The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 22 November 2022

Ամստերդամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձը

 

««Ամստերդամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձը»» վերտառությամբ հոդվածը հրապարակել են սփյուռքյան «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերը։


Նոյեմբեր 19-20-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին հյուրընկալեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին, որը ժամանել էր նախագահելու համայնքի հիմնադրման 33-րդ տարեդարձին նվիրված արարողությունները։

Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհրդի հետ: Հընթացս ընթրիքի եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը ներկայացրեց նորանշանակ ծխական խորհրդի անդամներին, որից հետո Սրբազան Հայրը խոսեց ներկաներին ծխական խորհրդի կարևորության և առաքելության մասին:

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների հետ: «Սուրբ Հոգի» եկեղեցվո ԱՅՈ երիտասարդաց միությունը կազմակերպել էր դասախոսություն պսակի խորհրդի և հարաբերությունների մասին թեմայով: Խաժակ Սրբազանը հետաքրքիր կերպով, տարբեր օրինակներով ներկայացրեց երիտասարդներին ընտանիքի մոդելը, հարատև ու երջանիկ միության պահպանման գրավականները: Հանդիպման հենց սկզբում ձևավորվեց ազատ, անկեղծ ու անմիջական մթնոլորտ, որն էլ առիթ հանդիսացավ երիտասարդներին անկաշկանդ հղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Նոյեմբերի 20-ին Սուրբ և Անմահ պատարագը մատուցեց Սրբազան Հայրը: Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցին կառուցողների և պատմության ընթացքում իրենց ծառայությունը հայ համայնքին ու եկեղեցու պահպանման համար բերած ննջեցյալ հայորդիների համար: Ապա կատարվեց մատաղօրհնության ավանդական արարողություն, որին էլ հաջորդեց սիրո սեղանը: Ներկաներն իրենց սրտաբուխ նվիրատվությունը կատարեցին ի պահպանություն և ի պայծառություն «Սուրբ Հոգի» եկեղեցու և ծխական համայնքի:

Ամսթերտամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ վերաբացման 33-րդ տարեդարձը

---------------

19-20 Նոյեմբերին Ամսթերտամի «Սուրբ Հոգի» եկեղեցին հիւրընկալեց Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեանը, որ ժամանած էր նախագահելու տեղի եկեղեցական համայնքի հիմնադրման 33-րդ տարեդարձին նուիրուած արարողութիւնները։

Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցաւ եկեղեցւոյ ծխական խորհուրդի հետ: Յընթացս ընթրիքի՝ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Տարօն ներկայացուց նորանշանակ ծխական խորհուրդի անդամները, որմէ ետք Սրբազան Հայրը ներկաներուն խօսեցաւ ծխական խորհուրդի կարեւորութեան եւ առաքելութեան մասին:

Նոյն օրը տեղի ունեցաւ երիտասարդներու հետ հանդիպում: «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ ԱՅՈ երիտասարդաց միութիւնը դասախօսութիւն կազմակերպած էր պսակի խորհուրդի եւ յարաբերութիւններու մասին թեմայով: Խաժակ Սրբազանը հետաքրքիր կերպով, տարբեր օրինակներով ներկայացուց երիտասարդներուն ընտանիքի մոտելը, յարատեւ ու երջանիկ միութեան պահպանման գրաւականները: Հանդիպման սկիզբը ձեւաւորուեցաւ ազատ, անկեղծ ու անմիջական մթնոլորտ, որ առիթ հանդիսացաւ երիտասարդներուն անկաշկանդ յղել իրենց յուզող հարցերը եւ ստանալ սպառիչ պատասխաններ:

Նոյեմբերի 20-ին Սրբազան Հայրը Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցեց: Պատարագի աւարտին հոգեհանգստեան արարողութիւն կատարուեցաւ եկեղեցին կառուցողներու եւ պատմութեան ընթացքին իրենց ծառայութիւնը հայ համայնքին ու եկեղեցւոյ պահպանման համար մատուցած ննջեցեալ հայորդիներու համար: Ապա կատարուեցաւ մատաղօրհնութեան աւանդական արարողութիւն, որուն յաջորդեց սիրոյ սեղանը: Ներկաները իրենց սրտաբուխ նուիրատուութիւնը կատարեցին ի պահպանութիւն եւ ի պայծառութիւն «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ եւ ծխական համայնքի:






No comments:

Post a Comment