ինչ կարոտով են մեր հայրենակիցներն սպասում հայոց բառուբանին, պատմությանը, հայտնի արվեստագետներին, ինչպիսի լիցքեր են ստանում մեր գաղթօջախները նման հանդիպումներից:
Արդյունքն ավելի քան գոհացուցիչ էր եւ լիարժեք էր արտահայտում եռյակի ակնկալիքները: Հայրենիքի ներկա ընթացքով ապրող մեր ազգակիցներները մատուցվելիք թեմաներից պիտի իմանային ու վերահամոզվեին, որ մեր ժողովուրդն ունեցել է շատ ավելի օրհասական ու ողբերգական ժամանակներ, ունեցել է տարածքների ու մարդկային անդառնալի, անհատուցելի կորուստներ, բայց եւ ունեցել է լուսավոր դեմքեր, անձնուրաց առաջնորդներ ու զորավարներ, ովքեր իրենց աննկուն կեցվածքով ու հայրական հոգածությամբ ապավեն են դարձել իրենց ժողովրդին: Առաջին թեման ընտրված էր՝ «Զորավար Անդրանիկի 1918-19 թթ. արշավանքը դեպի Նախիջեւան, Սյունիք եւ Արցախ»:
Սփյուռքահայերի ուշադրությունը մշտապես բեւեռված եղել եւ մնում է Հայկական հարցի բարձրաձայնման առաքելությունը որդեգրած ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, անձնազոհ տղաների անձնուրաց գործունեությանն անցյալ դարավերջին: Կարո Վարդանյանը պատրաստ ուներ նաեւ ոչ պակաս կարեւոր, ոչ պակաս հետաքրքիր եւս երկու թեմա՝ «78 տարեկանում ԱՍԱԼԱ-ի պայքարի կանթեղը վառած ավագագույն ասպետ Գուրգեն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը» եւ «Սփյուռքի 1970-1980-ական թթ. զինյալ պայքարը կորսված տարածքների վերադարձման եւ Հայոց ցեղասպանության հանրայնացման նպատակով»: Այդ հետո պիտի պարզվեր, որ մեր հայրենակիցները հաճախ մինչեւ կեսգիշեր հասնող հանդիպումների ընթացքում իրենց բազմապիսի, հետաքրքրող հարցերով հեղինակին ստիպելու էին անդրադառնալ նշված բոլոր թեմաներին էլ, քանդելով դրանց միջեւ գոյություն ունեցող «չինական փոքրիկ պարիսպը»: Այդ պատմություններն առավել տպավորիչ, ընկալելի դարձնելու նպատակով որոշվեց դրանք ընդմիջարկել մեր տաղանդաշատ բանաստեղծների՝ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Շիրազի, Սեւակի եւ այլ երախտավորների հատընտիր քերթվածքներով, որոնք համահունչ են ներկայացվող պատմություններին: Ընտրվեց միջոցառումների շարքի խորագիրը՝ «Հայոց պատմություն եւ պոեզիա»:
Իսկ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով հասնել սփյուռքի մեր հայրենակիցներին, ո՞ր երկրներում, ո՞ր քաղաքներում, ո՞ւմ օգնությամբ կազմակերպել հանդիպումների շարքը… Այս հոգսերը պիտի լուծվեին եւ լուծվեցին հաջողությամբ՝ Ն. Զուլոյանի եւ «Ինտերկապի» համակիրների շնորհիվ: Սկզբում ընտրվեցին Վրաստանի եւ Ռուսաստանի հայահոծ քաղաքները: Առաջին հանդիպումը կայացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմի «ՀայԱրտուն» մշակութային կենտրոնում: Արդյունքն սպասելի էր՝ շռնդալից: Նրանց ելույթները նմանատիպ գնահատանքի արժանացրին նաեւ Բաթումի, Կրասնոդարի, Արմավիրի, Պյատիգորսկի հայերը:
«Հայոց պատմություն եւ պոեզիան Եվրոպական երկրներում» ծրագրի մեկնարկը տրվեց նոյեմբերի 5-ին Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում, ապա միջոցառումներն ու գործնական հանդիպումները տեղի ունեցան հավերժական քաղաք Հռոմում, ֆրանսիական Նիցցա, Մարսել, Աժեն, Վալանս, Ռոմանս, Լիլ, Փարիզ, Բելգիայի Մեխելեն քաղաքներում, որոնցում եւս մեր հայրենակիցները հավուր պատշաճի արժեւորեցին ոգեշունչ հանդիպումների շարքը:
