Страницы

Wednesday, 10 August 2022

Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: Հայկանուշ Մառք

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
Գրակ. ինստ. ավագ գիտաշխատող,
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
Գրակ. ինստ. ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՌՔ*
ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
1881-1966

«Պիտի կրենք մեր պատասխանատվությունը,
պիտի ստեղծենք մեր իրավունքները»:
Հայկանուշ Մառք


Ինչպէ՞ս

Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, սիրելիս
Որ սէրս ելլայ միշտ տեւական ու տարբեր,
Ինչպէ՞ս սիրեմ զքեզ, իմ հոգիս, 
Ոը նմանը չըրած ըլլան ուրիշներ…։ 
Ինչպէ՞ս, ըսէ՛, երազեմ քեզ որ յոգնած
Չծանրանան աչքերս արթուն ու ցած 
Ձայներն չվրդովեն հանգիստ-խուն
Եըբ մտնեմ քուն ։ 
Ինչպէ՞ս գգուեմ զքեզ սէրովս րոլոր, 
Որ նախանձին սիւքերը, ծիլերն ալ ոլոր,
Ինչպէ՞ս կազմեմ տարրերը սիրոյս կրակին 
Որ հոն բոլոր իղձերս ալ բորբոքին:
Ինչպէ՞ս ըսեմ թէ չաստուած մ՛ես դուն կամ անկէ 
Աւելի վեր, Հոգի մը վառ կրակէ, 
Անձնուէր… 
Ինչպէ՞ս սակայն ինչպէ՞ս սիրեմ քեզ, անոյշ սիրական
Որ սա խենդ սերս ըլլայ յաւէտ տեւական [5]։




Հայկանուշ Մառքը (Հայկանուշ Թոփուզյան) ծնվել է 1883 թվականի փետրվարի 14-ին, Կ. Պոլսում՝ Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների ընտանիքում: Հաճախել է Այասբաշայի վարպետ-տուտու և «Սեոր» վարժարանները: 1898 թվականին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը՝ աշակերտելով  Զապէլ Ասատուրին և դառնալով նրա արժանավոր հետնորդը: Այնուհետև՝ կրթությունը շարունակել է մասնավոր դասերով: Նրա ուսուցիչն էր հայտնի մանկավարժ և գրաբարի գիտակ Հակոբ Գուրգենը, ով մեծ դերակատարում է ունեցել Մառքի՝ մայրենի լեզվի յուրացման և ճաշակի կատարելագործման գործում: Միաժամանակ, որպես ուսուցչուհի, պաշտոնավարել է Ազգային հիվանդանոցի գիշերօթիկ որբանոցում, այնուհետև՝ ութ տարի դասավանդել է Նշանթաղի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 
Դեռևս՝ երիտասարդ՝ գրում է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել «Մանզումեի էֆքյար» թերթում: 1903 թվականին, քսան տարեկանում, արժանանում է «Մասիս» թերթի գրական երկրորդ մրցանակին: Երիտասարդ տարիքից նվիրվում է ազգային և հանրային գործունեությանը: Կանանց միջավայրում վայելում էր մեծ ժողովրդականություն, քանի որ նրա արձակ գործերն և քերթվածները արտահայտում էին կնոջ նուրբ ներաշխարհը՝ միաժամանակ քսաներորդ դարասկզբի հայ իրականության մեջ պաշտպանելով կնոջ իրավունքները։
Հայկանուշ Մառքի հրապարակախոսությունը ամփոփում է կանանց ազատագրության հիմնախնդիրները։
 
1905 թվականին նշանվում է հրապարակախոս, «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ, և նույն տարում էլ հիմնում է «Ծաղիկ» հանդեսը, որի հրատարակությունը դարձավ Հայկանուշ Մառքի կյանքի և գործունեության բարձրակետը:  Թեև հանդեսը լույս է տեսել միայն 1905-1907 թվականներին, այնուամենայնիվ, անմիջապես գրավել է ընթերցողի ուշադրությունը ու դարձել հայ կանանց շարժումը բնութագրող գլխավոր խորհրդանիշը: Հանդեսին աշխատակցել են Կ. Պոլսի երիտասարդ հայ կին գրողները՝  բանասիրական և իմացաբանական մակարդակներում արժևորելով կանանց առնչվող հարցեր և նոր շունչ հաղորդելով հանդեսին:

1907 թվականին Հայկանուշ Մառքն ու Վահան Թոշիկյանն ամուսնանում են և մեկնում Զմյուռնիա, ուր Թոշիկյանին հրավիրել էին խմբագրելու «Արշալույս» և «Արձագանք» պարբերականները: 1908 թվականից Մառքը աշխատակցում է վերոնշյալ պարբերականներին՝ վարելով կանանց բաժինը: 
1909 թվականին ամուսինները վերադառնում են Կ. Պոլիս, որտեղ Մառքը հայտնվում է  հասարակական-մշակութային գործունեության կենտրոնում՝ շարունակելով գրական և հրապարակախոսական գործունեությունը՝ աշխատակցելով «Մանզումե», Թեոդիկի «Ամենուն տարեցոյցը», «Լույս», «Ժամանակ», «Մեր տարեցույցը», «Շանթ» և այլ պարբերականների: 

Թղթակցել է նաև «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Երիտասարդ հայուհի» պարբերականներին: Վերադարձից հետո Մառքը համագործակցում է «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան» հետ, որի հիմնադիրը Զապել Ասատուրն (Սիպիլ) էր, ով էլ հրավիրում է Մառքին՝ լինելու ընկերության ատենադպիրը: Սիպիլի նպատակն էր՝ Կ. Պոլսում և հարակից գավառներում դպրոցներ բացել աղջիկների համար։ 
Ընկերության անդամներին ներկայացնելով Մառքին՝ Զապել Ասատուրը, մասնավորապես, ասում է՝ «Ահա տարր մը, որուն այդքան պէտք ունինք։ Կը զբաղի նաեւ ստանձնելով ատենադպիրի պաշտօններ այլ կազմակերպութիւններու մէջ»:

 Հետագայում, բացի «Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան» հետ համագործակցությունից, Մառքը ատենադպիրի պաշտոններ է զբաղեցրել նաև այլ կազմակերպություններում՝ «Հայ կանանց», «Հայ տիկնանց» ընկերություններում, «Ազգային» հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլուր:  «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը թեպետ ընդհատվել էր, սակայն չէր մոռացվել:

1919 թվականին, տասնչորս տարի անց, Կ. Պոլսում Մառքը հիմնում է «Հայ կին» [3] հանդեսը, որի նպատակն էր՝ բարձրացնել հայ կնոջ դերը ազգային կյանքում, անդրադառնալ կանանց հուզող թեմաներին, գրական, գեղարվեստական, գիտական, առողջապահական, մանկավարժական հոդվածներով զարգացնել հայ կնոջ մտավոր աշխարհը: «Հայ կին» հանդեսը թղթակիցներ ուներ նույնիսկ Փարիզից ու Միացյալ Նահանգներից։ 
«Հայ կին» հանդեսը Մառքի խմբագրությամբ լույս է տեսնում մինչև 1932 թվականը, ամիսը երկու անգամ: Այն հայալեզու կարևոր հանդեսներից մեկն էր, որը տպագրվում էր Ցեղասպանությունից հետո։ «Հայ կին» հանդեսը Մառքը համարում էր ոչ միայն կնոջ ձայնի բարձրախոս, որը պայքարում է կին-տղամարդ հավասար իրավունքների համար, այլև՝ Խորհրդային Հայաստանի, Սփյուռքի և Թուրքիայում ապրող հայերին միավորող շղթայի մեկ օղակը։

