Հրաչ Մարտիրոսյանը թեև բնակվում է Նիդերլանդներում, բայց ակտիվորեն շարունակում է զբաղվել հայագիտությամբ, աշխատել է Լեյդենի համալսարանում (Assistant in training), աշխատակցել է Վիեննայում՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտում։ Ներկայումս գիտական գործունեությամբ է զբաղված Բեռլինում։ Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ճանաչված բուհերում ու գիտական հաստատություններում։ Չնայած այս ամենին գիտնականը հպարտանում է Հայաստանում ձեռք բերած իր հաջողություններով, երազում է օր առաջ հաստատվել Երևանում և նպաստել իր իսկ հիմնադրած հայագիտական ամառային դպրոցի ու «Հայերենագիտության ակադեմիայի» կայացմանը։
Փոքրիկ հաջողության համար շնորհավորում ենք Հրաչ Մարտիրոսյանին ու իր համախոհներին։
Ես ուղղակի չգիտեմ ոնց սկսեմ իմ անչափելի ուրախության մասին ձեզ պատմելը։ Որ ուղղակի ասեմ՝ խմբիս հինգ տարվա գիտական նախագիծն ընդունվել է, եսիմ դուք կպատկերացնե՞ք, թե դա ինչ է նշանակում ինձ համար։ Փորձեմ ավելի մանրամասն։
Շատերդ գիտեք, որ ես դեռ 2000-ականների սկզբից չարչարվում եմ իմ հայաստանյան (առայժմ վիրտուալ) «Հայերենագիտության ակադեմիայի» խմբի ձևավորման, կրթության, գիտական որակի բարձրացման վրա։ 2008-ից մեկնարկեց հայագիտական արշավային ամառային դպրոցի ու խտացված դասընթացների շարունակական երթը, իսկ 2019-ին արդեն սկսվեցին ու մինչ այժմ ինտենսիվորեն ու բացարձակապես առանց ընդհատման ընթանում են իմ խիտ դասընթացն ու մեր տվյալների բազայի գիտական աշխատանքները։ Բայց այս ամենն իհարկե ՝ զուտ բոլորիս նվիրումով, առանց ֆինանսական միջոցների։ Ես էլ, ցավոք, սա անում եմ դեռ արտասահմանից (քանի դեռ չեմ վերահաստատվել Հայաստանում․ դա էլ է մոտենում)։ Ու ես միշտ ձգտում էի խմբիս համար հաստատուն ու վճարվող հենք սարքելու ուղղությամբ։ Մի քանի փոքր դրամաշնորհիկներ հայթայթեցի իմ խմբի համար, բայց դրանք լուրջ հույս չէին։
Եվ ահա՝ ՀՀ Գիտության կոմիտեի հնգամյա դրամաշնորհին ներկայացված մեր հայտն ընդունված է (հղումը՝ ցածում )։ 51 հայտից ընտրվել է 18-ը, 2-ը հումանիտար թեքումով (որոնցից մեկը՝ մերը), մնացածը՝ բնագիտական և ճշգրիտ գիտությունների։ Հենց այսօր՝ 2022 թ․ դեկտեմբերի 1-ին, պաշտոնապես սկսվեց մեր աշխատանքը։
Սա նշանակում է, որ՝
• Հայաստանում իրական՝ ֆիզիկական իմաստով «Հայերենագիտության ակադեմիա» հիմնելու երեսնամյա երազանքիս մարմնավորման առաջին փուլի պաշտոնական մեկնարկը տրված է․
• որ խմբիս այս հատվածն այսուհետ հանգիստ կենտրոնացնելու է իր հիմնական ժամանակը մեր գիտական աշխատանքների, շարունակվելիք ու ավելի խտանալիք դասընթացների և զուգահեռաբար օտար լեզուներ սովորելու վրա․
• որ շուտով ամեն միջոց կներդնեմ խմբիս մյուս մասի համար էլ դրամաշնորհի հասնելու համար, և սրանց հաջորդելիք մեր մյուս նախագծերի հեռանկարային միավորմամբ մեր հայաստանյան «Հայերենագիտության ակադեմիան» դառնալու է արդեն իրական հաստատություն և անշեղորեն գնալու է միջազգային չափանիշներով բարձրակարգ հաստատություն դառնալու ճանապարհով։
Մեր հետազոտությունը համալիր քննության է ենթարկելու հայերենի բնաշխարհային և մշակութային բառամթերքներն հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում (հայոց լեզվի ծագումից մինչև արդի բարբառներ)։
Շատ ուրախ եմ, որ մեզ հյուրընկալելու է իմ հարազատ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Խմբիս հայաստանյան համաղեկավարն է իմ սիրելի Արփինե Անդրեասյանը։ Աշխատանքն էլ անելու եմ իմ սիրելի խմբով։
Ձեռնածության ու ցեխաշպըրտի սիրահարների ջանքերը փափկացնելու համար ասեմ, որ ես, քանի դեռ դրսից եմ ղեկավարելու, աշխատավարձ չեմ ստանալու․ ոնց որ չեմ ստացել նախորդած ջանքերի (այդ թվում գիտարշավների և այլնի) համար․ դեռ ընդհակառակը, շատ դեպքերում ես ինքս եմ իմ անձնական միջոցներից ծախսել։ Սա ուղղակի՝ որ դուք գիշերները լավ քնեք և ձեր ժամանակն ավելի բեղուն բաների վրա ծախսեք։
Ու հա՛, ես հա է՛լ այն համոզմանն եմ, որ մեր երկրի աղետներն ամոքելու համար օդի պես պետք են ոչ միայն ռազմական ու տնտեսական ողնաշարի շտկումը (գլխավորագույնն իհարկե դա է), այլև՝
• հայաստանյան գիտության ու կրթության զարգացումը
• և Հայաստանի ժողովրդագրական աղետալի պատկերի աստիճանական բարելավումը։
Մեր այս նախագիծը մի պուճուր բայց ամուր ու սրտալի քայլ է այդ երկու չափազանց կարևոր ուղղություններով։
Նրանք, ովքեր բանասիրական կրթություն ու գիտական լուրջ հետաքրքրություններ ունեն և կուզեն այս կամ այն կերպ հարել մեր հեռանկարներին, կարող են մտնել մեր «Հայերենագիտության ակադեմիա» ՖԲ խումբ և բազում ամիսներ մեր անվճար դասընթացին մասնակցելով և կամք ու աշխատասիրություն դրսևորելով փորձել ընդգրկվել մեր ապագա նախագծերում։
Մեր հավերժական Մայրենին
Նրանք, ովքեր բանասիրական կրթություն ու գիտական լուրջ հետաքրքրություններ ունեն և կուզեն այս կամ այն կերպ հարել մեր հեռանկարներին, կարող են մտնել մեր «Հայերենագիտության ակադեմիա» ՖԲ խումբ և բազում ամիսներ մեր անվճար դասընթացին մասնակցելով և կամք ու աշխատասիրություն դրսևորելով փորձել ընդգրկվել մեր ապագա նախագծերում։
Մեր հավերժական Մայրենին
No comments:
Post a Comment