Դեկտեմբերի 10-ին խումբը Հաագայում էր: Մաթո Հախվերդյանի հիմնադրած 30-ամյա «Աբովյան» մշակութային միությունում Կարո Վարդանյանի հայոց պատմության անհայտ կամ քիչ հայտնի դրվագները, որ փաստարկված էին արխիվային նյութերով, ընդմիջվում էին ոչ միայն Ջիվան Սարգսյանի կատարումներով, այլեւ սաների երգուպարով, ասմունքով, միության երգչախմբի կատարումներով: Ծրագիրը բավական հետաքրքիր ու հագեցած էր, եւ այն անտարբեր չթողեց միջոցառման ունկնդիրներին, որին ներկա էր նաեւ Հոլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Դեկտեմբերի 11-ին Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր՝ շնորհիվ տնօրեն Սվետլանա Անդրեասյանի, նրա թիմի մանկավարժների եւ ծխական խորհրդի անդամների, ներկայությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Մաշտոց Բաղդասարյանի: «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքի հիմնադիր, լրագրող Աշոտ Կնյազյանը բարձր գնահատեց հոլանդական հանդիպումների շարքը՝ նշելով, որ «Հայոց պետության համար այս դժվարագույն օրերին եռյակը բարձր է պահում հայի ազատագրական ոգին»: Հիշատակվում է նաեւ, որ Ասեն քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը Վանաձորից բերվել է «Ինտերկապի» ջանքերով: Օրագրի էջերից էլ տեղեկանում ենք, որ «Հայոց պատմություն եւ պոեզիա» նախաձեռնության հեղինակները ճանաչվել են «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» անվանակարգի հաղթողներ եւ արժանացել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի սահմանած մրցանակներին:
Միջոցառումների վերջին ակորդը հնչեց Բեռլինում, որի կայացմանն անուրանալի ներդրում ունեցավ նախաձեռնությամբ խանդավառված, ազգությամբ գերմանացի, Նորայր Զուլոյանի 35 տարվա ընկեր, բարեկամ, հայասեր Ռայներ Քոզելը, ով դեռ մինչեւ եռյակի շրջագայությունը առաջիններից առաջինը ողջունեց նախաձեռնության հեղինակների՝ եվրոպական երկրներում հյուրախաղերով հանդես գալու որոշումը, հորդորեց անհապաղ իրագործել այն՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերով նրանց թիկունքին է: …Բեռլինում էլ խոսեց Կարո Վարդանյանը, եւ ունկնդիրների աչքերի առջեւ հառնեցին անցյալի հերոսական օրերը. ահա, հայոց վերջին լեռնանցքով շարժվում է Զորավարը՝ դեպի թշնամու հայեցողությանը հանձնված Նախիջեւան, Սյունիք ու Արցախ աշխարհներ: Նա չի ընդունում, չի ճանաչում որեւէ պայմանագիր կամ դաշնագիր, որոնք չեն արտահայտում իր ու իր ժողովրդի կամքը: Գաղթականության բազմահազարանոց թափորը մի քայլ անգամ չի հեռանում իր ապավեն Զորավարից, ու դա մեծապես կաշկանդում է Անդրանիկի զորաշարժը, խոչընդոտում լիարժեք ու անդրանիկաբար հարվածելու ամեն կողմից հարձակվող թշնամուն: Բայց նա գիտի, որ ճակատագրով իրեն է վերապահված անառիկ պահելու Հայաստանի վերջին կենսական տարածքները, հոգալու իրեն ապավինած ժողովրդի վերջին բեկորների ապահովությունը: Այս խելահեղ ու ազգափրկիչ արշավանքի մանրամասներն անասելի հուզում պարգեւեցին պատմական այս անցքերին անտեղյակ մեր հայրենակիցներին եւ տոգորեցին նրանց հավատով ու հպարտությամբ: «Ինտերկապի» նախագահն ամենուր «Երախտիքի գիր» հանձնեց միջոցառումների բոլոր կազմակերպիչներին: Մեր հայրենակիցներին սիրով նվիրվեցին Նարեկացու «Մատյան ողբերգության» հավերժախոս պոեմի՝ Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ եւ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիկոպոս Հակոբյանի օրհնությամբ աշխարհ եկած ձայնագրության խտասկավառակը եւ Կարո Վարդանյանի՝ տարիներ առաջ հրատարակած «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գիրքը: «Հայոց պատմություն եւ պոեզիա» ծրագիրն իրագործող խումբը սիրով հիշելու է նախաձեռնությանն ամեն կերպ աջակցած անհատներին, կազմակերպություններին, բոլոր ինֆորմացիոն գործընկերներին, որոնց թվում է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
10 հունվար,2023թ.
No comments:
Post a Comment