Նա հավատում էր, որ կին-տղամարդ իրավահավասարությունը հնարավոր է, սակայն որոշակի ավանդույթներ պահպանելու պայմանով՝ «Մեր յետեւում թողնում ենք մի արահետ, որը թէեւ տոնական կամ փայլուն ոչինչ ունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գիւղի մի նեղ արահետ, որով անցել ենք՝ կատարելով մեր պարտականութիւնները իբրեւ կին, իբրեւ ամուսին եւ իբրեւ մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, աւելի լայն, աւելի ուղիղ, աւելի ձիգ դէպի նպատակը: Այդ ճամբի վրայ պիտի կրենք մեր պատասխանատուութիւնը, պիտի ստեղծենք մեր իրաւունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամէնեւին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից: Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը» [4],- գրում է Հայկանոյշ Մառքը «Հայ կին» հանդեսի առաջնորդողում, որից պարզ երևում է նրա քաղաքացիական դիրքորոշումը:


 «Հայ կին» հանդեսի դադարումից հետո՝ 1933 թվականին, Հայկանոյշ Մառքը համագործակցում է ամուսնու՝ Վահան Թոշիկյանի, խմբագրությամբ լույս տեսնող «Նոր լուր» օրաթերթին՝ ստեղծելով կանանց բաժին և շարունակելով տպագրել կանանց կրթության, դաստիարակության, ընտանեկան և հանրային կյանքին վերաբերող հոդվածներ: Միաժամանակ տպագրվում է նաև այլ թերթերում և հանդեսներում:

1921 թվականին Կ. Պոլսում հրատարակում է արձակ գործերը և քերթվածները առանձին հատորով լույս են տեսել՝ «Ծուլության պահերէս» [5] խորագրով: Բանաստեղծական խորը զգացողության գրող էր Մառքը, ով ոչ միայն հայ կնոջ հուզաշխարհը շնչավորող գրականություն է կտակել հայ ժողովրդին, այլև՝ հայ կնոջ իրավունքների պաշտպանությանն է նվիրաբերել իր գրիչն ու իմացական ներուժը։ 

Իր կենսագրական հուշերը Մառքը ներկայացնում է՝ «Ծփանքներ կեանքէս» խորագրով հատորում: Ինչպես գրական-գեղարվեստական, այնպես էլ՝ հրապարակախոսական էջերում Մառքի լեզուն մաքուր է, հստակ, ոճը՝  պարզ, որն առավել մեծ ժողովրդականություն էր ապահովում նրա երկերին։

Մի առիթով՝ «Ամէնուն Տարեգիրքը» շարքի վերջին՝ 1967-1968 թվականների միացյալ համարում, Կարօ Գէորգեանը անդրադառնում է Հայկանուշ Մառքի գործունեությանը՝ արժևորելով նրա վաստակը՝ «Կնոջական աշխարհին, հայ կնոջ ընկերային հարցերուն եւ յատկապէս կանացի իրաւունքներուն ու դատին պաշտպանութեան նուիրուած իր հրապարակագրական հարուստ ժառանգութեամբ, Հայկանուշ Մառք իրավամբ եղաւ քսաներորդ դարու առաջին յիսնամեակին ամէնէն աւելի լայն ժողովրդականութիւն վայելող գրիչներէն մէկը հայ կին ընթերցողներուն համար» [1]։


1949 թվականին Ստամբուլում հրատարակվում է նրա «Զապել Ասատուր (Սիպիլ)», իսկ 1950 թվականին՝ «Զարուհի Գալեմքերյան» աշխատությունները:

1954 թվականին նրա գրական գործունեության 50-ամյակի առիթով Պոլսում լույս է տեսել «Հայկանույշ Մառք. Կյանքն ու գործը» [6] ստվարածավալ հատորը, որը գրական, հրապարակախոսական ընտիր երկերի և արժեքավոր հիշողությունների ժողովածու է: Հայկանուշ Թոփուզյանը իր գրական անունը՝ Մառք, վերցրել է հոր՝ Մարգարի անունից։ Պոլսահայ գրականության մեջ իր կարևոր ներդրումն է ունեցել բանաստեղծ ու արձակագիր, հանդուգն հրապարակախոս Հայկանուշ Մառքը, ով արժանավոր տեղ է զբաղեցնում Սրբուհի Տյուսաբի, Զապել Ասատուրի, Զապել Եսայանի կողքին։

Կյանքի վերջալույսին, Մառքի առողջական վիճակը վատանում է, և նա տեղափոխվում է Պոլսո Ազգային հիվանդանոց, որտեղ և վախճանվում է 1966 թվականի մարտի յոթին՝ կանանց միջազգային օրվա նախօրյակին, անձնական գրադարանը, իրերն ու արխիվը կտակելով Սուրբ Խաչ Դպրեվանքին։

«Հայ կին» գրական հանդեսը

«Հայ կին», 1919-1932, Կ. Պոլիս: Կիսամսյա հանդես, ապա՝  ամսօրեա: Տեր և տնօրինուհի` Հայկանուշ Մառք: Տպարան՝ Օ. Արզուման:

Հայկանուշ Մառքի գործունեության բարձրակետը «Հայ կին» հանդեսի հրատարակությունն էր, որ Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո, բացի այն, որ տեղ էր հատկացնում հայ իրականության մեջ կին-տղամարդ հավասար իրավունքների բարձրաձայնմանը, առաջադրում էր նաև Մեծ Եղեռնի հետևանքով տարագիր հայության խորագույն վերքերը առողջացնելու առաքելությունը:

«Հայ կին» հանդեսը Հայկանուշ Մառքի խմբագրությամբ տպագրվում է 1919-1932 թվականներին։ «Հայ կին» հանդեսը յուրօրինակ ֆեմինիստական քայլ էր, որը հատկանշում էր կնոջ ձերբազատումը (քիչ թե շատ) ընտանեկան ու ընկերական նեղ շրջանակներից: Այն իր բնույթով, կազմակերպվածությամբ, պարտականություններով հանձնառել էր բարեփոխելու հայ կնոջ ճակատագիրը՝ «Հայ կինը կը հիմնարկուի առանձնապէս զբաղելու համար այն ամէն էական հարցերով, որոնք կը շահագրգռեն կանանց աշխարհը: Կը դաւանինք թէ` անոր գոյութիւնը աւելի քան անհրաժեշտ է, հիմայ որ Հայ կինն ալ ունի իր կատարելիք բաժինը Ազգային Վերածնունդին մէջ: Երկսեռ հայ եւ նույնիսկ օտար ձեռնհաս աշխատակիցներու աջակցութեամբ կը նուիրուինք մեր ծրագրին, ջանալով որ գործը բացատրէ զայն» [3],- հայ կնոջ դերակատարմանը անդրադառնում է Հայկանուշ Մառքը հանդեսի խմբագրականում:

Հանդեսը որդեգրել էր կնոջ հոգևոր, բարոյական, իրավական, գեղագիտական, առողջապահական, տնտեսավարական կրթության մի յուրօրինակ ծրագիր, որը տասներեք երկար ու ձիգ տարիների ընթացքում իրականացնում էր հանդեսի խմբագրությունը՝ «Կանացի ընկերաբարոյական և զուտ ընկերային հարցեր», «Մշակում տոհմիկ բարքերու և ավանդութեանց», «Գրական, գեղարվեստական, գիտական, առողջապահական նիւթեր», «Կրթական և մանկավարժական հարցեր», «Մանկատածութիւն», «Առտնին տնտեսութիւն, «Կենցաղագիտութիւն», «Կինը շահագրգռող գիւղատնտ. Հարցեր, «Կանացի մարմնակրթանք», «Ձեւ, կար և նորույթ», «Ձեռական աշխատութիւններ», «Ծաղկեմշակութիւն», «Կենսագրութիւն հայ թէ օտար նշանաւոր կիներու», «Արձագանք կնոջական աշխարհի, և հայ կանացի Միութեանց շարժումներ»:

1921 թվականի իններորդ համարի (Բ տարի, թիվ 9) «Կինը` գրականութեան հանդէպ» խմբագրականում Հայկանուշ Մառքը կարևորում է կնոջ դերակատարումը գրականության մեջ, հեղինակային և տպագրական գործընթացներում՝ «Մեծ դեր ունին կիները, մանաւանդ հարուստ կիները, այս կէտին մեջ: - Անոնք եթէ իրենց ընդարձակ ժամանակը յատկացնեն ընթերցումնէր ընելու, անընդհատ պէտք կ’ունենան գիրքեր գնելու: Կը հաղորդակցին մտքի ազնուականութեան հետ, եւ թէ զարկ կուտան ցեղին գրականութեան, որ ապրելու համար է, պլատոնական համակրանքով ալ չի սնանքը, աւա՜ղ» [4]: 

Բացի առօրեական աշխարհը պատկերող հոդվածներից՝ «Հայ կին» հանդեսը տպագրել է նաև բանաստեղծություններ՝ «Կնոջ մը որ կուլար» (Անայիս), «Անմահական երգեր» (Եղիշե Ա. Եպս. Դուրեան), «Երեք մեհեան» (Զարուհի Գալէմքեարեան), «Փափաք» (Վահան Թեքէեան), «Օրիորդ Արշալույսին» (Դանիէլ Վարուժան), թարգմանություններ` Ժան Մորեասի «Տաղեր» (թարգմ. Հայկանոյշ Մառքի), «Մոգական գիշերը» (Միռեյ), Ջուդիթ Գաթերի «Մտածում մը…», «Կայսրը», (թարգմ. Շահոքրամ), «Մանուշակին սիրտը» (Միռեյ), «Ամիսներուն շուրջպարը» և այլն:

«Հայ կին» հանդեսը հոգևոր ու մտավոր առողջություն էր ոչ միայն նախաեղեռնյան շրջանի ազգային արժեքների հետ երիտասարդ սերնդի հոգեմտավոր կապը ստեղծելու, ամրապնդելու և պահպանելու համատեքստում, այլև՝ արևմտահայ և արևելահայ, խորհրդահայ ու սփյուռքահայ փոխգործակցությունը և հաղորդակցությունը պահպանելու և խորացնելու իմաստով։ Հանդեսին զուգահեռ տպագրվել է առանձին «Թերթօն», որում տեղ են գտել թարգմանություններ՝ Հանրի Պաթայ «Ցայգաթիթեռը» (թարգմ՝ Էդ. Սիմքէշէանի), Բօլ Սերի «Ոգեկոչումը» (թարգմ՝ Ա. Ֆէրհատեանի), Բօլ Ժերալտի «Ռօպեռ եւ Մարիան» (թարգմ՝ Ա. Ա. Ս), Ժան Պէռթըռուա «Միջև աստղերը» (թարգմ. Ա. Ֆէրհատեանի), պատմվածքներ` «Աղուոր մեծ մայրիկը» (Ա. Ժ.), «Ձմրան պտույտ» (Հայկանուշ Մառք), «Մանկիկինզորությունը» (անհեղինակ), «Պատմութիւն մը» (Ստեփան Շահպազ), Սէնտնի «Փոթորիկը» (թարգմ. Ա. Նէրհատեանի): «Հայ կին» հանդեսը տպագրել է նաև հանելուկներ:


Օգտագործված գրականություն

1. Գէորգեան Կարօ, Կարօ Գէորգեանը, Կ. Պոլիս, 1968, տպ. Հայ կաթ, 640 էջ:
2. «Լոյս» 1904, թիւ 19: 
3. «Հայ կին» 1919-1933, կիսամսեայ հանդէս: Տէր և տնօրէնուհի՝ Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 16 էջ: 
4. «Հայ կին», 1921, Բ տարի, թիւ 9:
5. Մառք Հայկանուշ, Ծուլության պահերէս, Կ. Պոլիս, 1921, տպ. Մ. Տեր-Սահակյան, 45 էջ:
6. Մառք Հայկանույշ. Կյանքն ու գործը, Տիկնանց հանձնախումբի 50ամյա հոբելեանի առթիվ, Իսթանպուլ, 1954, 415 էջ:
----------------
* «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ  գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝  «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: 
Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը
Սույն հոդվածը նվիրված է Հայկանուշ Մառքին:

Հրապարակված նյութեր.

-----------------
* Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական
աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
----------------
© Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և  «Օրեր»
պարբերականների կայքերին պարտադիր է:

No comments:

Post a Comment